Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻՆՉԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ



19-րդ դարի սկզբներին անգլիական բանակի գնդապետ Թեյլորը, Բաղդադում ծառայելով որպես իր երկրի ներկայացուցիչ, ծանոթանում է մի հայուհու հետ, սիրահարվում է եւ ամուսնանում։ Նրանց ամուսնությունից ծնվում է երկու աղջիկ։

Արդեն հասուն տարիքում նույն Բաղդադում Թեյլորի դուստրերի հետ ծանոթանում են երկու հորեղբորորդիներ Լինչ ազգանունով, որոնք նույնպես զինծառայողներ էին։ Ծանոթանում են, սիրահարվում եւ ամուսնանում՝ այդպիսով դառնալով քենակալներ։ Երկուսն էլ իռլանդացիներ էին։ Նրանցից մեկն էլ հենց դառնում է ապագա նշանավոր ճանապարհորդ- աշխարհագրագետ, հայագետ, փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Ֆինիս Բլոս Լինչի հայրը։

Այսպիսով, Հենրի Լինչի մայրական տատը հայուհի էր, Սվազից, եւ նրա թոռը հպարտանում էր դրանով։ Ինքնակենսագրության մեջ Լինչը մանրամասն նկարագրել է տոհմում առկա հայկական արմատները, սիրել է տատին, եւ պատահական չէ, որ սիրել է նաեւ նրան ծնող ժողովրդին։ Երկու անգամ ճանապարհորդել է տատի կողմից իր նախնիների հայրենիքում (1893-94 եւ 1898թթ.), անցել Երեւան-Էջմիածին-Անի-Կարս-Վան-Աղթամար-Բաղեշ-Մուշ-Կարին-Տրապիզոն երթուղով, բարձրացել Արարատի, Սիփանի, Նեմրութի գագաթները, կազմել Հայաստանի քարտեզը, մեկնաբանել հայկական ժողովրդական բանահյուսության բազմաթիվ նմուշներ, շոշափել սոցիալ□տնտեսական եւ ազգագրական խնդիրներ՝ այդ ամենն ամփոփելով «Հայաստան» ստվարածավալ գրքում։

Լինչը հայոց ազգային շահերի ջերմեռանդ պաշտպան էր եւ, որպես Անգլիայի խորհրդարանի անդամ, մեծ գործ է կատարել ի նպաստ հայ ժողովրդի՝ դառնալով նրա մեծ նվիրյալներից մեկը։

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ նրա «Հայաստան» գրքից, որը, ցավոք, առայսօր լրիվ թարգմանված չէ հայերեն։

Հայերն արժանի են ամենաբարձր հետաքրքրության։ Արդարեւ տարօրինակ է, որ այնպիսի պատվավոր մի երկիր, ինչպիսին Հայաստանն է, մնացել է հանգչած ստվերի մեջ այսքան երկար դարերով, եւ մինչեւ անգամ հույն եւ լատին մասնագետների պատկառելի գործերն ի հայտ են բերում լոկ մի աննշան ծանոթություն նրա լիարժեք նկարագրի մասին։

♦♦♦

Հայը տեսնում է շատ եւ քննադատում ավելի շատ։

♦♦♦

Հայ վաճառականը ոչ նվազ ճարպիկ է, քան հույնը, բայց թափանցում է ավելի հեռուն։

♦♦♦

Մեծարժեք կարեւորություն ունեցող դաս կարելի է առնել Բագրատունյաց հարստության մայրաքաղաքն այցելելուց եւ անհետացած մի քաղաքակրթության կենդանի վկայությունն ուսումնասիրելուց։ Այդ մեռած քաղաքի ամեն մի քարակույտի առջեւ բարձրանում է հայ ցեղի անցյալ քաղաքակրթության անհերքելի ապացույցը։

Անիի հիշատակարանները պայծառ լույս են սփռում հայ ժողովրդի առանձնահատկության վրա եւ աչքի առաջ են դնում հայ ազգի պատմության հիանալի մի պատկերը։

♦♦♦

Եթե Թուրքիայում արհեստներն ու երկրագործությունը տակավին պահպանում են իրենց խղճալի գոյությունը, ապա դրա համար պարտական են հայ գյուղացուն։

Հայ շինականի առաջընթացը նշանակում է երկրի առաջադիմություն։

♦♦♦

…Այն մարտաձեւը, որով գեներալ Տեր-Ղուկասովը վարեց իր մարտիկներին Թաղիրում 1877թ. հունիսի 18-ին, երբ ութ զորագնդով կատարելապես խորտակեց իր հակառակորդ Մուհամեդ փաշայի տասներկու գունդը, այն համառ դիմադարձությունը, որով նա կտրեց Մուխթար փաշայի արշավանքի առաջը հունիսի 21-ին Յուշ Քիլիսայում, այն քաջարի նահանջը, որ նա իրականացրեց Ահմադ փաշայի քսաներեք զորագնդի հանդեպ, վերջապես նրա սրարշավ առաջխաղացումը Իգդիրից դեպի Բայազեթ եւ այս տեղի ազատագրումը իրեն անհամեմատ գերազանցող երկու թուրքական բանակի ձեռքից՝ արժանի են դարձնում նրան համարելու առաջին կարգի զորապետ։

♦♦♦

Հայերը, լինելով երկրագործ, նաեւ առեւտրական եւ արվեստասեր ժողովուրդ, ցրված են իրենց հայրենիքի բնական սահմաններից դուրս՝ դեպի արհեստի բարգավաճող կենտրոնները, եւ ձեռնամուխ են եղել արդյունագործության ամեն ճյուղերի մեջ՝ լինելով հաջողակ։

♦♦♦

Եկեղեցին ներկա օրս միակ կանգուն հաստատությունն է, որ մնացել է հայ ժողովրդի ձեռքին։

…Հայերն իրենց գոյությամբ մեծապես պարտական են ազգային եկեղեցուն, որը պահպանել է նրանց ողջ եւ միացյալ՝ իբրեւ մի ազգություն։

♦♦♦

…Ես չեմ հիշում, որ երբեւիցե տեսած լինեմ մի ավելի փառահեղ եւ գրավիչ դեմք, ինչպիսին Խրիմյան Հայրիկի դեմքն էր, եւ հաճույքի սարսուռ էր անցնում էությանս միջով ամեն անգամ, երբ նստում էի նրա կողքին եւ տեսնում նրա վճիտ, թուխ աչքերի շուրջը խաղացող ժպիտը, որ հայտնապես ամբողջովին բնական էր թվում այդ դեմքին։

Մի հատուկ հնչողություն կար նրա ձայնի մեջ, եւ մարդ հրճվանք էր զգում, երբ տեսնում էր նրան կանգնած խոսելիս□

♦♦♦

Հայերը բոլոր ժամանակներում արդյունավետ միջնորդներ են եղել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։

♦♦♦

Իմ տատը հայուհի էր, սվազցի եւ պահպանում էր իր երկրի ավանդույթները։ Երբ փոքր էի, նա ինձ ձի նվիրեց։ Տարիներ հետո ես Հայաստանում ճամփորդում էի այդ ձիով եւ չէի մոռանում նրա հիշատակը…

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

2005թ., թիվ 30

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Հոգևոր-մշակութային


23/01/2014