Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵԹԵ ԹՈՒՅԼ ՏԱՆՔ…»



1994 թվականի վերջերն էր. թշնամու տանկերը բարձրանում էին Պուշկինյալ կոչվող բարձունքով… Պետք էր կանգնեցնել նրանց առաջխաղացումը, այլապես առաջանալով՝ Սարսանգին կարող էին հասնել… Հանկարծ բոլորիս աչքի առաջ պայթում ու հրդեհվում է թշնամու առաջնորդող տանկը… Նայում ենք` դեռ չէր ցրվել Հովիկի հակատանկային հրանոթի փողից ելնող ծուխը. նա արհամարհելով վտանգը` թնդանոթը հանել էր թմբի վրա, փողը կախել ներքև` թշնամու ուղղությամբ, ու կրակել… Մնացած տանկերը գլուխները շուռ տվեցին Պուշկինյալից ու նահանջեցին… (Փոխգնդապետ ՀՈՎԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ մարտական ընկերների հուշերից):

Մարտիկը Արցախյան ազատամարտի տարբեր հատվածներում ցուցաբերած անօրինակ քաջության և աննկուն կամքի համար պարգևատրվել է շքանշանով և մի շարք մեդալներով: Նա այժմ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ծառայության պետն է:

Հիշողությունը չես ջնջի…

Պատերազմական վերքերն իհարկե ժամանակի հետ բուժվում են, սակայն սպիները մնում և ցավ են պատճառում… Քանի տարի է անցել, բայց դեռ աչքերիս առաջ վառվում է իմ հայրական տունը, որտեղ ես ծնվել եմ… Մեր ջոկատը ընդամենը հինգ հարյուր մետր հեռավորության վրա էր… Առաջինը հենց մեր տունը վառեցին. հավանաբար նկուղում զինամթերք էին գտել ու մտածել, որ բնակիչները կռվող են: Նայում էի կրակի բոցերին ու լաց էի լինում հուսահատությունից… Մի քանի անգամ ինձնից անկախ տեղիցս պոկվեցի, բայց տղաներն ամեն անգամ բռնեցին ոտքերիցս ու ներքև քաշեցին… Մի շաբաթ հետո, երբ Վաղուհասը ազատագրեցինք, տեսանք` գյուղից բան չի մնացել, բոլոր տները վառել էին… Միակ կանգուն տունը մեր տղաներից Վլադիմիր Հայրապետյանի տունն էր, որ զորանոց էին դարձրել, այսինքն` խոզանոց… Զենքը ձեռքիս մտնում եմ մեր տուն, լացակումած սենյակից սենյակ եմ անցնում… Ամբողջովին այրել էին` տուն, միջանցք, գոմ… Նույն օրը ծնողներիս, որոնք Ստեփանակերտում էին, տուն բերեցի… Նրանք անհամբեր այդ օրվան էին սպասում: Հայրս անմիջապես գործիքները հանեց ու սկսեց տունը սարքել… Ես եթե ժամանակ էի գտնում, գյուղ էի գալիս ու հորս օգնում… Կամաց-կամաց տունը կարգի բերեցինք, ծածկեցինք, մաքրեցինք, գուցե առաջվանից էլ լավ, բայց… մեկ է, չդարձավ այն տունը, որ մերն էր, որտեղ ես մեծացել էի… Ինչ-որ բան էր փոխվել, որը այդպես էլ չկարողացանք վերականգնել:

Պատերազմը շատ բան էր ավերել և շատ անմոռանալի հուշեր էր թողել… Հիմա էլ, քսան տարի անց, մեր տան վրա մնացել են պատերազմական հետքերը, որ ոչ մի կերպ չեն մաքրվում… Եթե անգամ մաքրենք էլ՝ մեր հոգուց, մեր հիշողությունից ինչպե՞ս ջնջենք… Ես մեղավոր էի ինձ զգում իմ հայրենական տան առաջ… Թվում էր, որ ես ամեն ինչ արել էի, որպեսզի նրան պաշտպանեմ… Դեռ տասնյոթս չլրացած` մեծ եղբորս հետ մասնակցում էի գյուղը պաշտպանող դիրքերի կառուցմանը… Մեր ջոկատի հրամանատարը Հայկ Աղաբեկյանն էր` քաջ ու հզոր մի տղամարդ: Թշնամին մեզ շատ մոտ էր` Քարվաճառը հեռու չէր, ու մենք պարտավոր էինք պաշտպանվել: Ես ուզում էի մեխանիզատոր դառնալ` սովորում էի Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում, հետաքրքրվում էի տրակտորներով, շարժիչներով, բայց ստիպված զենք էի վերցրել… Ես այդ օրը մեր վառված-մոխրացած տան առաջ երդվեցի, որ այլևս երբեք այն չեմ լքի և երբեք չեմ թողնի, որ իմ տունը ուրիշի ոտք մտնի: Հիմա էլ, երբ մտածում, խոսում եմ մեր տան մասին, աչքերս լցվում են…

Ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է պատերազմը… Ամեն անգամ այս խոսքերի հետ աչքիս գալիս է մի տեսարան, որն ինձ` տասնյոթամյա երեխայիս, միանգամից հասունացրեց, դարձրեց մարտիկ, վրիժառու… Մեր հրամանատարը` Սլավիկը, բոլորիս աչքի առաջ խփվեց… Նա նռնակը բարձր բռնած առաջ էր վազում և… հանկարծ հանգած ավերակների միջից կրակոց լսվեց… Նա գետնին տապալվեց… Թշնամին ամրացել էր Խանչալ-խաչ բարձունքում, և մեր խնդիրն էր` ետ վերցնել: Այդ օրը և հաջորդ օրը մենք կռվեցինք դաշտում մնացած մեր հրամանատարի դիակի համար, սակայն՝ ապարդյուն… Կռվում ենք անհավասար ուժերի դեմ… Ամենից կատաղին սակայն հրամանատարի եղբայրն էր կռվում… Նա չէր համբերում, չէր հաշտվում ստեղծված իրավիճակի հետ… Շուտով նաև նա է խփվում… Անզոր ենք օգնել… Եվ տեղի տալով գերակշիռ ուժերի առջև, ստիպված նահանջում ենք` դաշտում, բաց երկնքի տակ թողնելով մեր ընկերներին… Սակայն նահանջելու տեղ չունենք` մեր ետևում Գանձասարն է: Ավելի լավ էր բոլորս կոտորվեինք, քան թողնեինք՝ նրանք Գանձասար` մեր սրբությունը մտնեին… Մենք դիմադրում ենք, մենք կանգնում ենք, կռվում… Շուտով մեզ օգնության է շտապում հրամանատար Մովսես Հակոբյանի գումարտակի վաշտերից մեկը… Մենք պարտավոր էինք ոչ միայն դիմադրել, այլև ետ վերցնել Խանչալ-խաչը, Տզանուտ Ղաչը, որոնց համար մի քանի օր կռվել ու զոհեր էինք տվել: Առավոտը բացվում է մեր հարձակումով, ինչին թշնամին չէր սպասում ու չէր հավատում… Դաշտում սևին էին տալիս մեր ընկերների մարմինները… Առաջ ենք շարժվում հզոր կրակահերթերով, խփում ենք խոշոր տրամաչափի զենքով… Հիմա արդեն նահանջելու հերթը նրանցն էր: Մենք հետապնդում ենք նրանց: Հասնելով մեր ընկած ընկերների մարմիններին՝ կանգ ենք առնում… Ես էլ եմ կանգնում… Եվ տեսա, թե որքա՜ն անմարդկային ու դաժան է մեր թշնամին: Ես թերևս առաջին անգամ հասկացա նաև, թե ում հետ գործ ունենք… Արյունն առել էր մեր աչքերը: Մենք չէինք կռվում, մենք ոչնչացնում էինք նրան: Այդպես խփելով ու ջարդելով` ետ շպրտեցինք թշնամուն մեր հարազատ գյուղերից…

Երբեմն, իմանալով իմ զինվորական լինելու կամ պատերազմական կենսագրության մասին, ինձ հարցնում են` պատերազմ կլինի՞: Ասում եմ. «Այո՛, եթե թույլ տանք»: Ասում են. «Բա ո՞նց կարող ենք թույլ չտալ»: Ասում եմ. «Մեր ուժով, մեր բանակով, մեր զենքով»: Ասում են. «Թշնամին ուժե՞ղ է»: Ասում եմ. «Չգիտեմ: Կարևորը՝ մենք ուժեղ լինենք: Թշնամին թշնամի է: Նա դաժան է: Իսկ դաժան է, որովհետև պատերազմն է դաժան»:

Գ. ԱՍԱՏՐՅԱՆ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Ազգային բանակ


23/01/2014