Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՁ ՄԵՆԱԿ ՉԹՈՂՆԵՔ…



Երբ որդիները կռիվ էին գնում, Քնարիկ մայրը աղերսագին խնդրում էր. «Լևո՛ն ջան, Նորի՛կ ջան, անպայման հետ կգաք, ինձ մենակ չթողնեք»։ Տանը մնում էին մայրն ու աղջիկը՝ Լենան։ Արամայիս հայրը մահացել էր դեռ Շարժումն սկսվելուց առաջ։

-Ու կռվի մեկնելիս երկու եղբայր անընդհատ վիճում էին, մեկը մյուսին փորձում էր համոզել, որ մնա։ Կրտսերը Նորիկն էր, որի 18 տարին նոր էր բոլորել։ Շատ էր հասուն, շատ էր բանիմաց, մեր պատմությանը քաջածանոթ,- վերհիշում է մարտական ընկեր Արտաշ Մկրտչյանը։

Անցել են 20-ից ավելի տարիներ։ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստյան արարողություն է։ 42 տարեկանում մահացել է Նորիկ Մկրտչյանը։ Մայրը մի քանի տարի առաջ է հեռացել կյանքից, ու Նորիկի մարտական ընկերները ցավակցում են քրոջը՝ Լենային, քրոջ աղջկան՝ Քրիստինեին։ Եկեղեցում հոգևոր երաժշտություն է հնչում։ Մահվան մահճում պառկած է Նորիկը։ Եռագույնը առջևում է։ Խորանին Տիրամայրն է։ Ներքևում՝ բարձիկների վրա Նորիկի պարգևներն են՝ 20-ից ավելի մեդալ-շքանշաններ… Ու մտովի այդ պարգևները քեզ տանում են նրա անցած մարտական ճանապարհով… ՀԱԲ. «Արամո» ջոկատ (հրամանատար՝ Արամ Թորգոմյան), «Արծիվ-24» գումարտակ (հրամանատար՝ Սամվել Հովսեփյան, «Ադմիրալ»)։ Աղբուլաղ, Մատաղիս, Բուզլուխ, Կարմիրավան, Լաչին, Կուբաթլու, Մուրադխանլի, Օմար, Մարտակերտ, Ֆիզուլի, Հադրութ… Հայաստանում՝ Խնձորեսկ, Կոռնիձոր, Խոզնավար, Երասխ, Վարդենիս, Սիսիան, Ոսկեպար, Կապան, Գորիս, Շուռնուխ… սահմանամերձ բնակավայրեր… Ծանր վիրավորվել էր, աջ աչքը զրկվել էր տեսողությունից, 2-րդ կարգի հաշմանդամ էր…

Հոգեհանգիստ է… Նայելով ազատամարտիկներին, վիրավոր տղաներին, որոնք խոնարհաբար անցնում էին իրենց ընկերոջ կողքով, կանգնում ինչպես պատվո պահակախմբի զինվոր, մտովի նրանց նմանեցնում եմ դարերից եկած մեր խաչքարերին, եկեղեցիներին։

Խոնարհված խաչքար, խոնարհված եկեղեցի՝ մեր հոգևոր հայրերը երբեք չեն օգտագործել քանդված, ավերված բառերը ոչ աշխարհիկ կառույցների՝ եկեղեցիների ու խաչքարերի համար։ Եվ մեր ազատամարտի տղաներին ես ուզում եմ բնորոշել որպես խոնարհ եկեղեցի ու խաչքար…

Նրանց մարմինները բզկտված են գնդակների, արկի բեկորներից, այրված են արևից, սառնամանիքից, ու նրանք նմանվել են ոչ թե ավերված, քանդված շինությունների, այլ խոնարհված եկեղեցու ու խաչքարերի… Ու թե անգամ գնդակն ու արկի բեկորը նրանց մարմնից մի մասնիկ են տանում՝ նրանք չեն քանդվում, նրանք չեն ավերվում՝ աստիճանաբար խոնարհվում են մայր հողին…

Եվ պատերազմական հուշերը քաղցր անուններ, քաղցր հուշեր են արթնացնում։ Սամվելի, Արայիկի, Սահակի, Սեյրանի, Անդրանիկի, Ռաֆիկի, «Բոցմանի», Սարգիսի, Արթուրի, Վալերիի, Ռուբիկի, Գևորգի հիշողություններում կա ցավ ու ափսոսանք, կա վիշտ ու միևնույն ժամանակ հպարտություն… Քրոջ աղջիկը՝ Քրիստինեն, որ շատ է կապված եղել քեռու հետ, պատմում է փոքրիկ այն կատվի մասին՝ Ճերմակ անունով, որը քեռին հետը բերել էր Լաչինից։ Կատվի մլավոցը լսել էր զոհված ադրբեջանցու բուշլատի տակից։ Դրել էր ծոցը, բերել, շատ էր սիրում կենդանիներ։ Կատուն ձյան նման ճերմակ էր։ Շան նման հավատարիմ էր քեռուս։ Թե տնից դուրս էր գալիս՝ դրսում սպասում էր, զգում էր, երբ է գալիս՝ թռչկոտում էր, պար գալիս, պառկում էր ոտքերի տակ, նստում գիրկը։

Իսկ քույրը՝ Լենան, վերհիշում է, որ մեկ ամիս առաջ եղբայրը կարծես կանխազգալով իր մահը՝ շրջել է իր մարտական ճանապարհով, եղել է այն վայրերում, որտեղ մարտնչել է իր ընկերների հետ։ Եվ այդ ճանապարհին ոչ մի տեղ տանը չի քնել, պառկել է բաց երկնքի տակ ու զրուցել աստղերի, լուսնի, այդ վայրերում զոհված իր ընկերների հետ։

Տեսնես ի՞նչ է մտորել Նորիկ Մկրտչյանը հայրենի եզերքներին…

Սակայն ինչ էլ մտորել է՝ նրա խոհերը լուսավոր են եղել՝ հավատով լեցուն… Սիրելի՛ Նորիկ, սիրելի՛ եղբայր, խաղաղություն հոգուդ և համբերություն մարտական ընկերներիդ, հարազատներիդ… Դու դժվար ապրեցիր, սակայն չփշրվեցիր, չքանդվեցիր, այլ խոնարհվեցիր խաչքարի ու եկեղեցու նման…

Գ. ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Հոգևոր-մշակութային


23/01/2014