Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԶԱՄԻՆ



ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՎԻՊԱԿ

Սկիզբը` 2013 թ. թիվ 44 – 2014թ. թիվ 1-ում

Գումարտակը շարվեց երկար միջանցքում: Կապիտան Կորեյկոն կատարեց անձնակազմի ստուգում՝ անձամբ ճշտելով բոլորիս ինքնությունը: Նրա զեկույցից հետո կապիտան Ֆյոդորովը զորամասի հրամանատարի և իր անունից շնորհավորեց բոլորիս Նոր տարին, մաղթեց հաջողություններ և հույս հայտնեց, որ սկսվող աշխատանքային նոր տարում գումարտակը պատվով կկատարի իր առջև դրված խնդիրները: Նա խոսքը դեռ չէր ավարտել, երբ զորանոց մտան փոխգնդապետներ Շալկունովը` Բորմանը և զորամասի շտաբի պետ Կոնստանտինովը` Կաստիլը: Վերջինս, ընդունելով գումարտակի հրամանատարի զեկույցը, մեզ ողջունեց, շնորհավորեց Ամանորը և մաղթեց բարեխիղճ ծառայություն, աշխատանքային առաջադրանքների ժամկետից շուտ կատարում` ի փառս մեր մեծ հայրենիքի: Այնուհետև կրկին խոսեց Ֆյոդորովը. ասաց, որ գումարտակում արտառոց դեպք է տեղի ունեցել, և ներկայացրեց Նոր տարին հարբեցողությամբ նշելու մեր արկածախնդրությունը: Հետզհետե նրա խիստ տոնը մեղմվեց, եւ նա ներկայացրեց մինչ այս մեր բարեխիղճ ծառայությունը, մարդկային հատկանիշները, որոնք հաշվի առնելով էլ ինքը որոշել է չդիմել շատ խիստ պատժամիջոցների: Հետո ենթասպա Բոգդանովը բերեց առգրավված երկու շիշ հայկական կոնյակները (օղիները ցույց չտվեցին), իսկ ֆելդշեր, սերժանտ Միխայլովն այդ ընթացքում ուրախ-ուրախ վազեց-մտավ ճաշարան ու բերեց մի դատարկ թեյնիկ:

-Այս շշերը մենք պետք է ջարդեինք, բայց որպեսզի սպիրտի զզվելի հոտը չտարածվի զորանոցում, մենք շշերի պարունակությունը կդատարկենք թեյնիկի մեջ ու կտանենք, պատուհանից դուրս կթափենք,-ասաց Կորեյկոն, ու Բոգդանովի հետ կոնյակի շշերը դատարկեցին: Ի վերջո, գումարտակին նախաճաշի գնալու հրաման տվեցին: Բորմանը շարքում մեզ գտնելով մոտեցավ ու անթաքույց ժպիտը դեմքին ասաց.

-Ընկե՛ր հայեր, Հովհաննիսյան, քեֆ էիք կազմակերպում, չհաջողվեց: -Ապա, տեսնելով շարքի առջև ձիգ կանգնած, պատվի առած Նիզամիին, շարունակեց: -Սերժանտ Բայրամօղլի, ես քո…, լսել եմ՝ դու էլ ես մի կում արել, հա…

-Ոչ մի կերպ, ըն-կեր գն-դա-պետ,-արձագանքեց Նիզամին՝ շեշտելով բառերի բոլոր վանկերը:

Բորմանը կանգնեց, հիացական հայացքով ոտքից գլուխ զննեց նրան ու մյուս սպաների հետևից գնաց Ֆյոդորովի առանձնասենյակ: Նախաճաշից հետո ենթասպա Բոգդանովը մեզ հայտնեց գումարտակի հրամանատարի որոշումը.

-Չորս արտահերթ վերակարգ, ամեն մեկիդ՝ զուգարան… դե՛ տեսեք էլի, ցույց տվեք, թե մաքրում եք:

Բորմանն ու Կաստիլը մնացել էին Ֆյոդորովի սենյակում: Այնտեղ բարձր տրամադրություն էր: Գրասենյակ շուտ-շուտ մտնող-դուրս եկող ֆելդշերին մի կողմ քաշելով Աբոն ասաց.

-Արա՛, լսի՛ր, էս կոնյակը ես քո քթից եմ բերելու, դու ինձ պարտք ես մնում…

Երբ մի տասը-տասնհինգ րոպե անց ես էլ մտա սանհանգույց, տեսա՝ թուրքմեն տղերքից մեկը հերթապահում է դռան մոտ, իսկ մեկ ուրիշն էլ ջրի փողրակը ձեռքին իբր հատակն է լվանում: Իրականում այնտեղ մաքրելու բան չկար: Խմում էին ու դատարկ շշերը լուսամուտից դուրս նետում: Աբոյի հյուրասիրությունից ոգևորված թուրքմեն ընկերները գրեթե մեկ շաբաթ սպասարկումը սանհանգույցում կազմակերպեցին ամենաբարձր մակարդակով:

♦♦♦

Հունվարի տասից եղանակը փոխվեց: Ծովից եկող քամու տաք հոսանքից հալվեցին ծովածոցի սառույցները, աշխատանքը վերսկսվեց: Մի անգամ կեսգիշերին տվեցին «տագնապ» ազդանշանը: Իմ ծառայության ընթացքում երբեք նման բան չէր եղել: Երբ վազքով դուրս եկանք շարահրապարակ, տեսնենք՝ Կաստիլը, մենակ կանգնած, ծխում է: Շարվելուց հետո նա ծխախոտը գցեց ու առաջանալով՝ ասաց.

-Ահա այսպես… Չինաստանը հարձակվել է Վիետնամի վրա, պատերազմ է սկսվել…:

Շարունակելով՝ նա մեզ պատվիրեց, որ զգույշ լինենք, որովհետև Արևմուտքը տարբեր միջոցներով շարունակում է վարկաբեկել մեր երկիրը, պատրաստ լինենք ամեն ինչի, չի բացառվում, որ մեզ էլ տեղափոխեն Արևելք` Միջին Ասիա, կամ ավելի հեռու…: Կարճատև ճառից հետո նա մեզ ուղարկեց քնելու: Հաջորդ օրվանից սկսվեցին քաղպարապմունքները: Նախաճաշից հետո կես ժամ սպաները մեզ ներկայացնում էին քաղաքական իրավիճակն աշխարհում, պատերազմի ընթացքը Վիետնամում: Չգիտես ինչու «Ժամանակ» ինֆորմացիոն ծրագիրը ոչինչ չէր ասում Վիետնամի վրա Չինաստանի հարձակման մասին, իսկ մեր սպաները մեզ բացատրում էին, որ պատմության ընթացքում Չինաստանը տասնվեց անգամ հարձակվել է Վիետնամի վրա ու միշտ պարտություն կրել, սա տասնյոթերորդ հարձակումն է: Հավաստիացնում էին, որ Չինաստանի և Վիետնամի սահմանին կա մի մեծ քար, որի վրա գրված է, թե հարձակումներից որը՝ երբ, որ դարում և որ թվին է տեղի ունեցել:

Երբեմն դասախոսություն կարդալու էին գալիս նաև վարչության սպաները: Նրանցից յուրաքանչյուրն ուզում էր ինչ-որ առանձնահատուկ, մյուսներից տարբերվող բան ասել: Ինժեներ մայոր Կուրոպատկինը, որպես ցավալի իրողություն, առանձնացրեց ամերիկացիների կողմից խորհրդային ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռի հափշտակման դեպքը և ասաց, որ թեեւ տարել են, բայց գլուխ չեն հանում ինքնաթիռից, միայն հանգույցներից, մետաղի որակից հասկանում են, որ շատ հզոր զենք է, և թե որքան են իրենք սպառազինության մրցավազքում ետ մնացել Խորհրդային Միությունից: Փոխգնդապետ Սամսոնովն էլ, բռունցքը ուժգին խփելով ամբիոնին, ասաց.

-Ամերիկան վերադառնում է սառը պատերազմի ակունքներին, ավելին՝ իմպերիալիստները պատրաստվում են կենսաբանական հարձակման:

– Օրերն անցնում էին, իսկ պատերազմը չէր ավարտվում: Հարձակվող չինական զորքին, ըստ բանախոսների, դիմադրում էին Վիետնամի հյուսիսային մասի սահմանապահ ջոկատները և միլիցիայի ստորաբաժանումները: Այսպես շարունակվեց մինչև փետրվարի վերջերը: Մի օր էլ հայտնեցին, թե վիետնամական կողմը ռազմական գործողությունների շրջան է բերել երկու մարտկոց «Գրադ», որոնց համազարկերից չինական զորքը խուճապահար նահանջել է, և Վիետնամը գրավելու Չինաստանի տասնյոթերորդ փորձը նույնպես ձախողվել է:

-1975թ. մարտի հինգի պայմանագրով Վիետնամը Խորհրդային Միությունից գնել է հրետանային «Գրադ» կայանքներ, որոնք վիետնամցիները գերազանց են օգտագործում, իսկ չինացիներին մեր երկիրը նվիրել է հինգ հատ ՄԻԳ-24 ինքնաթիռ, որոնցով նրանք չեն կարողանում թռչել, ու դրանք այնքան են մնացել արևի տակ, որ վերածվել են մետաղի ջարդոնի,- ասաց պատերազմի ավարտն ազդարարող սպան:

Մինչդեռ մեզ` զինվորներիս համար կարևորն այն էր, որ չինական ագրեսիայի ձախողման հետ, ամենօրյա քաղպարապմունքները, ի վերջո, դադարեցին:

♦♦♦

Գարնան սկիզբն էր: Քամու հարավային հոսքերը ծովի ջրերի հետ գալիս ու ջնջում էին ձմռան հետքերը: Ինչ-որ առնականություն ու վեհություն էի տեսնում առավոտները գործի գնացող մեր չորս վաշտերի խրոխտ երթի մեջ: Կապիտան Ֆյոդորովը, մյուս սպաներն ու ենթասպաները գալիս էին շարքից քիչ ետ ընկած, զորքի շարժը ղեկավարում էր Կորեյկոն՝ մերթ ընդ մերթ շարային քայլքի, երբեմն էլ երգելու հրաման արձակելով: Խաչիկն ու Արթուրը կանգնում էին ճանապարհի կողքին գտնվող իրենց կաթսայատան դռանը և հեռվից ցուցադրաբար ողջունում էին մեզ: Մի օր էլ տեսնենք՝ Խաչիկը կանգնել է լայն ժպիտը դեմքին, իսկ ձեռքերում ցուցադրաբար պահել է Դեմիս Ռուսոսի մեծադիր նկարը: Մի քանի օր անց նա մեզ ցույց տվեց Սերգեյ Եսենինի, հետո Ալլա Պուգաչովայի, Յուրի Անտոնովի նկարները:

-Կարգին ձեռք ունի մեր Խաչոն, որ զբաղվի՝ լուրջ նկարիչ կդառնա,-ասում էր Աբոն, տեսնելով նրա հաջորդ նոր գործը:

Մի օր էլ դեռ հեռվից տեսանք, որ Խաչիկի ձեռքին մարշալ Հովհ. Բաղրամյանի դիմանկարն է: Երբ մի քիչ էլ մոտեցանք, Կորեյկոն կանգնելու հրաման տվեց: Այնուհետև պահանջեց, որ դասավորվենք, ուղղվենք, ապա կանգնելով առաջնորդող շարասյան առջև՝ հրամայեց.

-Շարային քայլքով, հավասարությունը դեպի Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանի նկարին, քայլո՜վ մա՛րշ…

Անակնկալի եկած Խաչիկի դեմքից չքվեց հերթապահ ժպիտը: Նա միանգամից ձգվեց և ավելի պատկառելի դիրքով պարզեց նկարը: Անցնելով մի քսան մետր, Կորեյկոն դուրս եկավ երթից ու պատվի առած կանգնեց մայթեզրին այնքան ժամանակ, մինչև վերջին դասակն իրեն հավասարվեց ու նոր տվեց «ազատ» հրամանը: Կեսօրին, երբ հավաքվում էինք վերադառնալու զորամաս ճաշի, կապիտանը, տեսնելով խմբված հայերիս, մոտեցավ ու ասաց.

-Դե, տղանե՛ր, դուք տեսաք, ինչպես հարգեցի փառապանծ մարշալ Բաղրամյանին, ձեր մեծ հայրենակցին:

-Շատ տպավորիչ էր, ընկե՛ր կապիտան,-պատասխանեց Մուրադյանը:

-Հա, ի դեպ, ձեր այդ ընկերը լավ է նկարում:

-Ընկեր կապիտան, կուզեք՝ ասեմ, Ձեզ համար էլ նկարի,-մեջ ընկավ Աբոն:

-Սիրով կընդունեմ այդպիսի նվեր, օրինակ՝ Բաղրամյանին ես շատ եմ հարգում և շատ կուզենայի նրա նկարն իմ տանը ունենալ:

-Կես ժամից ես այդ հարցը կլուծեմ,-ոգևորված խոստացավ Աբոն և ավելացրեց,-ընկե՛ր կապիտան, մարշալ Բաղրամյանին այստեղ սիրում են, չէ՞, Մերձբալթիկան ինքն է ազատագրել, հետո էլ, որքան գիտեմ, այստեղ օկրուգի հրամանատար է եղել:

-Այո՛, այո՛, ճիշտ ես, տասնմեկերորդ բանակը նրա հրամանատարությամբ է ազատագրել մերձբալթյան հանրապետությունները: Բաղրամյանն այստեղ հանրաճանաչ է:

Ճաշին Աբոն մտավ Խաչիկի մոտ և պայմանավորվեց, որ երեկոյան մարշալի նկարը նվիրեն Կորեյկոյին:

Շարունակելի

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Հոգևոր-մշակութային


23/01/2014