Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՓԼՈՒԶՈՒՄ



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անվտանգության խորհրդի անդամների հետ հունվարի 20-ին քննարկել է Բաղդադի պնդումներն այն մասին, որ Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է Իրաքում գործող ահաբեկիչներին: Նման քննարկումը կարող է դիտարկվել իբրև Արևմուտքի կողմից Սաուդյան միապետության հանդեպ վստահության նվազման ցուցիչ և Էլ Ռիադին պատժելու քայլ:

Ավելի վաղ իրաքյան հեռուստաալիքը հաղորդել էր, որ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին Բաղդադում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ապացույցներ է ներկայացրել, ըստ որոնց` Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ կանգնած են Իրաքի Անբար մարզում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների հետևում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ Բաղդադում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե ի գիտություն է ընդունել իրաքյան իշխանությունների տրամադրած տեղեկատվությունը, համաձայն որի՝ Սաուդյան Արաբիան զգալի օժանդակություն է ցուցաբերում «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, և որ խնդիրը կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների նիստում: Իր հերթին, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը Անվտանգության խորհրդին ուղղված պաշտոնական նամակով մեղադրեց Սաուդյան վարչակարգին միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարման և համաշխարհային ահաբեկչությանն օժանդակելու համար` պահանջելով լուրջ միջոցներ ձեռնարկել այդ պետության դեմ:

Առաջին հայացքից թվում է, թե Բաղդադը և Դամասկոսը ՄԱԿ-ի մակարդակով սկսում են մի յուրատեսակ քարոզարշավ Էլ-Ռիադի դեմ, և չի բացառվում, որ դրա համակարգումը կամ ուղղորդումը իրականացնում է Թեհրանը. Սիրիայի և Իրաքի բողոքներից ընդամենը մի քանի օր առաջ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը հայտարարեց, որ հենց Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մյուս միապետությունների նավթադոլարներն են հայտնվում Իրաքում, Սիրիայում և Լիբանանում գործող սալաֆիական ահաբեկիչների գրպանում: Մինչդեռ վերջին մի քանի ամիսների զարգացումները ցույց են տալիս, թե Արևմուտքում այնքան էլ գոհ չեն իրենց տարածաշրջանային գործընկերոջից, որը անկանխատեսելի գործելաոճով փորձում է ցուցադրել իր քաղաքական ուղեգծի անկախությունը:

Իրանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցների հնարավոր մեղմացման ֆոնի վրա Էլ Ռիադը դրսևորեց բավական երկիմաստ վարքագիծ. սկզբում ողջունելով միջուկային ծրագրերի շուրջ ժնևյան բանակցությունները` սաուդյան դիվանագիտությունը կտրուկ անցավ հակաիրանական դաշինքի ձևավորմանը` հետ չկանգնելով նույնիսկ արաբական աշխարհի դարավոր հակառակորդ Իսրայելի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու փորձերից: Էլ Ռիադը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին նույնիսկ «ապտակ» հասցրեց` 2013 թվականի հոկտեմբերի 18-ին հայտարարելով, թե հրաժարվում է ռոտացիոն կարգով 2014-2015 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ում իր տեղից, քանի որ այդ կառույցը «չի կարողանում վերջ տալ պատերազմներին և լուծել կոնֆլիկտները»: Ավելին, առանց արևմտյան դաշնակիցների հետ խորհրդակցելու` նոյեմբերին Սաուդյան Արաբիան հանդես եկավ Պարսից ծոցում պետական նոր կազմավորման նախաձեռնությամբ` առաջարկելով հինգ արաբական հարևան միապետներին ստեղծել տարածաշրջանային ռազմաքաղաքական նոր միություն: Էլ Ռիադի առաջարկը նորություն չէր. նման նախաձեռնությամբ նրանք հանդես էին եկել դեռ 2011 թվականին` «արաբական գարնանից» և «գունավոր հեղափոխություններից» պաշտպանվելու համար, առաջարկելով միության մեջ համախմբել նույնիսկ միապետական Մարոկկոն և Հորդանանը, սակայն այս մի առաջարկն ուղղակիորեն դեմ է Իրանին: Էլ Ռիադում անհանգստացած են, որ Արևմուտքը հիասթափված է Սիրիայում և արաբական այլ երկրներում կատարված «հեղափոխություններից», քանի որ վերջիններս հանգեցրին ոչ թե ժողովրդավարության, այլ` ծայրահեղականության ամրապնդման ու ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացման, ուստի նախընտրում է լեզու գտնել չափավոր իսլամիստների հետ: Սաուդյան վերնախավի գնահատմամբ` նոր իրականության մեջ Էլ Ռիադը ոչ միայն կկորցնի մարտավարական գլխավոր գործընկերոջ կարգավիճակը, այլև կվտանգի վահաբական գաղափարախոսության վրա հիմնված իր իշխանությունը: Սաուդյաններին ոչինչ չի մնում անելու, քան ամեն կերպ պահպանել իրենց տոհմի իշխանությունը` նույնիսկ տարածաշրջանային նոր մարտահրավերներ հրահրելու գնով: Եթե Էլ Ռիադն անհանգստացած լիներ Պարսից ծոցի կայունությամբ և անվտանգությամբ, ապա կգնար ԵԱՀԿ օրինակով համանման տարածաշրջանային կառույցի ստեղծմանը:

Առաջնորդվելով վահաբական գաղափարախոսությամբ` Սաուդյանները ծայրահեղականներին հովանավորեցին Չեչնիայում և Դաղստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի դեմ մոջահեդներ ուղարկեցին Ադրբեջան: Ավելին, մինչև այսօր Սաուդյան Արաբիան Պակիստանի հետ միասին կտրականապես հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետությունը և քայլեր է ձեռնարկում Երևանն ու Ստեփանակերտը վարկաբեկելու համար:

Այնուամենայնիվ` Սաուդյանները տապալեցին ծայրահեղականների հովանավորությամբ իսլամական աշխարհում իրենց գերիշխանության հաստատման փորձերը: Թեև նրանք կարողացան չեզոքացնել իրենց հիմնական մրցակից Եգիպտոսին և Լիբիային, սակայն այդպես էլ չհասան Սիրիայի աշխարհիկ վարչակարգի տապալմանը` Քաթարի հետ միասին Բաշար Ասադի դեմ ծախսելով միլիոնավոր դոլարներ: Սաուդյանների տոհմի համար շուրջ 40 տարի լուրջ վտանգ էր շիական Իրանը, այն էլ` իսլամական հանրապետության կառուցվածքով, և բնական է, որ Թեհրանի հետ հարաբերություններում նկատվող ապասառեցումը կարող է Էլ Ռիադում ջղաձիգ արձագանքների հանգեցնել:

Ուշագրավ է, որ Պարսից ծոցի արաբական միապետությունների միություն ստեղծելու առաջարկին դրական է արձագանքել միայն Բահրեյնը, որի առաջնորդ Խամադ իբն Իսա ալ Խալիֆան Սաուդյանների խնամին է և շիա մեծամասնություն ունեցող երկրում պահում է իր իշխանությունը վերջիններիս զորամիավորումների շնորհիվ: Սիրիական հարցում իր հիմնական դաշնակից Քաթարն էլ բավական չափավոր է արտահայտվել, ասելով, թե չի ցանկանում վատթարացնել հարաբերություններն Իրանի հետ, ինչը կարող է անցանկալի տնտեսական խնդիրների հանգեցնել: Տնտեսական շահերը դրդում են հրաժարվել նման միավորումից նաև Միացյալ Արաբական Էմիրություններին: Աբու Դաբիում պատրաստ են միանալ միայն այն դեպքում, եթե Էլ Ռիադը ֆինանսական լուրջ երաշխիքներ տա: Ավելին, Դուբայի շեյխը հանդես եկավ Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման առաջարկով:

Ենթադրելի է, որ Էլ Ռիադի կողմից ինքնամեկուսացման և ագրեսիվ քաղաքականության դրսևորման դեպքում Արևմուտքին ոչինչ չի մնա, քան վերանայել նրա հանդեպ իր վերաբերմունքը: Արդեն ավելի անկաշկանդ է խոսվում այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Չի բացառվում, որ Սաուդյաններին կստիպեն գնալ որոշ քաղաքական և տնտեսական զիջումների, հակառակ դեպքում՝ նրան սպասում է Լիբիայի ճակատագիրը:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Տարածաշրջան


23/01/2014