Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԲԱՆԱԿ-ԲՈՒՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԲԱՆԱԿ-ԲՈՒՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

«Ընդամենը մի քանի տարի հետո այսօրվա ուսանողներն են լինելու ղեկին, նրանք են տանը, դպրոցում, բանակում եւ բուհում ստացած իրենց դաստիարակությամբ, գիտելիքներով, որդեգրած սկզբունքներով եւ իրենց հայրենասիրությամբ առաջնորդելու հայ ժողովրդին»,- հունվարի 16-ին ասաց պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014 թվականի տարեմուտի իր ուղերձում, զինված ուժերի անձնակազմից բացի, դիմել է նաեւ հանրապետության բուհերի ուսանողներին ու դասախոսներին, կարեւորել բանակ-բուհ համագործակցությունը արատավոր բարքերի դեմ պայքարի, արտաքին մարտահրավերների դիմագրավման, հայրենասիրական դաստիարակության գործում: Եվ ահա անկեղծ զրուցելու, ընդհանուր հայտարարի գալու եւ համատեղ անելիքների մասին պայմանավորվելու նպատակով գերատեսչության ղեկավարը հունվարի 16-ին այցելեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշակական համալսարան:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ ակնհայտ է բժշկական համալսարանի, մասնավորապես 1994 թվականից ի վեր ՀՀ զինված ուժերի համար բժշկական կադրեր պատրաստող ռազմաբժշակական ֆակուլտետի վերջին տարիների առաջընթացը. «Բժշկական համալսարանը յուրահատուկ կապ, առնչություն ունի հայկական բանակի հետ: Այստեղ են պատրաստվում բժշկական կադրեր եւ ուղարկվում զինված ուժերի տարբեր զորամիավորումներ ու զորամասեր: Նրանք համալրում են ռազմական բժիշկ-մասնագետների այն մեծ համաստեղությունը, որը մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում լավագույն մասնագետների համբավ է ունեցել: Արցախյան պատերազմի տարիներին մեր բժիշկները կատարելագործեցին իրենց մասնագիտական հմտությունները, անհրաժեշտության դեպքում էլ զենք վերցրին եւ մասնակցեցին մարտական գործողություններին: Նրանց օրինակով պետք է կրթվեն այսօրվա կուրսանտները»:

Նախարարն ընդգծեց, որ ռազմական բժիշկը կրկնակի է երդվում եւ, հետեւաբար, կրում է կրկնակի պատասխանատվություն:

Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն իր ելույթում շեշտեց, որ զինվորական բժիշկը պարտավոր է փրկել ոչ միայն զինվորի կյանքը պատերազմում, այլեւ հարկ եղած դեպքում հոգ տանել զինվորների եւ սպաների ընտանիքների անդամների առողջության համար. «Աշխարհում մեծ զարգացում է ստացել բժշկության եւ բժշկագիտության մի ուղղություն, որը կոչվում է կազմակերպված կոլեկտիվների բժշկություն, դժվար է պատկերացնել ավելի կազմակերպված կառույց, քան բանակն է»:

Ռազմաբժշկական ֆակուլտետի դեկան, գնդապետ Սամվել Գալստյանն էլ մատնանշեց ֆակուլտետի նպատակը` պատրաստել զինվորական բժիշկներ, որոնք կլինեն գաղափարապես կայուն, հայրենիքին նվիրված, անձնազոհության պատրաստ եւ իրենց մասնագիտական գիտելիքներով զինված չեն զիջի առողջապահական համակարգում աշխատող քաղաքացիական բժիշկներին:

Որպես բանակ-բուհ երկարատեւ համագործակցության արդյունք` ռազմաբժշկական ֆակուլտետը դարձել է ինչպես ուսումնական, այնպես էլ գիտագործնական գործընթացների զարգացման տեսանկյունից ամենաապահովված ֆակուլտետը: Երրորդ կուրսի կուրսանտ Վահագն Ասիրյանը փաստում է վերոնշյալը. «Վերջերս նորոգվել եւ կահավորվել է ֆակուլտետի տարածքը, ինչը բարձրացրել է ուսումնառության մակարդակը, վերանորոգվել եւ կահավորվել է հանրակացարանի տարածքը, որտեղ կյանքը գրեթե չի տարբերվում ընտանեկան միջավայրից, գործնական հմտությունների ձեռքբերման առումով դրական ազդեցություն են ունեցել մեր կուրսանտների հերթապահությունները Երեւան քաղաքի շտապ օգնության համակարգում՝ որպես բժշկի օգնական, կյանքի է կոչվել «Առողջարանային գործ» ծրագիրը, որն իրականացվում է Լեռնային Հայաստան առողջարանային համալիրում. մենք տվյալ ծրագրի շրջանակում ձեռք ենք բերում ֆիզիոթերապեւտիկ ծառայությունների կազմակերպման հմտություններ»:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանեց ուսանողների հարցերին: Նրանցից մեկը մեկ ամիս առաջ է զորացրվել եւ խնդրեց նախարարի միջնորդությունը, որպեսզի ընթացիկ քննությունների ժամանակ բանակից վերադարձած ուսանողներին մի փոքր առավելություն տան: Նախարարի խնդրանքին բուհի ռեկտորը դրական պատասխան տվեց:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ռազմաբժշկական կրթության ոլորտում ունեցած ներդրման համար պարգեւատրվեց 1-ին աստիճանի շքանշանով եւ ուսանողական խորհրդարանի ոսկե մեդալով. «Այս պարգեւները պարտավորեցնում են զբաղվելու հասարակության «հիվանդությունների» բուժմամբ»: Նախարարն էլ իր հերթին բժշկական համալսարանի մի շարք աշխատակիցների պարգեւատրեց մեդալներով ու պատվոգրերով:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ