Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՒՅԳԵՐԸ



Արդեն քանի տարի է՝ ամեն օր, լինի առավոտ, կեսօր, թե օրվա ավարտ՝ պահեստի գնդապետ Արամ Հակոբյանի և իր ընկերների հանդիպումը լինում է կարոտով, ջերմ։ Նրանք միասին ճանապարհ են անցել, ծառայել ինչպես խորհրդային, այնպես էլ հայոց բանակում և պահպանում են անցած օրերի բարի և միևնույն ժամանակ տխուր ու թախծոտ հուշերը։

«Բերքաբերում ադրբեջանցիներն սպանել էին Մանվելի որդուն։ Սպանել էին նաև ջոկատի հրամանատար Մուրոյի եղբորը։ Եվ Մանվելն ու Մուրոն դարձել էին ամեհի գազան, ասես մահ էին փնտրում։ Ադրբեջանցիները նրանց անունները լսելիս սարսափում էին։ Մանվելը զոհվեց 1993-ին»…

«Լաչինում ութ դիրք էինք պահում։ Երբ հայոց բանակի առաջին զինվորները տեղ հասան, ադրբեջանցիներն սկսեցին տանկով կրակել (հոգեբանորեն ուզում էին ճնշել): Մեր տանկիստ Աշոտի կրակոցից թշնամու տանկը բոցավառվեց։ Մեր զինվորները ոգևորվել էին»…

«Երասխի բարձունքի մի ժայռի հետևից անընդհատ կրակում էին։ Իմ ուղիղ նշանառությամբ կրակից հետո թշնամու անշնչացած մարմինը դուրս նետվեց քարի հետևից։ Տղաներից Մարատը ուրախությունից դուրս էր եկել, կանգնել զրահամեքենայի վրա ու պարում էր։ Մինչ ռացիայով փորձում էի զգուշացնել Մարատին՝ խոցեց թշնամու գնդակը»…

Այսպես հիշողությունների պատառիկները հաճախ են նրան հիշեցնում մեր ազատագրական պատերազմը… Անցած պատերազմական օրերի հուշերը էլ ավելի խոսուն են դառնում, երբ մի պահ պատկերացնում ես այն օրերին նրանց ծնողների, ընտանիքի անդամների ապրումները։ Արամի հետ պատերազմ էր դուրս եկել նաև եղբայրը՝ Պետրոսը, որը «Դավիթ Բեկ» աշխարհազորային ջոկատի հրամանատարն էր։ Ասեմ, որ Արամն ու Պետրոսը զույգեր են։

Արամը քսան րոպեով մեծ է Պետրոսից։ Պատերազմի օրերին երկու տարի եղբայրները չեն տեսել իրար։ Մեկը գալիս էր, մյուսն էր գնում։ Հայրը (այժմ լուսահոգի) ինքնամփոփ էր, լռակյաց, ամեն ինչ ներս գցող, ոչինչ չէր ասում։ Իսկ մայրը Արամին տեսնելիս ասում էր.

-Տղա ջան, գոնե մեկնումեկդ մնացեք։

-Մամ ջան. ես զինվորական եմ, Պետրոսը թող մնա։

Ու այսպես, Պետրոսն էլ էր արդարանում, որ ջոկատի հրամանատարը չի կարող թողնել իր ընկերներին… Սպասումից ճերմակում էին ծնողները։ Իսկ Թերեզա մայրիկը, երբ որդիներին ռազմի դաշտ էր ճանապարհում, ու թե մարդիկ հետաքրքրվում էին, թե ինչ լուր կա տղաներից, մի պահ լռում էր, ապա ասում.

-Փառք Աստծո, գոհ եմ Տիրոջից՝ երեք որդիներս էլ հարգված են, սիրված։ Ավագ որդիս՝ Աշոտը, բժիշկ է, Արամս՝ զինվորական, Պետրոսս՝ ինժեներ, բայց դարձավ ազատամարտիկ, եղբոր նման հրամանատար։ Ոչինչ, կռիվը կավարտվի, նորից կանցնի իր գործին…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Հոգևոր-մշակութային


16/01/2014