Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ  ՅՈՒ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՅՈՒ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի՛ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ:

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Ամանորը և Սուրբ Ծնունդը համաժողովրդական ընդգրկում ունեցող տոներ են: Յուրաքանչյուր հայ ընտանիքում, ինչպես աշխարհի շատ ժողովուրդների մոտ, այդ օրերի տոնական ուրախ տրամադրությունը զուգակցվում է անցնող տարվա ձեռքբերումների վերհիշման և ապագայում նոր ցանկությունների ու նպատակների իրականացման ակնկալիքների հետ: Զինված ուժերի ողջ անձնակազմը դիտելով որպես մի մեծ, բազմաշերտ ընտանիք և չխախտելով արդեն ստեղծված ավանդույթը՝ ամանորյա իմ շնորհավորական ուղերձում ցանկանում եմ շատ հակիրճ ամփոփիչ խոսք ասել տարվա ընթացքում կատարած աշխատանքների ու ձեռքբերված հաջողությունների մասին:

2013 թվականին նույնպես առաջնորդվել ենք «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց» կարգախոսով՝ տարին հայտարարելով «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի»:

Հետադարձ հայացք գցելով նախանշված խնդիրների կատարման ընթացքին՝ նկատելի է դառնում, որ մեր բանակային կյանքի բոլոր ոլորտներում ապահովվել է զարգացման շարունակական աճ: 2013 թվականը ևս ապացուցեց, որ Հայոց բանակը հստակ և հաստատուն քայլերով առաջ է գնում: Տարեցտարի հզորացնելով զինված ուժերը, մենք ամրապնդում ենք մեր ժողովրդի, պետության պաշտպանվածությունը: Պատերազմ տեսած մեր ժողովուրդը գիտակցում է, որ ամենակարևորը խաղաղությունն է և երկրի սահմանների անձեռնմխելիությունը, ինչը մեծապես պայմանավորված է ժամանակակից բանակով:

Ընդհանուր առմամբ, մեր գերխնդիրը համարելով հակառակորդի զինված ուժերի նկատմամբ գերազանցության ապահովումը, նպատակ ենք դրել ստեղծելու արդի ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից պաշտպանական համակարգ, որն ի զորու կլինի արդյունավետորեն ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ռազմական անվտանգությունը:

Նախ և առաջ քաջ գիտակցելով, որ ամուր և ուժեղ բանակի հիմքում կայուն և հիմնարար գիտելիքներն են, տարվա ընթացքում շատ ենք կարևորել ԶՈՒ-ում կազմակերպվող ուսումնական գործընթացը: Որպես հաջողության գլխավոր նախապայման՝ առաջնորդվել ենք «Դժվար՝ ուսման մեջ, հեշտ՝ մարտում» հայտնի նշանաբանով: Ուսուցման գործում կարևոր են համարվել պարբերաբար անցկացվող զորավարժությունները, որոնց միջոցով բարձրացել են անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները, զենքին և ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությունները, տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության, մարտի ղեկավարման և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունները:

Անպայման ուզում եմ նշել, որ 2013-ը նշանավորվեց նրանով, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հենքի վրա առաջին անգամ անցկացվեց ՀՀ ԶՈՒ ավագ սպայակազմի համար հրամանատարաշտաբային դասընթաց՝ ռազմական ակադեմիական ուսուցման մակարդակով, այսինքն՝ դրանով մեզ մոտ հիմք դրվեց ռազմական ակադեմիայի ստեղծմանը:

Շատ եմ կարևորում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նույնպես առաջին անգամ անցկացված «Ռազմավարական ղեկավարում» մասնագիտությամբ մեկամսյա դասընթացները, որոնց նպատակն էր բարձրագույն սպայակազմի մոտ ձևավորել ռազմավարական կայուն գիտելիքներ:

Հանրահայտ ճշմարտություն է. միայն պատերազմին պատրաստ լինելով է հնարավոր կանխել պատերազմը: Հաշվի առնելով, որ հնարավոր պատերազմի դեպքում պետք է պատրաստ լինի ոչ միայն զինված ուժերը, այլև երկրի ողջ պետական համակարգը, 2013 թվականի հոկտեմբեր ամսին անցկացվեցին «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները, որոնք կոչված էին համագործակցված և կոորդինացված աշխատելու հմտություններ ձևավորել պետական տարբեր գերատեսչությունների ղեկավար կազմի հետ:

Տարվա ընթացքում հաջողությամբ շարունակել և զարգացրել ենք միջազգային ռազմական համագործակցությունը: Այսօր ՀՀ ԶՈՒ-ն պաշտպանության ոլորտում համագործակցում է տասնյակից ավելի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Նպատակն է առաջավոր փորձի ներդրմամբ այլ երկրների ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների կրթական-մասնագիտական մակարդակի բարձրացմամբ բարելավել, արդիականացնել մեր պաշտպանական համակարգը, իհարկե նաև միջազգային անվտանգության ապահովման գործում մեր մասն ունենալով՝ ձեռք բերել հեղինակավոր դիրք:

Հրաժեշտ տալով 2013 թվականին՝ անպայման պետք է արձանագրել, որ տարեցտարի նվազում է մահվան ելքով, մարմնական վնասվածքներով դեպքերի, զինվորական հանցագործությունների քանակը: Այդ են ցույց տալիս պարզ վիճակագրական տվյալները: Դա նշանակում է, որ զինված ուժերի ստորաբաժանումներում բարձրացել է զինվորական կարգապահությունը, որոշակիորեն բարելավվել է բարոյահոգեբանական մթնոլորտը, հազվագյուտ են դարձել այնպիսի բացասական երևույթները, ինչպիսիք են զինծառայողների միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունները: Իհարկե, պետք է նաև հստակ գիտակցենք, որ եթե մեր բանակում տարվա ընթացքում թեկուզ 1-2 մահվան ելքով դեպք տեղի ունենա, ապա դա մեզ լրջորեն մտահոգվելու տեղիք պետք է տա:

Անցած տարում նույնպես բանակի ղեկավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման հարցերը: Շատերն են ՊՆ ուղեգրերով իրենց ընտանիքների հետ մեկնել հանգստյան տներ: Խիստ կարիքավորներին ցուցաբերվել է նյութական օգնություն: Զինավաններում կատարվել են զորանոցների, մշակութային-կենցաղային օբյեկտների վերանորոգման և նորերի կառուցման աշխատանքներ: Զգալիորեն բարելավվել են մարտական հենակետերում հերթապահություն իրականացնող զինծառայողների ծառայության և կեցության պայմանները:

Հավատում եմ, որ 2014 թվականին ՀՀ ԶՈւ անձնակազմի, ընդհանրապես, մեր երկրի բոլոր քաղաքացիների կյանքը մի քիչ ավելի բարեկեցիկ է դառնալու, բոլորիս մոտ ավելանալու է բարությունն ու հանդուրժողականությունը միմյանց նկատմամբ, մեզանից յուրաքանչյուրն իր պարտականությունների կատարման գործում ավելի պարտաճանաչ է լինելու:

Շնորհակալություն են հայտնում Հայոց բանակում բարեխղճորեն ծառայող բոլոր զինվորներին, սպաներին ու գեներալներին: Խոսքս ուղղում եմ հատկապես նրանց, ովքեր այս տոնական օրերին սահմանագծում, հակառակորդի դեմ հանդիման, կրկնապատկված զգոնությամբ մարտական հերթապահություն են իրականացնում՝ հսկելով մեր երկրի անդորրը: Նրանց անվտանգ ծառայություն են մաղթում:

Անցնող տարում ևս հայ-ադրբեջանական սահմանում անհանգիստ ու լարված է եղել: Չեն դադարում Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններն ու շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցող կրակոցներն ու սադրանքները: Մեր մարտական բարձր պատրաստվածությունն ու հայրենիքին նվիրվածությունը մեզ թույլ են տալիս վստահաբար ասելու, որ պատրաստ ենք ևս մեկ անգամ արժանի հարված հասցնելու թշնամուն, եթե նա համարձակվի պատերազմ սանձազերծելու:

Ավարտելով իմ շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ բոլորիդ Նոր տարում ցանկանում եմ ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն և ծառայողական նորանոր հաջողություններ: