Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՒԶԵԻ ԱՇԽԱՐՀԸ ԿԱՀԱՎՈՐԵԼ ՍԻՐՈՎ



Զրույց երգահան-երգչուհի ՄԱՐԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ

-Տիկին Բադալյան, 2013-ը հոբելյանական էր Ձեզ համար։ «Հայ զինվորը» շնորհավորում է Ձեր տարեդարձը, մաղթում առողջություն, ակնկալում նոր, հոգեպարար երգեր միայն Ձեզ հատուկ զգացմունքայնությամբ, ելևէջներով, գեղեցկությամբ։

-Շնորհակալ եմ։

-Ձեր երգերն այնքան կանացի են… հազվադեպ է նման բան լինում, երբ երգը լսելիս համոզված լինես, որ հեղինակը կին է։ Ոչ մի տղամարդ չի կարող այդպիսի մեղեդի հորինել՝ նուրբ, նազելի, սեթևեթ, չքնաղ… ու անսահման սիրով լի…

-Կյանքը մեծ սիրո արգասիք է, այս աշխարհը արարվել է սիրով ու սիրուց դրդված։ Մենք ապրում ենք հանուն սիրո… Իմ բոլոր երգերը սիրո մասին են՝ կյանքի հանդեպ, բնության, մարդու…

-Դուք հրաշալի ամուսին եք ունեցել։ Նրանք, ովքեր քիչ թե շատ մերձ են արվեստի ոլորտներին, գիտեն, թե որքան շնորհալի ռեժիսոր էր Յուրի Գզոյանը, որքան նրբաճաշակ ու բարձրարվեստ։ Ու ես չեմ կարող չհետաքրքրվել Ձեր սիրո պատմությամբ։

-Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում սովորելու տարիներին մասնակցում էի բազմաթիվ երաժշտական միջոցառումների, այդ թվում և «ABC» անվանմամբ մի հեռուստածրագրի, որի ռեժիսորը Յուրի Գզոյանն էր։ Եվ ահա այդտեղ հանդիպեցինք իրար։ Սկզբում ամենատիրական զգացումը Յուրայի հանդեպ ակնածանքի հասնող հարգանքն էր։ Նա հեղինակավոր տղամարդ էր, լրջախոհ, ծանրակշիռ… Հետո, երբ ավելի մոտիկից ճանաչեցի Յուրային, բացահայտեցի, որ խստաբարո ու ազդեցիկ կերպարի տակ թաքնված է անսահման նուրբ հոգի, հույզերով լցված սիրտ։ Ու սիրեցի նրան, անսահման սիրեցի։ Նա իմ ամբողջ կյանքը տոն դարձրեց։ Այնքան կնամեծար էր, իմ օրը լցված էր ծաղիկներով, սիրո ցույցերով ու երկրպագությամբ։ Մենք այնքան ներդաշնակ էինք։ Յուրան տիրապետում էր տղամարդ լինելու արվեստին։

-Տղամարդ լինելն է՞լ է արվեստ։

-Իհարկե։ Գիտեք, բոլորս էլ կարող ենք սխալվել, վրիպել, թերանալ… Յուրան կարողանում էր շրջանցել այն խոսակցությունները, որոնք կնսեմացնեին ինձ կամ իրեն։ Նա կարողանում էր ճիշտ լռել։

-Ավելի շատ կնոջն է հարկավոր ճիշտ լռել։

-Շատ օգտակար զրույց ենք անում հիմա։ Մենք բոլորս պիտի ջանանք կառուցել մարդկային գեղեցիկ հարաբերություններ ու դողալ, որ մեր սիրո կառույցը չփշրվի։ Պիտի սիրով շաղախենք երկուսիս միությունը ու անվերջ, աչալուրջ պահպանենք այն։

-Կյա՞նքն է Ձեզ սովորեցրել այս ամենը։ Ձեր սխալների՞ միջոցով եք սովորել, թե՞ ճակատագիրն ավելի բարեհաճ է եղել…

-Իմ հոր ընտանիքը նույնպես շատ ներդաշնակ էր։ Մանկությունը մարդու ամենաընկալունակ տարիքն է։ Այդ շրջանում է ձևավորվում մարդու բնավորության, հակումների, մարդկային հոգու խճանկարը։ Եթե մանկուց մարդը սեր, գեղեցկություն ու ներդաշնակություն է տեսնում իր շրջապատում, հետո, ավելի հասուն տարիքում երբեք չի կարողանում հաշտվել չարության, անճաշակության ու քաոսի հետ։ Եվ սեր ու բարություն է արարում։ Ծնողներս իսկական մտավորականներ էին։

-Ի՞նչ ասել է իսկական մտավորական։ Ո՞ւմ եք Դուք համարում մտավորական։

-Գուցե իմ բանաձևը Ձեզ տարօրինակ թվա, բայց իմ բնորոշմամբ, մտավորական է կողքինի ցավով ապրող մարդը։ Այն մարդը, ով փորձում է ինչ-որ բան փոխել իր շուրջը դեպի լավը, ով չի վախենում հակազդեցություններից, ով չի լռում անարդարության հանդիպելիս։ Մտավորականը ակտիվ տեսակ է, ըմբոստ, համարձակ։

-Ես միշտ հետևում եմ Ձեր ֆեյսբուքյան էջի գրառումներին։ Չկա մի իրադարձություն, մի խնդիր, որին չարձագանքեք։ Ընդ որում՝ բավականին բուռն ու կտրուկ։

-Ես չեմ հասկանում այն արվեստագետներին, ովքեր ասում են՝ իմ առաքելությունը նկարելն է, երգելը կամ պարելը… Հնարավոր չէ ամեն ինչի մասին երգել կամ վեպ գրել։ Մտավորականը պիտի դիրքորոշում ունենա, պիտի խոսի այն մարդկանց հետ, ովքեր սիրում են իր արվեստը ու հավատում են իր անկեղծությանը։ Եթե հայ մտավորականությունը իր բարձրության վրա լիներ ու ավելի մոտ կանգներ ժողովրդին, մենք ավելի շահեկան վիճակում կլինեինք, այսօր մտավորականությունը ազգի հավաքական բարոյականության կրողն է, ազգի փարոսը։

-Տիկին Բադալյան, ե՞րբ ծնվեցին Ձեր առաջին մեղեդիները։

-Իմ գլխում միշտ էլ ինչ-որ մեղեդիներ են լողացել։ Ես դնդնացել եմ քթիս տակ։ 8-րդ դասարանում գրեցի հայտնի «Ուռի» երգը, որը ձայնագրվեց, հնչեց հեռուստատեսությամբ։ 1988 թվականին «Մելոդիա» անվանումը կրող մոսկովյան հայտնի ընկերությունը թողարկեց իմ ձայնասկավառակը։ Դա շատ մեծ հաջողություն էր երիտասարդ երգահանի համար։ Այդ տարիներին կատարված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ես (անհամեստ չհնչի) ամենապահանջված անունն եմ եղել հայ երգարվեստում։

-Երբևէ մտածե՞լ եք՝ ի՞նչ են տվել Ձեր երգերը ունկնդրին, ո՞րն է եղել դրանց առաքելությունը։

-Մենք պիտի սնենք երիտասարդ սերնդին գեղեցիկի, սիրո, բարության, հանդուրժողականության ոգով։ Կյանքը բումերանգ է։ Չար սերմից բարի պտուղ չես ստանա։ Յուրաքանչյուր մարդ ինչ ստացել է, այն էլ վերադարձնում է հասարակությանը։ Ինչ ցանել ես, այն էլ քաղելու ես։ Տարիներ առաջ ես դասավանդել եմ հանրակրթական դպրոցում։ Այնքան էի սիրում աշակերտներիս, այնպես էինք կապված իրար։ Ես ապրում էի նրանց կյանքով, նրանց հոգսերով, սեր ու հոգատարություն էի տալիս նրանց։ Գուցե չհավատաք, բոլորն էլ հրաշալի մարդիկ են դարձել։ Տասնյակ տարիներ անց, երբ աշակերտներս արդեն հասուն մարդիկ էին, մի օր մեր տան դուռը թակեցին, բացեցի ու… մնացի ապշած։ 200-ից ավելի գեղեցիկ վարդեր էին դրված իմ տան շեմին։ Պարզվեց՝ արտերկրում ապրող աշակերտներիցս մեկն է ուղարկել։ Այնքան երջանիկ էի։

…Հիմա ես աշխատում եմ կոմպոզիտոր Թաթոս Հակոբյանի հետ, որը եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը: Հրաշալի երաժիշտ է եւ խորապես զգում է իմ երաժշտության նրբերանգներն ու խորությունը: Այժմ Թաթոս Հակոբյանն է գործիքավորում իմ երգերը:

-Ինչո՞ւ վերադարձաք արտերկրից։ Դուք աշխատում էիք այնտեղ, նյութապես ապահով էիք։

-Չգիտեմ, ինչու հիշեցի… Պատերազմի ժամանակ Նորքի հիվանդանոցում երգեցի վիրավոր զինվորների համար։ Չեմ մոռանա ապրումներս։ Մի պահ շիվարել էի, չգիտեի՝ ի՞նչ ասեմ, ինչի՞ց սկսեմ։ Մեկ էլ զինվորներից մեկը թե՝ «Ուռին» երգեք։ Երբեք այդքան հոգով չէի երգել։ Սիրտս դրեցի երգիս մեջ, ամբողջ սերս, այդ զինվորներին առողջ ու երջանիկ տեսնելու անսահման ցանկությունս։

…Դժվար տարիներին հացի հերթում ինչ-որ մեկն անունս կանչեց. երիտասարդ տղա էր: Նա ինձ մեկ արկղ հաց փոխանցեց: Պարզվեց, վիրավոր զինվորն էր: Ասաց. «Սա՝ ձեզ, այն ծաղիկների փոխարեն, որ չկարողացա նվիրել հիվանդանոցում»:

Այսքանից հետո կարիք կա՞ պատասխանելու Ձեր հարցին, թե ինչու վերադարձա հայրենիք։ Ընդամենը մեկ տարի դիմացա։ Չկարողացա ապրել առանց Հայաստանի։ Կարոտը կանչեց։ Գիտեք, ովքեր արտերկրում են ու չեն կարողանում վերադառնալ, ապրում են կարոտը սրտում ու հայրենիք վերադառնալու հույսը փափագելով։ Ես վստահ եմ, որ նրանք մի օր վերադառնալու են։ Ավելին՝ ես վստահ եմ, որ մարդ արարածը թոթափելու է Չարի իշխանությունը, վերադառնալու է հոգևոր արժեքին, փնտրել-գտնելու Աստվածային սկիզբը իր էության մեջ։ Մարդը կգտնի իր ճանապարհը դեպի գեղեցիկը, վեհը, ճշմարիտը, արդարը։ Կփոխվեն մեր իրականության հերոսները։ Մարդիկ կհասկանան, որ փողը, նյութական հաճույքները, այլասերումները երջանկություն չեն բերում իրենց ու խավարի մեջ խարխափելով կգնան դեպի հեռվում վառվող լույսը։ Մեզ կառաջնորդեն խիզախ, անանձնական, արժանապատիվ, ոգեղեն մարդիկ, կմարմնավորեն մեր իդեալները։

Ես հավատում եմ բանակի ապագային, որովհետեւ վստահում եմ այն մարդկանց, որոնք ղեկավարում են մեր զինված ուժերը: Մասնավորապես, Սեյրան Օհանյանին: Խորին ակնածանք ունեմ նրա հերոսական կենսագրության, որպես ռազմական գործիչ՝ նրա կերպարի եւ բարոյական նկարագրի հանդեպ: Ի դեպ, վաղուց եմ երազում երգել զինվորների համար։ Կարո՞ղ եք օգնել կազմակերպելու մեր հանդիպումը։

-Իհարկե, սիրով։ Ուրիշ ի՞նչ երազանք ունեք։ Գուցե դա՞ էլ միասին իրականացնենք։

-Ուզում եմ… Ուզում եմ աշխարհը կահավորել սիրով… Սա իմ նոր երգի վերնագիրն է։

-Հրաշալի է։ Ուրեմն շարունակեք գրել Ձեր նրբակերտ երգերը։ Դրանք մեզ մի քիչ ավելի լավը կդարձնեն…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս. ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Հոգևոր-մշակութային


25/12/2013