Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԵՐԸ ԲՆԱՏՈՒՐ ՌԱԶՄԻԿ ԵՆ»



Զրույց Հայաստանի պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ ՀՐԱՆՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ

-Պարոն Հովհաննիսյան, «Հայ զինվորի» եւ ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, մաղթում երկար տարիների կյանք, առողջություն, եռանդ եւ անձնական ու աշխատանքային ձեռքբերումներ։

Դժվար է Ձեր 90-ամյա բեղուն կենսագրությունը տեղավորել մեկ հոդվածի շրջանակում, այդ պատճառով էլ պիտի խնդրեմ, որ Դուք ներկայացնեք ամենակարեւոր ու հիշարժան դրվագները։

-Պապերս Տարոն գավառից Արեւելահայաստան են գաղթել 19-րդ դարի վերջին, Համիդյան ջարդերի ժամանակ։ Ես ծնվել եմ Սեւանի Լիճք գյուղում։ Ծնողներիս 8 երեխաներից չորրորդն եմ։ Մեր գյուղը ինքնատիպ կոլորիտ ուներ ու նահապետական վարքուբարք։ Մեր ընտանիքը նույնպես ավանդապաշտ էր եւ իր յուրօրինակ սովորույթներն ուներ։ Ուզում եմ հիշել դրանցից երկուսը։ Մեր տանը «Նարեկն» ամենապատվավոր տեղում էր։ Երբ մենք չարություն էինք անում, ինչ-որ անմեղ չարաճճիություն, մայրս չոքում էր «Նարեկի» առաջ ու ներողություն էր խնդրում, աղաչում էր, որ Տերը չպատժի մեզ։ Ամեն օր վաղ լուսաբացին մենք ամբողջ ընտանիքով դուրս էինք գալիս բակ եւ աղոթք հղում առ Աստված, խոնարհվում Տիրոջ առաջ ու փառք տալիս ամենափոքրիկ հաջողությունների եւ ուրախության համար։

-Դուք, թեեւ պատկառելի տարիքում եք, սակայն շատ ակտիվ եք, գործունյա, կենսասեր…

-Այո՛, ես միշտ էլ շատ եռանդուն եմ եղել։ Դպրոցի լավագույն աշակերտն էի, զբաղվում էի հասարակական գործունեությամբ, սիրում էի համախմբել, կազմակերպել, ուղղորդել։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ։ Ես սիրում էի հումանիտար առարկաները, բանաստեղծություններ էի գրում, սակայն ինձ եւ մի քանի գերազանցիկ շրջանավարտների կոմերիտմիության կենտկոմ կանչեցին եւ ասացին, որ գյուղական դպրոցներում ուսուցչի խիստ կարիք կա, ու մենք պետք է որոշ ժամանակ լրացնենք այդ բացը։ Ես համալսարանը թողած՝ մեկնեցի գյուղ եւ սկսեցի որպես ուսուցիչ աշխատել։ Պատմություն, հայոց լեզու եւ գրականություն էի դասավանդում։

-Ձեր կենսագրությանը ծանոթանալիս տեղեկացա, որ 38-ին կամավոր մեկնել եք խորհրդային բանակ, մինչդեռ իրավունք ունեիք որպես գյուղական ուսուցիչ՝ ուսմասվար, ազատվելու ծառայությունից։

-Ես զինակոչիկների գրագիտությունը ստուգող հանձնաժողովի նախագահն էի։ Զինկոմիսարիատում աշակերտներից մեկին առաջարկեցին սովորել Լենինգրադի կրտսեր հրամանատարների օկրուգային դպրոցում։ Աշակերտը հրաժարվեց, եւ ես որոշեցի սովորել այդ զինվորական մասնագիտությունը։ Ռազմական դպրոցը նոր էի ավարտել, երբ սկսվեց Ֆիննական պատերազմը։ Ես մեկնեցի ռազմաճակատ, հետո մասնակցեցի Հայրենական պատերազմին։ Սկսեցի Սեւաստոպոլից, կռվեցի 95-րդ դիվիզիայի կազմում, հետո Զաքյանի դիվիզիայի շարքերում մարտնչելով հասա Ղրիմ, հետո՝ հյուսիսային Կովկաս, Բելառուս… հետո էլ՝ Գերմանիա… Երկու անգամ վիրավորվել եմ։ Հաղթանակի օրը Ռակասովսկուց ստացել եմ կապիտանի կոչում։

Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ հայերը բացառիկ են ինչպես իրենց ռազմական տաղանդով, այնպես էլ խիզախությամբ։

-Այս կարծիքը ձեւավորվել է Հայրենական պատերազմի տարիներին։ Սա ազգային մեծամտություն չէ. հայերը իսկապես հրաշալի զինվորներ են, բնատուր ռազմիկներ ու շահեկանորեն առանձնանում են իրենց արիությամբ։ Ի դեպ, միայն ես չեմ այդ կարծիքին։ Մի անգամ թերթում տպագրելու համար մարշալ Ժուկովից նկար խնդրեցի, նա իր նկարի հետեւում գրեց. «Հայ ժողովուրդն իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ հաղթանակի գործում։ Հայ զինվորները՝ շարքայինից մինչեւ մարշալ, իրենց անունը պսակազարդեցին չխամրող հերոսների փառքով»։ Այդ նկարը մինչ օրս պահպանում եմ։ Իսկ գեներալ Կորժինը գրել է. «Հայերը բոլոր առաջադրանքները կատարում էին սրտի մղումով։ Նրանք գնում էին առջեւից եւ օրինակ էին ծառայում մյուսներին»։

-Պարոն Հովհաննիսյան, Դուք գերազանցությամբ ավարտել եք քաղաքական ռազմական ուսումնարանը։ Պատերազմից հետո 20 տարի ծառայել եք խորհրդային բանակում, եղել եք գնդի պրոպագանդիստ, զինվորական թերթի աշխատակից գաղափարական հարցերով, քաղբաժնի պետի տեղակալ զինկոմիսարիատում, կուսակցական քարտուղար զորամասում եւ զորացրվել եք փոխգնդապետի կոչումով։ Ո՞րն է գաղափարական, քարոզչական աշխատանքի առանցքը։

-Սեփական գաղափարների ճշմարտությունն ապացուցելու ու համոզելու կարողությունը։ Հայրենասիրության սերմերը չեն կարող ծլարձակել անմշակ հողում, այսինքն՝ անբարո, մարդկային առաքինություններից զուրկ հոգիներում անհնար է հայրենասիրություն արթնացնել։ Հայրենասիրությունը ծնվում է մյուս արժանիքների կողքին՝ իբրեւ բարձրագույն առաքինություն։ Կարեւորագույն պայման է դաստիարակչական աշխատանքով զբաղվող անհատի մարդկային նկարագիրը. եթե մարդուն չվստահեն, չհարգեն, չհավատան, նրա քարոզած գաղափարներին երբեք չեն հավատա։ Մասնավորապես՝ բանակում շատ կարեւոր է հրամանատարի անձնական օրինակը, նրա մասնագիտական կարողությունների եւ ծառայության որակը։ Կարեւոր պայման է նաեւ լավատեսությունը։ Յուրաքանչյուր վեհ, ազգանվեր գործ-գաղափար կարող է սնանկ թվալ, եթե մարդը համոզված չէ, որ վաղվա օրը բացվելու է ավելի ապահով, բարեկեցիկ ու անհոգ կյանքի խոստումով, որ իր այսօրվա զրկանքները մեծ ու գեղեցիկ նպատակի են ծառայում, եւ ինքը քաղելու է իր այսօրվա տքնանքի պտուղները։

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Տպագրվում է մասնակի կրճատումներով

2009 թիվ 1

Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Ճակատագրեր


25/12/2013