Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՊԱՏԱԿՎԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀՊԱՏԱԿՎԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ

Զրույց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր ԻՇԽԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ

-Պարոն գեներալ, երբ նախապատրաստվում էի մեր զրույցին, փոքրիկ ուսումնասիրություններ արեցի Ձեր կենսագրության հետ կապված ու պարզեցի, որ Դուք ուղիղ հինգ տարի ղեկավարել եք ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը, այնուհետև ստանձնել եք զորամիավորման հրամանատարի պարտականությունները։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ծառայությունը մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնում, ո՞ր կարևոր ձեռքբերումն է ուղղակիորեն կապված Ձեր անվան հետ։

-Թույլ տվեք չպատասխանել այն հարցին, թե ինչպես եմ գնահատում իմ հինգամյա ծառայությունը որպես մարտական պատրաստության վարչության պետ, դա թող անեն իմ ղեկավարները, ենթակա անձնակազմը, մարդիկ, որոնք հետաքրքրված են բանակով։ Մեր երկրի՝ բոլոր բնագավառներում կան մեծ թվով մարդիկ, որոնց համար աշխատանքը սոսկ հաց վաստակելու միջոց չէ, նրանք հայրենիքի ու պետականության գաղափարի շուրջ հավաքված մարդիկ են և երկիր են կառուցում ներկա ու գալիք սերունդների համար։ Հենց նրանք են երաշխավորում յուրաքանչյուր առաջընթաց ու ձեռքբերում։ Ինչ վերաբերում է իմ ղեկավարած կառույցին, կարծում եմ՝ մեր ամենամեծ նվաճումն այն էր, որ մենք կարողացանք արժևորել մարտական պատրաստությունը՝ որպես խաղաղ պայմաններում զորքերի ամենակարևոր բնութագրիչ և շեշտադրել բովանդակային ձեռքբերումները։ Ուզում եմ ավելացնել, որ նախկին պաշտոնավարման համար խիղճս հանգիստ է և ճակատս՝ պարզ։

-Ես պիտի խնդրեմ, որ Դուք փոքր-ինչ մանրամասնեք «բովանդակային ձեռքբերումներ» արտահայտությունը։ Կար ժամանակ, երբ ստուգող հանձնաժողովը դեռ զորամաս չհասած՝ հրամանատարը գիտեր, թե ինքը ինչ գնահատական է ստանալու։

-Մենք ակնհայտ պայքար ենք մղել այս երևույթի դեմ։ Մեկ անգամ չէ, որ ես խնդիրը ներկայացրել եմ պաշտպանության նախարարին և ԳՇ պետին և միասին որոնել ենք մեխանիզմներ՝ փակելու անօրինականության, հովանավորչության ճանապարհը, և որ ամենակարևորն է, փոխելու կեղծ ձեռքբերումներ ցուցադրելու կարծրատիպային մտածելակերպը։

-Ո՞ւմ ենք խաբում։

-Ես այն կարծիքին եմ, որ ամենակուռ ու ամենակատարյալ մեխանիզմն անգամ հնարավոր է շրջանցել, ուստի ես մեծ նշանակություն եմ տալիս կադրերի բարոյականությանը, ինտելեկտին, հոգեբանությանն ու պատրաստվածությանը։ Ամեն ինչ կախված այն բանից, թե ովքեր են թելադրում չափանիշներ ու աշխատաոճ։ Զինվորական մեծ կամ փոքր կառույցի ղեկավարը կարո՛ղ է սահմանել բարքեր, բարոյականություն և աշխատաոճ, պարտադրել մտածելակերպ ու հուշել չգրված օրենքներ։

-Ինչո՞վ է առանձնահատուկ զորամիավորման ղեկավարի ծառայությունը, Ձեր կարծիքով։

-Զորամիավորման հրամանատարը անմիջականորեն շփվում է ենթակա սպայակազմի ու զինվորների հետ, ուղղակի պատասխանատվություն է կրում իր ղեկավարած կառույցի թերությունների ու վրիպումների համար, ուստի նրա վարքի ու կերպարի ամենափոքր շեղումներն անգամ էական նշանակություն ունեն։ Ես կարևորում եմ հրամանատարի՝ ենթականերին լսելու ունակությունը, միանձնյա պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը, ինտելեկտն ու մարդու հետ աշխատելու հոգեբանական կարողությունը։

-Դուք մարդկանց Ձեր անձի՞ շուրջ եք համախմբում, թե՞ գաղափարի…

-Ըստ էության՝ նույնն է։ Եթե մարդիկ համախմբվում են քո շուրջը, քո արտաքինի շուրջ չեն համախմբվում, այլ քո գաղափարների, մարդու քո տեսակի, քո համոզմունքների, քո արժեհամակարգի։ Պիտի կարողանաս համոզել մարդկանց, որ քո սկզբունքները ճիշտ են ու արդար, պիտի հավատ ներշնչես քո կենսագրությամբ ու քո ներկա գործունեությամբ։

-Երբ Դուք ստանձնեցիք զորամիավորման ղեկավարի պաշտոնը, գիտեի՞ք թե ինչ թիրախներ եք խոցելու առաջին հերթին, ի՞նչ թերություններ եք վերացնելու, ի՞նչ եք փոխելու այն կառույցում, որը պատրաստվում եք ղեկավարել և ինչպե՞ս եք փոխելու։

-Ես կխոսեմ սկզբունքային խնդիրների մասին։ Բանակում շարքայինից մինչև գեներալ պիտի հպատակվենք զինվորական օրենսդրությանը, սրբորեն կատարենք մեր ծառայական պարտականությունները և անմնացորդ ծառայենք պետությանը։ Այս տեսակետից՝ առանձնապես մեծ տարբերություն չկա զինվորի ու գեներալի միջև, քանի որ մենք բոլորս օրենքի իշխանության տակ ենք, օրենքն է պաշտպանում մեզ, օրենքն է պատժում մեզ…

-Դուք զինվորի՞ կողքին եք, թե՞ սպայի…

-Ձեր հարցը սկզբունքորեն ճիշտ չէ, որովհետև հակադրում է սպային ու զինվորին։ Եվ սա հենց այն սկզբունքային խնդիրներից մեկն է, որի մասին ուզում եմ խոսել։ Քանի դեռ սպան ու զինվորը զինակիցներ չեն, քանի դեռ մտայնություն կա նրանց հակադրելու, քանի դեռ հարց է ծագում` սպայի կողքին եմ, թե զինվորի, մենք միջանձնային հարաբերությունների դաշտում մեծ ձեռքբերումներ չենք արձանագրելու։ Զինվորական խավի յուրաքանչյուր շերտ ունի յուրահատուկ խնդիրներ և պահանջում է աշխատանքի յուրահատուկ ձևեր ու մեթոդներ։

-Իսկ ի՞նչ պետք է անել, որ այս հարցը չծնվի։

-Չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնել… Ձեր հարցն ինձ չզարմացրեց, որովհետև սպային ու զինվորին հակադրելու միտումը խորացավ այն ժամանակ, երբ սկսվեց, այսպես ասած, «զինվորին պաշտպանող» անհեթեթ շարժում ու ցուցադրական սևեռում հատկապես ցածր ու միջին սպայակազմի գործունեության վրա։ Դրա հետեւանքով շարքի առաջ սպայի հրամանը լկտիաբար ու ցուցադրաբար չկատարող զինվորը ոչ մի պատիժ չստացավ, նույնիսկ ժամանակին զորացրվեց։ Իսկ նրան ապտակած սպան ենթարկվեց քրեական պատասխանատվության։ Գիտեք, ես դեմ եմ ապտակին, ես դեմ եմ ցանկացած բռնության, խնդիրն այլ է… Ես խոսում եմ գաղափարի ոչ ճիշտ իրագործման մասին: Ըստ իս` դրա հետևանքով միջանձնային հարաբերություններն ավելի կատարյալ չեն դարձել: Մեզ այլ բան է հարկավոր, հարկավոր է սահմանել այնպիսի երաշխիքներ, միջավայր, պայմաններ, որ սպան ու զինվորը ավելի մոտենան իրար…

-Պարոն գեներալ, այսօր ցածր և միջին կազմի սպաները, հատկապես ծայրամասային զորամասային օղակում, մեղմ ասած, նախանձելի վիճակում չեն։ Մենք տարիներ շարունակ սևեռվել ենք զինվորի կենսակերպի վրա, կառուցել ենք զորանոցներ, բարելավել ենք զինվորի սնունդը… իհարկե, շատ լավ է, բայց եկել է ժամանակը, որ մենք հիշենք նաև այն սպաներին, որոնք իրենց կյանքի լավագույն տարիները անցկացնում են սարերում, հեռու մայրաքաղաքային հաճույքներից և հաճախ նույնիսկ ամուսնանալու հնարավորություն չունեն։

-Միանգամայն համաձայն եմ։ Մենք հերոսական աշխատանք ենք պահանջում սպայից։ Ի վերջո, զինվորականի գործը միակ գործն է, որն ինքնազոհաբերում է պահանջում։ Դուք գիտե՞ք քանի ժամ է աշխատում ասենք վաշտ ղեկավարող սպան։ Նա չի կարող անմնացորդ նվիրվել իր գործին, եթե իր ընտանիքի համար գոնե նվազագույն բարեկեցություն չի ապահովել։ Ինքը բառացիորեն կյանքը տալիս է բանակին, առավոտից իրիկուն զորքի հետ է, թատրոն չի գնում, համերգ չի գնում, ընկերների հետ բիլիարդ չի խաղում, չի նստում սրճարանում, կնոջը ցուցահանդես չի տանում, չի տեսնում, թե երեխաներն ինչպես մեծացան, աչալուրջ հսկում է իրեն վստահված զինվորներին, սահման է պահում…

– Ու ի՞նչ է ստանում փոխարենը…

-Այն օրենքները, որոնք գործունակ են և առաջընթացի երաշխիք են, ասենք, Գերմանիայում, հնարավոր է՝ չգործեն մեկ այլ իրականության մեջ։ Պետք է հաշվի առնել տվյալ հասարակության հոգեբանությունը, բարքերը, մտածելակերպը։ Դուք մատնանշում եք սոցիալական խնդիրները, բայց, իմ կարծիքով, սպայի և զինվորի փոխհարաբերություններին առնչվող խնդիրներն ավելի կարևոր են: Ով էր տեսել, որ զինվորը ձեռք բարձրացնի սպայի վրա։ Ի վերջո, նույն այդ սպան է «կարգավորելու» միջանձնային հարաբերությունները զինվորների շրջանում, և նա պետք է իրեն վստահ զգա։

-Չե՞ք կարծում, որ ժողովրդի վերաբերմունքը բանակի հանդեպ համարժեք չէ բանակի անցած ճանապարհին, սպայակազմի կենսագրությանն ու ձեռքբերումներին… Պատերազմում հաղթած, հող ազատագրած, պատերազմական նվաճումներն անխաթար պահած բանակը մի ուրիշ սիրո ու հարգանքի պիտի արժանանար հասարակության կողմից։

-Դուք եք մեղավորը՝ լրագրողներդ։ Ձեր անունը փառքով պսակելու, կեղծ հեղինակություն շահելու, ժողովրդի աչքին քաջ երևալու, ժողովրդի համակրանքը շահելու համար ինչեր ասես չարեցիք։ Տեղի-անտեղի հարձակվեցիք բանակի վրա, խտացնելով գույները… Ձեզ միացան դրսից ֆինանսավորված հասարակական կազմակերպությունները, որոնք պարզապես քայքայիչ գործունեություն ծավալեցին երկրում։ Դուք չհասկացաք, որ սա ձեր բանակն է, ձեզ պաշտպանող բանակը, ձեր սպան է՝ ձեր անվտանգության համար սահմանին կանգնած։ Որ բանակը պետության խորհրդանիշն է։ Բանակ չկա՝ պետություն չկա։ Բանակը թույլ է, պետությունն է թույլ… Լրագրողների մասնագիտական բարոյականությունից շատ բան է կախված։ Նրանք ուղղորդում են հասարակության միտքը, չափանիշներ են հուշում։ Դուք կարող էիք բազմապատկել ժողովրդի սերը բանակի հանդեպ, դուք կարող էիք բազմապատկել մեր հավաքական ուժը, բայց հակառակն արեցիք… Դուք ասելով՝ նկատի ունեմ այն լրագրողներին, ովքեր, իրոք, չարախնդալու առիթ էին փնտրում: Իհարկե, կային նվիրյալներ, մտավորական, պետական մտածողությամբ լրագրողներ, որոնք բանակի կողքին էին ու են՝ իրենց մտահոգություններով, ինչ-որ բան դեպի լավը փոխելու ջանքերով… Նրանք նույնպես քննադատում էին բանակի թերությունները, բայց օբյեկտիվ էին, սրտացավ, կառուցողական:

-Որոշ սպաներ՝ լեյտենանտից մինչև գեներալ, պակաս չարատավորեցին բանակի անունը, հողին հավասարեցնելով հարյուրավոր նվիրյալների սխրանքը։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2014-ի համար նոր կարգախոս ունի, որը բանակաշինության արդի փուլի նշանաբանն է։ Բովանդակությունը հետևյալն է. բանակը մեր տունն է, մեր ամրոցը, մեր տանը պիտի ապրենք մեր օրենքներով… «Մեր» ասելով՝ նախարարը, ըստ իս, նկատի ուներ իր գաղափարակիցներին, իր համախոհներին և այն բարոյական արժեհամակարգը, որը մերժում է վայրի բարքերը, բռնությունը, չարությունը, քարոզում է միասնականություն, հանդուրժողականություն, ժողովրդին օգնելու պատրաստակամություն…

Նախարարը միանշանակ հայտարարեց՝ «ովքեր չեն ապրի մեր օրենքներով, կհեռանան բանակից, կամ կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

-Գիտեք, ես կարծում եմ նախարարի «մեր տունը՝ մեր օրենքներով» կարգախոսը նկատի ունի ոչ թե նախարարի և իր համախոհների, իր գաղափարակիցների արժեհամակարգը, այլ զինվորական օրենսդրությունը։ Ըստ էության, դա նույնն է, բայց ձևակերպումը պետք է ավելի ճիշտ լինի «մեր տանը՝ մեր օրենքներով» նշանակում է «բանակում՝ բանակի օրենքներով»։ Ձեր այն հարցին, թե որպես զորամիավորման հրամանատար, ինչ թիրախներ եմ խոցելու առաջին հերթին, ես պատասխանեցի, որ բարձրացնելու եմ օրենքը և դնելու եմ բոլորիցս վեր։

-Պարոն գեներալ, ինչպե՞ս է ապրում զինվորը Ձեր զորամասում։ Ունի՞ կենցաղային համապատասխան պայմաններ՝ տաք ջուր, մաքուր անկողին, տաք հագուստ, համով ճաշ, հարմարավետ զորանոց…

-Հարցը շատ անկեղծ էր… Այո, ունի։ Կան բոլոր ենթակառուցվածքները զինվորական ծառայությունը կազմակերպելու համար։ Սակայն կատարելագործման ընթացքը շարունակական է, մենք այժմ զորանոցներ ենք նորոգում, բարելավում ենք հիգիենայի պայմանները, ժամանակի պահանջներին ու մեր տնտեսության զարգացմանը համապատասխան։ Կատարելագործվում է նաև ուսուցման գործընթացը, արդյունավետությունը, զինվորի մասնագիտական պատրաստվածությունը։

-Ինչպիսի՞ն է այսօրվա երիտասարդությունը, Ձեր բնութագրմամբ։

-Մեր գենը ավելի կենսունակ դուրս եկավ։ Ու այսօր ունենք հող պահող երիտասարդություն։ Կրթվածության հանդեպ ցուցադրական արհամարհանքը չկարողացավ կոտրել հայ երիտասարդի՝ դեպի մտավորը, դեպի գիտելիքը մղվելու ձիրքը։ Ու այսօր բանիմաց, իրազեկ ու պրպտող երիտասարդություն ունենք։

-Պարոն գեներալ, ասում եք՝ մեր գենն ավելի կենսունակ դուրս եկավ… Ինչի՞ց ավելի…Կրթվածության հանդեպ մեր ցուցադրական արհամարհանքի մասի՞ն եք խոսում…

-Ասածս շատ պարզ է, տարիներ շարունակ հասարակության արժեհամակարգը խեղվեց, «բարձրացան» կեղծ հերոսներ, փողը դարձավ բարոյական արժեք, երիտասարդ սերունդը դաստիարակվեց սնամեջ գաղափարներով…

-Կարո՞ղ է զորամիավորման հրամանատարը երաշխավորել, որ իր ղեկավարած զորամասերում մահվան ելքով դեպք չի գրանցվի, մարդկային կորուստ չի լինի։

-Չի կարող, որովհետև բոլոր սպանությունները չեն, որ կանխատեսելի են, բոլոր սպանությունները չէ, որ նախապատմություն ունեն։ Բանակն իր գրված ու չգրված օրենքներով կարող է զսպել զինվորին, պարտադրել վարքի նորմեր, բայց չի կարող փոխել նրա հոգեբանությունը արմատապես։ Ու երկու տարին շատ փոքր ժամկետ է դրա համար։ Պահի տակ բռնկված վեճը կարող է ողբերգությամբ ավարտվել։ Ու նման դեպքում հրամանատարին մեղադրող ծնողը պիտի հասկանա, որ միգուցե առաջին հերթին մեղավորը ինքն է։ Հրամանատարին մեղադրող հասարակությունը պիտի հասկանա, որ երբեմն ինքը շատ ավելի մեղավոր է։ Այլ բան է, երբ սպանությանը նախորդել են ոչ կանոնադրային երկարատև հարաբերություններ ու վերահաս ողբերգությունը չի կանխվել, այս դեպքում պիտի պատասխան տան բոլոր օղակի հրամանատարները՝ դասակից մինչև զորամիավորում…

-Պարոն գեներալ, շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեր սպային ու զինվորին անփորձանք, ձեռքբերումներով ու նվաճումներով լի ծառայություն եմ մաղթում։

-Օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի կապակցությամբ։ Ցանկանում եմ նոր ձեռքբերումներ, եռանդ, հույս ու հավատ։ Թող հաջողությունն ուղեկցի բոլորիս։ Իսկ հաջողության հասնելու համար կա մի կարևոր նախապայման՝ աշխատել, ծառայել այնպես, որ բոլոր ձեռքբերումները լինեն հաստատուն ու երաշխավորված։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ