Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱ ԴԵՌ ՍԿԻԶԲՆ է…



Զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Վ.Հարությունյանի աշխատասենյակում ենք: Ներս է մտնում մի լեյտենանտ, հստակ զեկուցում որոշակի խնդրի մասին, ներկայացնում իր մոտեցումները տվյալ հարցի շուրջ: Ստանալով համապատասխան ցուցումներ` գնում է ստորաբաժանում` օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումները կատարելու: Գնդապետ Հարությունյանը միանգամից աշխուժանում է, ոգևորված ներկայացնում է երիտասարդ սպային.

-Դասակի հրամանատար, լեյտենանտ Հ. Ղարիբյանն է: Կարգապահ, կազմակերպված, գրագետ, խոստումնալից սպա է: Անձնակազմը կարողանում է ղեկավարել ինչպես հարկն է, մասնագիտական գիտելիքների անհրաժեշտ պաշար ունի` հետագա զարգացման և կայացման համար: Ամենակարևորը, մենք նրան կարող ենք վստահել ցանկացած բարդության առաջադրանք, քանի որ վաղուց ենք ճանաչում, վստահ ենք նրա ուժերին: Պարտադիր ժամկետային ծառայությունը մեզ մոտ է անցել, նոր է ռազմական բուհ ավարտել: Զինվոր ժամանակ էլ շատ գոհ էինք Ղարիբյանի ծառայությունից, այժմ էլ: Վստահ կարող եմ ասել, որ լեյտենանտ Ղարիբյանը մեր զինված ուժերի ապագա խոստումնալից, օրինակելի սպաներից է:

Այսպիսի գնահատականից հետո պարզապես չէինք կարող չհանդիպել լեյտենանտ Ղարիբյանի հետ: Քիչ անց արդեն նա անմիջական, ջերմ զրույցի ընթացքում ներկայացնում է իր` երիտասարդ սպայի հետաքրքիր առօրյան, խոսում է սպա դառնալու իր շարժառիթների և ակնկալիքների մասին:

-Բանակ զորակոչվելիս երբեք չեմ մտածել, որ կարող եմ զինվորական դառնալ: Ինչպես տղաների մեծամասնությունը, ես նույնպես սիրել եմ զինվորական կյանքը, պատերազմական ֆիլմեր հաճույքով եմ նայել, ոչ ավելին: Բայց միևնույն ժամանակ գիտակցել եմ, թե ինչքան կարևոր է զինվորականի գործը` հայրենիքը պաշտպանելը: Այդ գիտակցմամբ էլ ծառայել եմ` ձգտելով որևէ թերացում չունենալ, լինել բանիմաց և կարգապահ զինվոր: Սակայն միանգամից կարծես ինչ-որ բան փոխվեց, երբ մի օր սպաները հայտարարեցին, որ ցանկացողները կարող են դիմել ռազմական բուհ, ուսումը հաջողությամբ ավարտելուց հետո իրենց ծառայությունը շարունակել որպես հայկական բանակի սպա: Շատ երկար չեմ մտածել, դիմել եմ հրամանատարությանը, և որոշակի բացատրական աշխատանքներից հետո ինձ թույլ տվեցին մասնակցել քննություններին: Իհարկե, դժվար էր հանպատրաստից գերազանց արդյունք ցույց տալը, առավել ևս՝ եթե մինչ այդ բացարձակապես նման մտադրություն չես ունեցել: Կարճ ասած, առաջին անգամ քննությունները չկարողացա հանձնել, բայց չհիասթափվեցի: Հաջորդ անգամ լավ պատրաստվեցի, նորից դիմեցի, և ընդունվեցի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Սովորեցի ոգևորված, մինչև հիմա էլ ջերմությամբ եմ հիշում այդ տարիները: Ավարտական քննությունները հանձնելուց հետո շատերը կարծում էին, թե կխուսափեմ նշանակում ստանալ այն զորամասում, որտեղ ծառայել էի որպես զինվոր: Բայց ես, միանգամայն անկեղծ եմ ասում, անհամբեր սպասում էի հենց այդ պահին: Նամակ գրեցի պաշտպանության նախարարին, խնդրեցի ծառայության նշանակել հենց այդ զորամասում: Հուրախություն ինձ, նախարարը չմերժեց: Ոգևորությունս կրկնակի էր, քանի որ հայրս` Ռոստոմը, ազատամարտիկ է, նաև այս կողմերում է կռվել…

…Ես իմ առջև նպատակ էի դրել և կարողացա հասնել դրան, ես արդեն Հայոց բանակի սպա եմ: Բայց դրանով սահմանափակվել, իհարկե, չէր կարելի: Ես դեռ պետք է ապացուցեի, որ արժանի եմ այդ ուսադիրները կրելու: Որպես զինվոր ծառայելուս ընթացքում ուշադիր հետևել եմ մեր սպաներին, տեսել եմ, թե ինչքան դժվարություններ են հաղթահարում, այն էլ այնպես, որ շարքային զինվորի բնականոն ծառայության համար որևէ արգելք չառաջանա: Նույն այդ դիտարկումները ես օգտագործեցի իմ առօրյայում: Ինձ շատ էր օգնում նաև այն հանգամանքը, որ քաջ ծանոթ եմ զինվորի հոգեբանությանը, ներզորամասային կյանքի բոլոր առանձնահատկություններին: Ինչևէ, աստիճանաբար կարողացա հասնել նրան, որ բարձրաստիճան սպաներն ինձ արդեն գնահատում են որպես մասնագետ, կարևոր հանձնարարություններ են վստահում: Նրանք տեսնում են իմ աճը, փորձում են իրենց խորհուրդներով, անձնական օրինակով ավելի նպաստել դրան: Դեռ շատ բան ունեմ սովորելու, անելու, բայց գտնում եմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես պետք է անդադար սովորել: Պետք է լսել հրամանատարներին, նրանցից օրինակ վերցնել, ուսումնական ամեն մի վարժանքի ժամանակ ավելացնել սեփական փորձառությունը: Ասեմ, որ ինձ շատ են օգնում նաև իմ դասակի զինվորները: Ճիշտ են ասում, որ սպան՝ հատկապես դասակի հրամանատարը պետք է մի քիչ էլ հոգեբան լինի: Նա ամեն օր շփվում է տարբեր բնավորության տեր երիտասարդների հետ` ինքը լինելով նրանցից մի քանի տարով մեծ կամ նույնիսկ նույն տարիքի: Սպա-զինվոր հարաբերությունները ճիշտ հարթության վրա հիմնելու դեպքում ստորաբաժանման ներսում տարաձայնություններ չեն առաջանում` բացառելով ոչ կանոնադրային հարաբերությունները: Երբ զինվորական ենթակարգությունը հստակ գործում է, բոլոր հրամանները կատարվում են ճիշտ և ժամանակին` ապահովելով առաջին հերթին դասակի հրամանատարի մասնագիտական աճն ու վերելքը ծառայողական աստիճանակարգով: Հպարտությամբ կարող եմ նշել, որ իմ ղեկավարած դասակում հենց նման հարաբերություններ են: Իմ զինվորները տեսնում են, որ ես ոչ մի տարբերություն չեմ դնում նրանց միջև, փորձում եմ ազատ ժամերին ընկեր լինել, գնահատում եմ հրամանները կատարելու, հմտությունները զարգացնելու նրանց պատրաստակամությունը: Նրանք էլ փոխադարձում են իրենց նվիրված ծառայությամբ: Սպայի համար դա մեծ ձեռքբերում է, բավականություն:

Դասակի հրամանատարը ծառայողական աստիճանակարգում անչափ կարևոր տեղ է զբաղեցնում: Դա սպայական առաջին պաշտոնն է, որից սկսվում է ամեն մի սպայի առաջխաղացումը: Ինչքան գիտելիքների ու փորձառության մեծ պաշար կուտակվի այդ շրջանում, այնքան ավելի հեշտ կլինի բարձր պաշտոններում ծառայելը: Բացի այդ, հենց դասակի հրամանատարն է յուրաքանչյուր պահի շփվում զորքի հետ, իրականացնում ստորաբաժանման անմիջական ղեկավարումը: Դրա համար անհրաժեշտ է և մասնագիտական պատրաստվածություն, և կարգապահություն: Ես իմ ենթականերին բացատրում եմ, որ միայն ամուր կարգապահությամբ կարող ենք իրագործել ցանկացած մարտական խնդիր՝ լինելով զորամասի մի փոքր մասնիկ:

Ինչևէ, սա դեռ իմ ծառայության սկիզբն է: Միգուցե իմ բառերը մի քիչ վերամբարձ թվան, բայց ես որևէ մեկին հաճոյանալու ցանկություն չունեմ, առավել ևս՝ հենց այսպիսին է բոլոր՝ հատկապես սահմանամերձ զորամասերում ծառայող սպաների մտածելակերպը: Թե ինչքանով ինձ կհաջողվի զարգանալ, ավելի լավ սպա դառնալ, ժամանակը ցույց կտա: Ես հավատում եմ, որ տարիներ անց դարձյալ առանց ամոթի՝ ճակատս պարզ եմ ձեզ հետ հանդիպելու:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Ազգային բանակ


19/12/2013