Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԹՈՂ ՉԹԵՐԱԳՆԱՀԱՏԵՆ»



Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, դեկտեմբերի 2-ի երեկոյան կազմակերպվել է պետական ընդունելություն:

ՌԴ Նախագահին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակության անդամներին` նախարարներին, նահանգապետներին, ընկերությունների ղեկավարներին ու Ռուսաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին ուղղված իր բաժակաճառում Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հարյուրամյակների պատմություն ունեցող հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերությունների ջերմության և անկեղծության վկայությունների մասին: Նախագահի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների պատմությունն ունի խոր արմատներ և փառահեղ ավանդույթներ, որոնք կարելի է բնութագրել որպես մեր ընդհանուր հարստությունը, սեփականությունը և հպարտությունը դարձած բարեկամության հիմքի վրա երկու ժողովուրդների մշտական մերձեցում:

«Վլադիմիր Վլադիմիրի, Ձեր այսօրվա այցելությունը 102-րդ ռուսական ռազմակայան մեծ խթան հանդիսացավ նրա ամբողջ անձնակազմի համար: Ավելին` այն հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դաշնակցային գործընկերության անկեղծությունը և լիարժեքությունը, թերագնահատում են մեր ռազմավարական փոխգործակցության ներուժը»,- ասել է ՀՀ նախագահը:

Փոխադարձ բաժակաճառում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հիացմունքով ու մեծագույն հարգանքով է խոսել իր բնորոշմամբ` շատ խորը և Եվրոպայի ամենահին մշակույթներից մեկն ունեցող հայ ժողովրդի և Հայաստանի մասին, ընդգծել տասնամյակներ առաջ ընդհանուր պետության մեջ Հայաստանի նկատելի մեծ ներդրումը` դա ամենևին պատահական չհամարելով: Վլադիմիր Պուտինը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդներին ու երկու պետությունները օբյեկտիվ պատճառներով շատ բան է միավորում: Նշելով, որ երկկողմ հարաբերությունները զարգացել են անցյալի և բարեկամ երկու ժողովուրդների հոգևոր մտերմության ամուր հիմքի վրա, ՌԴ Նախագահը վստահորեն է խոսել այդ հարաբերությունների ապագայի մասին: «Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության որոշումը` միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին, հենց այն բոլոր ավանդույթների հիմքում է, որոնք մեր նախնիների կողմից դրվել են անցած տասնամյակների և դարերի ընթացքում: Դա մտածված, կշռադատված որոշում էր, և այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար արդեն նոր հիմքի վրա: Ես չեմ կասկածում, որ դրանք պակաս արդյունավետ և ջերմ կլինեն, քան նախկին տասնամյակներում և հարյուրամյակներում: Ցանկանում եմ Ձեզ դրա համար շնորհակալություն հայտնել»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


05/12/2013