Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ



Տասնվեց տարի առաջ էր… Գնդի գրադարանը մի փոքրիկ անկյուն էր զբաղեցնում բուժկետի վերևի հարկում, որի պատուհանը բացվում էր զորամասի վրա: Գրքերը շատ չէին ու, ճիշտը որ ասեմ, առանձնապես ընթերցող էլ չկար: Պատերազմից շատ չէր անցել, մարտական գնդի անելիքներն ու խնդիրներն էլ այլ էին… Գիրք, գրադարան հիշող չկար: Սակայն գնդի կյանքը իմ աչքի առջև էր, առաջ էր գնում իր հունով: Երկրորդ հարկի իմ «գրադարանի» պատուհանից ժամեր շարունակ հետևում էի անցնող ու դարձող ռազմական մեքենաներին, տեխնիկային, հետևում էի սպաներին, հրամանատարներին, որոնք ասես իմ աչքի առաջ մեծանում-հասունանում էին… Ես բոլորին տեսնում, հեռվից ճանաչում էի, բայց ինձ հիշող չկար… Օրեր շարունակ ոչ ոք գլուխը չէր բարձրացնում ու իմ կողմը` երկրորդ հարկի գրդարանի պատուհանի կողմը չէր նայում, որ գոնե հեռվից ձեռքի թափահարումով ինձ բարևի… Բայց ես չէի նեղանում… Գիտեի, որ մի օր, վաղ թե ուշ, ինձ ու իմ գրքերը հիշելու են… Ես ամեն օր նույն ժամին ներկայանում էի ծառայության, սովորույթի համաձայն դարսդարսում էի գրքերը, թեև դրանք վաղուց դասավորված էին, առնում էի գրքերի վրայի փոշին… Բացում էի ցուցակը, աչքս սահեցնում էի գրքերի անվանումների, հեղինակների անուն-ազգանունների վրայով… Հետո թերթում էի քարտարանը` մեկ, երկու, երեք, չորս… Փորձում էի ինքս ինձ զբաղեցնել… Եվ սպասում էի «իմ գրադարանի օրվան», հաստատ համոզված, որ հեռու չէ այն… Այնպես որ, երբ գրադարանի շինարարությունը սկսեցին ու ինձ աչքալուսանք տվեցին` «Տիկին Անուշ, պատրաստվեք նորամուտի», ես բոլորվին չզարմացա: Այդպես էլ պետք է լիներ: Տեղափոխվելուց առաջ, երբ մեկ անգամ էլ հաշվեցի իմ «տնտեսությունը», տեսա` տարիների ընթացքում աննկատ ավելացել է գրքերի ֆոնդը և արդեն պատկառելի թիվ է կազմում: Զինվորները ահագին չարչարվեցին գրքերը տեղափոխելիս:

Հիմա գրադարանը հեռու չէ գնդի անցակետից, և անցնող-դարձողները, ուզեն թե չուզեն, գրադարանի մոտով են անցնելու և ինձ այլևս չեն կարող չնկատել: Եթե ներս չեն մտնում, ապա գոնե հեռվից անպայման գլխով բարևում են` «Բարև, տիկին Անուշ»: Ես էլ սրտանց պատասխանում եմ ու անմիջապես քարտադարանն եմ ստուգում` հո գիրք պարտք չէ՞ բարևողը… Մի օր երբ հրամանատարի հարցին` քանի՞ կտոր գիրք կա գրադարնում, պատասխանեցի` երկու հազար յոթ հարյուր մասնագիտական, ահագին էլ գեղարվեստական, նա ապշեց` կիսադատարկ գրապահարաններին նայելով… Ասացի` գրադարանի հիմնական ֆոնդը ձեռքերում է. սպաներ կան, որ ոչ միայն մեկ կամ երկու, երեք անուն գիրք են տարել, այլ մինչև քսան-երեսուն կտոր գիրք… Ահա՛ քարտադարանը… Մասնագիտական գրքեր են տարել, որոնք կարդալու համար չեն, այլ սովորելու, պատրաստվելու, ուսուցանելու… Եվ թվարկում եմ ամենից շատ պահանջարկ ունեցող գրքերը` «Հրետանու մարտական պատրաստություն», «Հրետանու մարտական կանոնադրություն», «Հրետանու պատրաստության դասընթաց», «Նորմացույցների ձեռնարկ», «Հրաձգության և կրակի կառավարման կանոնագիրք», «Հայաստանի ԶՈՒ մարտական պատրաստության նորմացույցների ժողովածու», «Հրաձգության դասընթաց», «Հրետանու օպերատիվ հետախուզության ստորաբաժանումների մարտական պատրաստության ձեռնարկ»… Հրամանատարը ընդհատում է ինձ և կատակով ավելացնում. «Տիկին Անուշ, փաստորեն դուք էլ եք հրետանավոր»: «Ճիշտ այդպես, պարոն հրամանատար»` կատակին կատակով պատասխանում եմ ես:

…Ես արդեն անսխալ գիտեմ, թե գրադարանի կողմը եկեղ ո՛ր սպան ի՛նչ գիրք է ուզելու: Պատուհանից տեսնում ու, մինչև նրա տեղ հասնելը, գիրքը դարակից հանում- դնում եմ սեղանին: Նրան մնում է միայն քարտի վրա ստորագրել: Սովորույթի ուժով հիշեցնում եմ` «Տասը օրից կվերադարձնեք», թեև համոզված եմ, որ ուշացնելու է…

Մեր գնդի գրքերի վրա փոշի չի նստում, որովհետև անընդհատ ձեռքից ձեռք են անցնում… Չզարմանաք, եթե ասեմ, որ մասնագիտական գրքերին հավասար պահանջարկ ունեն կանոնագրքերը` ներքին, կայազորային, կարգապահական, զորային… Սակայն իմ սիրած գրքերը գեղարվեստականներն են… Ժամերով կարող եմ նրանցով զբաղվել` ուղղել, տեղերը փոխել, բացել, մի քանի տող կամ էջ կարդալ, վերհիշել… Երբեմն էլ զինվորներին իմ հավանած, սիրելի գրքերն եմ առաջարկում` կարդան… Չեն առարկում կամ չեն ուզում պարզապես սիրտս կոտրել` իրենց ուզածն էլ են վերցնում, իմ առաջարկածն էլ: Ես շատ եմ ուրախանում: Մի օր էլ գալիս են, թե` «Տիկին Անուշ, ի՜նչ լավ գիրք էր, շնորհակալություն, մի շնչով կարդացի»: Չգիտեմ, գուցե հենց այնպես են ասում, քաղաքավարությունից դրդված, բայց, միևնույն է, ինձ համար հաճելի է այդ խոսքերը լսել:

Այս տարիների ընթացքում մի քիչ էլ հոգեբան եմ դարձել. զինվորի կարդացած գրքից կարծիք եմ կազմում նրա կրթության, դաստիարակության, նրա ընտանիքի, բնավորության մասին… Օրինակ` Հրանտ Մաթևոսյանին ամեն զինվոր չի կարդում, բայց կարդացողն էլ մյուսներից անպայման տարբերվում է… Ինչպես զանզան են գրքերը, նույնպես էլ տարբեր են զինվորները, նրանց ճաշակները…

Տարիների փորձառությունս ինձ արդեն անսխալ հուշում է` եթե զինվորը կարդում է, եթե սպան կարդում է, ուրեմն մեր գնդի գործերը լավ են…

ԱՆՈՒՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գրադարանավարուհի

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Ազգային բանակ


05/12/2013