Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐՔԵՐ՝ ԶՈՐԱՄԱՍԻՆ



Արևելքի մի շատ հայտնի բանաստեղծ գրել է. «Երբ այդ գյուղում մի կոկոն է բացվում, ապա ամբողջ գյուղը տեղյակ է լինում», այսինքն՝ այդ գյուղում ապրում են բարի ու ազնիվ, սիրո և գեղեցկության գինն իմացող մարդիկ: Այս տողերը հիշեցի, երբ օրերս հայ մտավորկաններից մեկը սրտի թելադրանքով մոտ վաթսուն կտոր գեղարվեստական, գիտական, գիտահանրամատչելի գիրք և բազմաթիվ ամսագրեր, հայրենագիտական տեսանյութեր նվիրեց գնդապետ Մ. Մհերյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասին: Դեռ գրքերը չէին շարվել հանգստի և տեղեկատվության սենյակի սեղանին, ամբողջ զորամասն արդեն տեղյակ էր, անհամբեր ծիկրակում էին դռան ապակիների ետևից: Զորանոցի զինվորները հետաքրքրվում էին՝ ի՞նչ գրքեր են, լավ գրքեր կա՞ն, ինչի՞ մասին են տեսաֆիլմերը և այլն: Զինվորների աշխուժությունից, հարցասիրությունից և զորամասի հրամանատարության ավելի քան բարյացակամ վերաբերմունքից ոգևորված զինվորի հայրը պատմում էր. «Որդիս հինգերորդ ամիսն է, ինչ այս զորամասում է ծառայում և շուտով մեկնելու է իր ծառայության հիմնական վայրը, բայց ես՝ հավատարիմ իմ սրտի կանչին, այս գրքերը, որոնցով ինքս եմ ժամանակին դաստիարակվել, սիրով նվիրում եմ զորամասին: Համոզված՝ որ զինվորներն այս գրքերի միջոցով էլ ավելի կսիրեն իրենց հայրենիքը, հողը, մարդկանց…»:

Նույն համոզմունքն ուներ հրամանատարի տեղակալ փոխնգապետ Մախսուդյանը. «Թեև մեր կուրսանտները քիթ սրբելու ժամանակ չունեն, բայց ընթերցանության համար, մեկ է, ժամանակ գտնում են: Շատ գեղեցիկ քայլ է կատարել զինվորի հայրը՝ իր անձնական գրադարանի լավագույն գրքերը զորամասին նվիրելով: Համոզված եմ, որ գրքերը ձեռքից ձեռք են անցնելու և մեծապես օգնելու են մեզ՝ հրամանատարներիս, բանիմաց և բարոյապես ամուր հայրենիքի պաշտպաններ դաստիարկելու գործում»:

Գրքի հետ ամեն հանդիպում տոն է: Տոն էր նաև զորամասում, տոն, որ ուղեկցելու է զինվորին ծառայության ու ողջ կյանքի ընթացքում:

Գ.Ա.

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Ազգային բանակ


05/12/2013