Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ



Երկու նշանավոր ամերիկահայեր վերջերս արժանացել են բացառիկ պարգևների` հպարտության զգացում պարգևելով հայությանը իրենց իրագործումների համար:

Հուլիսին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ նոր ռազմանավերից մեկը կրելու է ԱՄՆ Դաշնային կառավարության ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունը: Նա ութ տարի շարունակ ծառայել է Ջոն Քենեդու և Լինդոն Բ. Ջոնսոնի նախագահական վարչակազմում որպես ԱՄՆ բանակի նախարարի օգնական, բանակի նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարի օգնական և վերջապես 1967 թվականին` ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար:

Անցյալ շաբաթ Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում գերագույն դատարանի մի նոր շենք անվանակոչվեց նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անունով: 339 միլիոն դոլար արժողությամբ դատական համալիրի անվանակոչման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին:

Նահանգապետ Դեքմեջյանը 28 տարի շարունակ պատվով ծառայել է Կալիֆոռնիայի նահանգին: 1982 թվականին որպես նահանգապետ իր առաջին ընտրությունն աննշան առավելությամբ հաղթելուց հետո նա համոզիչ հաղթանակով վերընտրվեց 1986 թվականին: Ավելի վաղ նա չորս տարի աշխատել էր որպես գլխավոր դատախազ (1979-83 թթ.), տասներկու տարի նահանգային սենատոր (1967-1979 թթ.), Սենատի մեծամասնության առաջնորդ (1969 թ.) և չորս տարի նահանգի օրենսդիր մարմնի պատգամավոր (1963-67 թթ.): 1988 թվականին, այն ժամանակ փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջորջ Բուշ ավագը նահանգապետ Դեքմեջյանին նկատի էր ունեցել որպես փոխնախագահի հնարավոր թեկնածու: Սակայն Դեքմեջյանը խնդրել էր իր անունը հանել քննարկումից, որպեսզի Կալիֆոռնիան չթողնի դեմոկրատ փոխնահանգապետի ձեռքում: Եթե Դեքմեջյանը չհրաժարվեր և դառնար Հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածու, ապա այդ տարի կարող էր նախագահ Բուշի հետ միասին ընտրվել փոխնախագահ: Հետագայում նա կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում և դառնալ Միացյալ Նահանգների առաջին հայազգի նախագահը:

♦♦♦

Նահանգապետին մեծարելու համար ավելի քան 500 պետական պաշտոնյաներ, նախկին գործընկերներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ և պատվավոր հյուրեր էին մասնակցում դատարանի շենքի անվանակոչման արարողությանը:

Ավելի քան 50 հազար քառակուսի մետր մակերես ունեցող Դեքմեջյանի անվան դատարանի շենքը ներառում է 31 դատական դահլիճ, վարչական տարածքներ, կալանքի տակ պահելու տեղամասեր, շրջանի արդարադատության մարմինների գրասենյակներ և համատեղելի առևտրական տարածքներ: Շենքն աչքի է ընկնում անվտանգության և բնապահպանական վերջին նորամուծություններով և գործնական հանրային տարածքներով` նախատեսված բիզնեսի արդյունավետ վարման և մարդկանց տեղաշարժի համար:

Միմյանց հաջորդող բանախոսներն ընդգծեցին նահանգապետ Դեքմեջյանի կայուն ընտանեկան արժեքներն ու նրա հայկական ժառանգությունը: Կալիֆոռնիայի գերագույն դատարանի դատավոր Մարվին Բաքստերը (Բաղդասարյան), որն աշխատել էր նահանգապետ Դեքմեջյանի մոտ որպես նշանակումների քարտուղար, իր ելույթում նշեց, որ նահանգապետը «1955 թվականին Նյու Յորքից տեղափոխվել է Կալիֆոռնիա` զինված լինելով միայն իր իրավաբանական կրթությամբ և ամերիկահայ ներգաղթյալ ծնողների ներարկած բարձր սկզբունքներով… Նա եղել է ականավոր օրենսդիր, գլխավոր դատախազ և նահանգապետ: Նա արժանացել է մեր հարգանքին ու պահպանել այն ավելի քան քառորդ դար ամենաբարձր մակարդակներում գերազանց հանրային ծառայության շնորհիվ»:

Նահանգապետ Դեքմեջյանը ծնունդով Նյու Յորքի Մենանդս գյուղից է. ծնողները նրան կնքել էին Գուրգեն անունով: Հայրը` Գուրգենը, Այնթափից էր, իսկ մայրը` Էլբիսը (Ալիս), Արաբկիրից:

Դատավոր Բաքստերը հիշեցրեց, որ Կալիֆոռնիայի օրենսդրական խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել էր նոր շենքը կոչել նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անվան դատարան: «Այս որոշումն արտացոլում է այն հարգանքն ու աջակցությունը, որ նահանգապետը վայելում է «ոչ միայն կուսակցությունների, այլև ամբողջ երկրի և նահանգի կողմից»,- հպարտությամբ հայտարարեց Բաքստերը:

Կալիֆոռնիայի 35-րդ նահանգապետը երեկոյի վերջին ելույթ ունեցողն էր մինչ հուշատախտակի բացումը` շրջապատված կնոջ` Գլորիայի, երեխաների և թոռների կողմից:

«Սա բացառիկ համալրում է քաղաքի դիմագծին ու կառուցվածքին, և ես ուրախ եմ ու հպարտ, որ իմ անունը կապված է այս կառույցի հետ»,- հայտարարեց նահանգապետ Դեքմեջյանը:

Նա զվարթ տրամադրությամբ ելույթ ունեցավ իր հանրահայտ «խարիզմայի բացակայության» և երկար ազգանվան շուրջ, որը փոխելու կամ կրճատելու մասին երբեք չի մտածել: «Իմ միակ մտահոգությունն այն էր, թե իմ անունը ինչպե՞ս է տեղավորվելու դատարանի շենքի վրա»,- կատակեց նահանգապետը` զվարճացնելով ներկա գտնվող հյուրերին:

Կարելի է հուսալ, որ շուտով 85-ամյա նահանգապետն իր առաջին այցը կկատարի Հայաստան: Շատ կարևոր է, որ Հայրենիքում ապրող երիտասարդ սերունդը ճանաչի նրան՝ որպես օրինակելի և ոգեշնչման ակնառու տիպար իրենց ապագա նվաճումների ճանապարհին:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը`

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #47 (1014) 28.11.2013 – 4.12.2013, Պատմության էջերից


28/11/2013