Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏԳԱՄՆԵՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
ՊԱՏԳԱՄՆԵՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Զինվորներ, երբեք չմոռանաք, որ ձեր անձնական պատիվը կապված է ձեր ցեղի եւ նրա պատմության փառքն ու զարդը կազմող անմահ Եփրեմների, Քեռիների, Խեչոների, Դումանների եւ նման աստվածաշունչ դյուցազունների պատվի հետ։

Գիտակցելով այդ՝ սովորեցե՛ք եւ սիրե՛ք գերադասել պատվավոր մահն անպատիվ կյանքից-թե՛ կռվում եւ թե՛ կռվից դուրս։

Գիտակցելով այդ՝ անգիտացեք վտանգը, մեռեք փառավոր եւ անմահացնող մահով, որ հայրենի հողը չկարմրի ձեր դիակները գրկելու…

Գիտցե՛ք եւ մի՛ մոռացեք, որ վախկոտները կռվի դաշտում սպանվում են պատահական «կույր» գնդակով…

«Կոչ հայ զինվորներին», «Ժայռ»,
Ալեքսանդրապոլ, 1917թ.

♦♦♦

Հաղթում են ոչ թե քանակով, այլ որակով։ Ուրեմն՝ հարձակվիր առանց հարցնելու թշնամու քանակի մասին։

♦♦♦

Մեռի՛ր պատվով։ Հենց որ կորցրիր պատիվդ՝ մնում է մեռնել։

♦♦♦

Երբեք չմոռանաք, որ ձեր անձնական պատիվը կապված է զինակիցների, ձեր զորամասի, ձեր ցեղի պատվի հետ։

Պատվով մեռնելու պատրաստակամություն՝ ահա հաղթության մայրը։

Փառք նրանց՝ հերոսներին, նրանց, որոնք վտանգն ու մահը հեգնել գիտեն։

Ուզու՞մ ես հաղթել՝ հանդգնի՛ր։

Վախկոտները խորհում են, տատանվում, անվախները՝ վճռում, հանդգնում։

Հաղթում է նա, ով նպատակ է դրել հաղթել։ Հաղթել՝ ինչ գնով էլ լինի։

♦♦♦

Առաջինը եղիր թշնամու վրա գրոհ տվողներից, վերջինը՝ կռվադաշտը թողնողներից։

Կռվադաշտից փախչող զինվորը ազգից ու հայրենիքից է փախչում։

Կռվադաշտում եղի՛ր անխնա, բայց ոչ վայրագ□

♦♦♦

Քաջի ամենագեղեցիկ զարդը կռվադաշտում ստացած վերքն է։ Տատանվեցիր կռվի ժամանակ՝ կորած ես, պարտված։

Թշնամին տեսավ թիկունքդ՝ կորած ես…

«Մարտական խոհեր», «Հորիզոն»
Թիֆլիս, 1915թ. օգոստոսի 30

♦♦♦

Նա է միշտ հաղթում, ով արդեն հաղթել է իրեն, այսինքն՝ իր մեջ մեռցնելու չափ թուլացրել է մահվան երկյուղը։

♦♦♦

Չեմ սիրում այն զինվորին, որն ընդունակ է միայն սովորական գործեր կատարելու։

♦♦♦

Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ։ Ահա իմ դավանած հայրենասիրությունը։

«Անձնավկայություն», 1955թ. մայիս

♦♦♦

Կյանքը հրապարակ է դրել մի քանի մեծ ճշմարտություններ։ Մեծագույնն այդ ճշմարտություններից ասում է՝ որպեսզի ցեղդ եւ հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցիր։

«Մեռնելու կամք»,
«Տարոնի արծիվ», 1937թ., թիվ 7

♦♦♦

«Ես գրում եմ մի ձեռքով, պայքարում երկուսով»։

Այսպե՛ս, Վիկտոր Հյուգոյի պես վարվիր, երբ ժողովրդիդ գերագույն բարիքներն ես պաշտպանում։

Ժողովրդի համար՝ զույգ ձեռքով□ այսպես բոլոր դեպքերում։

Բանտային գրառումներից

♦♦♦

Քեզ վրա նայիր որպես դատապարտվածի, որը հանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանության պիտ միշտ պատրաստ լինի ընդունելու մահը։

♦♦♦

Քաջերին, միայն քաջերին է լսում եւ զորավիգում պատերազմների քմահաճ Աստվածը։ Վախկոտներն ի զուր են կանչում նրան։ Խուլ է նա նրանց համար։

«Յոթ պատվիրաններից»

♦♦♦

1. Երբե՛ք առանց Սյունիքի եւ Արցախի։ Առանց Հայաստանի աշխարհագրական այդ ուժեղ ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող։

2. Լեռներիդ վրա, լեռներիդ մեջ է քո փրկությունը։ Արդ, տաճարներիդ մեջ, խաչերիդ կողքին բարձրացրու՛ մի-մի ժայռ, եւ՛ պաշտե, եւ՛ երկրպագե, որ չթուլանա փրկարար պաշտամունքը դեպի լեռներդ։

3. Սպարտա՛։ Քո երկիրը որպես նոր Սպարտա՛ կարող է գոյություն ունենալ տխուր Արեւելքում։ Ձգտի՛ր, կարող ես եւ պիտի՛ դառնաս։

4. Երբե՛ք անզեն։ Թող նախ հարեւանները իրենց սրերը խոփերի եւ նիզակների հոտոցների վերածեն։

5. Եվ ո՛չ մի ընչազուրկ՝ քո հողի վրա։ Խեղճերի արցունքից եւ թույլերի անարիությունից են քանդվում հայրենիքները։

6. Մի ժողովուրդ՝ մի ընտանիք։ Ազգերի մեջ գուցեեւ միայն դու իրավունք չունիս ներքուստ պառակտված լինելու։

7. Եղի՛ր ուժեղ, էլի՛ ուժեղ եւ մի՛շտ ուժեղ։ Ժողովուրդները վերջ ի վերջո տեր են մնում ոչ թե նրան, ինչ որ նրանց տրվում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան, ինչի որ արժանի են, ինչ որ իրենց սեփական ուժերով ապահովել են կարողանում։

«Յոթ պատվիրան իմ զինակիցներին», «Հայրենիք» ամսագիր,
Բոստոն, 1925թ. հոկտեմբեր

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Քաղեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ