Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՅՈՒՋԵՆ ՄԵԾԱՆՈՒՄ Է, ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ` ՆՈՒՅՆՊԵՍ



* Երկու ամսում` 29 զոհ, 15 տարում` 5000:
* Պահանջում են նախարարի հրաժարականը:
* Ալիեւի ինչի՞ն է պետք պատերազմը:

ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական բանակում շարունակվում են արտակարգ պատահարները: Փետրվարի 26-ին Թովուզի շրջանում ավտոճանապարհային պատահարի հետեւանքով մահացել է 1, վիրավորվել 4 զինվոր: Ընդ որում, մահացածը Ռամիլ Ջաբրայիլովն է` այն միակ զինվորը, որը հրաշքով ողջ էր մնացել փետրվարի 20-ին ադրբեջանական մարտական հենակետերից մեկում կատարված սպանդի ընթացքում: Հիշեցնենք, որ զոհվել էր 7 զինվոր:
Ըստ ադրբեջանական մամուլի` Ջաբրայիլովին հարցաքննության էին տանում Ղազախի զինվորական դատախազություն: Միակ վկայի զոհվելն այս պարագայում խիստ կասկածելի է եւ տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Մասնավորապես, արդյո՞ք վկայի ցուցմունքները ջրի երես չէին հանի հրեշավոր մի հանցագործություն, որին մասնակից են, միգուցե, զորամիավորման բարձրաստիճան սպաներ:
Այս ենթադրությունն անհիմն չէ, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ադրբեջանական բանակում ոճրագործությունները ջանադրաբար թաքցվում են: «Ենի մուսավաթ» թերթը գրում է, որ Նախիջեւանի Շահբուզի շրջանում տեղակայված զորամասի սպաներից մեկը պատմել է, որ այս տարվա հունվար ամսին միայն իրենց զորամասում մահացել է 5 զինծառայող (!), վիրավորվել են երկուսը, եւ տեղի է ունեցել գազի արտահոսքից առաջացած պայթյունի մեկ դեպք, որի հետեւանքով ծանր վիրավորվել է կապիտան Էլչին Հուսեյնովը:
Պաշտպանության նախարարությունը հանրությանը հայտնել է միայն երկու մահվան դեպքի մասին. հունվարի 15-ին ձնահոսքի հետեւանքով մահացել են զինվորներ Էլշադ Բայրամովը եւ Թավրիզ Համզաեւը: Բայց մյուս հինգի մահը գաղտնի է պահվել: Նրանցից երեքը զոհվել են ծառայակիցների միջեւ փոխհրաձգության պատճառով, իսկ երկուսը` հիվանդության: Թերթի աղբյուրը պնդում է, որ վերջին երկու դեպքն էլ հրամանատարության անտարբերության հետեւանք է. զորամիավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաեւը թույլ չի տվել, որ զինվորներին տեղափոխեն հոսպիտալ:
Նախիջեւանցի սպան պատմել է նաեւ, որ դեռ 2008թ. ՀՕՊ զորամասից անհետացել է 300տ դիզելային վառելիք: Երբ զորամասում ստուգումներ են սկսվել, կորպուսի հրամանատարը օգնություն է խնդրել Ադրբեջանի նախագահի թիկնազորի պետ Բեյլեր Էյուբովից, եւ ամբողջ մեղքը բարդվել է զորամասի հրամանատար Ագշին Մեմմեդովի վրա, որի նկատմամբ հարուցված է քրեական գործ: Այս ամենը վկայում է զորամիավորումում տիրող ամենաթողության մթնոլորտը («panorama.am», 28.02.2011):
Ադրբեջանական մեկ այլ զորամասում մարտի 1-ին դանակահարվել է զինվոր Մուխթար Ալեսքերովը: Նա բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց («apa.az», 02.03.2011):

ԿՈԾԿԵԼ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Ադրբեջանական քարոզչությունը փորձում է կոծկել բանակում մահացության իրական մակարդակը: Այսպես, ռազմական լրագրողների, իբր, անկախ «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած տվյալներով, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ադրբեջանական բանակում զոհվել (մահացել) է 22 զինվոր, իսկ 1994թ. զինադադարից մինչեւ այսօր ադրբեջանական բանակը կորցրել է 3500 զինվոր:
Սակայն քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի ղեկավարած «Voskanapat.info» լրատվական-վերլուծական կենտրոնի տվյալներով, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ադրբեջանական բանակում սպանվել է 29 զինվոր` մեկ երրորդով ավելի, քան ներկայացնում է «Դոկտրինան»: Ըստ վերջինի` 2010թ. ադրբեջանական ԶՈՒ կորուստը կազմել է 71 մարդ, մինչդեռ «Voskanapat.info»-ի տվյալներով` 123 (!): Հավաստի տվյալներով, նրանցից առնվազն 18-ը դիվերսանտներ են եղել:
Ինչ վերաբերում է «Դոկտրինայի» հրապարակած մյուս թվին` 3500 զոհ 1994-2010թթ., ապա այն նույնպես նվազեցված է: Դեռ 2010թ. ամռանը, «Human Rights Watch» կազմակերպության տվյալներով, վերջին 15 տարում, այսինքն` հրադադարից հետո մահացած ադրբեջանցի զինվորների թիվը գերազանցում էր 5000-ը (!): Ադրբեջանական տվյալները դարձյալ մեկ երրորդով քիչ են ներկայացնում զոհերի թիվը:
«Միտումը, սակայն, անհնար է թաքցնել,- գրում է Լ.Մելիք-Շահնազարյանը:- Ադրբեջանի ԶՈՒ կորուստներն աճում են` այդ երկրի ռազմական բյուջեի աճին ուղիղ համեմատական: Դա իսկապես համապատասխանում է իրականությանը, քանի որ «հեշտ ստացած» փողերով այլասերված ադրբեջանական գեներալիտետը վաղուց արդեն թքած ունի ադրբեջանցի ասքյարի վրա»(http://voskanapat.info/ news/kuda_delis_pogibshie_soldaty_azerbajdzhana/2011-03-04-1170):
Ասել, թե ադրբեջանական հասարակությունը սա չի հասկանում, չի կարելի: «Ենի մուսավաթ» թերթը փետրվարի 20-ին տեղի ունեցած սպանդից հետո հարցում է կատարել 3000 ընթերցողների շրջանում եւ պարզել, որ նրանցից 1821-ը (59%-ը) պնդում են պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հրաժարականը, 1006-ը (33%-ը) պահանջում են ավելին` նրան պատասխանատվության ենթարկել: Այսինքն` հարցման ենթարկվածների 92%-ի կարծիքով, Աբիեւը պետք է առնվազն հրաժարական տա («panorama.am», 04.03.2011): Սա արդեն ադրբեջանական հասարակության մեջ հասունացող լուրջ դժգոհության ցուցանիշ է:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԱԼԻԵՒԻՆ

Վերը նշված փաստերը ստիպում են մտածել, որ, ինչքան էլ տարօրինակ է, ադրբեջանական բանակի ղեկավարությանը պատերազմն ավելի քիչ է հուզում, քան պատերազմի պատրաստվելու անվան տակ հարստանալը: Լրագրող Էդուարդ Նաղդալյանի խոսքով, «պատերազմի պատրաստվելու եւ Ադրբեջանի ռազմական բյուջեն մեծացնելու` իր էությամբ կոռուպցիոն հավերժական գործընթացը վիթխարի եկամուտ է բերում դրա բոլոր մասնակիցներին: Ռազմական բյուջեի մեծ մասը պարզապես գողացվում է, ուստի դրա մեծացումը երկրի նավթային հարստության շահագործման պարզունակ օպերացիայի բաղկացուցիչ մասն է: Համապատասխանաբար, Ադրբեջանի ամբողջ պաշտոնական քաղաքականությունը նպատակաուղղված է այդ օպերացիայի քողարկմանը» (http://www.regnum.ru/news/ 1380428.html):
Սա նշանակում է, որ Իլհամ Ալիեւը պատերազմի պատրաստվելու նմանակում (իմիտացիա) է անում, որպեսզի ա) սեփական ժողովրդի առաջ հիմնավորի ռազմական բյուջեն նավթի վաճառքից ստացված եկամտի հաշվին մեծացնելը (հետագայում յուրացնելու նպատակով, իհարկե), բ) սոցիալական ծանր վիճակի եւ հարստահարվելու համար ադրբեջանական ժողովրդի զայրույթն ուղղի արտաքին թշնամու դեմ` հեռացնելով իրենից, գ) գերտերություններին շանտաժի ենթարկելով` նրանց ստիպի դիվանագիտական ճնշում գործադրել Հայաստանի վրա, դ) անկայունություն, տագնապ ու վաղվա օրվա հանդեպ անվստահություն սերմանի Հայաստանի եւ Արցախի բնակչության մեջ` կասեցնելու համար նրա տնտեսական զարգացումը:
Ակնհայտ է, որ Ի.Ալիեւը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ոչ մի շարժառիթ չունի, նա լուծում է նախեւառաջ սեփական իշխանությունը «հավերժացնելու» խնդիր. Ղարաբաղյան հիմնահարցի վերջնականապես կարգավորված չլինելը նպաստում է Ալիեւի վարչակարգի կայունությանը:
Այստեղից բխում է, որ պատերազմն այսօր ձեռնտու չէ Ալիեւի վարչակարգին:
Իհարկե, սա չի նշանակում, որ պատերազմը կսկսվի այն պահին, երբ ձեռնտու լինի Ադրբեջանի իշխանությանը. պատերազմը կանխարգելող գլխավոր գործոնը հայկական բանակի հզորությունն է:
«Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի բանակները խորհրդային բանակի պատճենն են` նրա լավագույն ավանդույթներով»,- օրերս «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն: Նրա խոսքով, հայկական զինված ուժերը կարելի է համեմատել Գերմանիայում նախկին խորհրդային զորախմբի հետ, որը միշտ եղել է մարտունակ, եւ որից բոլորը վախեցել են:
Պատասխանելով այն հարցին, թե նախկին խորհրդային հանրապետություններից որի՞ բանակն է ամենամարտունակը, փորձագետն առանձնացրել է հայկականը. «Հայաստանը լավ բանակ ունի»,- ասել է նա:
Մեկնաբանելով Ադրբեջանի ռազմական բյուջեի աճը` Կորոտչենկոն նշել է, որ մարտական ու բարոյական որակներով ադրբեջանական ԶՈՒ զիջում է հայկականին («panorama.am», 02.03.2011):

Խորագիր՝ #09 (874) 09.03.2011 - 16.03.2011, Թերթ, Ռազմաքաղաքական


17/03/2011