Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է



Բանակում ձմեռային փուլի տեխնիկական սպասարկումն ավարտված է

Սեզոնային տեխնիկական սպասարկումը կարևոր ու պարտադիր գործընթաց է, որը պետք կատարվի ժամանակին՝ ամենայն պատասխանատվությամբ, որպեսզի ձմռան ընթացքում ավտոմեքենաների, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների օգտագործման ընթացքում անհարկի խնդիրներ չառաջանան:

Գնդապետ Ն. Ասլանյանի զորամասում, որը, ի դեպ, վերջին երկու տարիներին լավագույնն է զորատեսակի կազմում և չի ուզում ձեռքից բաց թողնել պատվո փոխանցիկ դրոշը, սպասարկման աշխատնքներն սկսվել են գործընթացի համար նախատեսված երկրորդ ժամանակահատվածում` նոյեմբերի մեկից մինչև տասնչորսը:

-Այն զորամասերը, որոնք գտնվել են իրենց մշտական տեղակայման վայրում, սպասարկումը կատարել են հոկտեմբերի երկրորդ կեսին, իսկ ճամբարային հավաքի մեջ գտնվողները պարտավոր են այդ աշխատանքներն սկսել ու ավարտել նոյեմբերի մեկից տասնչորսն ընկած ժամանակահատվածում,- ասաց հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արմեն Ավանեսյանը և մանրամասնեց:- Սպասարկումը լինում է երկու տեսակի. Հրամանով` համար 1, 2: Այսինքն` ստուգում պարզում ենք մեքենայի (զրահատեխնիկայի կամ հրետանային կայանքի) վիճակը, ճշտում՝ որքան վազք է կատարել և ըստ այդմ էլ որոշում, թե որը ինչի կարիք ունի: Այն մեքենաները, որոնք շատ չեն աշխատել, սպասարկվում են հրամանի առաջին կետի համաձայն: Այդ դեպքում փոխվում են միայն յուղն ու անտիֆրիզը: Լինում են ավելի շատ խնամք պահանջող մեքենաներ, երբ փոխում ենք վերջիններիս ֆիլտրը, տարբեր հանգույցներ պատում ենք քսուքներով, կատարում ենք մաքրման-ներկման աշխատանքներ, մասնակի նորոգումներ, փոխում ենք անվադողերը: Մարտկոցների վերալիցքավորումը կատարվում է հաջորդաբար, որպեսզի ռազմական տեխնիկայի մեծ մասը մշտապես պատրաստ լինի գործարկման և անհրաժեշտության դեպքում կատարի տրվող առաջադրանքները: Ինչ վերաբերում է նորոգումների համար անհրաժեշտ պահեստամասերին, պետք է ասեմ՝ ամեն ինչով ապահովված ենք:

ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՊԱՐԿՈՒՄ

Այստեղ իսկական աշխատանքային եռուզեռ է: Երկար շարքերով կանգնած են մեքենաները, որոնց հետևում` հրետանային կայանքները: Վերջիններիս մաքրման, յուղման գործն անում են հաշվարկների զինվորները, իսկ ավտոմեքենաների սպասարկումը` վարորդները, որոնց օգնում են վերանորոգման վաշտի մասնագետները: Դիվիզիոնից ավագ լեյտենանտ Տիգրան Ավանեսյանը ցուցումներ է տալիս անիվը փոխող վարորդին` շարքային Սևակ Մեսրոպյանին:

-Անվտանգության կանոնների պահպանումը բոլոր դեպքերում էլ շատ կարևոր է, մեքենան բարձրացնելուց հետո էլ պետք է հավելյալ առարկաներով ամրացնել նրա պինդ կայանումը, միայն բարձրացնող գործիքի ամրությանն ապավինելը բավարար չէ:

Անիվը հանելուց հետո Սևակը նախ մաքրեց հանգույցները, ապա քսայուղ սրսկեց ու յուղեց, որպեսզի կոռոզիա չառաջանա:

-Վարորդի մասնագիտությունը որտե՞ղ ես սովորել,- հարցրի զինվորին:

-Զինկոմիսարիատն է բանակից առաջ ուղարկել դասընթացների, այստեղ էլ զարգացրել եմ հմտություններս, ամեն վարորդ էլ պետք է էս մանր-մունր բաներն իմանա:

Նույն գործով էին զբաղված շարքայիններ Սերգեյ Իսրայելյանը, Էդգար Թավադյանը, եֆրեյտոր Արթուր Գյուլնազարյանը, մյուսները:

Մաքրելուց հետո Դ-20 հրանոթներն էին յուղում կրտսեր սերժանտ Մուրադ Գասպարյանը, շարքայիններ Վլադիմիր Բաղդասարյանը, Ալբերտ Ղարիբյանը, Արամ Այվազյանը: Նրանք փոխգնդապետ Մ. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնից են:
Սպասարկման աշխատանքներ էին ընթանում զորամասի տարբեր տեղամասերում և ուսումնական կետերում: Տեսնելով զինծառայողների ջանքն ու եռանդը` համոզվեցինք, որ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամանակից էլ շուտ:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Կապիտան

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Ազգային բանակ


14/11/2013