Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ
ԵՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ

Զինվորների մայրերը հպարտ, հուզված, ոգեւորված եւ խանդավառ պատմում են իրենց որդիներից։ Ճոխ ու գեղեցիկ բառագանձ ունի հայերենը, սակայն զինվորների մայրերին չի բավարարում անգամ մեր շքեղ, ոսկեղենիկ հայոց լեզուն. բառերը խամրում են, անգունանում՝ անկարող լինելով արտահայտել այն, ինչ մոր սիրտն է ուզում։
«Օ՜, եթե աշխարհը մոր սրտով գնար»,- ասում է մայրապաշտ բանաստեղծը՝ Հովհաննես Շիրազը։ Երանի հենց այդպես էլ լիներ. եթե աշխարհը մոր սրտով գնար, ապա ողջ տիեզերքը պռնկեպռունկ լցված կլիներ միայն լույսով, ջերմությամբ, սիրով, առատությամբ, բարությամբ ու խինդով, այսինքն՝ խաղաղությամբ…
Եվ տիեզերքի մեր բաժին մի բուռ հողում օրհնաբեր խաղաղություն հաստատելու համար էլ հայ մայրերը հայոց բանակին տալիս են աշխարհում ամենաթանկը՝ իրենց որդիներին:
Կյանքը շարունակվում է մեր հին ու նոր, մեր թանկ ու հարազատ հողի վրա, եւ խաղաղ բացվող ամեն օրվա համար ամենաշատը պարտական ենք մեր զինվոր զավակներին. նրանք ձմռան ցրտին, ամառվա տապին մշտարթուն հսկում են մեր հայրենիքի սահմանները, մեր հող ու ջրի խաղաղությունը ։

-Միակ որդիս՝ Տիգրան Մարտիրոսյանը, 2009թ. աշնանն է զորակոչվել ազգային բանակ։ Ճարտարագիտական համալսարանում ուսումը կիսատ թողեց եւ մեկնեց ծառայության։ Երբեք չի բողոքել, չի տրտնջացել, չի դժգոհել։ Վստահ եմ, որ հարգանքի եւ փոխվստահության մթնոլորտում է ծառայում, հրաշալի զինվոր ընկերներ ունի։ Ծառայությանը տասը ամիս է մնացել։ Կգա, կշարունակի ուսումը, կիրականացնի իր բոլոր երազանքները։ Բոլոր մայրերի անունից մեր զինվորներին խաղաղ եւ անամպ երկինք եմ ցանկանում, թող ամեն բացվող օրվա հետ հողն էլ ամրանա, հույսն ու հավատն էլ։ Եվ թող աշխարհում հարատեւ խաղաղություն լինի։
ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

-Ավագ որդիս՝ Վլադիմիրը, արդեն ծառայել է բանակում եւ վերադարձել։ Այժմ կրտսեր որդիս՝ Վահեն է ծառայում։ Նա էլ կիսատ է թողել ուսումը Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, ֆուտբոլիստ է։ Ծառայում է բարեխիղճ, նվիրումով։ Ավելի հասուն է դարձել, լրջախոհ, ձիգ, կարգապահ ու պատասխանատու։ Իսկական տղամարդ է։ Երբ փողոցում զինվոր եմ տեսնում, հուզվում եմ, սիրտս փոթորկվում է, տակնուվրա լինում։
Մարտի 11-ին Վահեիս ծննդյան 20-ամյակն է։ Ուզում եմ շնորհավորել զինվոր որդուս, քաջառողջություն եմ մաղթում, երջանկություն, երազանքների իրականացում: Աշխարհի բոլոր-բոլոր զինվորներին միայն խաղաղություն եմ մաղթում։ Թող ոչ մի մազ չպակասի նրանց գլխից, անփորձանք ծառայեն։
Տղայիս ծառայությանը համարյա երեք ամիս է մնացել։ Օրերն եմ հաշվում եմ։ Կարոտում եմ, էլ չեմ դիմանում։ Թող գա, շարունակի ուսումը։ Վստահ եմ, որ իր պապերի ազնիվ գեների կրողն ու արժանի շարունակողն է լինելու։ Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին։
ՆԱՐԻՆԵ ՂԱՐԻԲՅԱՆ

-Ժամանակն ինչքա՜ն արագ է թռչում։ Առօրյա, կենցաղային հոգսերի խելահեղ պտույտի մեջ չես էլ հասցնում նկատել, թե զավակներդ ինչքան արագ են մեծանում։ Երեւի զավակների մեծանալով ենք նկատում մեր մեծանալը։ Ավագ որդիս՝ Հայկ Միրանյանը, Երեւանի տնտեսագիտական համալսարանն ավարտելուց հետո մեկնեց ծառայության։ Գնացել էինք զորամաս՝ տեսակցելու։ Հայկն ավելի ձիգ էր դարձել, թիկնեղ ու առնական։ Հունվարի 28-ին՝ մեր բանակի կազմավորման 19-ամյակին, ավագ սերժանտի կոչում ստացավ։ Ծառայությանը քիչ է մնացել։ Պատվով կծառայի, պատվով էլ կվերադառնա։ Հոգու կորով, խիզախություն եւ եռանդ եմ ցանկանում բոլորի զավակներին։
Խաղաղ ծառայություն ձեզ, մեր զինվոր զավակներ, եւ բարի վերադարձ հայրենի օջախներ։
ԱՍՅԱ ՄԻՐԱՆՅԱՆ
-Որդիս՝ Անդրանիկ Սարգսյանը, ավարտել է հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը:
Երբ որդուս բանակ էի ճանապարհում, բոլոր զգացողություններս միախառնվել էին՝ ե՛ւ երջանիկ էի, ե՛ւ տխուր, ե՛ւ հուզվում էի. ե՛ւ հպարտանում։ Հիմա ամբողջ օրը մտքերս որդուս հետ են. լույսը բացվելուն պես առաջին աղոթքս առ Աստված մեր զինվոր զավակների համար է։ Որդիս զանգում է, ասում՝ չանհանգստանաք, բայց դե, մայր եմ… Փառք Աստծո, տղաս լավ զորամասում է ծառայում, ընկերներով իրար սարի պես թիկունք են։
Փոքր տղաս՝ Դավիթը, միշտ ասում է. «Երանի ես էլ զինվոր լինեի ու Անդրանիկի հետ նույն զորամասում ծառայեի»:
Բոլոր զինվորներին երջանկություն եմ մաղթում:
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բնությունն արթնանում է, գարուն է։ Սահմանին մեր զինվորն է, որի շնորհիվ խաղաղ են լինելու Հայաստան աշխարհի բոլոր գարունները, ամառները, ձմեռներն ու աշունները։
Մեր մայրերի աղոթքներն ու մաղթանքները մշտապես թող պահապան լինեն ձեզ, մեր սիրելի զինվորներ, ու երանի աշխարհը մոր սրտով գնա…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր