Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԶԱՄԻՆ



Փաստագրական վիպակ

Սկիզբը` նախորդ համարում

Երբ Մոսկվան անցանք, սկսեցին զինակոչիկներին խումբ-խումբ իջեցնել վագոններից: Կեսգիշերին գնացքը կանգնեց Պսկով քաղաքի կայարանում: Քիչ անց բացվեց մեր վագոնի դուռը, և շարժակազմի հրամանատարի հետ կառամատույցին կանգնած սպաներից մեկը՝ ծովայինի համազգեստով մի կապիտան, հայտարարեց.

-Ում անուն, ազգանուն, հայրանունը կկարդամ, թող առաջ գա ու ցած իջնի:

Իջեցրին մոտ քառասուն մարդու, այդ թվում նաեւ ինձ: Երբ գնացքը շարունակեց սլանալ դեպի հյուսիս, նայեցի շուրջս ու տեսա, որ գիշերվա այդ ժամին կայարանում շատ քիչ մարդ կա: Կապիտանը, բոլորիս իր մոտ հավաքելով, ասաց, որ այստեղից ճանապարհը շարունակելու ենք ավտոբուսով, որը գալու է առավոտյան: Նա մեզ նաեւ պատվիրեց լինել կարգապահ ու կայարանից շատ չհեռանալ:

Մենք լավ քաղցած էինք ու անմիջապես մտանք բուֆետ, սակայն այնտեղ ուտելու բան չկար: Վատ բմբլահան արված հավի միսը, խաշած բրինձը եւ ֆոլգայով փաթեթավորված պանրիկները հաճելի չէին մեր քիմքին: Ստուգեցինք մերձկայարանային տարածքը, բայց ոչ մի աշխատող խանութ, ճաշարան կամ ռեստորան չգտանք: Մնում էր դիմանալ և գիշերն անցկացնել փայտյա նստարաններին: Շատ չանցած` մեր շուրջն սկսեցին վխտալ ինչ-որ աղջիկներ` գիշերային թիթեռնիկները… Նստած էի մեկուսի, եւ հանկարծ երեքը տեղավորվեցին կողքիս: Հազիվ էինք մի քանի բառ փոխանակել, երբ նկատեցի, որ մեկի դեմքն ամբողջովին դուրս է տված: Այդ սպիտակ ու կարմիր բշտիկներն իմ մեջ տհաճության, զզվանքի զգացում առաջացրին: Լավ էր՝ տղաները հավաքվեցին, ու ես արագորեն հեռացա նրանցից:

Ժամանակը մեռցնելու միակ միջոցը քայլելն էր ու տեղանքին ծանոթանալը: Անցնելով համեմատաբար մութ մի տեղով, տեսա, որ մերոնցից մեկը մի աղջկա է դեմ տվել պատին ու կրքոտ համբուրում է, լպստում… Խավարի մեջ ճանաչեցի երկուսին էլ. Նիզամին էր ու պզուկոտ դեմքով աղջիկը:

– Հիվանդ կլինի, կվարակվես,- ասացի՝ նրանց հավասարվելիս:

Նիզամին մի ակնթարթ հետ նայեց:

– Ա՜, դե՛, ինց անեմ, ձհանդամը թե կվարաքվեմ,- ասաց ու շարունակեց իր գործը:

♦♦♦

Լուսադեմին սկսեց անձրև տեղալ: Կայարանում հայտնվեցին ավտոբուսները: Կապիտանը մեզ պատվիրեց, որ Պսկով- Օստրով ավտոբուսը տեսնելուն պես իրեն տեղյակ պահենք : Այդպես իմացանք, որ մեր զորամասը գտնվում է Օստրով կոչվող քաղաքում:

…Գրունտային, ցեխոտ ճանապարհը ձգվում էր գյուղերի միջով: Ուղեւորները բարձրանում եւ իջնում էին: Կանգառներից մեկում ձեռքը շալով փաթաթած մի մարդ ավտոբուսի լուսամուտից կողքիս նստած իր ծանոթին արագ-արագ պատմեց, թե ինչպես է հարևանը գիշերը հարբել և կացնով ջարդուխուրդ արել տան կահ կարասին, ծեծել կնոջը: Ինքը գնացել է, որ հանգստացնի, կացնի մի հարված էլ իրեն է բաժին հասել: Մութ ամպերի տակ ծվարած անշուք տնակներով այդ գյուղերը շատ էին խղճուկ: Ես մտքով անընդհատ մտաբերում էի Վ. Բրյուսովի, Ա. Բլոկի, Ա. Ախմատովայի նախախորհրդային շրջանի բանաստեղծությունները: Կարծես սոցիալիզմի հիսուն տարիները ոչինչ չէին փոխել ռուսական գյուղի կյանքում:

Կեսօրին հասանք Օստրով: Փոքր քաղաք էր. կենտրոնում, ավտոկայանի մոտ կային աղյուսե երեք եկեղեցիներ, որոնց դռները փակ էին՝ տախտակներով խաչաձև մեխված: Այդ ժամանակ Հայաստանում նման բան արդեն չկար: Եկեղեցիները վերադարձվել էին ժողովրդին ու անկախ նրանից` հոգևոր սպասավոր ունե՞ին, թե ոչ, դռները միշտ բաց էին: Այստեղից զորամաս գնացինք ոտքով: Կապիտանը քչախոս մարդ էր եւ մեզ կանոնավոր շարքով տանելու համար առանձնապես ջանք չէր գործադրում: Քայլում էր մեր կողքով, գլուխը և իրանը քիչ առաջ թեքած, ձեռքերը՝ մեջքին: Եվ երբ հասանք զորամաս, անցագրային կետի հերթապահ սերժանտը դուրս եկավ եւ պահանջեց, որ եռաշար, ըստ հասակի, ուղիղ ու կանոնավոր շարք կազմենք: Նա արագախոս տղա էր, ու նրա պահանջը շատերս չհասկացանք: Ստիպված մի երկու անգամ էլ նույնը կրկնեց, հետո սկսեց ժպտալով մեզ վերադասավորել` բարձրահասակներին բերել առաջ, կարճերին տանել վերջ: Վերջապես ամեն ինչ կարգավորվեց, շարասյան տեսքից սերժանտն ու կապիտանը գոհ էին, բայց զորամասի դարպասը չէր բացվում.

– Սպասում ենք փողային նվագախմբին,- պարզաբանեց սերժանտը:

Նվագախումբը վերջապես եկավ: Երաժիշտները տոնական հագուստով էին: Դարպասը բացվեց, նրանք կանգնեցին մեր առաջ և հաղթական քայլերգ նվագելով առաջնորդեցին մեզ շարահրապարակ, որտեղ տրիբունայի առջեւ ուղիղ միաշարք գծով կանգնել էին զորամասի սպաները: Կապիտանը մեզնից պահանջեց հավասարվել, ապա, «Հավսա՜ր, զգա՛ստ» հրաման տալով, զեկուցեց ընդառաջ եկող սպային.

– Ընկեր մայոր, նորակոչիկները, թվով 42 մարդ, ներկայացել են զորամաս: Ճանապարհին արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել: Զեկուցող` վաշտի հրամանատար կապիտան Սալահինով:

Վերջինս «ազատ» հրաման տվեց եւ ավելի մոտենալով սկսեց.

-Բարև ձեզ, ես մայոր Գերասիմովն եմ, այս զորամասի հրամանատարը: Զորամասը գործում է Բալթյան նավատորմի կազմում և կատարում է շինարարական աշխատանքներ: Գիտեմ, որ դուք Հայաստանից եք: Մեր երկրում շատ բարձր է հայ զինվորականների հեղինակությունը, ես ինքս էլ հրաշալի հայ ընկերներ ունեմ, հուսով եմ, որ մեր համատեղ ծառայությունը հաջողությամբ կպսակվի, և երկու տարի անց մենք գոհունակությամբ միմյանցից կբաժանվենք:

Այնուհետև նա մանրամասնորեն ներկայացրեց զորամասը, նշեց, թե որքան կարեւոր են կարգապահության պահպանումը, առաջադրանքների ճշգրիտ կատարումը, վերադասի հետ համագործակցությունը, ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ պայքարը: Ասելիքն ավարտելով՝ նա ետ ու առաջ արեց շարքի առջեւով, ուշադիր զննեց բոլորիս եւ վերադառնալով նախկին տեղը՝ ասաց. «Կա՞ն հարցեր»: Նիզամին անմիջապես արձագանքեց. «Ես հարց ունեմ»: Երբ մայոր Գերասիմովը գլխի շարժումով ու հայացքով հասկացրեց, որ լսում է, Նիզամին ասաց. «Ուզում եմ առանձին ասել»: Մայորը նրան իր մոտ կանչեց եւ երկուսով առանձնացան: Քիչ անց հրամանատարն իր մոտ կանչեց սպաների շարքում կանգնած կարճահասակ փոխգնդապետին եւ ինչ-որ բան ասաց, որը նման էր հանձնարարություն տալուն, իսկ Նիզամին վերադարձավ շարք: Հետո մայորը ներկայացրեց սպաներին, բարձրահասակ մի սերժանտի, որը պետք է «կարանտինի» ընթացքում աշխատեր մեզ հետ, և որն էլ ասաց, թե պետք է լողանանք, զգեստափոխվենք, ընթրենք ու հանգստանանք, որովհետև երկար ճանապարհ ենք անցել, իսկ զորամասի և առանձին ծառայությունների պետերի հետ հիմնավոր ծանոթությունը կկայանա առաջիկա օրերին:

Բաղնիքի մոտ մեզ տվեցին մազերը խուզելու գործիքներ, եւ մենք սկսեցինք քաչալացնել իրար: Երբ մտանք լողանալու, ներսի պատուհանից տեսանք, թե ինչպես նավթը լցրին մեր քաղաքացիական հագուստների կիտուկի վրա ու այրեցին: Հետո զինվորական համազգեստ ստացանք, հին ծառայողներից մի քանիսը մեզ օգնեցին, որ ճիշտ հագնենք: Քաչալանալուց ու զգեստափոխվելուց հետո մենք հազիվ էինք իրար ճանաչում:

Երեկոյան մեզ տարան ճաշարան: Շատ քաղցած էինք, բայց կերանք կիսատ-պռատ: Հնդկաձավարով փլավին ձեռք տվող գրեթե չեղավ, միայն լենինավանցի Սոս Չալաբյանն էր, որ, առանց անուն դնելու, կուշտ կերավ: Երբ մեզ ճաշարան բերած ավագ լեյտենանտը դուրս եկավ ծխելու, սեղանները մաքրող բարալիկ սեւուկ զինվորը մոտեցավ ու սկսեց ծանոթանալ հետներս:

– Տղերք, ես թիֆլիսեցի եմ, ազգությամբ եզդի եմ, ազգանունս Ռզգոեւ է: Իմացած լինեք, տղերք, բախտներդ չի բերել, շատ վատ զորամաս եք ընկել:

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է վատ:

– Զորամասին Գուշայի բանտ են ասում: Նույնիսկ երգ են հորինել` «…մայր իմ, տանջվում եմ Գուշայի բանտում…»,- պարզաբանելով երգեց եզդին ու շարունակեց:- Գուշան նախկին հրամանատարն է, շատ դաժան մարդ է եղել, բանտային օրենքներով է շարժվել: Զինվորները, չդիմանալով նրա դաժանությանը, դիմել են փախուստի. բռնվել են, դատվել: Այստեղ բոլորը մեկուկես տարվա ծառայողներ են` ռուսներ, բելառուսներ, խախոլներ… Մենք վեց հոգի ենք, եկել ենք նախորդ զորակոչին, «ծերուկներն» անհամբեր նորակոչիկներին էին սպասում, որ տանջեն, այնպես որ, զգույշ եղեք, իմացեք, թե կռիվ եղավ, նրանք բոլորն էլ հարձակվելու են ձեզ վրա:

Երբ հետաքրքրվեցինք, թե՝ կովկասցիներ չկա՞ն մեջները, Ռզգոեւն ասաց.

-Կան, ադրեջանցիներ են, քիչ էլ չեն, բայց ավելի լավ կլիներ, որ չլինեին, սլավոններից էլ վատ են:

Հրամանատարին շատ գովեց:

– Ոսկի մարդ է, Բատյա են ասում, տասնվեց տարի ենթասպա, վաշտի ավագ է եղել, հետո սպայի կոչում է ստացել և ութ տարում հասել է մայորի աստիճանի: Անչափ հոգատար է, զորամասում ամեն բան փոխել է, բայց «դեդովշչինան» դեռ ուժեղ է: Սա սովետական բանակ է, եւ ամեն ինչ չէ, որ հրամանատարին ճիշտ են զեկուցում: Խաբում են, սպաներին ձեռնտու է… Իմացեք` բանակում չեն սիրում հատկապես ծախողներին, խաբար տվողներին, զգույշ եղեք, հրամանատարը, էլի եմ կրկնում, ոսկի մարդ է, բայց պետք չէ նրա բոլոր պահանջները, մանավանդ զեկուցելու հարցում, հալած յուղի տեղ ընդունել…:

Ռզգոևի ասածները իսկապես էլ մեզ սթափեցրին` «էս ո՞ւր ենք ընկել»: Բայց ինչ կարող էինք անել: Մնում էր համակերպվել դառը իրողության հետ, համախմբվել, իրար թև ու թիկունք լինել, դիմակայել…

Շարունակելի

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Հոգևոր-մշակութային


14/11/2013