Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՑԱԽԻ ԴՈՒՍՏՐԸ
ԱՐՑԱԽԻ ԴՈՒՍՏՐԸ

Նոյեմբերի 6-ը արցախցի հայտնի մտավորական, Արցախյան շարժման ակունքներում կանգնածներից մեկի, Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է

Արցախ տանող ճանապարհն ինձ համար Ուխտի ճանապարհ է։ Բնությունն ասես շնչավոր լինի, զրուցում է քեզ հետ՝ հարցեր է տալիս՝ բազմաթիվ ու բազմախորհուրդ։ Եվ դու պետք է լռությամբ պատասխանես այդ հարցերին։ Դու էլ քո կողմից ես փորձում ինչ-որ հարցեր ուղղել, լսել պատասխանը, և պատասխանն էլի լռության ձայնով պիտի կարողանաս լսել։ Սակայն այս անգամ գնում եմ հանդիպելու մի անձնավորության հետ, մի հայուհու, որին դեռ մանկուց ճանաչել եմ։ Ճանաչել եմ մայրիկիս, մեր մտերիմ հարևան Արեգա տատի պատմություններից։ Արեգա տատը իմ հերոսի մասին խոսելիս ասում է. «Նա մեր օջախի ճրագն է», իսկ Սուսաննա մայրս նրան համարում է իր հոգևոր քույրը (ազգանունները նույնն են) ու բնորոշում է այսպես՝ Արցախի դուստրը, կամ էլ Արցախի գանձը։ Ու հիմա Արցախի ճանապարհին նորից հիշում եմ մայրիկիս խոսքերը. «Անպայման կհանդիպես Արցախի դստերը, Արցախի գանձին, աչքալուսանք կտաս. փոքր որդին՝ Սասունը, ամուսնական 10 տարիներից հետո դուստր է ունեցել»։ Ու նաև պիտի իրականանա իմ տարիների երազանքը՝ պիտի տեսնեմ նրան՝ իմ երևակայության մեջ արդեն կազմավորված, ամբողջացած հայուհուն և ինձ թվում է՝ իմ բոլոր հարցերի պատասխանները պիտի ստանամ նրանից։

Իմ հերոսուհին Արզիկ Միքայելի Մխիթարյանն է։ Ծնվել է Մարտակերտի շրջանի Կոճողուտ գյուղում։ Միքայել հայրն ու Մարուսյա մայրը ամբողջ հայրենական պատերազմը անցել են միասին, հասել են Բեռլին, հաղթանակած վերադարձել են հայրենի գյուղ, ընտանիք կազմել։ 1946 թվականի նոյեմբերի 6-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ միակն ու անկրկնելին, որն իր ուսումնառությամբ, բարությամբ, ազնվությամբ, իր գեղեցկությամբ դարձավ գյուղի մարդկանց սիրելին։ Արեգա տատը հիշում է, որ երբ ծնվել է Արզիկը, Կոճողուտ գյուղի մառախլապատ օրը մեկեն բացվել է, և պայծառ արևը շողացել է գյուղի երկնակամարում։ «Այս երեխային մեծ բախտ ու լուսավոր ապագա է սպասում»,- ասել է ծնունդն ընդունող տատմերը։ Եվ այդպես էլ լինում է։ Սերը ծննդավայրից տարածվում-լցվում է Արցախ աշխարհով, այնուհետև ողջ Հայաստանով։ Նրա կենսագրությունն այնքա՜ն հարուստ է նշանավոր իրադարձություններով, որ անգամ միայն տարեթվերը նշելու համար թերթի մի ամբողջ էջ չի բավականացնի։ Այնուամենայնիվ փորձենք առանձնացնել մի քանիսը՝ Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ։ Դեռևս ուսանողուհի` 1965թ. անդամագրվել է ԵՊՀ-ում հիմնադրված ուսանողական գաղտնի կազմակերպությանը։ Ապրիլի 24-ին Երևանի փողոցներն ալեկոծած համաժողովրդական ցույցի մասնակիցների առաջին շարքում քայլում էր Արզիկ Մխիթարյանը՝ ձեռքին Ջոն Կիրակոսյանի նոր լույս տեսած. «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» գիրքը։ Վերադարձը Արցախ և աշխատանքի անցնելը կապված էին լուրջ խոչընդոտների հետ, որովհետև արդեն ուսանող` «շարժել էր» ՊԱԿ-ի «հետաքրքրությունը», և պիտակն էլ պատրաստ էր՝ «ազգայնամոլ»։

Ըմբոստ հայուհին ադրբեջանցիների հայահալած քաղաքականության դեմ իր շիտակ ու անկեղծ խոսքն էր ասում Արցախի մանկավարժական ինստիտուտում (որտեղ արդեն դասավանդում էր)։ Ղարաբաղյան շարժման առաջին օրից զինվորագրվեց ազգային-ազատագրական պայքարին, դարձավ ստորագրահավաքների, հանրահավաքների ակտիվ կազմակերպիչներից և իրականացնողներից։ Հենց շարժման սկզբից «Կռունկ» հասարակական-քաղաքական կազմակերպության վարչության անդամ էր։ Նրա ոգեշունչ ելույթները ինչպես Ղարաբաղում, Երևանում, այնպես էլ Մոսկվայում ու ԱՄՆ-ում (Լոս Անջելեսում կայացած Ամերիկայի Հայկական համագումարի հիմնադրման 25-րդ նստաշրջանում) ընդունվեցին մեծ ջերմությամբ, իսկ այնուհետև դասախոսություններ կարդաց ԱՄՆ յոթ տարբեր նահանգների հայաշատ քաղաքներում։ «Մեծահարգ տիկին Մխիթարյան. Ձեր մեջ մենք տեսանք առողջ մտավորականի և իր ժողովրդի իրավունքների համար պայքարող հայ տիկնոջ կերպարը։ Դուք մեզ փոխանցեցիք Արցախի ժողովրդի պատգամն ու ազատատենչ ոգին»,- այս քաղվածքը Ամերիկայի Հայկական համագումարի ատենապետներ Անի Թոթահի և Հրայր Հովնանյանի նամակից է։

Այժմ հարգարժան Արզիկ Մխիթարյանը Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր է, գիտության վաստակավոր գործիչ, հեղինակ է ավելի քան 40 գիտական հոդվածների, «Հոգեբանություն» դասագրքի, Արցախյան գոյապայքարին նվիրված բազմաթիվ աշխատանքների (այնքան շատ են, որ չգիտես` որը թվես, որը թողնես):

Պարգևատրվել է «Արցախյան շարժման 5-րդ տարի», «Ղարաբաղյան շարժմանը ակտիվ մասնակցության համար», «Վաչագան Բարեպաշտ», «Աշխատանքի վետերան», «Մայրական երախտագիտություն», «Վազգեն Սարգսյան» մեդալներով, բազում հուշանվերներով ու պատվոգրերով։

…Եվ ես հիմա գտնվում եմ նրանց օջախում ու տեղս չեմ գտնում, թվում է, թե մի հրաշք աշխարհ եմ ընկել։ Ես զմայլվել եմ նրա լուսե գեղեցկությամբ, ինտելեկտով, նրա թավիշ ձայնից կախարդվել եմ։ Հոգիս բույն է դրել նրա թագավորության տաքուկ մի անկյունում և չի ուզում պոկվել, ցանկանում է անվերջ լսել, ունկնդիրը լինել Արցախ աշխարհի մասին նրա պատմություններին…

Տիկին Արզիկ Մխիթարյանի ամուսինը՝ Լավրենտ Ղալայանը, ճանաչված, տաղանդավոր նկարիչ է, հեղինակն է Արցախի զինանշանի։ Արցախյան գոյապայքարի տարիներին ծնողներն իրենց 4 տղաների հետ դուրս էին եկել հերոսական պայքարի։ Որդիներից Լեռնիկ Ղալայանը արժանացել է «Առաջին աստիճանի Մարտական խաչ», «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանների, Աշոտը Մարտակերտի ճակատում էր, Արան ծանր վիրավորվեց Ասկերանի պաշտպանական մարտերում, Սանը ծառայության ժամանակ վիրավորվեց։

Ես զարմանքից քար էի կտրել, միևնույն ժամանակ հպարտությունից սիրտս դուրս էր թռչում։ Այ, մտավորական ընտանիք, այ, հայրենասիրություն, երբ ծնողներն իրենք են ռազմի դաշտում և իրենք են ռազմի դաշտ ճանապարհում իրենց չորս որդիներին։ Ղալայան-Մխիթարյան ընտանիքի ամեն մի անդամի մասին կարելի է գրել անվերջ ու սիրով, սակայն այս անգամ փորձեցի իմ երախտիքի խոսքն ասել սիրելի, հարազատ, Արցախի դուստր և Արցախի գանձ, իսկական հայուհի, ընտանիքի մայր Արզիկ Մխիթարյանի հասցեին և շնորհավորել նրան ծննդյան օրվա՝ նոյեմբերի 6-ի կապակցությամբ, որովհետև ծննդյան այդ օրը Կոճողուտի մառախլապատ երկինքը մեկեն բացվեց, ու արև շողաց Արցախի երկնակամարում։ Եվ դա նախանշանն էր Արցախի ինքնորոշման ու Արցախի պետականության հաղթական երթի։

Եվ բարեմաղթանքների, ջերմ խոսքերի հետ ուզում եմ ավարտել իմ անավարտ խոսքը հարգարժան մտավորական Սոկրատ Խանյանի խոսքերով. «Սիրելի, հարգարժան Արզիկ, Աստված շռայլ է գտնվել Ձեր հանդեպ՝ ընծայելով գերադաս գեղեցկություն, արարելու անսպառ եռանդ ու շնորհք, գիտությանը ծառայելու անձնուրացություն, հոգեբան-մանկավարժի նախանձելի ներաշխարհ, կոլեկտիվի սիրելին լինելու անմիջականություն, հոգեպարար ամուսնու, մոր, տատիկի, անսեթևեթ քնքշանք, վերջապես ոչ միայն ծնողաց, այլև ժողովրդի փառավոր դուստրը դառնալու նվիրում ու արժանապատվություն։

Շնորհավոր ծնունդդ, և թող Ձեր ընկերները մասնակիցը լինեն նաև 100-ամյա հոբելյանիդ»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ