Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
...ՈՐ ՉԱՄԱՉԵՄ ՆԱՅԵԼ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՉՔԵՐԻՆ
…ՈՐ ՉԱՄԱՉԵՄ ՆԱՅԵԼ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՉՔԵՐԻՆ

«Հայ զինվորի» առաջիկա համարներում մեր ընթերցողներին կներկայացնենք սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն սպայական դարբնոցն ավարտած և այսօր մեր երկրի սահմանապահ զորամասերում ծառայող սպաներին, որոնք անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները, սպաներ, որոնք ազնիվ ու պարկեշտ վարքուբարքով, իրենց գիտելիքներով մեծապես նպաստում են պաշտպանական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը, զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի և միջանձնային հարաբերությունների լավացմանը։

Գումարտակի շտաբի պետ կապիտան Կարեն Սիմոնյանը գումարտակների հրամանատարների և տեղակալների դասընթացների ժամանակ ճանաչվել է զորամիավորման լավագույն շտաբի պետ: «Նա արժանի է, որ իր մասին գրեք «Հայ զինվոր» թերթում»,- ասաց հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գնդապետ Վ Հարությունյանը` փորձելով ներքին կապով ճշտել նրա գտնվելու վայրը։

-Կապիտան Սիմոնյանը պահակային ավանում պահակախմբի գործնական պարապմունք է անցկացնում, պարոն գնդապետ,- հեռախոսի մեջ լսվեց հերթապահի ձայնը։

Երիտասարդ կապիտանին հանդիպեցինք պահակախմբի գործնական հրահանգավորման ավանում, վաշտից ընտրված պահակախմբի հետ գործնական հրահանգավորում անցկացնելիս: Նա զինվորներին սովորեցնում էր հսկել պահակային ավանն ու նրա մատույցները, ժամապահի հերթափոխման կարգը, նրա գործողությունները հրդեհի դեպքում և այլն։ Պարապմունքի ավարտից հետո գնդապետ Վ Հարությունյանը նրան ներկայացրեց մեզ։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ ավարտելուց հետո լեյտենանտ Կարեն Սիմոնյանը ռուհի ղեկավարությանը խնդրում է չմասնակցել ծառայության վայրի համար կատարվող վիճակահանությանը` ցանկություն հայտնելով ծառայությունը սկսել հենց սահմանամերձ զորամասից։ Ինչ խոսք, գովելի է և խրախուսելի. երիտասարդ սպան չի վախենում սահմանային ծառայության դժվարություններից։ Արդեն մի քանի տարի Կարենը ծառայում է գնդապետ Ա. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասում, հասել է գումարտակի շտաբի պետի պատասխանատու պաշտոնին, իսկ զորամասի հրամանատարությունն էլ միայն դրական է բնութագրում նրան։

Կապիտան Կարեն Սիմոնյանը ծառայության մի քանի հիշարժան դրվագ է մտաբերում։

-Հիշելու շատ բան կա, բայց ինձ` երիտասարդ սպայիս համար թերևս ամենից հիշարժանը պաշտպանության նախարարի հետ երեք հանդիպումներն էին: Առաջինը, երբ նա այցելեց մեր գումարտակ, երկրորդ անգամ, երբ զորավարժության էինք, իսկ երրորդ անգամ` մարտական հերթապահության ժամանակ։ Ստուգայցից հետո Սեյրան Օհանյանը խրախուսեց մարտական հերթապահություն իրականացնող շարքային Կոլյա Սարդարյանին` նրա ձեռքին իր կողմից որպես նվեր տրված ժամացույցը կապելով, և հանձնարարեց իր անունից արժեքավոր նվերներով պարգևատրել ևս վեց զինվորների։ Երրորդ հանդիպման ժամանակ նախարարը հետաքրքրվեց` ամուսնացած եմ, թե՞ ոչ, և երբ ասացի, որ պատրաստվում եմ մինջև տարեվերջ ամուսնանալ, նա խրախուսեց որոշումս, իսկ ես էլ իմ հերթին նրան հրավիրեցի հարսանիքիս։

Պաշտպանության նախարարի հետ այս երեք հանդիպումներն ինձ համար անչափ մեծ նշանակություն ունեցան։ Գիտեք, քչերին կարող է բախտ վիճակվել հանդիպելու իր նախարարին և հետն էլ մի քանի րոպե զրույց ունենալ։ Չեք պատկերացնի, թե զինվորներն ինչքան էին ոգևորվել նախարարի մտերմիկ ու անմիջական պահվածքից, խոսք ու զրույցից։

Ձգտելու եմ է՛լ ավելի լավ ծառայել, ուժս ու եռանդս ամբողջովին նվիրելու եմ զինվորական գործին, հայրենիքիս պաշտպանությանը, այնպես եմ ծառայելու, որ, երբ մեկ անգամ էլ բախտ վիճակվի հանդիպել նախարարին, չամաչեմ նայել նրա աչքերին։

ՍՏԵՓԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ Ա.ՎԱՐԴՈՒՆՈՒ