Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՆՔ ԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ՝ ՍԱ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻՆ
ՄԵՆՔ ԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ՝ ՍԱ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻՆ

Զրույց երգիչ Մայք Մոսսեսյանի հետ

-Մայք, Դուք հրաշալի արևելահայերեն եք խոսում՝ գեղեցիկ, հարուստ բառապաշարով, մինչդեռ մեր նամակագրությունն անգլերեն էր։ Թերևս մեղավորը ես եմ. մտածեցի՝ Ավստրիայում ծնված-մեծացած՝ կդժվարանաք հայերեն գրել։

-Նախնիներս Թեհրանից են։ Նրանք Պարսկաստան են եկել գաղթի տարիներին։ Ծնողներս Թեհրանում են ծնվել։ Ամուսնանալուց հետո նրանք եկել են ուսանելու Ավստրիայում և հաստատվել են այդտեղ։ Մեր տանը հայերենից բացի ուրիշ լեզու չի հնչել։ Երբ պապս ու տատս Պարսկաստանից վերադարձան հայրենիք, Հայաստանի հետ իմ կապն ավելի ամրապնդվեց, ինչը հղկեց նաև լեզուս։

-Մայք, որո՞նք են Ձեր անցած ճանապարհի ամենատաք հանգրվանները։

-Ինքնամփոփ երեխա էի։ Ես լավ դաստիարակություն եմ ստացել։ Հիշում եմ՝ ինչպես էր մայրս քթի տակ դնդնում հայկական ազգային մեղեդիներ։ Հիշում եմ ծնողներիս և նրանց ընկերների միացյալ երգեցողությունը։ Հիշում եմ տարրական դպրոցը… այդտեղ մենաստանի կույսերն էին դասավանդում, բայց տղամարդ ուսուցիչներ էլ կային… Շատ սեր, շատ լույս, շատ ջերմություն կար այնտեղ՝ տաքուկ, ապահով, սիրով լի բույն էր…

-Փաստորեն, հայրենիքից հեռու էլ կարելի է սիրված ու պաշտպանված լինել։ Հենման կետ գտնել…

-Իմ հենման կետը իմ ընկերներն են։ Ես ընկերներ ունեմ աշխարհի տարբեր ազգերից, տարբեր քաղաքկրթությունների կրող, տարբեր մշակույթներից եկած։ Բայց մենք հոգու նույն կառուցվածքն ունենք, նույն քիմիական բաղադրությունը… Մնացած բոլոր բաները երկրորդական են՝ կրթություն, հասարակական դիրք, ազգություն։ Մենք ընկալելի ենք միմյանց՝ սա է գլխավորը։ Օրինակ՝ կուբացի ընկերս՝ Նելսոն Վիլյամզ Հերրերան, բոլորովին այլ իրականության, այլ մշակույթի արգասիք է, բայց իր հոգու բաղադրությամբ, իր մտածողությամբ խորապես ներդաշնակ է ինձ, նա հրաշալի մարդ է և հրաշալի երաժիշտ։

Հարգանքն, իմ կարծիքով, ամենակարևոր գործոնն է մարդկային բոլոր հարարբերություններում։ Նույնիսկ կնոջն ու տղամարդուն իրար կապող ամենաուժեղ զգուցումներից մեկն է։

-Թե՞ սերը։

-Եթե Սերը հարգանքի վրա չի հիմնված, դատապարտված է, շատ կարճ կյանք կունենա։

-Իսկ հայրենիքը… Ի՞նչ է հայրենիքը մի մարդու համար, որի հենման կետը իր ընկերներն են աշխարհի տարբեր ծայրերում։

-Ես լսել եմ, թե ինչպես են մարդիկ ասում՝ երբ ոտքս դնում եմ հայկական հողին, ինձ ավելի վստահ եմ զգում… Ես ինձ ամուր ու երջանիկ եմ զգում աշխարհի ցանկացած ծայրում։ Աշխարհն այնքան գեղեցիկ է, և աշխարհում այնքան բարություն կա։ Ավստրիայում մարդիկ ազնիվ են, կարեկից են։ Գուցե նրանք չունեն պարսիկների սիրալիրությունն ու արևելյան ազգերին հատուկ բարեհաճությունը, բայց հոգու խորքում մարդասեր են ու ազնվաբարո… Այդ ամենով հանդերձ… հայրենիքը տուն է՝ իր լավուվատով, անսակարկելի արժեք է։ Երբ առաջին անգամ եկա Հայաստան ու տեսա, որ փողոցներում ամենուր հայերեն է հնչում, այնպիսի զգացողություն ունեցա, ասես մի մեծ ընտանիքում լինեի, որովհետև հայերեն միայն մեր ընտանիքում էի լսել։ Հայրենիք ունենալը ազգի գոյատևման առաջին պայմանն է։ Համայն աշխարհի հայերը հայրենիք ունեն, այդ պատճառով էլ կան, ապրում են, չեն մոռանում իրենց արմատները։ Հայաստանը համայն հայության հավաքատեղին է, կենտրոնը։ Հայրենիքն այնքան մեծ է, շոշափելի, վառ, որ նույնիսկ անիմաստ է խոսել այդ մասին, բնութագրել… Որտե՞ղ էր ծնվելու մեր հոգու մեղեդին, եթե չլիներ հայրենիքը… Որտե՞ղ էինք ամբողջանալու…

-Իսկ ինչպե՞ս եկաք ջազին… Ձեր հրաշալի բաս-բարիտոնը այնքան ներդաշնակ է ջազային մտածողությանը…

-Երբ ես դասական երգի դասեր էի առնում, ուսուցիչներս ասում էին, որ կարող եմ շատ հաջողակ օպերային երգիչ դառնալ… Թեեւ դասական երաժշտություն շատ էի սիրում, բայց հոգուս խորքում գիտեի, որ ջազն է իմ ճանապարհը, այն ավելի հոգեհարազատ է ինձ։ Ես հաճախել եմ ինժեներների դպրոց և 5 տարի ուսանել եմ ճշգրիտ առարկաներ, ապա սովորել եմ միջազգային բիզնեսի և մենեջմենթի համալսարանում, զուգահեռաբար փորձել եմ ավելի մեծ ժամանակ տրամադրել երաժշտությանը։ Ուսանել եմ նաև «Մաքս Ռայնհարդի համալսարանում և Վալենսիայի ջազային կոնսերվատարիայում, ինչպես նաև Վիեննայի Շուբերտի անվան կոնսերվատորիայում… Որպես ջազային կատարող առաջին անգամ ելույթ ունեցա հայկական համայնքի համար։ 230 մարդու առջև։ Դա մեծ թիվ էր առաջին բեմելի համար։ Ինձ հետ էր դաշնակահար Հովհաննես Ջիբյանը, ով հիմա էլ ինձ հետ է Հայաստանում, երկար տարիներ աշխատում ենք իրար հետ, նա ինքնատիպ ու հրաշալի երաժիշտ է…

-Ես, մասնագիտության բերումով, գիտեմ ինչ է նշանակում հաղորդակցվել անծանոթ, անանուն հոգիների հետ, հուզել նրանց, ձգել դեպի քեզ… Ինչո՞վ է յուրահատուկ ջազի լեզուն…

-Ջազը ազատություն է։ Ջազի սահմանները անսահմանության տիրույթում են, ջազը բնություն է՝ անվերջ փոփոխվող, ջազը ծավալվում է խորքով, ջազում պահի ապրում է… Մայլզ Դեյվիզը ասում էր. «Թող նվագեմ, հետո կասեմ՝ ինչ է»… Այսինքն՝ դու ապրում ես բեմի վրա, բաբախում ես ու չգիտես, թե հաջորդ պահը ինչ է… ու հանկարծ դահլիճը հայտնվում է քո ապրումների տիրույթում, քո ներքին անսահմանության մեջ… Դա աստվածային է…

-Ես գիտեմ դա… Ու հանկարծ ինչ-որ պահի սկսվում է մի տիրական կապը երկու անծանոթ հոգիների միջև… Դա, իրոք աստվածային է… Մենք արդեն երկու ժամ զրուցում ենք, բայց ինձ թվում է 5 րոպե առաջ եմ մտել սրահ…

-Հետո երբ հետ ես նայում, թվում է՝ վերևից ինչ-որ բան եկավ, անցավ քո միջով ու փոխանցվեց մյուսին…

-Հենց այդ է, որ կա…

-Գիտեք, այս աշխարհը այնքան ներդաշնակ է արարված։ Չկա ոչինչ ավելորդ, ամեն ոք աշխարհ է գալիս իր առաքելությամբ։ Ճանապարհին նստած մուրացկանին ես տրամադրում եմ մի քանի րոպե իմ կյանքից.. Ես տեսնում եմ նրան ու մտածում եմ, որ նա իմ կարիքն ունի։ Ես ուզում եմ օգնել նրան։ Ես մոտենում եմ, խոնարհվում եմ նրա առաջ ու ինչ-որ բան եմ տալիս։ Մեր աչքերը մի պահ հանդիպում են իրար։ Հետո ես շարունակում եմ ճանապարհս բավականության զգացումով։ Մտածենք մի պահ՝ գուցե հենց մենք պիտի շնորհակալություն հայտնենք նրան, գուցե նա ավելի շատ մեծ բան տվեց մեր հոգուն, քան մեր՝ նրան տված փողն էր: Հոգին աշխարհ է գալիս, որ ճանաչի, ապրի, զգա, հղկվի, հասունանա…

-Ինչպիսի՞ն է հայ հանդիսատեսը։

-Մի անգամ որոշեցի մասնակցել ԱՄՆ-ի ամենահայտնի «Ջազ-սեսիոններից» մեկին։ Մարդիկ մոտենում էին, սեղմում ձեռքս, զրուցում, երգի ժամանակ իրենց ապրումներն ու հույզերը արտահայտում էին բարձրաձայն։ Հայ հանդիսատեսը յուրահատուկ հարգանք ունի բեմի վրա կանգնած մարդու հանդեպ։ Արվեստը նրա համար զվարճանք ու ժամանց չէ, շատ ավելին է։ Բնականաբար, հայ հանդիսատեսը նաև պահանջկոտ է ու բարձր ճաշակ ունի։

-Կա՞ հայկական ջազ…

-Ոմանք ասում են՝ ջազ Հայաստանում, բայց ոչ հայկական ջազ… Ես կարծում եմ, որ կա հայկական էթնոջազ… Որ դուդուկն ու Կոմիտասը շատ հրաշալիորեն ներդաշնակվում են ջազային կառուցվածքների ու մտածողության մեջ։

-Ի՞նչ է հայկականությունը, ազգային հոգեկերտվածքը, կա՞ նման երևույթ՝ հայկական հոգի…

-Կա… Պատահական չէ, որ մեր ազգը այնքան բան է տվել համաշխարհային քաղաքակրթությանը։ Գիտեք, ես բոլորովին չեմ սիրում ազգային ինքնագովությունը, բայց մենք տաղանդավոր ազգ ենք։ Յուրաքանչյուր երրորդ հայը նկարում է, երգում է, նվագում է, գրում է։ Մենք հետաքրքրված ազգ ենք, ստեղծագործ ազգ ենք։ Մենք չենք ոչնչացնում ուրիշների նման, չենք գողանում։ Արարում ենք։ Մենք արարո՛ւմ ենք, սա է հայկական հոգին… Ու ինչպես ամեն արարող հոգի՝ տաք ենք, զգացմունքային, վառ ենք…

Երբ երկրիդ ներսում ես, քեզ թվում է դանդաղ ես առաջ գնում, սևեռվում ես թերությունների վրա… Բայց հեռվից այնքան պարզ են երևում վերելքի տեմպերը… Ես ամենուր զգում եմ մշակույթի շունչը, արարումի շունչը։ Ամենուր ինչ-որ նրբություն կա, գեղեցկություն կա, մեղմություն կա։

-Շքեղությո՞ւն…

-Չէ, ասածս ոչ մի կապ չունի շքեղության հետ, խոսքս ավելի շատ բովանդակության մասին է… Ի վերջո, մենք պատերազմի միջով ենք անցել, հող ենք ազատագրել և այսօր այսքան հավաք, այսքան բարի, այսքան խրոխտ շարունակում ենք մեր ընթացքը։ Նույնիսկ փորձում ենք համեմատվել եվրոպացիների հետ… Որքան արհավիրք տեսանք միայն 20-րդ դարում։ Մենք կենսունակ, հզոր ազգ ենք, ստեղծագործ ու սիրով լի։ Միշտ առիթ եմ փնտրել ասելու ու հիմա ճիշտ պահն է… Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր երկրի սահմանները պահող զինվորին։ Բառեր չեմ գտնում բնութագրելու նրա սխրանքը։ Պարզապես… շնորհակալ եմ։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ