Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՌԱԲԼՈՒՐՆ ԱՎԵԼԻ ՍՐԲԱՑԱՎ
ԵՌԱԲԼՈՒՐՆ ԱՎԵԼԻ ՍՐԲԱՑԱՎ

Չգիտեմ՝ որերորդ քաջորդուն ամփոփեցինք Եռաբլուրում, բայց գիտեմ՝ այս տղաների սուրբ մարմիները հզորացնում են հայոց հողը: Վերջին հրաժեշտն ենք տալիս մի հայորդու, որ Արցախյան գոյամարտի հենց սկզբից դարձավ ազատության զինվոր: Սարգիս Յարամակյանը՝ մեր սիրելի Սաքոն, հոկտեմբերի 27-ին փակեց աչքերը՝ դառնալով հավերժի ճամփորդ, մնալով մեր սրտերում միշտ հարազատ, միշտ արդարամիտ, միշտ բարի, միշտ հերոս:

Ծնվել է 1960 թվականի փետրվարի 28-ին Երևանում: Ավարտել է թիվ 91 միջնակարգ դպրոցը: 1978-80թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1988-ի դեկտեմբերի երկրաշարժի ծանր օրերին Սպիտակում էր, Գյումրիում: Բերդաձորը մեր նորօրյա հերոսամարտերի կիզակետներից է, որը կապող կամուրջ էր Արցախի և Մայր Հայրենիքի միջեւ: Եվ Բերդաձորի պաշտպանությունը դարձավ շատ տղաների սրբազան գործը: 1989 թվականից նրանց շարքերում էր Սաքոն: Այդ ժամանակ «Հայ դատ»-ը կազմակերպեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը (ԲԻԽ), և շատերս դարձանք այդ Խորհրդի զինվորը:

Սաքոյին առաջին անգամ հանդիպեցի Բերդաձորի Եղցահող գյուղում 1989-ի աշնանը: Աչքի էր ընկնում իր թիկնեղությամբ ու բարձր հասակով, բարի, վստահություն արտահայտող դիմագծերով: Ամենակարևորը խիզախ էր ու քաջալերող: Ինքն էր, Ստեփանը, Գագոն, Անուշավանը, Նորիկը: Թվում եմ անուններ, որոնցից ոմանք չկան (Անուշավանն ու Նորիկն ընկան Քարինտակի հերոսամարտում 1992 թ. հունվարի 26-ին): 1990 թվականի նոյեմբերին օրհասական իրավիճակ էր Բերդաձորում: Ադրբեջանցիները, խրախուսվելով խորհրդային ղեկավարության վարած քաղաքականությամբ, թիկունքում ունենալով հզոր բանակը, մշտապես սադրանքներ էին իրականացնում Բերդաձորում՝ գողանում էին անասուններ, սպանում անասնապահներին, հարձակումներ էին գործում գյուղերի վրա և այլն: Սովորական երևույթ էին դարձել անձնագրային ռեժիմի անվան տակ խուզարկություններն ու բռնությունները, ձերբակալությունները:

Նոյեմբերի 21-ի առավոտյան դիրքերում հանդիպեցի Սաքոյին: 5 հոգով էին, նրանց հետ էր նաև Գագոն: Լուսանկարեցի տղաներին, զրուցեցինք. բոլորի տրամադրությունն էլ բարձր էր. հայոց հողն էին պաշտպանում: Երեկոյան թուրքերը, դարձյալ խորհրդային զինվորականների աջակցությամբ, Լաչինի շրջանի Աղանուս գյուղի կողմից հարձակվեցին Հին Շեն գյուղի վրա: Մի քանի ժամ տևած փոխհրաձգությունից հետո թշնամին հետ շպրտվեց: Մեր տղաներից նահատակվեցին հինշենցի Սամվելը և երևանցի Վաղինակը՝ Սաքոյենց հնգյակից: Չնայած կորուստներին ու բռնություններին՝ Բերդաձորը դիմակայում էր. տղաները տեղում էին:

1991թ. հունվարի 17-ի երեկոյան շենգավիթցի Ստեփան Մուրադյանը, Սաքոն, Խչոն (Խաչիկ Հովհաննիսյան) և Շիրակ Չոբանյանը Բերդաձորի ինքնապաշտպանության առաջամարտիկ, հրամանատար Առնո Մկրտչյանի եղբոր՝ Արմո Մկրտչյանի վարած «վիլիսով» Բերդաձորի Եղցահող գյուղից վերադառնում էին Մեծ Շեն: Եկել էին նոր եկած ազատամարտիկների անձնագրերում գրանցումներ կատարելու: Լաչին-Շուշի ճանապարհը վերահսկող խորհրդային բանակի պարեկները գիտեին, որ հայկական գյուղերի բնակիչները մշտապես այցելում են միմյանց, և իրենց պարտականությունն էր նաև պաշտպանել նրանց: Այդ օրն էլ խորհրդային սպան ձեռքով նշան է անում, որ մեքենան առաջ ընթանա:

-Չանցած մի քանի մետր,-պատմում է Արմոն,-տարբեր զինատեսակներից կրակեցին մեզ վրա:

Մոտ 500 մետր առաջ է քշում մեքենան, սակայն հարյուրավոր գնդակներ քրքրում են երկաթյա մեքենան… Վիրավորվում են բոլոր տղաները, բացի Շիրակից, Սաքոն կորցնում է գիտակցությունը, իսկ Ստեփանը զոհվում է: Շիրակը հասցնում է մեքենայում եղած զենքերը հանել և թաքնվել մոտակա կամրջի տակ՝ ողջ գիշերը մնալով այնտեղ: Զինվորականներն ստուգում են մեքենան, բնական է՝ զենք չեն գտնում և վիրավորներին տեղափոխում սկզբում Շուշի, հետո՝ Ստեփանակերտի հիվանդանոց: Ստեփանակերտում դերասանուհի և ազատամարտի առաջամարտիկ Ժաննա Գալստյանի կազմակերպմամբ կարողանում են տղաներին փախցնել, որ հետագայում չդատապարտվեին որպես ահաբեկիչներ: Սաքոյին տեղափոխում են Երևանի օրթոպեդիկ հիվանդանոց, որտեղ բուժվում է երկար ժամանակ:

Մի քանի տեղից վիրավորված տղաները երկարատև բուժում ստացան, սակայն վերքերն իրենց ազդեցությունը թողեցին: Այսօր էլ Արմոն և Խչոն կրում են պատերազմական վերքերի ծանրությունը: Խաղաղ տարիներին էլ, մինչև կյանքի վերջին օրը, Սաքոն մնաց հայրենիքի իսկական զինվոր: Արմատներով լինելով մուսալեռցի, լսելով տատի պատմածները, թե ինչ չարիքներ են գործել թուրքերը, խիզախ հայորդին երդվել էր վրեժխնդիր լինել հայրենակիցների համար: Քաջորդին անմասն չէր մարտական ընկերների հուզող հարցերին, ամեն գնով փորձում էր օգնել, ընդառաջել: Մենք՝ ԲԻԽ անդամ տղաներս, չմոռացանք իրար, կապը շարունակվեց հիմնականում Սաքոյի միջոցով՝ նրա հյուրընկալ ընտանիքում:

Եռաբլուրում յուրաքանչյուրս մի բուռ հող լցրինք լավագույն տղաներից մեկի՝ մեր մարտական ընկերոջ շիրմափոսը, որը ծածկվեց մի քանի տասնյակ պսակներով ու հազարավոր ծաղիկներով: Եվս մեկ սրբազան շիրիմ ավելացավ Եռաբլուրում, սակայն հերոսի հոգին անմահ է, հավերժի ճամփորդ, որն ապրելու է իր երկու որդիների, դստեր և առայժմ հինգ թոռների մեջ:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ