Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՐԱՆԻ «ԲՆԱԿԱՆ» ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ
ԻՐԱՆԻ «ԲՆԱԿԱՆ» ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ

ԻՐԱՆԱ-ԹԱԼԻԲԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հնարավոր է, որ 2014 թ. Աֆղանստանում դարձյալ իշխանության գան թալիբները: Մեր նախորդ հոդվածում («Աֆղանստանը` աշխարհաքաղաքական գործի՞ք», «Հայ զինվոր», թիվ 43) նշել ենք, որ նրանք կարող են ապակայունացնել իրավիճակը նաև Իրանում: Ըստ այդմ, հարց է ծագում` ի՞նչ բնույթ կարող են ստանալ Իրանի և իշխանության եկած թալիբների հարաբերությունները:

Այս հարցին պատասխանելու համար պետք է հաշվի առնել առնվազն երեք գործոն:

Առաջին. Իրանի և թալիբների միջև կրոնական թշնամանք կա. Իրանը շիա մահմեդականություն դավանող աստվածապետություն է, իսկ թալիբները սուննի մահմեդականության ծայրահեղացված գաղափարների հետևորդ են (նույնպես աստվածապետության կողմնակից):

Երկրորդ. «Թալիբան» շարժման սկզբնավորումից ի վեր Իրանը հակադրվել է թալիբներին` նրանց համարելով Իրանի մրցակից Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և նրանց թիկունքին կանգնած ԱՄՆ-ի գործիքը: Թալիբների իշխանության գալուց հետո Իրանը ակտիվորեն աջակցել է նրանց հակառակորդներին` համագործակցելով Ռուսաստանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ: Բացի այդ, ֆինանսական, նյութական և ռազմատեխնիկական օգնություն է ցույց տվել Աֆղանստանի պարսկալեզու տաջիկներին և շիա խազարացիներին: Իրանի և «Թալիբանի» միջև թշնամանքը գագաթնակետին հասավ 1998 թ., երբ թալիբները Մազարի-Շարիֆը գրոհելիս սպանեցին իրանցի 9 դիվանագետի, և Իրանը քիչ էր մնում զինված ներխուժեր Աֆղանստան:

Հետո, երբ Աֆղանստանի հակաթալիբական ուժերը թուլացան, Իրանը ստիպված եղավ որոշ չափով բարելավել ոչ պաշտոնական հարաբերությունները թալիբների հետ: Թերևս, նրանց միավորողն ընդհանուր թշնամին էր` ԱՄՆ-ը:

Այդուհանդերձ, 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Իրանն աջակցեց Աֆղանստանում միջազգային հակաահաբեկչական գործողությանը. ըստ երևույթին, Իրանի համար թալիբներից ելնող վտանգն ավելի անմիջական էր ու մեծ, քան Արևմուտքի սպառնալիքը: Իրանը միջազգային ուժերին հետախուզական տվյալներ էր փոխանցում թալիբների և «ալ-Քաիդայի» զինյալների վերաբերյալ: Իրանը առաջիններից մեկը ճանաչեց Արևմուտքի դրածո Համիդ Քարզայի իշխանությունն Աֆղանստանում:

Սակայն Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո Իրանը զգաստացավ. ակնհայտ էր, որ ամերիկացիները կարող են օղակի մեջ վերցնել Իրանը` հարվածելով ինչպես արևմուտքից (Իրաքից), այնպես էլ արևելքից (Աֆղանստանից): Դարձյալ սկսեցին լուրեր տարածվել Իրանի և թալիբների հարաբերությունների ջերմացման մասին: 2010 թ. ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Իրանին մեղադրեց թալիբներին զենքով և դրամով օգնելու մեջ: Իրանը կտրուկ հերքեց մեղադրանքը: Նույն թվականին բրիտանական «Sunday Times»-ը հրապարակեց «Թալիբանի» երկու դաշտային հրամանատարների ասածը, թե հարյուրավոր զինյալ թալիբներ ռազմական ուսուցում են անցնում Իրանում: Հուլիսին էլ հանրահայտ «Wikileaks» կայքը հրապարակեց տասնյակ հազարավոր փաստաթղթեր, որոնք հաստատում էին Իրանի համագործակցությունը «ալ-Քաիդայի» և «Թալիբան» շարժման հետ: Այդուհանդերձ, փորձագետների կարծիքով, այդ տեղեկությունը (որը հիմնված է գործակալական հետախուզության` սուբյեկտիվորեն մեկնաբանված տվյալների վրա) հավաստի չէ, և ցայսօր չկա Իրանի և թալիբների համագործակցության որևէ ապացույց:

Վերլուծաբանները, սկզբունքորեն չբացառելով իրանա-թալիբական հնարավոր դաշինքը, դա համարում են զուտ մարտավարական և ժամանակավոր քայլ, որի հավանականությունը խիստ փոքր է (քանի որ երկու կողմերն էլ միմյանց համարում են հերձվածողներ):

Հաշվի առնելով վերոշարադրյալը` ակնհայտ է, որ Աֆղանստանից միջազգային ուժերի դուրսբերումից հետո վերանում է Իրանին և թալիբներին միավորող գործոնը` ընդհանուր թշնամին: Հետևաբար` էլ ավելի հավանական է, որ Իրանի և թալիբների հարաբերությունները վատանան (մանավանդ, եթե հաշվի առնենք գաղտնի բանակցությունների միջոցով թալիբներին իրենց կողմը ձգելու` ԱՄՆ-ի ջանքերը):

ՓՈՒՇՏՈՒՆՆԵՐԸ` ՀՐԵԱՆԵՐԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐ

Երրորդ. թալիբներն ազգությամբ փուշտուններ են (աֆղանցիների ինքնանվանումը), իսկ վերջիններս, հավանական է, ունեն հրեական ծագում: Դա վկայող մի շարք փաստեր կան.

– Ըստ 1840-ական թթ. Քաբուլում բրիտանական հետախուզության ռեզիդենտ Ալեքսանդր Բյորնսի` աֆղանցիները խորապես հավատում են, որ իրենց նահապետներն են եղել բիբլիական Նոյի Սեմ և Քամ որդիները` Կակուլը և Խաբուլը: Մեկ այլ տարածված առասպելի համաձայն` աֆղանցիները սերում են Իսրայելի և Հուդայի արքա Սավուղից. իբր, իրենք բնակվելիս են եղել Սիրիայում, որտեղից Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսոր Երկրորդը մ.թ.ա. 598 թ. նրանց տեղահանել ու վերաբնակեցրել է Պարսկաստանում ու Մեդիայում: Հետագայում նրանք, իբր, գնացել են դեպի արևելք` Գորի (Արևմտյան Հինդուքուշ) լեռնային շրջանները, որտեղի բնիկները նրանց անվանել են «Բանի Աֆղան» (աֆղաններ) և «Բանի Իսրայել» (իսրայելցիներ): Որպես հաստատում` սովորաբար վկայակոչում են ղուրանական Իդրիս մարգարեին, որը հիշատակում է իսրայելական 10 գերեվարված ցեղերի մասին, որոնք հետագայում ապաստանել են Արզարեթ կոչվող ինչ-որ երկրում (ենթադրում են, որ դա Աֆղանստանի Խազարաջաթ շրջանն է):

Եւս մի տարածված առասպելի համաձայն` աֆղանցիների 70 հոգանոց ջոկատը Մեքքայում սխրանք է գործում` կռվելով հանուն իսլամի, և դրա համար Մուհամմեդ մարգարեն նրանց նվերներ է տալիս, օրհնում և ջոկատի հրամանատար Կայսի հրեական անունը փոխում արաբականի` անվանելով Աբդուռռաշիդ («աստծո քաջ ծառա»): Ավանդության համաձայն` Աբդուռռաշիդն ամուսնանում է կուրեյշիթների ցեղապետ Խալիդ բեն Վալիդի դստեր հետ, ունենում չորս որդի` Սարբան, Բետանայ, Գարգաշտ և Կառլանայ անուններով, որոնք դառնում են աֆղանական չորս հիմնական ցեղախմբերի նախահայրերը:

– Հնդիկ պատմաբան, ազգությամբ փուշտուն, դավանանքով` մահմեդական Նավրազ Ջաաթ Աֆրիդին մասնագիտորեն զբաղվում է Իսրայելի կորած ցեղերի փնտրտուքով և փուշտունների հրեական ծագման տեսության կողմնակից է: Թել-Ավիվի համալսարանում կրթությունը շարունակելու ընթացքում 1951 թ. իսրայելական թերթերից մեկին ասել է, որ երբ 12 տարեկան էր, իր քեռին իրեն պատմել է, որ իրենց ցեղը հրեական ծագում ունի, և որ հնում իրենց բռնի ուժով տեղահանել են իսրայելական թագավորությունից: Դրանից հետո Աֆրիդին նվիրվել է իրենց հրեա նախնիներին գտնելու գործին: Ի դեպ, բանավոր ավանդության համաձայն` աֆրիդիների ցեղը սերում է Եփրեմի որդիներից: Հատկանշական է, որ ցեղի ավագ սերնդի ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց հրեական ծագումը, մինչդեռ երիտասարդները գերադասում են չխոսել այդ մասին:

– Ինչպես աֆրիդիների ցեղը, այնպես էլ փուշտունների մյուս ցեղերը հետևում են հրեական սովորույթներին: Մասնավորապես, երեխաներին թլպատում են ութ օրականում: Կանայք ուրբաթ երեկոյան մոմ են վառում և խաղողի գինի հիշեցնող հյութ մատուցում (թեպետ մահմեդական կրոնն արգելում է ալկոհոլ խմել): Բացի այդ, պահպանում են Հնգամատյանում նկարագրված մաքրության կանոնները: Նրանցից շատերը կրում են ապարանջան, որի վրա եբրայերեն գրված է «Շմա Իսրայել»` «Լսի՛ր, Իսրայել»:

-Փուշտունների բազմաթիվ ցեղերի ներկայացուցիչներ հաջողության ու երջանկության համար կրում են վեցթևանի «Դավթի աստղի» նշանով թալիսմաններ:

-Փուշտունների հաճախ հանդիպող անունները շատ նման են հրեական անունների` Ռաբանի (Ռուբեն), Աշուրի (Աշեր), Աֆրիդի (Եփրեմ), Շինմարի (Շիմոն), Յուսուֆ-Զայ (Հովսեփ):

– Փուշտունները թեփուկ չունեցող ձուկ չեն ուտում: Կենդանու միսը մշակելիս էլ անպայման կտրում են ազդրի ջիլն ու դեն նետում (հրեաներն այդպես են վարվում այն բանից հետո, երբ, ինչպես պատմվում է Աստվածաշնչում, Աստծո հրեշտակը մի ամբողջ գիշեր պայքարում է հրեաների 12 ցեղերի նախահոր` Հակոբի դեմ ու, չկարողանալով հաղթել նրան, Հակոբի անունը դնում է Իսրայել` միաժամանակ վնասելով նրա ազդրի ջիլը): Փուշտունները չգիտեն այդ սովորույթի պատճառը:

-Փուշտունների հանգստյան օրը շաբաթն է:

-Փուշտունների լեզվում կան բավականին մեծ թվով ասացվածքներ աստվածաշնչյան թեմաներով: Օրինակ` «Խար ֆարաոնի` ռա Մուսա», այսինքն` «Ամեն փարավոն իր Մովսեսն ունի»:

-Իսրայելի երկրորդ նախագահ Իցհակ Բեն-Ցվին` Արևելյան համայնքների ուսումնասիրման իսրայելական ինստիտուտի հիմնադիրն ու առաջին ղեկավարը, 1957 թ. իր հրատարակած «Վտարվածներն ու վերադարձածները» գրքում բերում է փուշտունների` հին իսրայելացիներից սերելու մի շարք վկայություններ:

-Աֆղանստանի վերջին միապետ Զահիր-Շահը (1914-2007) իր նախնիների մասին հարցին ի պատասխան ասել է, որ արքայական ամբողջ ընտանիքը սերում է իսրայելական ցեղերից մեկից: Իրենց հրեական արմատներն են մատնանշել նաև աֆղանցի հայտնի բանաստեղծ, քաղաքական ու ռազմական գործիչ Գուլյամ Մուհամմադ Թարզին (1830-1900) ու նրա որդին` Մահմուդ Թարզին (1865-1933), որը համարվում է «աֆղանական լրագրության հայր»:

– 2001 թ. դեկտեմբերին ամերիկյան «Վեստնիկ» ռուսալեզու ամսագրում տպագրվեց ամերիկացի հայտնի հրապարակախոս, ծնունդով լիտվացի Սայ Ֆրումկինի (1930-2010) «Մեր եղբայր թալիբները» հոդվածը: Դրանում պատմվում է, թե ինչպես մի անգամ Ֆրումկինը Սպիտակ տան մոտ լուսանկարում էր Աֆղանստանում խորհրդային զորքերի ներկայության դեմ բողոքի ցույցը, որին մասնակցում էին հարյուրավոր աֆղանցիներ: «Նկատեցի, որ աֆղանցիներից մեկն ուշադիր զննում է խորհրդային հրեաների ազատության համար պայքարի մասնակցի իմ կրծքանշանը, որն ամրացված էր բաճկոնիս,-գրում է Ս.Ֆրումկինը:- Հետո աֆղանցին անսպասելիորեն ասաց. «Արի, եղբայր, արի մեզ հետ, մենք փուշտուն ենք, նշանակում է` այստեղ բոլորս հրեա ենք»: Աֆղանցին լրագրողին պատմում է, որ անգլիացիները, որոնք 19-րդ դարում փորձում էին նվաճել Աֆղանստանը, տեղաբնակներին անվանում էին «հրեաներ»` ռազմատենչության ու անհնազանդության համար: Ասում է նաև, որ փուշտունների պատվո վարքականոնում` «Փուշտունվալիում» երեք սկզբունք կա` հյուրասիրություն, հավատարմություն խոսքին և «ակն ընդ ական». վերջինը քաջ հայտնի է Հին Կտակարանից:

Ասվածից բխում է, որ թալիբները և փուշտուններն առհասարակ կարող են ստանձնել Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի շահերը տարածաշրջանում առաջ տանողի դերը: Այլ կերպ ասած` չի բացառվում, որ փուշտուններն Իրանի «բնական» հակառակորդներն են:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ