Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԿՈՓՎԱԾՔ
ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԿՈՓՎԱԾՔ

Գնդապետ Ա.Կոտոյանի հրամանատարությամբ գործող զորամասի ճամբարային հավաքը կավարտվի ցուցադրական զորավարժությամբ

Հետախուզությունը բարդ ու դժվարին, բայց, միևնույն ժամանակ, չափազանց հետաքրքիր մասնագիտություն է: Այն ինչ նպատակ էլ հետապնդի` քաղաքական, տնտեսական, թե ռազմական, հետախույզից պահանջում է հարուստ գիտելիքներ, մասնագիտական պատրաստվածություն, վերլուծական կարողություն, հնարամտություն, բարոյակամային և ֆիզիկական բարձր որակներ, նպատակասլացություն ու, բնականաբար, անսահման հայրենասիրություն:

Հետախուզական աշխատանքում հայերը երբեք շարքային ծառայողներ չեն եղել, ընդհակառակը, միշտ գործել են «առաջնագծում» և կատարել են «գլխավոր» դերեր: Արցախյան պատերազմում մեր հաջողությունները մեծ մասամբ պայմանավորված էին հենց հետախույզների աշխատանքի արդյունավետությամբ: Անհրաժեշտությունից ելնելով, կամավորական ջոկատների հետախուզական խմբերում ընդգրկված, բայց մասնագիտական որևէ պատրաստություն չանցած այդ տղաներն իրենց առջև դրված խնդիրները կատարում էին բացարձակ ճշտությամբ, հաճախ օգտագործելով «ժողովրդական» հետախուզության պարզ ու չափազանց արդյունավետ մեթոդները:

Ազգային բանակի հետախուզության հիմքը դրվել է քսանմեկ տարի առաջ: Նոր-նոր ձևավորված խմբերը, թրծվելով շարունակվող պատերազմում, մասնակցեցին նաև ամենաբարդ ու վճռորոշ ճակատամարտերին: Այսօր զորատեսակն ամենամարտունակներից է մեր բանակում: Զորամասերն ու առանձին ստորաբաժանումները համալրվում են մտավոր ու ֆիզիկական բարձր տվյալներ ունեցող պարտադիր ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով: Հետախույզների ուսումնական ծրագրերն էլ առանձնանում են իրենց հարստությամբ ու յուրօրինակությամբ, որոնց հաղթահարումը զինվորին դարձնում է սովորականից ավելի ուժեղ, համարձակ ու մարտունակ:

Գնդապետ Արսեն Կոտոյանի հրամանատարությամբ գործող զորամասը հերթական ճամբարային հավաքն է անցկացնում, որն այս անգամ ավարտվելու է մասնագիտական տոնի առթիվ կազմակերպվող ցուցադրական զորավարժությամբ: Օրվա համար հերթական պարապմունքից առաջ զրուցեցինք հրամանատարի հետ:

-Մեր անձնակազմը միշտ պատրաստ է կատարելու վերադաս հրամանատարության կողմից ստացվող հնարավոր բոլոր առաջադրանքները: Մարտական պատրաստականությունն ինձ գոհացնում է, իսկ ամենաշատն ուրախացնում է զորամասում տիրող բարոյահոգեբանական վիճակը, հմտությունները մշտապես զարգացնելու և կատարելագործելու ձգտումը: Եթե ասեմ, որ ամբողջությամբ կատարվել են ընթացիկ ուսումնական տարվա համար նախատեսված ծրագրերը, քիչ բան ասած կլինեմ, որովհետև գործնական պարապմունքներն այնպիսի առարկաներից, ինչպիսիք են կրակայինը, օդադեսանտային պատրաստությունը (պարաշյուտային թռիչքները), ֆիզպատրաստությունը և այլն, նախորդ տարիների համեմատ երկու-երեք անգամ ավելի շատ են կատարվել, չորս անգամ ավելացել է ազատ անկումով պարաշյուտային թռիչք կատարողների թիվը: Անցած ժամանակաշրջանում մասնակցել ենք մի շարք զորավարժությունների, որոնցից են բանակային երկու զորամիավորումների, ինչպես նաև ռուսական զորախմբի հետ անցկացվածները: Եթե նախորդ տարիներին զորամասը ճամբարային հավաքները, մարզումներն անցկացնում էր նախատեսված երեք ուսումնական կենտրոններում, ապա այս տարի մենք մարզումներ ենք անցկացրել պաշտպանության նախարարության, զորամիավորումների և զորամասերի ենթակայության տակ գտնվող մի շարք այլ զորավարժարաններում և ուսումնական կենտրոներում, որոնք գտնվում են ամենատարբեր բարձրություններում և բնակլիմայական պայմաններում: Նպատակն այն է, որ զինծառայողներն ամենուր գործելու կոփվածք ձեռք բերեն:

♦♦♦

Այնուհետև տարբեր ուսումնական կետերում ստորաբաժանումների զինվորները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտությունները և զինանոցում առկա առանձին զենքերն ու սարքավորումները:

Տեղամասերից մեկում մենք տեսանք տարբեր տիպի թաքստոցներ, կապիտան Առուշանյանի հետախույզները ցուցադրեցին հակառակորդի զինվորների վնասազերծման, կապկպման ու գերեվարման իրենց հմտությունը: Ակնթարթների ընթացքում աննախանձելի վիճակում հայտնվեցին «հակառակորդներ»՝ շարքային Գեւորգ Սարգսյանը, եֆրեյտոր Ալբերտ Աբովյանը, կրտսեր սերժանտ Վազգեն Դավթյանը: Ձեռնամարտի հմտությամբ փայլեցին շարքայիններ Հարութ Սահակյանը, Նարեկ Խնկոյանը, եֆրեյտոր Վրեժ Ոսկանյանը, մյուսները: Ցուցադրվում էին նաև առաջին բուժօգնության միջոցները, դեսանտավորման պարագաները (պարաշյուտային դեսանտ և նույնը ուղղաթիռից իջնելով` «ֆալստրոպ»): Տեսանք նաև մասնագիտական հանդերձանքներ, որոնց մի մասը տեղական արտադրության էր: Լեյտենանտ Հովհաննիսյանը հանգամանորեն պարզաբանեց ցուցադրվող զենքի, զինամթերքի, սարքավորումների հնարավորություններն ու օգտագործման ձևերը:

Այնուհետև ականատես եղանք մարտական ստորաբաժանումների մասնագիտական գործողություններին: Սկզբում մարտական ձեռնամարտի իրենց վարպետությունը ցույց տվեցին «Փոքր Մհերի» հայկազունները, նրանցից հետո ավագ լեյտենանտ Գ.Հովհաննիսյանի ղեկավարությամբ ցուցադրվեց «դարանակալում», մայոր Վ. Օհանյանի զինվորների կողմից` «հանկարծակի հանդիպում հակառակորդի հետ», մայոր Ա. Սարգսյանի խումբը ցույց տվեց հատուկ կրակային վարժություն` օգտագործելով թիրախային իրադրությունը: Եղան նաև ձեռնամարտի ցուցադրություններ սակրավորային բահի և Կալաշնիկովի գնդացրի օգտագործմամբ: Զինվորների մեջ մեծ թիվ էին կազմում մարզիկները, մեր երկրի և տարբեր միջազգային մրցաշարերի հաղթողներ ու մրցանակակիրներ: Նրանցից են Սևակ Պողոսյանը, Արմեն Իգնատոսյանը, Էդգար Ծառուկյանը, Արտյոմ Առաքելյանը, Սեյրան Հովհաննիսյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Արմեն Իսկանդարյանը, Արման և Արմեն Ավագյանները, Արամ Արզումանյանը և շատ ու շատ ուրիշներ:

Տեսնելով այս հետախույզ զինվորների մարտավարամասնագիտական պատրաստականության բարձր աստիճանը, համոզվում ես, որ զորամասում տարվող աշխատանքները խիստ նպատակային են, որ ջոկատներն ու խմբերն ի վիճակի են կատարելու ամենաբարդ ռազմական խնդիրները, որ տարիներ շարունակ զորամասը հմուտ զինվորներ է պատրաստում հայրենիքի պաշտպանության համար, և հետախույզների այսօրվա սերունդը պատվով է շարունակելու ավագ սերնդի լավագույն ավանդույթները:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան