Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԸ ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՔ Է ՔԱՅԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԱՅԸ ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՔ Է ՔԱՅԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ստեփան Կուրտիկյանը սովորում է ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի 4-րդ կուրսում: Հայտնի լրագրող, գրականագետ Ստեփան Կուրտիկյանի ծոռն է: Չափազանց կիրթ, բազմակողմանի զարգացած երիտասարդ է Ստեփանը, եւ այնքան էլ վաղուց չէ, որ զորացրվել է, ու բնականաբար մեր զրույցը ծավալվում է բանակային թեմայի շուրջ:

-Սլավոնական համալսարանի 3-րդ կուրսում դիմում գրեցի, տարկետում վերցրի եւ գնացի ծառայության,- պատմում է Ստեփանը,- բանակի մասին տարբեր խոսակցություններ էի լսել` ե՛ւ վատը, ե՛ւ լավը: Բանակը մեր հասարակությունից կտրված չի կարող լինել, եւ այն, ինչ առկա է մեր հասարակության մեջ` թե՛ դրականը, թե՛ բացասականը, բնականաբար, իր անդրադարձը պետք է ունենա նաեւ բանակում: Կյանքի մի փուլ էլ բանակն է` իրեն հատուկ դժվարություններով:

Տարբեր շրջաններից, տարբեր խառնվածքով եւ մտածելակերպով, տարբեր ընտանիքներից ու տարբեր կրթության ու մակարդակի տեր տղաներ գալիս են ծառայության: Ամեն մեկն էլ բանակի մասին ունի պատկերացումներ, որոնք ձևավորվել են ծանոթի, հարեւան-բարեկամի, ընկերոջ, եղբոր պատմածների հիման վրա և փորձում է հետևել ինչ-որ գրված ու չգրված օրենքների: Խոստովանեմ` սկզբում դժվար էր, ամեն մեկս էլ մի քիչ լարված էինք, ու այդ լարվածությունը խանգարում է սկզբնական շրջանում ճիշտ հարաբերություններ հաստատելուն: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ, ու բանակային կյանքն արդեն ընթանում էր իր հունով` զինվորանում էինք…

Ես ուսումնական զորամասից հետո տեղափոխվեցի տանկային զորամաս, նշանառու-օպերատոր էի: Երբեւէ չէի մտածել, որ այսչափ կսիրեմ տանկիստի գործը, որ զինվորական տեխնիկան էլ իր հրապույրները կունենա:

– Ստեփան, ինչպե՞ս էր անցնում բանակային առօրյան:

-Չափազանց հագեցած էր, զինվորական գիտելիքներ ստանալուց զատ, մենք նաեւ ֆիզիկական վարժություններ էինք կատարում, մարզվում-կոփվում: Ամենասկզբում պտտաձողի վրա ընդամենը 10 ձգում էի կատարում, ծառայությանս ավարտին` արդեն 30-ից ավելի: Կոփվում էինք, առնականանում, տղամարդ դառնում,-ժպտալով ասում է Ստեփանը ու շարունակում,-զորամասում նաեւ մշակութային միջոցառումներ էին կազմակերպվում, որոնց ես ակտիվորեն մասնակցում էի, երգում (երաժշտական դպրոց եմ ավարտել):

Ազատ ժամանակ ընթերցանությամբ էի զբաղվում, հատկապես պատմությանը եւ մշակույթին վերաբերող գրքեր էի կարդում, լավ գրադարան ունեինք: Բանակում նաեւ լավ, հավատարիմ ընկերներ ձեռք բերեցի, նրանց հետ կապը մինչ օրս էլ պահպանում եմ: Մի խոսքով` լավ զորամասում եմ ծառայել: Իհարկե, բանակում ամեն ինչ չէ, որ հարթ ու սահուն է ընթացել, բայց, միեւնույն է, ծառայությանս տարիները միշտ էլ առանձնակի ջերմությամբ կհիշեմ:

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս նոր զորակոչվողներին:

-Պարզապես ազնիվ լինել բոլոր հարաբերություններում: Սա է ամենագլխավորը: Մի քիչ ավելի հանդուրժող լինեն, ներողամիտ, հարգանքով:

-Ստեփան, դու բանակում կոփվել ես, լավ ընկերներ ձեռք բերել, բարեխիղճ ծառայությունդ էլ գնահատվել է ` խրախուսվել ես բազմաթիվ պատվոգրերով: Բանակը քո մեջ միայն ջերմ հիշողություններ է արթնացնում: Հետո, երբ արդեն զորացրվեցիր, բանակային կարգուկանոնից հե՞շտ էր անցումը քաղաքացիական կյանքին:

-Հիշում եմ` առաջին օրերին շատ վաղ էի արթնանում, երկար ժամանակ նաեւ զինվորական համազգեստս էի կրում, մի տեսակ դժվարանում էի ուրիշ հագուստ կրել: Հետո արդեն քաղաքացիական կյանքը վերցրեց-կլանեց իր շրջապտույտի մեջ, ու բարեւ ուսանողական կյանք…

-Դու սովորում ես սլավոնական համալսարանի զբոսաշրջության ու գովազդի ֆակուլտետում:

-Սիրում եմ շրջագայել, եղել եմ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում, հիացել մեր հայրենիքի գողտրիկ անկյուններով, շրջագայել եմ նաեւ այլ վայրերում: Մայրս ուկրաինուհի է, Ուկրաինայում եւս եղել եմ, գեղեցիկ երկիր է, բայց Հայաստանն ինձ համար ամենահարազատ անկյունն է: Ծառայությունիցս հետո հայրենիքիս ամեն սանտիմետրը ավելի թանկ ու հարազատ է դարձել: Իմ հողն է, իմ ջուրը, իմ հայրենիքը….

– Գիտեմ, որ բանակից հետո պապիկիդ` հայտնի պրոֆեսոր Տիգրան Կուրտիկյանի հետ միասին բարձրացել եք Արարատի գագաթը:

-Պապս վաղուց էր նպատակադրվել բարձրանալ մեր բիբլիական Արարատը, ու վերջապես նպատակն իրականություն դարձավ: Քրդերի ուղեկցությամբ բարձրացանք լեռը: Դժվար էր հաղթահարելը, բայց մենք առաջ էինք գնում: Հասանք գագաթին, մեզ հետ լեռ բարձրացող հայերը եռագույն դրոշ էին վերցրել, ու Արարատի սպիտակափառ գագաթին փողփողում էր հայոց եռագույնը… Արարատի վեհաշուք կատարից հայացք ես ձգում քո պատմական հայրենիքի վրա, ու սիրտդ ալեկոծվում է .. Բառերն անզոր են նկարագրելու ապրումներդ: Դա մի անբացատրելի զգացողություն էր… անհուն հրճվանքին, հպարտությանը խառնված էր նաեւ տխրություն, ցավ…

Տեսանք Արեւմտյան Հայաստանը` Կարս, Անի, Վան… Հարուստ եւ անմոռանալի, անկրկնելի տպավորություններով տուն դարձանք:

…Մասնագիտությանս բերումով ես զբոսաշրջիկների հետ կշրջեմ Հայաստան աշխարհով ու հպարտությամբ նրանց կծանոթացնեմ մեր հայրենիքի պատմամշակութային վայրերին:

Մի լուսավոր երազանք ունեմ, տա Աստված, իրականություն դառնա. ուզում եմ, որ հայը Արեւմտյան Հայաստան ոտք դնի տիրոջ իրավունքով, այլ ոչ թե զբոսաշրջիկի:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ