Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՎԱՏԱ՛ՆՔ ԵՐԳԻ ՈՒԺԻՆ
ՀԱՎԱՏԱ՛ՆՔ ԵՐԳԻ ՈՒԺԻՆ

Վաղուց արդեն աշխատանքային ու բարեկամական սերտ կապեր են հաստատված «Հայ զինվոր» պաշտոնաթերթի և այն տպարանի («Հենակետ») միջև, որտեղ ահա քսան տարի տպագրվում է մեր թերթը, և չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հենց տպագրիչներն են մեր թերթի առաջին ընթերցողները: Այնպես որ` վաղուց արդեն սովորական է հնչում նրանց հարցը, բարև-Աստծու բարևից հետո` «Էհ, ի՞նչ լավ բան եք տպագրում այս համարում»:

Ամեն անգամ, երբ այս հարցը հնչում է, ես ակամայից մեր խմբագրության հարևանությամբ աշխատող ծերունի պահակին եմ հիշում, որ գարնան, ամռան ու աշնան տաք օրերին, հիմնարկի մուտքի առջև նստած, օրվա թերթերն է աչքի անցկացնում, մինչև ղեկավարությունը կժամանի: Ես ինքս էլ ամեն առավոտ նրա կողքով գործի շտապելիս նույն հարցն եմ նրան տալիս` «Է՜հ, ի՞նչ են գրում թերթերը», և նա գլուխը թերթից կտրելով՝ ձեռքը տարածում է` «Հեքիա՜թ»` ծոր տալով վերջին վանկը:

Թերթի հերթական` 1005-րդ համարն էլ բացառություն չեղավ. տիկին Ասյան` տպարանի ամենավաստակած շատ աշխատակիցներից մեկը, սովորականի պես հարցրեց. «Էհ, ի՞նչ լավ բան եք տպում այս համարում»: Եվ չսպասելով պատասխանի, անցավ իր գործին. վերցրեց մեխից կախված ռետինե ձեռնոցները, ստվարաթղթի միջից հանեց ցինկե տպագրական թիթեղն ու փռեց համապատասխան գուռի տախտակե հարթակի վրա…

Տիկին Ասյայի հարցն ինձ հիշեցրեց թերթ կարդացող ծերունու պատասխանը` «Հեքիա՜թ», և ակամայից մանր-մանր ծիծաղեցի… Տիկին Ասյան մի պահ գործը թողեց, շուռ եկավ իմ կողմը` հավանաբար համոզվելու, թե իսկապես ծիծաղում եմ, թե ոչ… Ստիպված հեռվից պատմում եմ պահակի պատմությունը: Ինքն էլ է ծիծաղում, նույնիսկ ինձնից բարձր: Հետո հանկարծ լրջանում է, շուռ է գալիս իմ կողմը.

-Էհ, ճիշտ է ասում խեղճ մարդը… Էս ժողովուրդը, էս երկիրը հազար հոգս ունի, իսկ ի՞նչ են գրում թերթերը… Ինչի՞ չեն ասում, չեն գրում` ա՛յ ժողովուրդ, էս ո՞ւր եք գնում, էս ինչի՞ եք ձեր տուն ու տեղը քանդում ու գլխապատառ փախչում… Ինչի՞…

…Երկաթե գուռի մեջ ուժեղ շիթով թափվող ջրի ձայնը խլացնում է տիկին Ասյայի ձայնը, ու չեմ լսում նրա խոսքերի շարունակությունը: Վեր եմ կենում տեղիցս ու մոտենում եմ նրան. նա հիմա տպագրական ցինկե թիթեղը ինչ-որ կանաչավուն քիմիական լուծույթով է պատում…

-Ասում եմ` թող գրեն` ինչի՞ են մարդիկ թողնում իրենց տուն ու տեղն ու գնում հեռու, օտար երկրներ,- ջրի ծորակը ամուր փակելուց հետո ձայնի նույն լարվածությամբ, նույն տեմբրով շարունակում է իր խոսքը տիկին Ասյան: Հետո ստվարաթղթերի միջից հաջորդ ցինկե թիթեղն է դուրս բերում ու խնամքով փռում նույն մետաղյա սաղրիկ գուռի մեջ: Բայց մինչ ջրի ծորակը նորից կբացի, շուռ է գալիս իմ կողմն ու ուղիղ նայում է աչքերիս մեջ.

-Երեկոները, երբ ուշ եմ տուն գնում, անկախ ինձնից, նայում եմ շենքերի պատուհաններին ու լուսավորված տների պատուհաններն եմ հաշվում… Մեկ, երկու, երեք… Մեկ-մեկ էլ ինձ մխիթարում եմ` գուցե՞ ննջարանների կողմից եմ նայում, դրա համար են մութ պատուհանները շատ… Առաջ միայն տղամարդիկ էին գնում` աշխատանքի, հիմա ախր ընտանիքներով են գնում, ազգ ու տակով… Բա ո՞վ պետք է այս երկիրը պահի, շենացնի, ո՞վ պետք է վարի, ցանի… Ո՞վ պետք է կառուցի…

Նայում եմ տիկին Ասյայի կապո՜ւյտ-կապո՜ւյտ աչքերին. ինչքան տխրություն ու անկեղծ վիշտ ու տագնապ կա նրա վճիտ աչքերի խորքում…

-Խնդրում եմ` դուք էլ գրեք այդ մասին, դուք էլ տագնապ բարձրացրեք… Չէ՞ որ զինվոր ենք կորցնում, հայրենիքի պաշտպան… Զինվորը ձեր թեման չէ՞…

Եվ նորից խելացնոր ուժով սաղրիկ գուռի մեջ է թափվում ծորակի ջուրը` այս ու այն կողմ ցայթքեր շաղելով…

Ասյա Գևորգյանի մասին տարիներ առաջ մեր թերթում գրել ենք. նա սերում է մի պատվավոր ընտանիքից, որն անուրանալի վաստակ ու երախտիք ունի… Գևորգյանների արական սեռի ներկայացուցիչները զինվորականներ են եղել, Ասյայի հայրն ու հորեղբայրները Հայրենական պատերազմի մասնակից են, հայրը կռվելով Բեռլին է հասել, հորական պապը հայկական ազատագրական կռիվների հանրածանոթ կազմակերպիչներից է, երգերում ու ժողովրդական բանահյուսության մեջ գովերգված հերոս Առաքելն է` Սարսափ Առաքելը… Այս անունը բարձրաձայն արտասանելիս մարդու հոգուց աննկատ դուրս են հոսում հայտնի և սիրված ֆիդայական երգի տողերն ու մեղեդին` Առաքել, Մուշեղ // Լեռներից իջան, // Ավերակ ջաղաց, հոգի ջան, օթևան եղան, // Դե՛ զարկեք, զարկեք, // Դե զարկեք քաջ-քաջ, // Տիրոջ սուրբ կամքով, հոգի ջան, // Մենք կերթանք առաջ… Հիշում եմ, թե ինչպիսի հպարտությամբ էր տիկին Ասյան պատմում իր լեգենդար պապի մասին, մի տեսակ տղամարդավարի էր հպարտանում. «Ո՞վ ռիսկ կաներ Սարսափ Առաքելի դեմը կանգնել, ո՞վ… Անունն արդեն ամեն ինչ ասում է… Նրան թիկունքից են խփել, դիմացից ո՞վ սիրտ կաներ. մեկը մոտեցել է նրան, պապս արոր անելիս է եղել, ծխամորճը վառել է, մյուսները ետևից խփել են…»: Նաև հիշում եմ, թե ինչպիսի խոր թախիծով եզրափակեց իր պապի մասին պատմությունը. «Պապիս զոհվելու տեղը մոտավորապես գիտենք, բայց, թե նրա անշնչացած մարմինը ի՞նչ է եղել, որտե՞ղ են թաղել, ոչինչ հայտնի չէ: Տատս հաշվեհարդարի վախից, երեխաներին առել ու փախել է… Այդպես էլ չիմացանք, չիմացվեց, թե պապս որտե՞ղ է թաղված… Հորեղբայրս իր գերեզմանի քարի վրա պապիս` իր հոր, մեր ունեցած միակ լուսանկարն է փորագրել տվել` սպիտակ փափախը գլխին, զենքը ձեռքին, պատրոնդաշը` դոշին… Ինչքա՜ն նման են.. Ընդհանրապես, մեր տոհմի բոլոր տղամարդիկ շատ նման են մեր Առաքել պապին. երբ ուշադիր մի կետի են նայում, մի քիչ աչքերը շլում են… Այսպես խոսում-պատմում եմ ու մտածում` ով գիտե, աշխարհը մեծ է, մեկ էլ տեսար՝ մեկը կարդաց ու Առաքել պապիս գտնվելու մասին մի լուր տվեց… Աշխարհում ոչինչ գաղտնի չի մնում…»:

-Սուրճ կխմե՞ք,- ինձ իրականություն է վերադարձնում տիկին Ասյայի ձայնը: Նայում եմ` ռետինե ձեռնոցներն արդեն հանել, կախել է մեխից, նշանակում է` ինքն իր աշխատանքն արդեն արել-վերջացրել է: Ուշացումով, բայց պատասխանում եմ նրա հարցին.

-Տիկի՛ն Ասյա, գրում են, մենք էլ ենք գրում, այնպես չէ, որ չեն գրում, չեն խոսում, չեն անհանգստանում…

-Ուրեմն` քիչ եք գրում… Ամեն օր գրեք… Լացս գալիս է, երբ տեսնում եմ գաղթի ճամպրուկները կապած մարդկանց: Հատկապես խղճում եմ մեծահասակներին, որոնցից շատերն էլ չեն տեսնի իրենց տունը, տեղը… Ո՞ւր են գնում…

Նայում եմ տիկին Ասյային և նրա կապույտ աչքերի խորքում ծվարած տագնապն եմ տեսնում… Հարցը, որ լեզվիս վրա է, դժվարանում եմ բարձրաձայն արտասանել, մի տեսակ անհարմար է թվում, ոչ տեղին… Մտածում եմ` թերևս կվիրավորեմ… Եվ հանկարծ նա, ասես կարդալով մտքերս, պատասխանում է ինձ.

-Մեր ընտանիքը փոքր ընտանիք չէ, նույնիսկ բավականին մեծ է, բայց մեզանից դեռ ոչ ոք չի մեկնել և, մտածում եմ, չի մեկնի…

-Ապահովված եք…

-Չէ, բոլորի նման, ամբողջ ժողովրդի…

-Իսկ ի՞նչն է պահում… ե՞րգը, հայրենասիրությո՞ւնը,- ասում եմ ես ու անմիջապես էլ զղջում խոսքերիս, հատկապես «երգը» հիշատակելուս համար: Դեռ լավ է, որ երգի վերնագիրը չասացի… Բայց վիրավորանքի նշույլ անգամ չեմ նկատում տիկին Ասյայի կապույտ աչքերի խորքում…

-Այո՛, նաև երգը… Չե՞ս նկատել` վերջերս այդ երգը քիչ են երգում… Համերգները նկատի չունեմ` ժողովուրդը… Իսկ մի ժամանակ ամեն տնից ու բացված պատուհանից «Առաքել-Մուշեղն» էր հնչում… Ե՞րբ եմ առաջին անգամ այդ երգը լսել, չեմ հիշում, ինձ թվում է՝ այդ երգի հետ ես ծնվել եմ կամ մայրական կաթի հետ` ծծել… Իսկ գիտե՞ս, որ «Առաքել-Մուշեղը» մի քանի տարբերակ ունի. մեկը…

-Ես երկուսը գիտեմ, տիկին Ասյա, ընդ որում, մեկը ընկերս է մշակել` Թովմաս Պողոսյանը…

-Ես հենց այդ տարբերակն եմ բոլորից շատ սիրում: Այնտեղ ահա այսպիսի տողեր կան /երգում է/.

Առաքել, Մուշեղ, Սերոբ լացին,

Երեք կտրիճներ, հոգի ջան, նահատակվեցին:

Երկինք թող շնորհե նրանց սուրբ պսակ,

Մենք էլ միշտ հիշենք, հոգի ջան, նրանց հիշատակ:

Ա՛յ, այդ մեծերի, ազգի այդ սուրբ նահատակների հիշատակը մենք պետք է մեր հոգիներում վառ պահենք, եթե ուզում ենք ուժեղ ազգ ու պետություն լինել… Առանց երգի դժվար է պայքարել ու ապրել… Այդ երգերը կամաց-կամաց մոռանում ենք, դրա համար էլ պարտվում ենք… Բայց միայն երգով չէ… Ես այնքան միամիտ չեմ, որ նման բաների հավատամ… Մենք պետք է ազգովի, բոլորս միասին այս հայրենիքը ապրելու, արարելու, ստեղծագործելու տեղ դարձնենք… Սա միայն իշխանությունների խնդիրը չէ, այլև ամբողջ ժողովրդի… Եվ երգը մեզ պետք է ոգևորի, առաջ տանի, հերոսության մղի… Ասում են` պապս` Սարսափ Առաքելը, հրաշալի ձայն է ունեցել ու լավ էլ երգել է, ասում են՝ նրա երգը ոչ միայն հանգստացրել է հոգնած ֆիդայիներին, այլ ուժ ու կորավ ներշնչել, կռվի տարել… Իսկ քանի-քանիսին է կռվի առաջնորդել պապիս մասին հյուսված «Առաքել-Մուշեղ» երգը… Չէ, ես հավատում եմ երգի հրաշագործ ուժին…

Հ.Գ.

Տիկին Ասյա Գևորգյանի խնդրանքով, տպագրում ենք «Առաքել-Մուշեղ» հայտնի ֆիդայական երգի խոսքերն ու երաժշտության նոտագրությունը:

Պատրաստեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

ԱՌԱՔԵԼ, ՄՈՒՇԵՂ

Առաքել, Մուշեղ լեռներուց իջան,

Ավերակ ջաղաց, հոգի ջան,

եղավ օթևան:

Դե զարկե՛ք, զարկե՛ք,

Դե զարկե՛ք քաջ-քաջ,

Տիրոջ սուրբ կամքով, հոգի ջան,

Մենք կերթանք առաջ:

Առաքել ըսեց` Մուշեղ իմ ախպեր

Դուք պռնեք պարը, հոգի ջան,

Մենք կերթանք առաջ:

Դե զարկե՛ք, զարկե՛ք,

Դե զարկեք քաջ-քաջ,

Տիրոջ սուրբ կամքով, հոգի ջան,

Մենք կերթանք առաջ:

Խրիմյան հայրիկ անուն Մկրտիչ,

Դու պիտի դառնաս, հոգի ջան,

Հայ ազգի փրկիչ:

Դե զարկե՛ք, զարկե՛ք,

Դե զարկե՛ք քաջ-քաջ

Տիրոջ սուրբ կամքով, հոգի ջան,

Մենք կերթանք առաջ: