Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱԽԵՑԵ՛Ք, ԵՎ ԿԲԱՑՎԻ

Իմաստությունը անցողիկից ու ժամանակավորից հավիտենականը պեղելու արվեստն է:

Ո՞վ է այսօր մեզ առաջնորդում դեպի հավիտենական արժեքներ. թույլ տվեք այդ հարցը առկախ թողնել` հայցելով բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր վստահ են, թե գիտեն դրա պատասխանը:

Անիմաստ է մարդու կյանքը, եթե այն հավիտենության համար չի ապրվում, որովհետեւ ամեն ժամանակավոր ու անցողիկ բան անիմաստ է, որովհետեւ եղած իմաստն էլ չի ամրագրվում, այլ ցնդում է թույլ շամանդաղի նման, որ անհնար է ձեռքում պահել, այլ միայն կարելի է միառժամանակ պարուրվել դրանով, իսկ երբ այն վերջնականապես ցնդում է, մարդու դեմ հառնում է դաժան ու անշտկելի իրականությունը` զուրկ որեւէ մխիթարիչ հեռանկարից: Միայն թե հաստատաբար եւ արդարացիորեն նկատենք, որ եթե անհատն անձնապես ծանոթ չէ Նրա հետ, կամ ճանաչելով մերժում է, ապա դատապարտված է Նրան անծանոթ ու մերժող բոլոր ազգերի ու անհատների հետ բանտվել ժամանակավորի ու անցողիկի անողոք զնդանում: Նա ազատագրեց մարդուն այդ զնդանից: Նա մի Դուռ է, որով մտնողը իրեն հայտնաբերում է իր հոգու հավիտենական սնուցումն ապահովող միջավայրում, հետեւապես` ձեռք է բերում հավիտենական լինելիության երաշխիքներ:

Միգուցե մարդկային հասարակության հետզարգացման պատճառներից կարեւորագույնն այն է, որ քչերը գիտեն` ինչպես ավելորդ սեփական քաշը, այնպես էլ ավելորդ նյութական ինչքը իսկապես էլ ավելորդ են, ավելին` կյանքի հետ քիչ համատեղելի: Հոգին անտեսանելի, անշոշափելի ու մեր օրերում, որպես կանոն, անզգալի է, բայց դրանից չի փոխվում մարդու` հոգեւոր էակ լինելու փաստը: Հետեւաբար, մարդու կյանքը արժեւորվում է հոգեւոր իրողություններով, ավելի ճիշտ` իր կյանքում դրանց առկայությամբ կամ բացակայությամբ: Մարդը սնում ու խնամում է իր մարմինը, քողարկում կամ ի ցույց է հանում այն` յուրաքանչյուր դեպքում կենտրոնանալով մարմնավոր ցանկությունների վրա: Մարմնի եւ աչքերի ցանկություններն անսպառ են` ի տարբերություն երկրային կյանքի` մեզ համար սահմանված ժամանակի, դրանք բավարարելու համար աշխարհի առաջարկությունները բազմաթիվ են` ի տարբերություն հոգին սնուցելու համար անհրաժեշտ միակ բաղադրիչի` Աստծո խոսքի, որի շնորհիվ միայն մարդու հոգին արդյունավորվում է ու պտղաբերում:

Աստված երբեք չի իրավազրկում մարդուն, փաստում է Սուրբ Գիրքը, խնդիրը միայն հասկացությունները ճիշտ սահմանելու մեջ է: Այսօր «մարդը» ավելի հաճախ անհասկանալի բնութագրով էակների հորջորջում է, քան աստվածակերպ էակին բնութագրող բառ: «Սեր», «Հավատ», «Աստված» հասկացությունները եւս թյուրըմբռնվողների առաջին շարքում են, իսկ Տիրոջ օրը` Կիրակին` Միաշաբաթը, այն է` շաբաթվա առաջին օրը, սահուն կերպով դարձավ շաբաթվա վերջին օր:

Աղբի տակառի վրա «մեղր» պիտակը կպցնելով` նրա բովանդակությունը չես փոխի, ադամանդը ցեխոտելով` չես արժեզրկի:

Իմաստությո՛ւն ձեզ:

ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆ