Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ
ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՈՒսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գործող և վաստակաշատ թոշակառու ուսուցիչներ, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայողներ` ներկա գտնվող ուսուցիչների նախկին աշակերտները: Նրանց թվում էր նաև մեր զորամասի 4-րդ ուսումնական վաշտի 3-րդ ուսումնական դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Աշոտ Հրահատի Ստեփանյանը: Նա 21 տարեկան է, ծնվել է մանկավարժի ընտանիքում: Գերազանցությամբ ավարտել է իր հայրենի քաղաքի` Դիլիջանի 2-րդ միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, որը նույնպես ավարտել է գերազանցությամբ: Այնուհետև ծառայության է անցել փոխգնդապետ Նիկոլայ Խոջոյանի հրամանատարությամբ գործող կապի ուսումնական գումարտակում և արդեն տասնվեց ամսվա զինծառայող է:

Վերոհիշյալ միջոցառման ավարտին ուսուցիչների հետ միասին պարգևատրվեցին նաև զինծառայողները, այդ թվում` կրտսեր սերժանտ Ա.Ստեփանյանը` «Հայոց բանակի գերազանցիկ» ու «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով: Մինչ այդ նա արդեն պարգևատրվել էր «ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: Պաշտպանության նախարարի կողմից Աշոտը ստացավ նաև իր ծնողներին ուղղված շնորհակալագիր և խրախուսական արձակուրդ:

Ես հպարտ եմ իմ վաշտի կրտսեր հրամանատարով: Մենք` կուրսանտներս, պետք է օրինակ վերցնենք նրանից: Աշոտը մեծ հարգանք է վայելում զորամասում և ամեն ինչում օգնում է զինվորներին, բարձր է պահում հայ զինվորի պատիվը: Առհասարակ, մայոր Գարեգին Աբաջյանի հրամանատարությամբ գործող մեր վաշտը միշտ էլ աչքի է ընկել իր գրանցած բարձր ցուցանիշներով:

Մեր վաշտի ու զորամասի անձնակազմի անունից ի սրտե շնորհավորում ենք Աշոտին, ցանկանում զինծառայության ասպարեզում նորանոր բարձունքների նվաճում, բարի վերադարձ հայրական օջախ, հաջողություններ իր հետագա քաղաքացիական կյանքում, ընտանեկան երջանկություն ու կիսատ մնացած իր անթիվ գործերի արգասաբեր շարունակություն:

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Շարքային