Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ



Պատերազմում հաղթում են խիզախները: Հաղթում են իրենցից բազմապատիկ ուժեղ թշնամիներին: Պատմությունը դա բազմիցս է ապացուցել: Հերթական ապացույցը եղան Քարվաճառի համար մղված մարտերը: Բնական ամրոցի նմանվող տեղանքը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ: Բայց, ի վերջո, հայկական պատմական տարածքն ազատագրվեց, հայ զինվորը հաղթեց իր անօրինակ խիզախության շնորհիվ: Հաղթեց ու իշխեց սարերի գագաթներին` հսկելով այս չքնաղ հողակտորի անվտանգությունը, ամուր փակելով դեպի Արցախ, Մայր Հայաստան տանող ռազմավարական ճանապարհը: Այսօր էլ, զինադադարի պայմաններում, հայ զինվորը շարունակում է սխրանք գործել պատերազմի օրերից ոչ պակաս:

Վերջերս Արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն իր ելույթներից մեկում նշեց, որ հողն ազատագրելը գործի կեսն է, հողը պահելը` Արցախյան հարցի լուծումը: Չափազանց ճիշտ է ասված, ու պետք է կարողանալ այդ հողը պահել: Բնականաբար, նա նկատի է ունեցել նաև բնակչության կենսամակարդակի բարձրացումը, տնտեսության զարգացումը: Բայց միանշանակ է, որ ոչ մի տնտեսություն չի զարգանա, եթե առաջնագծում կանգնած մեր զինվորի նկատմամբ վստահություն չլինի:

Այսօր մեր տղաները պահում են ազատագրված հողը, պահում են վստահ` արհամարհելով սեփական զրկանքներն ու դժվարությունները: Իսկ դրանք, հավատացնում եմ, շատ են: Բայց հայ զինվորի համար, ի տարբերություն շատ բանակների զինվորների, և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական ծանրաբեռնվածությունը սարսափելի չեն: Այս ակնարկը Քարվաճառի սահմանը հսկող հայ զինվորի ու սպայի մասին է, նրանց ամենօրյա ծառայական ձեռքբերումների, զինվորական եղբայրության և համատեղ ուժերով ցանկացած դժվարության դիմակայելու պատրաստակամության մասին:

ԲՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԾ ԱՄՐՈՑԸ

Որպես ռազմական լրագրող եղել եմ բազմաթիվ զորամասերում, սահմանամերձ բնակավայրերում, բայց Քարվաճառ առաջին անգամ էի մեկնում: Հիանում էի գեղեցիկ բնությամբ, աներևակայելի ձևեր ընդունող լեռներով: Շրջկենտրոն տանող ճանապարհն այնքան էլ լավը չէր, նախկինում քարուքանդ է եղել, մեքենաները հազիվ են շարժվել: Սակայն հաջորդ տարի ռազմավարական այս ճանապարհը հիմնանորոգվելու է, արագընթաց կապ է ապահովելու Հայաստանից Քարվաճառ, ապա Արցախ:

Ճանապարհից թեքվում ենք, հասնում ենք զորամասի մշտական տեղակայման վայր: Ծանոթանում ենք հզոր հարվածային ուժ հանդիսացող զորամասի առօրյային: Յուրաքանչյուր զինվորի ու սպայի հետ զրույցի թեման ակամա դառնում է առաջնագիծը, բոլորի ուշքումիտքը դիրքերում է: Առաջնագիծ ենք մեկնում նաև մենք:

Քարվաճառ շրջկենտրոնի ճանապարհին մեծ տառերով գրված է` «Քարվաճառը հայոց միջնաբերդ է»: Հենց այդպես է: Ամենակարևորն այն է, որ մեր զինծառայողներն են այդպես մտածում: Իրենց զորամասի պատասխանատվության գոտում գտնվող տարածքը համարում են իսկական միջնաբերդ` ինքնուրույն պաշտպանության հարմարեցված և խիստ ամրացված կառույց, որն անհրաժեշտության դեպքում պատսպարում է խաղաղ բնակչությանը, կոտրում հարձակվող թշնամու ողնաշարը: Թե՛ պատմական, թե՛ աշխարհագրական և թե՛ ռազմական առումով Քարվաճառն ամբողջովին համապատասխանում է իր կոչմանը: Բնակավայրը նույնիսկ իր զինանշանն ունի. կենտրոնում վահանն է, որի վրա պատկերված է միջնաբերդ: Այն կանաչ բլուրների և կապույտ երկնքի մեջ է, ինչը խորհրդանշում է ինչպես շրջակա տեղանքը, այնպես էլ ժողովրդի խաղաղ բարգավաճումը: Այսինքն` մենք ուզում ենք խաղաղ ապրել, բայց նաև պատրաստ ենք այդ խաղաղության համար պայքարելու և հաղթելու: Զինանշանի հեղինակը Քարվաճառի բնակիչ, դպրոցի պատմության ուսուցիչ Դավիթ Եղիազարյանն է:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԸ` ՈՒՍ ՈՒՍԻ

…Զինվորական ամենագնացը վերջապես հասավ առաջին անցակետին: Այն բազմակի նշանակություն ունի. ապահովում է մեր դիրքերի թիկունքը: Շարունակում ենք մեր ճանապարհը, և աստիճանաբար մեր առջև բացվում է հանրահայտ Օմարի լեռնաշղթան: Գնալով ավելի ու ավելի ենք վեր բարձրանում: Սկզբում բնությունը մեզ կարծես անկոչ հյուրի տեղ դրեց. եղանակը միանգամից ցրտեց, մառախուղը ծածկեց չորսբոլորը: Թեպետ տասը րոպե անց նորից արև հայտնվեց: Այդպես հինգ-վեց անգամ փոխվեց եղանակը, մինչև մենք իջանք դիրքերից:

Եղանակային պայմանները մեր զինվորների համար գլխավոր խոչընդոտն են: Կարելի է ասել, որ լիարժեք ամառ այստեղ ընդամենը մի քանի շաբաթ է լինում: Հերթափոխը կատարվում է հիմնականում ցրտաշունչ ձմեռվա պայմաններում: Մեր այցելության նախորդ օրերին, երբ Երևանում դեռ շոգ էր, Քարվաճառի լեռներում արդեն առատ ձյուն էր տեղացել: Հենակետ կա, ուր ձմռանը պարզապես հերթապահություն չի կատարվում, դա պարզապես անհնար է: Իհարկե, փոխարենը հարևան հենակետերն ավելացնում են իրենց դիտարկման տարածքները:

Հենակետի մոտ մեզ դիմավորեց գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ա. Վարդանյանը, որի ղեկավարած ստորաբաժանման զինվորներն էլ մարտական հերթապահություն էին իրականացնում: Մոտենում ենք, հերթով բարևում բոլոր զինվորներին ու սպաներին: Նկատում եմ գումարտակի հրամանատարի գոհ արձագանքը, ապա լսում նրա մեկնաբանությունը.

-Այստեղ ծառայության պայմանները շատ ծանր են: Երիտասարդ, ուժով ու եռանդով լեցուն երիտասարդներն աշխարհից կտրված` սահման են պահում` ամեն րոպե վտանգելով իրենց կյանքը: Նրանց համար իրենց նկատմամբ ուշադրության ամեն մի դրսևորում թանկ է: Բոլորն անխտիր կատարում են հրամանները, ենթարկվում են զինվորական կանոնագրքերի պահանջներին, բայց հոգեբանական առումով դիրքային ծառայությունն առանձնահատուկ է: Հերթափոխի օրերին սպա-զինվոր կապը ավելի է ամրապնդվում, վտանգն էլ է ընդհանուր լինում, ուրախությունն էլ, ձեռքբերումներն էլ: Եվ մի պարզ ձեռքսեղմումով կարծես նրանց «շարքերն» ես մտնում. զինվորը հասկանում է, որ գնահատում ես իր արած գործը, պատրաստ ես ամեն րոպե կանգնելու նրա կողքին և կիսելու նրա դժվարությունները: Դա մեծ ուժ է տալիս 3500-3700 մետր բարձրության վրա զենքը ձեռքին կանգնած զինվորին:

Նաեւ մի այսպիսի օրինակ բերեց փոխգնդապետ Վարդանյանը: Մեզ ուղեկցում էր զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Թովմասյանը: Վերջերս է նշանակվել այդ պաշտոնում: Հենց սկզբում անցել է պաշտպանական գծի ողջ երկայնքով, ծանոթացել հենակետերի դասավորվածությանը, զինծառայողների հերթապահության և հանգստի պայմաններին: Թեև նոր մարդ է զորամասում, բայց նրան արդեն հարգում են որպես իսկական զինվորականի: Իր առաջին այցելություններից մեկի ժամանակ առաջնագծում հերթափոխ է իրականացվել: Որոշ հենակետերի, որոնք սարի գագաթին են, պարզապես հնարավոր չէ մեքենայով մոտենալ, ճանապարհ չկա: Հարկադրված` մի քանի օրվա սնունդը, զենք-զինամթերքը զինծառայողներն ուսապարկերով, արկղերով տեղափոխում են հարյուրավոր մետրեր: Փոխգնդապետը հերթափոխ ընդունող անձնակազմի հետ միասին ուսին է առել ծանր բեռի մի մասը և շարժվել առաջ: Լուրը կայծակնորեն տարածվել է զինվորների շրջանում. ուրեմն, մեր հրամանատարների պես է` զինվորի հոգսով ապրող, դժվար պահին աջակցող:

Քիչ անց մեզ ցույց են տալիս ոտքի ճանապարհը, որն իրականում նեղ, ծուռումուռ կածան է: Ոտքդ մի փոքր սխալ դնես` կգլորվես մինչև ներքև: Մինչ մենք զրուցում էինք, հենակետից իջած զինվորները ուսապարկերի մեջ տեղավորեցին անհրաժեշտ իրերը և սկսեցին ոլորապտույտ դանդաղ վերելքը: Պարզ է, որ ձմռանը շատ ավելի դժվար է լինում: Պատահական չէ, որ դեռ ամառվանից հենակետերում սկսում են ձմեռվա վառելիքի պաշարի տեղափոխումը:

Հենակետի ավագ, լեյտենանտ Ա. Դեմոյանի հսկողության ներքո դիրքում հերթափոխ է կատարվում: Դիտորդները զեկուցում են իրենց հերթապահության ընթացքում հակառակորդի կողմից արձանագրված շարժի մասին, ապա հանձնում դիտակետը, մի փոքր հանգստանում են և անցնում առօրյա գործերին: Մինչ այդ մենք անցնում ենք խրամուղիներով: Տեղ-տեղ հողը սառցակալած է, նախօրդ օրվա ձյունը հիմնականում հասցրել են մաքրել:

Դիտակետերում կանգնած շարքայիններ Սուրեն Պապյանը և Սուրեն Հակոբյանը մանրամասն ներկայացնում են իրենց մարտական խնդիրը, հակառակորդի հավանական առաջխաղացման տեղամասերը: Ասում են՝ թշնամին նույնիսկ անօդաչու թռչող սարքեր է փորձում կիրառել հետախուզության նպատակով, ինչի մասին անհապաղ զեկուցվում է վերադաս հրամանատարությանը: Գումարտակի հրամանատարը նշում է, որ երկու Սուրեններն էլ իր լավագույն զինվորներից են:

Օմարի լեռնանցքի գլխին ենք: Խիտ մառախուղ է, մերթընդմերթ այն բացվում է, և ամբողջ լեռնանցքը կարծես ափիդ մեջ լինի: Մի քանի տեղ դեռ պատերազմի օրերին խփված զրահատեխնիկա է մնացել` կարծես հիշեցնելով ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այդ ճանապարհի համար մղված մարտերի, զոհված հերոսների մասին: Այդ բարձրության վրա կանգնած` ակամա հայրենասիրական ոգով ես լցվում, երբ նայում ես դիմացի լեռան գագաթին գտնվող ադրբեջանական հենակետին, ապա հայացքդ ձգում ես կողքիդ կանգնած հայ տղաներին` վստահ, ամուր, մի հայացքով իսկ ամեն ինչ վերահսկողության տակ պահող, որոնց ոտքերի տակ կարծես գորգի պես փռվել են ամպերը…

Շարունակելի

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/10/2013