Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ



Շուրջ տասը տարի Մերձավոր Արևելքը կրակի մեջ է. այստեղ միջուկային և քիմիական զենք էին փնտրում, «գարունների» միջոցով բռնապետություններ էին վերացնում, ժողովուրդներին պարտադրում ժողովրդավարություն, իրենց կենսակերպին անհարիր արժեքների ընդունում: Սակայն խոսելով այս ամենի մասին, չի նշվում, թերևս, ամենագլխավորը. «ազատարարները» թալանում են թանգարանները և ոչնչացնում հնագույն ժողովուրդների մշակութային հարուստ ժառանգությունը:

Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Եգիպտոսում ավերվում են պատմական արժեքները, անհետանում է հնագիտական, ճարտարապետական ժառանգությունը: Վերջին տարիներին Արևմուտքի հին արվեստի արժեքավոր իրերի սև շուկաներում էժան գներով վաճառվում են մերձավորարևելյան թանգարաններից թալանված հնագույն նմուշները: Այս մշակութային սպանդն աղետ է ոչ միայն այդ երկրների, այլև ողջ աշխարհի, ողջ մարդկության համար: Չէ՞ որ դա մեր քաղաքակրթության պատմությունն է: Եվ ինչպե՞ս չենթադրել, որ այս ամենի նպատակը ապագայի նկատմամբ վերահսկողությունն է` անցյալի անգին նմուշներն ընտրողաբար ոչնչացնելու միջոցով: Ինչպես ասում էր անգլիացի գրող, հոգեբանական պատերազմի մասնագետ Ջորջ Օրվելը, «ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Ժողովրդի պատմությունը նենգափոխելու, նրա պատմական արմատները կտրելու միջոցով կարելի է ոչնչացնել նույնիսկ ամենաուժեղ ազգը: Իսկ դա արվում է ժողովրդին հիշողությունից զրկելով, ոչնչացնելով հնագույն գիտելիքների պահեստարանները (թանգարանները, գրադարանները) կամ էլ սեփական շահերին համապատասխան վերափոխելով դրանց բովանդակությունը:

Նման բան սկսվեց ամերիկացիների` Իրաք մտնելուց հետո: Մասնագետները Բաղդադի և Մոսուլի թանգարանների թալանումը համարում են դարի ամենախոշոր մշակութային աղետը. այստեղ ներկայացված էին նախապատմական, շումերական, ասորական, բաբելական և իսլամական ժամանակաշրջանների հարուստ հավաքածուները: Ամերիկյան ներխուժումից հետո Իրաքի թանգարաններից ու գրադարաններից թալանվել է արվեստի ու մշակույթի շուրջ 200 հազար նմուշ, որի մեծ մասը համաշխարհային արժեք է, ներառյալ հնագույն քաղաքակրթություններ Ուրի, Շումերի, Բաբելոնի, Ասորեստանի և մարդկային քաղաքակրթության բնօրրաններից մեկի` Միջագետքի այլ պետությունների գլուխգործոցները:

Բացի թանգարանների թալանից, հատուկ խորքային ռումբերով ու զրահատեխնիկայով նպատակաուղղված ոչնչացվում են հնագիտական պեղումների տարածքները: Լոնդոնի Բրիտանական թանգարանի փորձագետ Ջոն Կերտիսի զեկույցում ասվում է, որ հին Բաբելոնի ավերակներին հասցված վնասն անվերականգնելի է, ինչի մեղավորներն ԱՄՆ-ի ու Լեհաստանի զինծառայողներն են: Ի դեպ, Կերտիսն ապացուցել է, որ վնասվածքների մեծ մասը դիտմամբ է արված: Օրինակ՝ ամերիկացիները, առանց անհրաժեշտության, տանկերով շրջել են հին քաղաքի փողոցներով: Բաբելոնի ավերակների վրա ամերիկացիներն ստեղծել էին իրենց «Ֆորտ Բաբելոն» ռազմակայանը, կառուցել ուղղաթիռի հրապարակ և լցակայաններ: Զինվորները խրամատներ են փորել հենց հնագիտական պեղումների տեղում, որտեղ դեռ մնացել էին հազարավոր կավե տախտակներ` գրերով, իսկ տանկերն էլ իրենց թրթուրներով ոչնչացրել են 2600 տարվա հին շերտերը:

Նույն իրավիճակն է նաև Լիբիայում, որն զբաղեցնում է Սահարայի` հնագիտական տեսանկյունից ամենահարուստ մասը: Այստեղ թալանվել են (իբր ապստամբների կողմից, որոնք նույնիսկ կարդալ չգիտեն) Ջերեմում գտնվող` գարամանտեսների (հնագույն ժողովրդի) հին կառույցները, որոնք համարվում են թանգարան բաց երկնքի տակ: Նմուշները գողացվում են, որպեսզի գլոբալիզմի քրմերը որոշ ժամանակ անց պատմությունն իրենց հարմար լույսի տակ ներկայացնեն: Այդ մասին իր «Տեխնոտրոնային ժամանակաշրջան» գրքում դեռ մի քանի տասնամյակ առաջ ասել է Զ.Բժեզինսկին. նա գրում է մարդկանց հսկայական «անօգուտ զանգվածի» և անընդհատ թարմացվող համակարգչային դոսյե-ֆայլերի միջոցով նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին:

«Մենք շարժվում ենք դեպի տեխնոտրոնային ժամանակաշրջան, որը հեշտությամբ կարող է վերածվել բռնապետության… Իշխանությունը կենտրոնացված կլինի նրանց ձեռքերում, ովքեր վերահսկում են տեղեկատվությունը… Հնարավորություն կստեղծվի մարդկանց գիտակցության կենսաքիմիական վերահսկողության և գենետիկական մանիպուլյացիայի համար, ներառյալ այնպիսի էակների ստեղծումը, որոնք ոչ միայն կգործեն մարդկանց նման, այլև կմտածեն»: Որպես արդյունք` կստեղծվի Համաշխարհային կայսրության տեսքով նոր աշխարհակարգ` «ընտրյալների» կաստայի ղեկավարությամբ:

Ահա այս նպատակով են աշխարհով մեկ հավաքվում տարբեր ժողովուրդների պատմության սրբազան մասունք-վկայությունները, ինչի համար ստեղծվել է հատուկ կառույց` «Մշակութային քաղաքականության ամերիկյան միություն» (նացիստների «Անեներբե» ինստիտուտի նմանությամբ): Իրաքում այս մարդիկ նախապես տեղեկություն ունեին իրենց հետաքրքրող նմուշների և դրանց պահարան-սեյֆերի մասին, ունեին դրանց բանալիները: Բաղդադի Ազգային թանգարանի տնօրենի խոսքով, լիովին ոչնչացվել է գիտական աշխատանքը, որը տարվում էր վերջին 100 տարիների ընթացքում: Ձեռք չեն տվել պատմական նմուշների ոչ մի գիպսե կրկնօրինակի, տարել են միայն 5000 տարեկան բնօրինակները: Ընդհանուր առմամբ, թանգարանից անվերադարձ կորել է 15000 պատմական նմուշ:

Եգիպտոսում թալանվել է Կահիրեի ազգային թանգարանը: Անկարգությունների հետ միաժամանակ այստեղ հայտնված անծանոթ մարդիկ թանգարանի ֆոնդերից տարել են մշակութային առումով ամենաթանկարժեք նմուշները: Նրանց գործը շարունակել են արդեն տգետ թալանչիները, որոնք ոչնչացրել են պատմական հնագույն նմուշներից շատերը, գլխատել մի քանի մումիա, Թութանհամոնի ոսկյա արձանից մասեր են պոկել: Էլ-Մինյա քաղաքի Մալավիի թանգարանից գողացվել են 3500 տարեկան մի արձան, հունահռոմեական ոսկե և բրոնզե դրամներ, կենդանիների բրոնզե արձանիկներ:

Այժմ նույնը նախատեսվում է Սիրիայում, որի մայրաքաղաք Դամասկոսը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում են նաև հին քաղաքներ Հալեպը, Բասրան, Պալմիրան, Կրակ դը Շևալյե և Կալատ Սալահ էլ-Դին պալատները: Թալանվել են Համա և Իդլիբ քաղաքների թանգարանները:

Բացի հարստանալու տենդից, այս ամենի հետևում կարող է թաքնված լինել օկուլտային-միստիկական իմաստ: Պատմամշակութային արժեքների «որսորդները» մտնում են ոչ թե ժամանակակից Իրաքի կամ Սիրիայի տարածք, այլ Հին Միջագետք, որի մայրաքաղաք Բաբելոնում տասնյակ դարեր առաջ կառուցվում էր Էլ-Թեմեն-Ան-Կին` «երկնքի ու երկրի անկյունաքարի տունը», այլ կերպ ասած` Բաբելոնի աշտարակը: Նրա չորս անկյունները համապատասխանում էին աշխարհի չորս կողմերին, որոնց ուղղությամբ էլ այժմ նվաճողական արշավանք են իրականացնում աշխարհին տիրել ցանկացողները: Բաբելոնի կործանված աշտարակի տեղում նրանք նախատեսում են ստեղծել նոր աշխարհակարգի աշտարակը: Սակայն արդյոք դա նրանց կհաջողվի՞:

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Ռազմաքաղաքական


17/10/2013