Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ



(գտնվում է Իջեւանի Աչաջուր գյուղի արեւմտյան կողմում)

Պատմում են, թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին։ Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա ուխտ էր արել՝ մինչեւ ամբողջ շենքը չվերջացնի, պատից ցած չիջնի։ Վարպետի որդին տաշած քարերն ուրիշների ձեռքերով ուղարկում էր հորը։ Երբ ավարտվելու վրա է լինում վանքի կառուցումը, եւ մնում է միայն գմբեթը, քարտաշ որդին հիվանդանում է եւ մեռնում։ Հարազատները որոշում են այդ մասին ոչինչ չասել շինարարության վրա գտնվող հորը եւ մեռած որդու փոխարեն կանչում են մի ուրիշ քարտաշի։ Սրա ուղարկած քարերի տաշվածքից վարպետ հայրը տեսնում է, որ դա իր որդու ձեռքի գործը չէ, եւ գլխի է ընկնում, որ նրա հետ դժբախտություն է պատահել։ Չկարողանալով դիմանալ ծանր վշտին՝ նա վանքի գմբեթից իրեն ցած նետելով՝ ինքնասպան է լինում։ Վանքը մնում է կիսատ։ Մակար վարպետին թաղում են նրա շինած վանքի պատի տակ, անունն էլ դնում են Մակարավանք։

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Պատմության էջերից


17/10/2013