Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՁԳՏԵՆՔ ՊԱՀԵԼ ՊԱՏՎՈ ԴՐՈՇԸ
ԿՁԳՏԵՆՔ ՊԱՀԵԼ ՊԱՏՎՈ ԴՐՈՇԸ

2010թ. ուսումնական տարվա արդյունքներով ԶՈՒ լավագույնը ճանաչված մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատար գնդապետ Վ. Գրիգորյանին հանդիպեցինք զորավարժությունից հետո եւ խնդրեցինք պատասխանել մի քանի հարցի։

Մեր զրույցը մերթընդմերթ ընդհատվում էր հրամանատարի կողմից ենթականերին տրվող կարճ հրահանգներով.
«Տեխնիկան ի՞նչ վիճակում է։ Անձնակազմը մի քանի րոպեից պատրաստեք ամփոփիչ տողանի… Ավտոծառայության պետն անձամբ թող ուղեկցի տեխնիկան վերջնական կայանատեղ»։
-Ինչպե՞ս անցավ զորավարժությունը։ Կարո՞ղ ենք ասել, որ գունդը կատարեց առաջադրանքը։
-Մեծ զորավարժություն էր գնդային օղակի համար։ Արդյունքները դեռ չեն ամփոփվել։ Իմ դիտարկմամբ՝ զորավարժությունը հաջողվեց։ Ստորաբաժանումների անձնակազմերի մարտավարական գործողությունները հստակ էին, գրեթե առանց սխալների։ Ինչքան էլ հրետանու կրակին խանգարեց հանկարծահաս ուժգին քամին, այնուհանդերձ, ի պատիվ մեր հրետանավորների պետք է ասեմ, որ նրանք դիպուկ կրակեցին։
Կարծում եմ՝ գերազանց կգնահատվեն զենիթային մարտկոցի գործողությունները։
-Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լ. Երանոսյանի վկայությամբ, այս զորավարժությունն իր տեսակի մեջ առաջինն է այն առումով, որ անցկացվում է սահմանամերձ զորամասի մասնակցությամբ, մեծ քանակությամբ մարտական տեխնիկայի գործածմամբ ու մարտական կրակով։
-Այո՛, ճիշտ է՝ սահմանամերձ զորամասի, մեծ քանակությամբ մարտական տեխնիկայի մասնակցությամբ, այդ թվում՝ ավիացիայի ներգրավմամբ ու մարտական կրակով սա առաջին զորավարժությունն է, եւ ես, որպես գնդի հրամանատար, ուրախ եմ, որ նմանօրինակ զորավարժություն անցկացնելու պատիվը վստահվեց մեր զորամասին։ Պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ ԳՇ պետի, ծառայությունների պետերի ու զորամիավորումների ամբողջ հրամկազմի ներկայությունն արդեն իսկ վկայում է զորավարժության բացառիկությունը։
-Զորավարժությանը մասնակցեցին մեծ թվով պահեստազորայիններ։ Ինչպե՞ս կգնահատեք նրանց գործողությունները։
-Ասեմ, որ պահեստազորայինները արագ ներգրավվեցին հիմնական կազմում եւ գործեցին հստակ։ Այդ է վկայում մեծ թվով պահեստայինների խրախուսվելը պատվոգրերով, դրամական պարգեւներով, արժեքավոր ու թանկարժեք նվերներով։
-Համոզված եմ, ոչ միայն զորամիավորումում, այլեւ ամբողջ զինված ուժերում լավագույնը ճանաչվելու գործում անգնահատելի դերակատարում ունի հենց զորամասի հրամկազմը՝ հրամանատարի գլխավորությամբ։
-Մեր զորամիավորումը գեներալ-մայոր Լ. Երանոսյանի հրամանատարությամբ լավագույնն է ճանաչվել զորամիավորումների մեջ։ Հենց նրա արհեստավարժության ու պահանջկոտության շնորհիվ հնարավոր եղավ լինել առաջինը։ Մեր կողմից բարձրացված ոչ մի հարց չի մնում անպատասխան, խնդիրները ճիշտ ժամանակին ստանում են իրենց սպառիչ լուծումը։ Անգնահատելի է բարոյական այն աջակցությունը, որ մենք ստանում ենք զորամիավորման եւ ողջ ԶՈՒ հրամանատարության կողմից։
-Պարոն գնդապետ, Ձեր հրամանատարությամբ գործող զորամասին վստահված է պետական սահմանագծի բավականին բարդ ու դժվարին հատվածի պահպանությունը։ Հրադադարի ռեժիմի խախտումներ հաճախակի՞ են լինում։
-Հրադադարի խախտումները հակառակորդի կողմից հաճախացել են, դրան գումարած՝ ակտիվացել են դիպուկահարների գործողությունները մեր հանրապետության ողջ սահմանային գոտու երկայնքով։
-Արմատներով որտեղի՞ց եք, երբվանի՞ց եք զինված ուժերում։
-Ծնվել եմ Երեւանում: Հայրական կողմից արմատներս հասնում են Մուշ ու Սասուն, մայրական կողմից՝ Արցախ։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել եմ Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի «Մեխանիկայի» ֆակուլտետ: Երկրորդ կուրսն ավարտելուց հետո՝ 1993թ., կամավոր մեկնեցի Արցախ, ծառայության անցա տեղի նորաստեղծ զինված ուժերում՝ Շուշիի գնդում։ Ծառայությանս զուգահեռ սովորեցի եւ ավարտեցի Արցախի պետական համալսարանի «Քաղաքացիական եւ արդյունաբերական շինարարության» ֆակուլտետը: 1998թ. ընդունվեցի Մարշալ Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիա։ Երկու ամիս անց այն վերամիավորվեց Ֆրունզեի անվան ակադեմիայի հետ, եւ արդյունքում 2001թ. ավարտեցի ՌԴ համազորային ակադեմիան։ Կարճ ժամանակ անց դիմեցի վերադաս հրամանատարությանը՝ ինձ գումարտակի հրամանատար նշանակելու խնդրանքով։ Խնդրանքս չմերժվեց։
Մեկ տարի անց նշանակվեցի զորամասի շտաբի պետ։ Արդեն 1 տարի 7 ամիս է, ինչ այս զորամասի հրամանատարն եմ։
-Եվ վերջին հարցը. զորամասն ինչպե՞ս է անցկացնում նոր ուսումնական տարին։
-Շատ լավ։ Մարտավարաշարային պարապմունքների փուլն ավարտել ենք։ Ավարտից անմիջապես հետո գունդը նախապատրաստվեց այս զորավարժությանը։ Կարճ ժամանակ անց կպատրաստվենք մյուս փուլին։ Ուզում եմ վստահեցնել նաեւ, որ զորամասի կոլեկտիվը կձգտի իր ձեռքում պահել լավագույնի պատվո դրոշը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
մայոր
Լուս.՝ փոխգնդապետ Հ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ եւ մայոր Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ