Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՆԿԻՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ ԷԻՆ ԶԻՆԱՆՈՑԸ

Օմարի երկրորդ հարձակման ժամանակ մեր հիմնական խնդիրներից մեկն էլ ձորերն ընկած թշնամու զրահատեխնիկան հանելն ու շարք վերադարձնելն էր: Անասելի չարչարանքների գնով լուսահոգի Իվանյանի օգնությամբ ու խորհուրդներով 8-ից 5-ը մի կերպ հանեցինք: Երեքը մնացին: Ճանապարհը նեղ էր, հողը` փխրուն, իսկ եղանակը ժամը մեկ փոխվում էր: Տանկերից մեկը մեջքի վրա ընկած էր: Փորձեցինք` շարժիչն աշխատեց: Մեր ուրախությանը չափ չկար: Մեկ շաբաթ չարչարվելուց հետո մնացած երեքն էլ հանեցինք` այսպես հարստացնելով մեր նորաստեղծ բանակի զինանոցը:

ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

ԱՓՍՈՍ, ԱՆՈՒՆԸ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ

Ափսոս, չեմ հիշում այն հերոս զինվորի անուն-ազգանունը: Հայոց նոր կազմավորված բանակի առաջին զինվորներից էր: Թշնամին հայտնաբերել էր մեր թաքստոցը, որտեղ տեղակայված էր մեր տեխնիկան: Զգացվում էր, որ ամեն մի կրակոցից հետո արկերը պայթում էին ավելի մոտ տարածքում: Անհապաղ պետք էր դուրս բերել տեխնիկան: Ահավոր հրետակոծության տակ, երբ անվնաս դուրս բերեցինք տեխնիկան, հանկարծ տեսանք, որ զրահամեքենաներից մեկը մնացել էր իր տեղում: Վարորդը չկար ու չկար: Մեկ էլ մեր զինվորներից մեկը, իջնելով իր զրահամեքենայից, առանց հրահանգի սկսեց վազել եկած ճանապարհով: Հասավ, նստեց, գործարկեց ու կայծակնային արագությամբ, արկերի տարափի տակ, հասավ մեզ: Բոլորն ուրախությունից գրկում, համբուրում էին զինվորին:

ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

«Վիրավոր փախչում էի տանկի առջևից,- պատմում է ազատամարտիկ Արմենը,- արդեն ուժասպառ էի, և իմ ու տանկի միջև ընկած տարածությունը արագորեն կրճատվում էր: Ուրիշ ճար չկար, ու հուսահատ` ինձ նետեցի փոսը: Տանկը հասավ փոսին, ու հռնդյունը մարեց: Քիչ անց դուրս եկավ տանկիստը ու մոտեցավ փոսին, որտեղ «անշունչ» պառկել էի: Կանգնեց իմ գլխավերևում, նայեց, նայեց, ապա փոշոտված գլխարկը թափ տալով վրաս` ռուսերեն հայհոյեց ու քայլեց դեպի տանկը: Նորից լսվեց տանկի հռնդյունը, և «երկաթե հսկան» շարժվեց ուրիշ ուղղությամբ: Հաճախ եմ մտաբերում այդ պահը և փորձում վերականգնել նրա կերպարը, շեկ մազերը, որոնք ավելի պարզորոշ նկատեցի, երբ հանեց գլխարկը»:

ԱՐԹՈՒՐ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

ՀՆԱՐԱՄԻՏ ՈՒ ԽԻԶԱԽ ԱՐԱՐՔ

1994թ.-ի հունվարի վերջն էր կամ փետրվարի սկիզբը: Թշնամին մեծ տեխնիկա էր կուտակել ու անընդմեջ գրոհում էր: Տանկերը «թաքնված» էին բլրակի ետևում: Երբ դրանք թաքստոցից դուրս էին գալիս ու պատրաստվում էին կրակել, այդ կարճ ժամանակահատվածում հասցնում էի առաջինը խոցել: Ադրբեջանցիների աչքը վախեցել էր: Մի անգամ էլ այնպես եղավ, որ երբ տանկը բլրի հետևից դուրս եկավ ու փողն ուղղեց մեր կողմը, զգացի, որ կայանքի մարտկոցները «նստել են», իսկ լիցքավորելու համար առնվազն չորս րոպե էր հարկավոր: Այդ ընթացքում ամեն ինչ վերջացած կլիներ: Այսպես տանկի աշտարակն իմ կողմն ուղղած նայում էինք մեկմեկու: Ես դիմեցի խորամանկության: Հրթիռը դուրս հանեցի` իբր արդեն պատրաստվում եմ կրակել: Ադրբեջանցիներն այդ նկատելով` դուրս եկան տանկից ու սկսեցին փախչել: Մեկ-մեկ էլ զարմացած ետ էին նայում, թե ինչու դեռ չի պայթում: Իսկ ես արդեն անհամբեր սպասում էի, թե երբ պետք է մարտկոցները լիցքավորվեն: Չորս րոպեն լրացավ, ու թշնամու տանկը հօդս ցնդեց:

Մարտն ավարտվել էր, երբ մեզ մոտ եկավ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որին պատմել էին կատարվածը: Երբ նա մեծ ոգևորությամբ ձեռքերը պարզած առաջ եկավ, որ փաթաթվի, համբուրի, շնորհավորի, ես, իմ փոշոտ ու կեղտոտ տեսքից ամաչելով, քաղաքավարությամբ համբուրեցի նրա ձեռքը:

ԳԱՐԵԳԻՆ ՋԱՄԲԱԶՅԱՆ

ՏՐԱԿՏՈՐԻՍՏԸ` ՏԱՆԿԻՍՏ

-Ծնվել եմ 1973թ.-ին, Մարտունու շրջանի Յեմիշճան գյուղում: Այժմ գյուղը կոչվում է Մոնթե Մելքոնյանի` Ավոյի անունով (Ավոն հաշվառված էր մեր գյուղում): Ավարտել եմ գյուղի 8-ամյա դպրոցը, այնուհետև Մարտունի շրջկենտրոնի թիվ 125 պրոֆտեխուսումնարանը, հետո ավտոդպրոցը: Արցախի բոլոր գյուղերի նման մեր գյուղում էլ հիմնական աշխատանքը կռիվն էր հողի հետ, որից ստացված բերքը մեր հիմնական ապրուստի միջոցն էր: Ես էլ սովորել էի տրակտորիստի գործը և ինչ իմանայի, որ մի օր տրակտորն անհրաժեշտ է լինելու փոխարինել տանկով ու դիմակայել մեր շեներն ու օջախները պղծել փորձող թշնամուն,- այսպես սկսեց իր պատմությունը Լավրենտ Շումանյանը:

1992թ. փետրվարն էր: Արցախցու ազատաշունչ ոգին էր թևածում լեռնաշխարհում, և խորհրդային բանակում ինը ամիս ծառայելուց հետո հայրենի եզերքի ճանապարհն էր բռնել ծովայինի համազգեստով մի զինվոր: Բազմաթիվ փորձություններից անցնելով` հասավ հայրենի գյուղը, ողջագուրվեց Նաիրա և Ռազմիկ ծնողների, քույրերի, եղբայրների, համագյուղացիների հետ, և առաջին լուրը, որը ցնցեց որպես նավաստի ծառայած Լավրենտի հոգին, Քարինտակում հորեղբորորդու` Արսենի զոհվելու մասին էր: Եվ նա ելավ վրեժխնդիր լինելու: Հանդիպեց Երևանի Սպանդարյան շրջանի կամավորականներին, որոնք մարտնչում էին այդ տարածքում Աշոտ Ղարիբյանի հրամանատարությամբ: Տղաները մի տեսակ թերահավատությամբ նայեցին անփորձ Լավրենտին: Լավրենտը, զգալով այդ հայացքները, առաջարկեց իր ծառայությունը: «Ուզո՞ւմ եք այս զրահամեքենան վերանորոգեմ», և անցավ գործի: Տղաների զարմացական հայացքի տակ նա կատարեց իր առաջին «մարտական» առաջադրանքը և անդամագրվեց կամավորական ջոկատին: Մարտնչելով ջոկատի տղաների հետ` մասնակցեց մի շարք բնակավայրերի ազատագրման մարտերին` Մարտունի, Վեյսալու, Ավդալ-Գյուլափլու, Ճարտար, Նոր Շեն, Հացի, Ավդուռ, Միրիշեն, Կարմիր Շուկա, Մաճկալաշեն, Սոսի… 1992թ.-ի հուլիս-օգոստոսին` Վաղուհաս, Գետավան, Պողոսագոմեր, Հարությունագոմեր, Ներքին Հոռաթաղ:

-Իր մանկական պարզ, անկեղծ բնավորության շնորհիվ նա դարձավ բոլորիս սիրելին,- պատմում է Աշոտ Նազարեթյանը: -Մեր ջոկատում կային 2 ղարաբաղցի` Լավրենտն ու Սերգեյ Կարապետյանը, որի մայրը` տիկին Լաուրան, մեր խոհարարն էր: Երբ Սերգեյը զոհվեց, 2 օր չէինք գնում հաց ուտելու, փախցնում էինք մեր հայացքները, չգիտեինք ինչ պատասխանեինք տիկին Լաուրային:

1992թ.-ի սեպտեմբերից Լավրենտը ծառայության է անցնում Մոնթեի հրամանատարության տակ: «Մոնթեն ինձ կանչեց, ասաց` դու 3 ժամից պետք է գնդացիրը փոխարինես տանկով»,- պատմում է նա: Այդպես էլ եղավ. Լավրենտն իր տանկով միշտ առաջինն էր: 29 անգամ տանկը հայտնվել է ականի վրա: «Մի պահ հայացքս մշուշվում էր, դուրս էի գալիս տանկից, եթե տանկի վնասվածքը հնարավոր էր նորոգել, նորից հասնում էի ընկերներիս,- հիշում է նա: – Քարվաճառի գրավման ժամանակ մի ադրբեջանուհի երեխայի ձեռքը բռնած փախչում էր, երբ նրան հասա, նա սկսեց աղաչել, որ չսպանեմ: Հանեց ձեռքի մատանին, որ ինձ տար: Ես չվերցրի, ասացի, որ այդ մատանին իրեն դեռ պետք կգա: Միայն թող երեխային այնպես դաստիարակի, որ էլ ուրիշի հողին աչք չդնի:

Հիշարժան էր ինձ համար այն պահը, երբ լողում էի Արաքսի ջրերում, Հորադիսի մարտերի ժամանակ: Ամենատխուրը` երբ Մոնթեն զոհվեց: Մոնթեն իմաստուն էր, հայրենասեր: Նրա պատիժներից անգամ զինվորները չէին նեղանում, որովհետև գիտեին, որ իրավացի է: Նրա մահից հետո էլ, երբ խոսք է լինում նրա մասին, ոմանք անգամ ժպիտով ու հիացմունքով հիշում են. «Մոնթեն ինձ պատժել է»:

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Լավրենտ Շումանյանը հաճախ է Երևան գալիս՝ բուժզննման. հին վերքերն զգացնել են տալիս: Մարտական ընկերները` Աշոտը, Արշակը, Արամը, Ցոլակը, Հարությունը, նորից նրա կողքին են և այնպիսի սիրով ու գուրգուրանքով, այնպիսի ջերմությամբ են նրան շրջապատում, որը հավասարազոր է ծնողական գուրգուրանքին: Այդպիսի սեր ծնվում է միայն պատերազմական դաժան ճամփաներն անցած զինվորների հոգում:

ՍԵՎԱԿ ԼԵՎՈՆՅԱՆ