Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ

Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 5-ի առավոտյան Եռաբլուր պանթեոն այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան սպաներ եւ զինծառայողներ: Նրանք ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաեւ Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներն ու պարզապես քաղաքացիներ, դպրոցականներ: Թիվ 84 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ փոխգնդապետ Հ. Սարգսյանը նշեց, որ դպրոցականները մեծ հետաքրքրասիրությամբ են լսում Վազգեն Սարգսյանի մասին իր պատմածները. «Սպարապետի շիրիմին մեր այցելությունը երիտասարդներին հայրենասիրության դասեր տալու հրաշալի հնարավորություն է»:
Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր, «Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանն էլ համոզված է՝ ազգը չի կարող մոռանալ մի մարդու, որը առաջիններից մեկը 90-ականներին հասկացավ ազգային բանակ ունենալու անհրաժեշտությունը. «Վազգեն Սարգսյանը ականավոր պետական, քաղաքական գործիչ էր, որն անգնահատելի դեր խաղաց մեր ժողովրդի կյանքում: Նա որպես զորավար կարողացավ համախմբել բոլոր կամավորականներին եւ պատերազմի թոհուբոհի մեջ կազմավորել բանակ: Նա զարմանալի մարդ էր՝ իր զինվորներին անուն առ անուն գիտեր»:
Եռաբլուր պանթեոն այցելեցին նաեւ ԵԿՄ անդամներ` կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին, այնուհետեւ տեղի ունեցավ 706 պատանի երկրապահների երդման արարողությունը: Վազգեն Սարգսյանի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները` վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանի գլխավորությամբ:
Մանվել Գրիգորյանը Սպարապետի հիշատակին նվիրված իր խոսքում մասնավորապես ասաց. «Սպարապետ Վազգեն Սարգսյանը պետական մտածողության տեր մարդ էր, պետական շահը վեր էր դասում ամեն ինչից: Սպարապետն այն անհատականություններից էր, որ խոսքը գործի վերածելու, որոշածն անպայման իրականացնելու վճռականություն ուներ: Վազգենը մեզ շատ մեծ հպարտություն է թողել: Երկրապահի գործունեության հիմքում Վազգեն Սարգսյան մարդու, զորավարի ազգային, պետական գործչի գաղափարներն են»:
Մ. Գրիգորյանը նշեց, որ պատահական չէ Եռաբլուրը դարձել ուխտատեղի, որ մեր հետնորդները երդվում են այստեղ. չէ՞ որ երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ», իսկ այնուհետ նաեւ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպությունների ստեղծումը Սպարապետի կոչ-պատգամի իրականացումն էր. «Ես շատ եմ խնդրում ծնողներին` նախապատրաստեք ձեր որդիներին բանակային ծառայությանը: Պատանուն մատաղ տարիքից պետք է ներշնչել տղամարդկային արժանապատվություն եւ ցավը, դժվարությունն արժանավայել տանելու կամք դաստիարակել նրանց մեջ»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան