Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԶՈՐՔԻՆ ԱՐԴԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ



Զինված ուժերում բարեփոխումները շատ արդիական են, բխում են ժամանակի պահանջներից, մարտահրավերներից և տարածաշրջանի քաղաքական բարդ իրավիճակից, ինչը և պահանջում է ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին:

Ինչ և ինչպես սովորեցնել զորքին, որ պատրաստ լինեն դիմակայելու ցանկացած հակառակորդի հնարավոր պատերազմում, սա հարց է, որը հնուց ծառացած է բոլոր ժամանակների զինվորականների առջև:

Խնդրո առարկայի վերաբերյալ անցած պատերազմներում կուտակված փորձը միշտ չէ, որ ուսումնասիրվել, վերլուծվել և ամփոփվել է: Այնինչ նման միջոցառումները ոչ միայն հարստացնում են սպաների գիտելիքները, այլև օգնում են ընկալելու, ճիշտ կողմնորոշվելու, ուղղորդվելու մասնագիտական գործունեության ժամանակ:

Կարծում եմ՝ բարեփոխումների փուլում առաջնային է դառնում ստորաբաժանումների կազմհաստիքային կառուցվածքի կատարելագործումը: Այս ուղղության կարևորությունը պայմանավորված է նրանով, որ զինված պայքարի ձևերն ու միջոցները զարգանում են արագ տեմպերով, և արդեն 21-րդ դարում մարտական գործողությունների բնորոշ գծերն են ավիացիայի, գերճշգրիտ զենքի, ՌԷՊ միջոցների և տեղեկատվական պատերազմի միջոցների զանգվածային օգտագործումը, որի նպատակն է տիրապետող լինել ռազմական նախաձեռնությունը ձեռքում պահելու, տեղեկատվական գերակայություն ձեռք բերելու, կայուն ղեկավարություն ապահովելու, կրակային խոցման առավելություն ունենալու գործում, միաժամանակ կիրառելու դեռևս չօգտագործվող (անհայտ) մարտավարության ձևեր, լայնորեն կիրառելով հետախուզական (հատուկ օպերացիաների ուժերի) ստորաբաժանումները:

Կարծում եմ, որ զորամիավորումների կազմում պետք է ունենալ առանձին ստորաբաժանումներ, ենթակայությունը էական չէ, կլինի հետախուզական վարչության, թե ռազմական ոստիկանության կազմում, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի (ԴՀԽ)-ի, հետախուզական խմբի (ՀԽ)-ի դեմ պայքարելու համար (Հայրենական Մեծ պատերազմի ժամանակի «ՍՄԵՐՇ» ստորաբաժանումների օրինակով), քանի որ հակառակորդի ԴՀԽ-ի, ՀԽ-ի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են նրանց նման պատրաստություն անցած ստորաբաժանումներ, հավասարը հավասարին պայքարելու համար, իսկ հարձակողական գործողությունների ժամանակ դրանք կարելի է օգտագործել որպես գրոհային խմբեր, քանի որ հաստիքային հետախուզական ստորաբաժանումները և պաշտպանության և հարձակման ժամանակ այլ խնդիրներ ունեն լուծելու:

Այստեղ առանցքային է դառնում համազորային զորամասերի (ստորաբաժանումների) կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը` զորքերի շարժունակության, ղեկավարման կայունության բարձրացման, հետախուզության արդյունավետ օգտագործման, հակառակորդի կրակային խոցման, ՌԷՊ և ՀՕՊ համակարգերի կատարելագործման, տեղեկատվական հակազդեցության համակարգի ստեղծման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար: Շատ կարևոր է դառնում զորքերի ուսուցանումը սրընթաց գործելու բարդ ֆիզիկա-աշխարհագրական պայմաններում: Առավել առանցքային է դառնում մոտոհրաձգային (հրաձգային) գումարտակների` հատկապես պայմանագրային, կառուցվածքի կատարելագործումը: Անհրաժեշտ է, որ այն դառնա ավելի ճկուն, համապատասխանի նրանց հնարավոր կիրառմանը տարբեր պայմաններում, հատկապես լեռնային: Միաժամանակ պետք է գումարտակներում ավելացնել ականանետային ստորաբաժանումների թիվը, վաշտերում ունենալ մեկական դասակ, իսկ գումարտակներում` մարտկոց, միաժամանակ ավելացնել վաշտերի ծանր զենքի դասակների կազմում, խոշոր տրամաչափի գնդացիրների, ավտոմատ նռնականետների, վաշտային գնդացիրների քանակը, ջոկի կազմում ավելացնել երկրորդ նռնականետորդի հաստիքը (ՁՀՆ-7):

Սա հատկապես անհրաժեշտ է պայմանագրային և հրաձգային ստորաբաժանումների համար, որտեղ չկան ՀՄՄ-ներ (ԶՀՓ), որոնք իրենց կրակային հզորությամբ աջակցում են մարտում:

Կարծում եմ՝ այս բոլոր փոփոխություններից հետո գումարտակները ի վիճակի կլինեն ավելի արդյունավետ լուծելու բավականին լուրջ, մարտական խնդիրներ:

Հայտնի է՝ լինում են բանակներ, որոնք պարտված են լինում դեռ մինչև մարտի մտնելը (օրինակ՝ վրացական պատերազմի դեպքերը): Դրանց պատճառները շատ են` այն, որ զորքերի ուսուցման գործում ընտրվում են ոչ ճիշտ կողմնորոշիչներ և ուղղություններ, չեն արվում հետևություններ նախկին սխալներից և բացթողումներից, չի վերլուծվում անցած պատերազմների փորձը, հատկապես հարևանների: Հակառակորդի մարտավարական և մարտական հնարավորությունների մասին բավարար ինֆորմացիայի պակասի պատճառով թերագնահատվում է հակառակորդը կամ գերագնահատվում: Վերլուծելով և գնահատելով զինված հակամարտությունների փորձը, կարելի է կատարել եզրահանգումներ մարտական պատրաստությունը կատարելագործելու ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ մարտական կանոնագրքերում տրված են մարտական գործողությունների վարման հիմնական ձևերը, այդ թվում նաև հատուկ պայմաններում: Սակայն ինչպես ցույց է տալիս մարտական փորձը, իրադրությունը հաճախ բոլոր աստիճանների հրամանատարներին ստիպում է գտնել առկա ուժերի և միջոցների կիրառման առավել արդյունավետ ձևեր և միջոցներ, հանդես բերել նախաձեռնություն, ինչու չէ՝ ստեղծագործական մոտեցում ծառացած մարտական խնդիրների լուծման համար:

Սա առաջին հերթին վերաբերում է փոքր ստորաբաժանումների պատրաստությանը: Այս հարցի մասին շատ է խոսվում և գրվում, որոնվում են նոր ձևեր և մեթոդներ: Բոլոր կարգի հրամանատարները` սկսած զորամիավորումների, զորամասերի հրամանատարներից գտնում են, որ գնդի, բանակային կորպուսների և մարտունակության և մարտական պատրաստության հիմքն առաջին հերթին ջոկերի, դասակների և վաշտերի պատրաստությունն է, քանի որ դրանք են մարտի ժամանակ կրում հիմնական ծանրությունը, կյանքի կոչում ավագ հրամանատարների մտահղացումը և որոշումները:

Պարզ ճշմարտություն է՝ յուրաքանչյուր հրամանատար ինքն է սովորեցնում իր ենթականերին, ջոկի հրամանատարը` ջոկին, դասակինը` դասակին, վաշտինը` վաշտին և այլն: Ավագ հրամանատարի խնդիրը մնում է յուրաքանչյուր փուլում որոշել հիմնական ուղղությունները, որոշակիացնել հիմնական խնդիրը, ամփոփել և տարածել առաջավոր փորձը, ցույց տալով, թե ինչպես է օգտագործվում անցած պատերազմի փորձը, ինչպես են վերացվում ի հայտ եկած բացթողումները և թերությունները: Դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պարապմունք նախապատրաստվի մանրակրկիտ՝ մշակելով ուսումնական հարցերի կատարման մեթոդիկա: Առանց այսպիսի մոտեցման փոքր ստորաբաժանումների պատրաստությունը հաճախ ընթանում է պարզեցված պայմաններում, իսկ անձնակազմը թյուր պատկերացում է ստանում ժամանակակից մարտի մասին:

Շարունակելի

Արամ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ
գնդապետ

Խորագիր՝ #39 (1006) 3.10.2013 – 9.10.2013, Ռազմական


04/10/2013