Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՐ ՉՊԱԿԱՍԻ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԸ
ՈՐ ՉՊԱԿԱՍԻ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԸ

Բոլոր պատերազմները նման են իրար. ցավ, ավերածություններ, վիշտ, կորուստ, գալիս են խաթարելու կյանքի բնականոն հունը, խեղելու մարդկային ճակատագրերը:

Վերա Սողոմոնյանը ամուսնու, 4 զավակների հետ առօրյա մեծ ու փոքր ուրախություններով խաղաղ ու անխռով ապրում էr Բաքվում:

1988թ. հետո աշխարհը խառնվեց, ազգային հողի վրա բախումները դարձան ավելի հաճախադեպ: Ամուսինը` Էդվարդ Սողոմոնյանը, Բաքվի խառնակ դեպքերի ժամանակ Ռուսաստանում էր, Վերան ճարահատ վերցրեց երեխաներին եւ գնաց հայրական տուն՝ Ղարաբաղի Խաչեն գյուղ:

Էդվարդը վերադարձավ, հասավ ընտանիքին, հետո որոշեց գնալ Բաքու, որ գոնե տարիներով իրենց քրտինքով աշխատածը փրկի, սակայն կորցրեց իր կյանքը… ադրբեջանցիները սեփական մեքենայի մեջ բենզին էին լցրել եւ այրել նրան….

-Պատերազմը խառնեց բոլոր հաշիվները. կին, տղամարդ, մանուկ, ծեր, բոլորը զինվոր դարձան, երեխեքիս թողեցի մորս խնամքին ու գնացի միանալու կռվողներին: Մասնակցեցի Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանությանը: Մեր հրամանատարը Արարատն էր` Չոռնին,- պատմում է Վերան: -Մեկ-մեկ կռվող տղերքն ասում էին` գնա՛ տուն, երեխեքիդ տեր կանգնիր, ես ըմբոստանում էի` գնամ տանը նստեմ, սպասեմ թշնամին գա, հասնի իմ դռանը: Ես կարող եմ կռվել ու վրեժս պիտի լուծեմ: Նշանառու էի, լավ էի կրակում (ավարտել եմ Բաքվի միլիցիայի բարձրագույն դպրոցը): Դեռ մանկուց կրակել շատ էի սիրում, մայրս, որ կոպեկ էր տալիս բուֆետի համար, էդ փողով կրակում էի: Վերջին անգամ էլ էս տարի կռված ընկերներիս հետ մայիսի 9-ին Հաղթանակ զբոսայգում որոշեցի տիրում կրակել: Տեսողությունս հիմա այն չէ, ակնոց եմ կրում: Կրակեցի ու… տղերքից էլ լավ: Իրենք ասում էին՝ իբր, դիտմամբ վատ կրակեցին, որ կնոջը չհաղթեն,- ժպտում է Վերան,- բայց ես հո գիտեմ, որ լավ եմ կրակում….

Առաջին մարտս եմ հիշում, մի շաբաթ քաղցած էինք մնացել, մեզ ձիու միջոցով էին ուտելիք ուղարկում, ձին էլ մի շաբաթ չկար ու չկար: Ո՛չ կարող էինք կրակ վառել` տաքանալու համար, ո՛չ էլ կրակել՝ թռչուն խփելու: Թշնամին քթներիս տակ էր, պարզ լսվում էին նրանց խոսակցությունները, կրակոց, մի ծուխ նշմարեին, վերջ …26-ի Յուրան մեզնից վերեւ էր, ես 04-ում էի, 05- ից կրակոց եկավ, ու մարտն սկսվեց … Դաժան էր, բառերն անզոր են, նկարագրել չեմ կարող այն, ինչ զգացի ու ապրեցի այն ժամանակ… Ազատամարտիկներից մեկը՝ Խնձրստանցի Համոն, ոտքից վիրավորվեց: Տղերքն ասում են՝ Վերա՛, գնա՛ Համոյի կախ ընկած ոտքը կապիր: Խառնվել եմ իրար, բողոքում եմ` ես սնայպեր եմ, ես բժիշկ չեմ: Տղերքն էլ իրենցն են պնդում` դու կի՛ն ես, գնա՛, օգնի՛ր: Մի կերպ, չիմացածս բժշկական գիտելիքներով, վախվորած փորձում եմ օգնել (հետո այնքան վարպետացա, որ արագ կարողանում էի արյունը դադարեցնել, սեւացող ոտքը անդամահատել, ուզածդ բժիշկը կնախանձեր): Երբ տեսնում ես մարտական ընկերդ արնաքամ է լինում, պետք է անես անկարելին, անհնարը՝ միայն թե փրկվի, միայն թե ապրի…

-Պատերազմը խառնեց բոլոր հաշիվները, կին-տղամարդ հասկացության սահմանները,- շարունակում է Վերան:- «Տղամարդ կին»` հաճախ են ինձ այսպես բնութագրում, կարծում են՝ կոմպլիմենտ են անում, բայց ես ուզում եմ` կինը կին մնա իր քնքշանքով ու բարությամբ, տղամարդն էլ միշտ լինի առնական ու մեծահոգի… Գերմանիայից լրագրողներ էին եկել կռվողների մասին գրելու- հիշողության գիրկն է ընկնում տիկին Վերան,- ես ու ամուսինս (2-րդ անգամ ամուսնացել եմ մարտական ընկերոջս հետ) դիրքերից այդ օրն իջնում էինք գյուղ` մեզ գոնե մի քիչ կարգի բերելու, մրոտ էինք, գզգզված մազերով: Գերմանացի լրագրողուհին զրուցեց մեզ հետ ու ու մի կերպ հասկացրեց, որ ուզում է հաջորդ օրը այցելել մեր տուն՝ զրույցը շարունակելու:

Եկավ: Ես գեղեցիկ շոր եմ հագել, մազերս սիրուն սարքել, մի խոսքով` կոկվել- սոկվել եմ, գեղեցկացել: Գերմանուհին նայում-նայում ու չի հավատում, որ երեկվա մրոտ կինն եմ, որ այսքան կերպարանափոխվել եմ:

-Կուզեի՞ք պատերազմ չլիներ, -հարցնում է գերմանուհին:

-Այ հեր օրհնած ,- պատասխանում եմ կիսատ-պռատ իմացածս գերմաներենին ու անգլերենին արցախցու բարբառը խառնելով,- էդ ո՞ր կինն է ուզում, որ պատերազմ լինի: Գերմանուհին մի կերպ հասկանում է ասածս, բայց ոչ թե իմ բառերից, այլ դեմքիս արտահայտությունից, ծիծաղում է ու գլխով հաստատում:

-Տղերքն ինձ քրոջ պես էին սիրում,-տաք ժպտում է Վերան ու դարձյալ ընկնում հիշողությունների գիրկը:- Հիշում եմ ծննդյանս օրը դաշտային ծաղիկների մի շքեղ փունջ նվիրեցին: Աշխարհի չափ ուրախացել էի, բայց շփոթված շուրջս եմ նայում` ո՞ւր դնեմ ծաղիկներս, ծաղկաման չկար.. Պատերազմ էր, շուրջբոլորը մահ, վիրավորների տնքոց եւ…կին ու ծաղիկ… Ստիպված հողի մեջ եմ տնկում ու կատակելով արդարանում եմ` էս խրամատը մեր տունն է, հողն էլ մեր սեղանը …

Մի սիրուն տղա կար` Գրիգորը, ինձ մի օր ասաց. «Վերա՛, դու իմ քույրն ես, հրաշք աղջիկ եմ տեսել, էս մարտից հետո կգամ, միասին կգնանք ուզելու»: Չվերադարձավ… Պատերազմը սպանված սեր է, չստեղծված օջախ….

Վերայի համար պատերազմական օրերից ամենաուրախը, ամենալուսավորը Շուշիի ազատագրման օրն էր: Մեկ օր առաջ էլ վիրավորվել էր ոտքից: Հիվանդանոցից փախավ ու հենակներով, յասամանի մեծ փնջով, ոտքի ցավն անտեսելով, քայլում էր Շուշիի ուղղությամբ, աշխարհի որ ծայրում էլ լիներ Շուշին, առանց մի վայրկյան վարանելու կգնար ու կհասներ …

1992թ. Վերան միացավ «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատին, այնուհետ՝ որպես սանհրահանգիչ, նշանակում ստացավ Մանվել Գրիգորյանի կամավորական բրիգադում: Վիրավորներին հասցնում էր հիվանդանոցներ, զոհվածներին` հարազատներին. «Խնդրում, պաղատում էի` ինձ ուղարկեք առաջին գիծ, ավելի լավ է՝ գնամ կռվեմ, քան գնամ-ասեմ` որդիդ զոհվել է, ճրագդ մարեց, մա՛յր…»:

Վերա Սողոմոնյանը զորացրվել է 1995թ.: …Տարիներ են անցել, ժամանակի հետ շատ բան է փոխվել: Մանվել Գրիգորյանի կազմակերպած ուխտագնացություններին Վերան եւս մասնակցում է, գնում, հասնում են կռված վայրերը: Ամեն այցելություն փոթորկում է հոգին, ամեն քար ու թուփ մի հիշողություն է արթնացնում` էստեղ Տոլիկը իր ձեռքերի վրա մահացավ, Խնձրստանից էր, էստեղ արթիկցի Պարույրը վիրավորվեց, ինքը ոտքը կապեց …

-Էհ, ինչքան բան կա հիշելու.., -ասում է Վերան, -հաճախ եմ գնում «Եռաբլուր», մեծ փնջեր չեմ կարող գնել, բայց ամեն զոհված ընկերոջս շիրիմին գոնե մի մեխակ դնում եմ: Իմ լավ, իմ բարի, իմ քաջ ու խիզախ մարտական ընկերներ, ես միշտ հիշում եմ ձեզ… Հաճախ ենք հավաքվում ողջ մնացածներով, ու հազարաթեւ հուշերը գալիս են մեզ հյուր` պատերազմից հետո հոգումդ է պատերազմը…

-Մեկ- մեկ մտածում, տալիս-առնում եմ` պատերազմը դաժան բան է, բայց զարմանալիորեն մեզ չդաժանացրեց: Ինչքան լավ ընկերներ էինք, ինչքան մաքուր, անկեղծ: Մի կտոր չոր հացն էլ հազար մասի կբաժանեինք, որ բոլորին հասներ, մի փշրանք կդնեինք բերաններս, որ սովից ուշաթափ չլինեինք, բայց հալալ կբաժանեինք: Էդ մաքրությանն եմ կարոտում այսօր, մեր էն օրերի պարզությանը: Ճիշտ եմ ասում՝ թե հարուստ լինեի, բոլոր մարտական ընկերներիս էլ կօգնեի, չեմ ուզում ժամանակի դժվարություններից խեղճանան էն դաժան օրերի քաջ, ուժեղ տղերքը, այլ հպարտ քայլեն այս հողի վրա: Ուզում եմ` չպակասի սերն ու հարգանքը, գնահատանքը: Ուզում եմ ազատամարտիկը սրբություն լինի…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ