Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Սեպտեմբերի 8-12-ը Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում միջոցառումներ տեղի ունեցան նվիրված Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի սխրագործության 70-ամյակին:

1943 թ. սեպտեմբերի 16-ին Հյուսիս-Կովկասյան ճակատամարտում Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի մատույցների Դոլգայա լեռան վրա ինժեներական ամրացված կառույցներում դիրքավորված ֆաշիստական զորախմբերը թույլ չէին տալիս 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 390-րդ գնդին անցնել հարձակման: Անհրաժեշտ էր վերացնել ամրոցի վերածված այդ դիրքերը: Դասակի հրամանատար, ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը գրոհ կազմակերպելով՝ գրավում է երկու կրակակետեր, երրորդը գրավելու ժամանակ թշնամին համառ դիմադրություն է ցույց տալիս: Արդեն վիրավոր հայ մարտիկը սողալով մոտենում է թշնամու կրակակետին ու կրծքով փակելով հրակնատը, ապահովում վաշտի առաջխաղացումը: 1944 թ. մայիսի 16-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով Հունան Ավետիսյանին հետմահու շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում: Իսկ 1949 թվականին ԽՍՀՄ ԶՈՒ նախարարի հրամանով նրա անունը գրանցվում է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 390-րդ գնդի առաջին վաշտի անձնակազմի ցուցակում:

Կապանի շրջանի Ծավ գյուղում ծնված /1914 թ./ Հունան Ավետիսյանի աճյունը հուղարկավորված է Նովոռոսիյսկի Վերխնեբակունսկ ավանի եղբայրական գերեզմանոցում: Նրա հուշարձանը կանգնեցվել է Երևանում, Արմավիրում, Կապանում, Ծավ գյուղում, Վերխնեբանսկում: Հերոսի անունով փողոցներ են անվանակոչվել, դպրոցներ: Օվկիանոսային մի բեռնանավ կրում է Հունան Ավետիսյան անունը:

Հերոսի սխրագործության 70-ամյակին նվիրված միջոցառուները գլխավորում էր պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը՝ անդամակցությամբ ՀՀ ՊԶՈՒՎԿ-ի նախագահ գնդապետ Պետրոս Պետրոսյանի, Հունան Ավետիսյանի որդին՝ Հենզել Ավետիսյանը, ՌԴ կազակական գեներալ-մայորներ Էդուարդ Գազարիկյանը /Հունան Ավետիսյանի անվան ֆոնդի հիմնադիր նախագահ/, Ռոման Գազարյանը և տողերիս հեղինակը:

Միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Կապանում՝ հերոսի հուշարձանի մոտ, այնուհետև շարունակվեց հերոսի ծննդավայրում՝ Ծավ գյուղում, Քաջարան քաղաքում, Գորիսում, Հալիձորում, Սիսիանում: Նշված բնակավայրերում հանդիսավոր պայմաններում Հունան Ավետիսյանի անվան մեդալներով պարգևատրվեցին 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի վետերանները:

Սեպտեմբերի 17-ին Երևանում Հունան Ավետիսյանի անունը կրող թիվ 74-րդ դպրոցում տեղի ունեցավ հերոսի անմահ սխրագործության 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքի ավարտական փուլը:

ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ

Խորագիր՝ #39 (1006) 3.10.2013 – 9.10.2013, Ճակատագրեր


04/10/2013