Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՇՎԵՑ ԽԻԶԱԽ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ 55-ԱՄՅԱԿԸ
ՆՇՎԵՑ ԽԻԶԱԽ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ 55-ԱՄՅԱԿԸ

Սա Հայաստան է, և վերջ..

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ

Քաշաթաղի շրջանի Սոնասարի միջնակարգ դպրոցն արդեն 4 տարի է՝ կոչվում է նահատակ ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անունով: Սեպտեմբերի 25-ին լրացավ Սամսոնի 55-ամյակը: Ավանդույթի համաձայն՝ այս օրը Սոնասար էին եկել անհայտ կորած ազատամարտիկների մայրեր, կանայք, հարազատներ, ՊՆ ներկայացուցիչներ, հերոսի այրին, զավակները: Սոնասարն ազատագրվել է 1993-ի գարնանը, իսկ մեկ տարի անց սկսվեց վերաբնակեցումը: Համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանը Սամսոնի եղբայրն է. ասաց, որ համայնքն ունի 26 տնտեսություն՝ 114 բնակչով, որից մոտ 30-ը երեխաներ են: 1995 թվականից գյուղում սկսեց գործել միջնակարգ դպրոցը, որն այս ուստարում ունի 15 աշակերտ, 11 ուսուցիչ: Դպրոցի բակում տեղադրված է միջնադարյան մի փոքր խաչքար, որն էլ փոխարինում է հուշարձանի: Գյուղի խորհրդային տարիներին կառուցված տների պատերի միջից բազում տապանաքարերի և խաչքարերի բեկորներ են հանվել, որոնց մի մասը տեղափոխվել է խաչքարի մոտ: Հյուրերն ու գյուղի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ, աղոթեցին նահատակների հոգիների համար: Դպրոցի բակում կայացավ ցերեկույթ, որն սկսվեց մեր երկու հանրապետությունների օրհներգերով և եռագույնների ծածանումով: Ռազմահայրենասիրական երգերով, ասմունքով ներկաներին ողջունեցին աշակերտները, ընթերցվեց հերոսի կենսագրությունը: Սամսոն Կյուրեղյանը ծնվել է 1958 թվականին, Գառնի գյուղում: 1990 թվականին զինվորագրվում է միլիցիայի հատուկ նշանակության ջոկատին՝ մասնակցելով Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերին: 1994 թվականին ոստիկանության կրտսեր լեյտենանտը գործուղվում է Վարդենիս՝ սահմանամերձ գոտի: Մարտի 25-ին Օմարի լեռնանցքում մարտիրոսվում է քաջորդին: Հետմահու արժանացել է պարգևների: Դիմելով որդեկորույս մայրերին՝ դպրոցականներն ասացին.

-Մենք գիտակցում ենք, որ հայրենիքին մատաղ տված ձեր որդիների գործը չի կորչի. անմահների չարածը պետք է մենք շարունակենք:

Ելույթ ունեցան նաև հերոսի եղբոր և քրոջ որդիները՝ հավաստիացնելով, որ անհրաժեշտության դեպքում կհետևեն Սամսոնին՝ ամուր կպահեն հող հայրենին:

-Հիշենք հերոսներին, որ մեր երեխաների երազանքն իրականանա՝ պատերազմ չլինի, որ ոչ մի մայր այլևս սև հագուստ չկրի,- ասաց մի սևազգեստ մայր, որի Շահեն որդին «Արաբո» ջոկատի 22 ազատամարտիկների շարքում ահա 21 տարի համարվում է անհայտ կորած: Դիմեց իր հետ եկած բախտակիցներին՝ հորդորելով լինել հոգեպես ամուր և հավատալ, որ մի օր գալու են տղաները:

Դպրոցի դասարաններից մեկը կոչվում է «Արաբո» ջոկատի անհայտ կորած 22 ազատամարտիկների անունով: Դասասենյակի պատին այդ տղաների լուսանկարներն են: Զրույցի ընթացքում միջոցառման նախաձեռնող ՀՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Ռիմա Առաքելյանը տեղեկացրեց, որ իրենց այցը Սոնասար ծրագրված է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ և գոհունակություն հայտնեց, որ այցին օժանդակել են նաև ՀՀ ոստիկանությունն ու Երկրապահ կամավորականների վարչությունը: Նշեց նաև, որ ներկա են նաև անհայտ կորած տղաներից Արթուր Ղարիբյանի մայրը՝ Ալվարդ Ղարիբյանը, Հրաչյա Մովսիսյանի մայրը՝ Շամիրամ Մովսիսյանը, Գառնիկ Չանախչյանի այրին՝ Գայանե Չանախչյանը:

Ելույթ ունեցավ նաեւ Սամսոն Կյուրեղյանի այրին՝ Ալինա Զաքարյանը.

-Այստեղ եմ եկել որդուս՝ Գագիկի և դստերս՝ Անուշիկի և նրանց երեխաների հետ: Ինձ համար պարծանք է, որ ազատագրված Սոնասարի դպրոցը կոչվում է ամուսնուս անունով: Հպարտ եմ, որ այս երեխաները լավ գիտեն՝ ինչի համար ընկավ Սամսոնը: Մաղթում եմ, որ Սոնասարը բարգավաճի, որ այլևս պատերազմ չլինի, և ոչ մի երեխա չորբանա, ոչ մի մայր ու կին սև չհագնեն:

Ներկաներին իր օրհնանքը տվեց Սամսոնի մայրը՝ Հայկանդուխտ մայրիկը, որը Սոնասար գյուղի հիմնադիրներից է, որոնց մեջ են նաև իր թոռները:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ