Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՓԱՌՔԻ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐ
ՓԱՌՔԻ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի նախօրեին գնդապետ Արտակ Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամասում տեղի ունեցավ միջոցառում, որը կարելի է բնորոշել տոնական, հանդիսավոր, սպասված և շատ կարևոր: 21 տարի առաջ այս նույն վայրում տեղակայված դեսանտագրոհային գնդի զինվորները, որոնք հայոց նորաստեղծ բանակի առաջին զինվորներն էին, անվարան մեկնեցին ռազմի դաշտ և պաշտպանեցին հող հայրենին: Եղան զոհեր, որոնց մասին բանավոր փոխանցվեցին հերոսական պատմություններ: Անցել է 21 տարի, և տղաների մասին պատմությունները, հիշողությունները մի նոր սկիզբ դարձան ինչպես տղաների, այնպես էլ նրանց ծնողների, հարազատների, հատկապես՝ մայրերի համար, որոնք սրտի ցավով երկար տարիներ սպասել էին մեծարանքի այն խոսքերին, որոնք ասվեցին իրենց որդիների հասցեին:

Միջոցառումը կազմակերպել էր «Կարոտի կանչ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Ինչպես տիկին Անահիտը, այնպես էլ զոհված զինծառայողների հարազատները երախտիքի իրենց խոսքերն ասացին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանի, Շահումյանի զինկոմ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանի, զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանի, զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արտակ Խումարյանի հասցեին:

Հայոց բանակի դեսանտագրոհային գնդի զինծառայողները 1992թ.-ի գարնանը կամավոր մեկնեցին և մասնակցեցին Բերձորի պաշտպանական և ազատագրական մարտերին: Նրանցից 17-ն ընկան հերոսի մահով: Գնդապետ Վ. Մինասյանի և տիկին Ա. Սարգսյանի չորսամսյա արխիվային փնտրտուքներից հետո հավաքվեցին, ի մի բերվեցին մանրամասներ հերոսների կյանքից: Եվ Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակվող նրանց ծնողները հրավեր ստացան մասնակցելու այս արարողությանը: Նրանք երկար էին սպասել այս օրվան, հուզված էին ու միևնույն ժամանակ հպարտ: Հուզված էին որպես որդեկորույս ծնող, հպարտ էին իրենց որդիների գնահատման, երախտիքի խոսքերի համար:

Հանրապետության օրհներգից հետո զորամասի հոգևոր սպասավորը կատարեց հոգեհանգստյան արարողություն, և Տերունական աղոթքից հետո խնկի բույրի հետ տարածվում- լսվում էին անուններ, որոնք իրենց կյանքի գնով հաստատեցին մեր այսօրը` Հանեյան Սերոբ Խաչիկի, Բեժանյան Գրիգոր Սերոժի, Պետրոսյան Հենզել Միհրանի, Պետրոսյան Արծվիկ Դերենիկի, Հակոբյան Համլետ Հայկազի, Թումանյան Արմեն Ժորայի, Պողոսյան Արամ Ռադիկի, Ոսկանյան Արման Միքայելի, Հարությունյան Վահե Հրանտի, Միրզոյան Շահեն Վարլաշի, Մկրտչյան Ներսիկ Ռազմիկի, Գևորգյան Աղասի Արամայիսի, Կիրակոսյան Սահակ Նվերի, Ավգալդյան Արամ Ռոբերտի, Մանասարյան Արայիկ Արարատի, Պողոսյան Արտյոմ Առուշանի, Մանուկյան Մարտուն Սերյոժայի… Ողջունելով ներկաներին՝ հյուրերին, զոհված զինծառայողների ծնողներին, հարազատներին, զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանը ասաց.

-Պարոնայք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, պայմանագրային զինծառայողներ, զինվորներ, հարգարժան ծնողներ, հյուրեր, մեծ է խորհուրդն այսօրվա: Խնկարկելով Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայ զավակների հիշատակը, մենք` Անդրանիկ Օզանյանի անունը կրող գնդի զինծառայողներս, շարունակելու ենք Բերձորի ազատագրական մարտերում հերոսաբար զոհված դեսանտագրոհային գնդի զինակից ընկերների կողմից սրբագրված հայրենիքի պաշտպանության պատվավոր գործերը:

Սիրելի՛ մայրեր, ձեր զավակների` հայրենիքի նկատմամբ դրսևորած անձնուրացությունը օրինակ է և ուղենիշ նոր սերունդների համար: Գնդի անձնակազմի անունից խոստանում ենք, որ հայրենիքին մեր անմնացորդ, նվիրական ծառայությամբ միայն կկարողանանք սփոփել ձեր հոգիները, մեղմել ձեր ապրումները և վառ պահել մեր զինակից ընկերների հիշատակը:

Որպես հրամանատար կարևորելով նման միջոցառումների դերն ու նշանակությունը ՀՀ զինված ուժերի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում` իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին ու ներկաներին:

Այնուհետև զորամասի զինծառայող Գ. Ափոյանը ասաց.

-Ես` որպես Անդրանիկ Օզանյանի անունը կրող գնդում ծառայող զինվոր, ուզում եմ իմ և իմ զինակից ընկերների անունից սրտի խոսք ասել: Առաջին դեսանտագրոհային տղաներն էլ մեզ նման զինվորներ էին, որոնք զոհվեցին հանուն մեր անկախ հայրենիքի , հանուն ազատության և խաղաղ երկնքի տակ ապրելու, իրենց հայրերի, մայրերի, քույր-եղբայրների ու մեզ համար: Նրանք զոհվեցին` չմտածելով այն մասին, որ տանը սպասող ունեն, չմտածելով իրենց ապագայի մասին: Մենք գլուխ ենք խոնարհում նրանց շիրիմների առջև: Ես և իմ զինակից ընկերները խոստանում ենք մեր ծառայությամբ ամուր պահել նրանց ավանդած կապույտ երկինքը և վստահեցնում ենք, որ արժանի հետնորդներն ենք քաջարի տղաների:

Հուզիչ խոսք ասաց Զեմֆիրա մայրիկը. Տիկին Լալան, Ազնիվը, Անահիտը, Արմենուհին, Համելան, Հրանտ հայրիկը պատմում են իրենց որդիներից, և լսողները հպարտության պահեր են ապրում:

«Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ողջունելով ներկաներին` ասաց.

-Սիրելի՛ մայրեր, ես էլ որպես որդեկորույս մայր մաղթում եմ ձեզ համբերություն: Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր Անկախությունն է, իսկ ամենաթանկը՝ հայոց բանակը, մենք բանակից թանկ ոչինչ չունենք:

-Սիրելի՛ զինվորներ, զինծառայողներ, որդեկորույս մայրեր, ձեր համազգեստով տեսնում ենք մեր որդիներին: Մեր խնդրանք-պատգամը ձեզ` մեր որդիների կիսատ գործը հասցնեք վերջնական հաղթանակի:

Այնուհետև տիկին Մ. Խաչատրյանը Բերձորում զոհված տասնյոթ զինծառայողների հետմահու պարգևատրեց «Զինվոր հայրենյաց» հուշամեդալով, իսկ զորամասի 25 զինծառայողներ պարգևատրվեցին թանկարժեք նվերներով: «Փառքի զինվոր» ՀԿ նախագահ Լուսինե Ավետիսյանը նաև պատվոգիր հանձնեց տիկին Անահիտ Սարգսյանին՝ նման կարևոր միջոցառում կազմակերպելու համար:

-Թվաց` ես երկնքում տեսնում եմ մեր տղաների պատկերները, նրանք իրենց հայացքները հառել են մեզ, իրենց բանակի զինվոր տղաներին, և նրանց հայացքները ժպիտով են ողողված, գոհ են ու խաղաղված,- հուզված ասաց տիկին Անահիտը:

Օրը հանդիսավոր էր, նշանակալի, հպարտությամբ լեցուն: Սիրված մտավորականներ, երգիչներ Սահակ Սահակյանը, Արսեն /Մրո/ Գրիգորյանը, Մկրտիչ Սարգսյանը,Դավիթ Ամալյանը իրենց հայրենասիրական կատարումներով ոգևորության, ցնծության մի նոր լիցք են հաղորդում ներկաներին:

Հիշատակի, ոգեկոչման օրը վերածվում է հպարտության, անանձնական զգացումների: Վերջում զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանը իր աշխատասենյակում ընդունելով զոհվածների հայրերին, մայրերին, հարազատներին, նորից ու նոր երախտիքի ու շնորհակալության խոսքեր ասաց հերոս որդիներ ծնած հայոց մայրերին.

-Սիրելի՛ մայրեր, քույրեր, քանի որ մեր զորամասը կոչվում է մեծ հայրենասեր Անդրանիկ Օզանյանի անունով, ուզում եմ ևս մեկ անգամ հիշել Զորավարի խոսքերը.

-Հայո՛ց մայրեր, հայո՛ց քույրեր, ձեզ վրա եմ հույսս դնում: Հայ մայրեր, իմ հույսը ձեզ վրա է: Դուք պետք է ձեր զավակներին կրթեք, դաստիարակեք և նրանց ներշնչեք հերոսական ոգի, սեր դեպի իրենց հայրենիքը, հայ եղբայրները:

Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուք Զորավարի այս ոգով էիք դաստիարակել ձեր զավակներին` Փա՛ռք նրանց հիշատակին, փա՛ռք նրանց սնող-ծնող մայրերին…

Գ. ՇԱՂԱՓՅԱՆ
Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ