Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ



Բեռլին տանող գնացքում դեմ դիմաց երկու թուրք՝ մի փաշա ու դեռատի ուսանող նստեցին, որոնց թեւի տակ լրագրերի ստվար տրցակ կար։ Թերթում էին, ողբում.

– Անիծվեն հայերը, Սայիդ Հալիմի գլուխն էլ կերան…

– Չեմ հասկանում, եվրոպական օրինապահությունն այդքան անզո՞ր է…

– Ինչո՞ւ է անզոր, հայերի կողմն է, Թալեաթ փաշային սպանողին դատարանի դահլիճից ազատ չարձակեցի՞ն։

– Մերոնք էին մեղավոր, 1915-ին ոչ մեկին ողջ չպիտի թողնեին։

Միջանցք դուրս եկավ, որ իրեն չմատնի։ Պատուհանից անհաղորդ դուրս էր նայում, բայց սիրտը խայտում, շնորհավորում էր անանուն զինընկերոջը։ Հիանում էր Պատասխանատու մարմնի գաղտնապահությամբ, որ իրեն անգամ չէր տեղեկացրել հերթական բռնարարքի նախապատրաստությունը։ Մտահոգվում էր՝ Բեռլինի, Հռոմի վրիժառությունից հետո գաղտնի ոստիկանները հայ երիտասարդների, հատկապես եկվոր, ուղեւոր երիտասարդների նկատմամբ հսկողությունը չէի՞ն խստացնի, «գործը» չէի՞ն դժվարացնի։ Պատուհանից դուրս հակվեց, մի ակնթարթում վերապրեց իր նախկին բռնարարքներն ու ինքն իրեն վստահեց, ինքն իրեն հավատաց։

ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ – Եղել է, եղել է աշխարհում Կարին հայաքաղաքը, ու այդ քաղաքում ծնվել է Արամը։ Թալեաթը, Էնվերը, իթթիհատի մյուս պարագլուխները, սակայն, նրա ճակատագիրը նախօրոք տնօրինել, նրան, ինչպես մեկ ու կես միլիոն հայերին, բնաջնջման էին դատապարտել։ Ամենասահմռկեցուցիչն այն էր, որ ձգտում էին իրագործել իրենց աննախադեպ, անհեթեթ դատավճիռը։ Բարեբախտաբար, կոտորածի նախճիրները, տեղահանությունն ու գաղթը չահաբեկեցին, չվհատեցրին Արամին։ Ճիշտ հակառակը։ Արեւելահայաստան հասնելուն պես, 17-ը չբոլորած, նա զինվորագրվեց Դրոյի մարտախմբին, կռվեց Բաշ-Ապարանում։ Հայերը հաղթել, Հայաստանն անկախ էին հռչակել, բայց թուրքերը շարունակում էին ջարդերը, Բաքվում, Շուշիում զանգվածային սպանդներ էին հրահրում, զոհերի թիվը՝ անմեղ զոհերի թիվն արդեն տասնյակ հազարների էր հասնում։ Արամն ընդվզեց, վճռեց լուծել իր ժողովրդի վրեժը։ Մեն-մենակ։

1919 թվական։ Թիֆլիս։ Երեւանյան հրապարակ։ Արամ Երկանյանը դիմահար կրակոցով գետնում է մուսավաթական դահիճ Ղասիմբեկովին։

1920 թվական։ Թիֆլիս։ Գոլովինսկի պողոտա։ Արամ Երկանյանը դիմահար կրակոցով տապալում է մուսավաթական Ադրբեջանի վարչապետ Խան Խոյսկուն։

Նույն թվականին, նույն փողոցում նա գնդակահարեց հայատյաց ոճրագործներ Սարաֆովին ու Խան Մամեդովին։ Սարաֆովը սպանվեց, Մամեդովը ծանր վիրավորվեց։ Արամն էլ վիրավորվեց, բայց կարողացավ խույս տալ ոստիկանների հետապնդումից, ազատվել։ Ու, ահա, Եվրոպա էր հասել, որ…

Բեռլինում նրան պայմանավորված սրճարանում, պայմանավորված ժամին սպասում էր Շահան Նաթալին։ Բայց նա, ով Պոլսում ճանապարհել, ետեւից եկել էր, որ վերջին հանձնարարականները տա, նստել էր սրճարանի անլույս անկյունում ու էությանն անհարիր՝ դժգոհ, խոժոռ դեմք ուներ։ Հինգ րոպե հետո վեր կացավ, անխոս դուրս եկավ։ Արամը հետեւեց նրան ու մութ, ամայի փողոցի շրջադարձում իմացավ պատճառը։ Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկացրել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը, որ Բեհաէդդին Շաքիրի հետ հաշվեհարդար տեսնելու համար հայ վրիժառուներ են Բեռլին գալու։ Կամ արդեն եկել են։ Ներքին գործերի նախարարությունը բոլոր ոստիկաններին թույլատրել էր զենք կրել ու ամենաչնչին կասկածի դեպքում կրակ բացել։ Ո՞ւմ միջոցով էր այդ լուրը ամերիկյան դեսպանություն հասել, ո՞վ էր հայ վրիժառուների Պատասխանատու մարմնին նախազգուշացրել՝ Արամը, մինչեւ 34 տարեկան դառնալը, հեռավոր Կորդովայում հյուծախտից մահանալը, այդպես էլ չիմացավ…

Շահանի համար մահացու մեղքեր էին թե՛ գործի ընթացքում անգամ երկվայրկյան ուշանալը, թե՛ շուտ գալը։ Քանի-քանի հոգու ձեռքից էր նման թերացման համար զենքերը խլել, հետ ուղարկել։ Երբ Արամը տեղ հասավ, գլխով հավանություն տվեց։ Առաջ անցավ։ Իրար ետեւից քայլեցին։ Մտան Հարդենբերգ փողոցը։ Հասան թիվ 4 առանձնատանը։ Առաջնորդողը գավազանի ծայրով փողոցի մեջտեղում կլոր շրջան գծեց, արագ անցավ։ Քիչ անց Արամը գամվել էր նույն տեղում, շարժվել չէր կարողանում։ Ուրեմն այս դռնից է դուրս եկել ճիվաղը։ Այն պատուհանից է նրան նկատել Սողոմոնը, փողոց նետվել։ Մի կրակոցով գետնել է նրան ու կանգնել, արժանապատվորեն շուրջն է նայել։ Ե՞րբ է իր ոտքերի տակ այդպես ընկնելու Բեհաէդդին Շաքիրը…

Աստիճանաբար Պոլսից եկան Արշավիր Շիրակյանը, որն այս անգամ ռումինահայ մեծահարուստ վաճառականի որդի էր՝ Թորգոմ Ղազարյանը, Հրաչ Փափազյանը՝ այսպես կոչված թուրք ուսանող Մեհմեդ Ալին, որը շատ արագ մտերմացավ ոճրագործների զավակների, հատկապես Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի որդու՝ Էքմելի հետ։ Հրաչը, որպեսզի չմատնվի, մինչեւ անգամ թլպատվել էր։ Արշավիրն ավելին արեց՝ սենյակ վարձեց թաղամասի գաղտնի ոստիկանապետի տեղակալի առանձնատանը։

Վրիժախումբը երկու մասի էր բաժանվել՝ Շահանն ու Հրաչը պիտի հետապնդեին, Արամն ու Արշավիրը, որոնք դեռեւս Մետեխիի բանտից էին մտերիմ, հարվածեին։

Մեկնակետը՝ Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի արեւելյան ծխախոտի խանութը, որը ոչ այնքան վաճառատուն էր, որքան Բեռլինում ապաստանած իթթիհատական պարագլուխների հավաքատեղի, չէր տեղափոխվել։ Զարմանալիորեն Թեհլերյանի վրիժառությունից հետո Ջեմալ Ազմին ընդհատակ չէր անցել, երեւի մտածել էր, որ ինքն այնքան էլ մեծ հանցանք չի գործել ահաբեկչության թիրախ դառնալու համար։ Ըստ նրա՝ Տրապիզոնի հայ մանուկներին կողովներով ծովը թափելը, հոխորտալը, թե «այս տարի խամսիի որսը առատ կլինի», իր 14-ամյա որդուն՝ Էքմելին ազնվատոհմ, դեռատի հայ աղջիկների մի ամբողջ հարեմ նվիրելը, փոքր հանցանք էր։ Շահան Նաթալին, Արամ Երկանյանը, Արշավիր Շիրակյանը, չնկատվելու, ուշադրություն չգրավելու համար անընդհատ փոխարինում էին իրար, Ջեմալ Ազմիի ծխախոտավաճառանոցի հսկողությունը ոչ մի ակնթարթ չէին դադարեցնում։ Շուտով գտնվեց մյուս ոճրագործի հետքը։ Բեհաէդդին Շաքիրը Բեռլինում էր եւ հայտնի էր, թե որտեղ է բնակվում։

ԲԵՀԱԷԴԴԻՆ ՇԱՔԻՐ – բժիշկ, երիտթուրքերի կուսակցության գաղափարախոս, պատժիչ «Հատուկ կազմակերպության» («Թեշքիլաթը մահսուսեի») ղեկավար։ Կոմիտեի գաղտնի նիստում ասել է. «Մենք՝ հանուն Օսմանյան պետության նվիրական նպատակների, պարտավոր ենք մեր հայրենիքից մաքրել անցյալից մնացած ազգերին, որոմի, մոլախոտի պես արմատախիլ անել նրանց։ Սա՛ է հեղափոխության նշանաբանը»։ Բժիշկ Բեհաէդդին Շաքիրը կայացրեց որբացած, իրենց ազգությունը հիշող հայ մանուկներին թունավոր շիճուկ սրսկելով վերացնելու որոշումը, նահանգից նահանգ անցնելով անձամբ վերահսկեց բռնագաղթն ու սպանդը, այն բոլոր կուսակալներին, ովքեր հայերի հանդեպ ներողամիտ էին վարվել, պաշտոնանկ արեց։

Կարծես թե ժամանակն էր։ Ինչպես ասում էր Շահան Նաթալին՝ «մեծ հատուցումը» մոտ էր։ Տեղի ունեցավ, դարձյալ Շահան Նաթալիի արտահայտությամբ՝ «Վրիժառու ատյանի» վերջին նիստը, ընթերցվեց կենտրոնից ստացված գաղտնագիր հրահանգը.

1. Շանթահարվողների թիվը երկու եւ ավելի, ընդ որում` մեկը անպայման Բեհաէդդին Շաքիրը պիտի լիներ։ Մեկ հոգու հետ նույնիսկ ամենաանվտանգ պայմաններում արգելվում էր հաշվեհարդար տեսնելը։

2. Բռնարարքը պետք էր միմիայն գիշերը կատարել։

3. Ձերբակալվել ոչ մի պայմանով չէր թույլատրվում, որովհետեւ Թալեաթ փաշայի, Սայիդ Հալիմի վրիժառություններից հետո միամտություն կլիներ գերմանական արդարադատության բարյացակամությունն ակնկալելը։

Ոճրագործները, բոլորն էլ չափազանց զգույշ, վախվորած էին դարձել, զվարճատներ չէին այցելում, մութն ընկնելուն պես փողոց չէին ելնում, երբեմն միայն, ընթրիքից հետո, հավաքվում էին մեկի կամ մյուսի տանը։ Ժողովների։ Ուրեմն ահաբեկումը պիտի տեղի ունենար այն պահին, երբ բոլորը միասին նման հավաքներից հետ էին դառնում։

Պատասխանատու մարմինը վերջին անգամ ընդառաջեց՝ 15 օրվա պայմանաժամ տվեց։ Այդ ընթացքում «գործը» չավարտելու դեպքում հրամայված էր հետ վերադառնալ։

Չորս օր մնաց, երեք. երկու…

Հրաչը հեւիհեւ լուր բերեց.

– Հավաքվում են…

– Որտե՞ղ։

– Ազմի բեյի առանձնատանը։

Արամն ու Արշավիրը զենքերը գոտկատեղերը խրեցին, փողոց նետվեցին։ Տեղը շատ լավ գիտեին՝ օրվա ամենատարբեր ժամերին անցել, քայլ առ քայլ հաշվել էին աջ ու ձախ թեքվող նրբանցքների հեռավորությունը, վիճարկել էին փախուստի հնարավոր տարբերակները։ Հաճախ իրար հետ կռվել, չէին համաձայնել։

Վրիժառուները հանդիպակաց մայթերին քայլում էին անծանոթների պես։ Հետ-առաջ, հետ-առաջ։ Արամը փողոցը կտրեց, վճռական ընկերոջը մոտեցավ.

– Էլ չեմ դիմանում, քունքերս պայթում են, ձեռքերս դողում, վայ թե վրիպեմ։ Թողնենք մի ուրիշ օրվա։

Արշավիրը շեշտակի նայեց նրա լարվածությունից պրկված, պաղ քրտինքով ակոսված դեմքին։

– Արա՛մ, դու էսքան տարի ինձ ճանաչում ես, չգիտե՞ս, որ լեզվիս վրա «էգուց» բառը չկա։

Վերջապես առանձնատան դուռը բացվեց, ձեռքը գրպանում, ըստ երեւույթին ատրճանակի ձգանին, հայտնվեց Ռուհսի բեյը՝ տիկին Թալեաթի կամակատարը։ Նա գողեգող աջ ու ձախ նայեց, վերից վար զննեց փողոցը, ըստ երեւույթին կասկածելի ոչինչ չնկատելով, ներս՝ գլխով նշան արեց։ Մի ամբողջ թափոր հայտնվեց մայթին։ Առջեւից, միշտ ձեռքը գրպանում, քայլում էր Ռուհսին, ետեւից Ջեմալ Ազմիի աղջիկը, մայրը, ավագ որդու նշանածը։ Ապա Բեհաէդդին Շաքիրն ու Ջեմալ Ազմին, որոնք թեւանցուկ, ոգեւորությամբ շարունակում էին վերեւում կիսատ մնացած խոսակցությունը։ Խումբը եզրափակում էին Թալեաթի այրին, Շաքիրի կինը։ Տղաները մայթեզրին՝ ծառի ստվերում պահ մտած, անթարթ նրանց էին նայում։ Որտեղից որտեղ մի շեկ ուղեկցորդ էլ հայտնվեց, որն ամենայն հավանականությամբ գերմանական գաղտնի ոստիկանության գործակալ էր։ Նրա ձեռքն էլ գրպանում էր։

«Էգուց» բառը չկա…

Մթան մեջ Արամն ու Արշավիրը որսացին միմյանց հայացք, իրար հասկացան՝ թիկունքից, տարբեր կողմերից խոյացան թափորի վրա։ Արշավիրը կտրուկ հարվածով մի կողմ հրեց վերջից քայլող Թալեաթի այրուն, ու հենց Ջեմալ Ազմին անակնկալի եկած հետ դարձավ, «Սեւեյջ» ատրճանակը պարպեց ուղիղ ճակատին։ Այդ ընթացքում Արամը հասցրել էր, նույնպես մի կրակոցով, գետին տապալել Բեհաէդդին Շաքիրին ու քաշում էր թեւից.

– Արշավի՛ր, ամեն ինչ վերջացավ, գնա՛նք։

– Չէ՛,- թեւն ազատեց Արշավիրը,- դրա դեմ հատուկ ոխ ունեմ, ուղեղը ես էլ պիտի դաղեմ…

Մինչ նա երկրորդ անգամ կրակեց շիճուկներով հազարավոր հայ երեխաներ սպանած ոճրագործի գանգին, Թալեաթի կինը վագրի ճարպկությամբ կառչեց կռնակից։ Ատրճանակը մի կողմ թռավ, երկուսն էլ, թավալվելով հայտնվեցին դիակների կողքին։ Արամն ինքնատիրապետումը չկորցրեց, իրեն բնորոշ կնամեծարությամբ փաշայի բարձրաշխարհիկ կնոջը գրկեց, գետնից բարձրացրեց, դրեց մի կողմ, փախցրեց ընկերոջը։

«Սեւեյջ» ատրճանակն ընկած մնաց մայթին…

Արամն առաջին անգամ հանգիստ, անխռով, պարտքը կատարածի գոհունակությամբ անկողին մտավ, իսկ Արշավիրի ուղեղը վերջին պահին մի միտք շանթեց.

– Իսկ եթե իրենք դիպուկ չէի՞ն կրակել, եթե ոճրագործները վիրավո՞ր էին…

Հագուստները փոխեց, Ուլանշտրասե վերադարձավ։ Առանձնատան առջեւ ջղագրգիռ բազմություն էր խճողվել։

– Ջուր հասցրեք, ջո՜ւր,- ձայնում էր մեկը։

– Շտապօգնություն կանչեք,- գոռում էր մյուսը,- երկուսն էլ ողջ են, ուշագնաց են։

Ճեղքեց ամբոխը, մոտեցավ, կանգնեց դիակների գլխավերեւում։ Ավելի դիպուկ անհնար էր լինել։

Անսպասելի մի թրքուհի վզովն ընկավ.

– Էքմել, հորդ հալը տես…

Իրեն Ջեմալ Ազմիի որդու տեղն էր դրել։

Առաջին անգամ վախ զգաց, չանդրադարձավ նույնիսկ, թե ինչպես շրջանցեց փողոցը փակող ոստիկանական շղթան, փախավ։

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

2005, թիվ 8

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Ճակատագրեր


26/09/2013