Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԻԱՑԻՈՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՂՋԻԿ-ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ



Գիտակից եւ հպարտ, ազատ եւ վճռական. այսպես է ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետի ուսումնական և գիտական գծով տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Ալեքսանյանը բնութագրում այս տարի ինստիտուտ ընդունված աղջիկ-կուրսանտներին` Անի Ժամհարյանին, Տաթեւիկ Ռոստոմյանին եւ Էմմա Խաչատրյանին:

Այս տարի առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն, եւ ռազմաուսումնական հաստատություններում սովորելու իրավունք ու հնարավորության էր ընձեռվել նաեւ աղջիկներին: Դավիթ Ալեքսանյանը նշեց, որ ցանկացողները շատ էին, բայց խիստ ընտրություն են կատարել. «Աղջիկները ավարտել են բարձրագույն ուսումնական հաստատություններ, մեզ մոտ կմասնակցեն մեկամյա սպայական դասընթացների, կապավորի որակավորում կստանան եւ կծառայեն զինված ուժերում: Աղջիկների առաջադիմությունը գոհացնող է, նրանք կարգապահ են եւ աշխատասեր»:

Վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Մատինյանն էլ է ողջունում աղջիկների որոշումը. «Իմ վաշտի աղջիկները ոչնչով չեն զիջում տղաներին՝ համառ են, սովորելու մեծ ցանկություն եւ ներուժ ունեն»:

«Համազգեստով ինձ պիտանի անձնավորություն եմ զգում»

Անին մասնագիտությամբ նկարչուհի է, գերազանց առաջադիմությամբ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի բաժինը: Աշխատել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում որպես խմբավար, նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը: Բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել, հաջողություններ գրանցել, Անգլիա մեկնելու հրավեր է ստացել` հայկական զարդանախշերով հագուստ ներկայացնելու, սակայն հրաժարվել է եւ դիմել տարածքային զինկոմիսարիատ՝ ծառայության ընդունվելու. «Հեռուստաեթերից իմացա, որ իգական սեռի ներկայացուցիչները եւս կարող են ուսանել ռազմաուսումնական հաստատություններում, որոշեցի դիմել: Տնեցիներս ասում էին` դժվար կլինի, բանակը եւ կինը անհամատեղելի են, բայց ինձ ոգեւորեց եղբայրս` Գոռը: Նա եւս զինվորական է, ծառայում է սահմանապահ զորքերում, վստահեցնում էր, որ կկարողանամ: Հիշում եմ` երբ իմացա, որ համադասարանցիս ընդունվել է ռազմական ինստիտուտ, ինքս իմ մտքում ասացի` երանի ես էլ տղա ծնվեի: Այժմ ինձ էլ է հնարավորություն տրվել սովորելու ռազմական ավիացիոն ինստիտուտում: Ես, իհարկե, չէի կարող բաց թողնել զինվորական դառնալու հնարավորությունը»: Անին նշում է, որ ուզում էր օդաչու դառնալ, բայց աղջիկների ուսուցումը դեռեւս նախատեսված է միայն կապի ֆակուլտետում: Նա անհամբեր սպասում է պրակտիկ աշխատանքներին. «Ուզում եմ տեսական գիտելիքներս ամրապնդել փորձով, առարկայական դարձնել: Օր օրի համոզվում եմ, որ չեմ սխալվել մասնագիտության ընտրության հարցում: Համազգեստն էլ հաճույքով եմ հագնում, ինձ պիտանի անձնավորություն եմ զգում: Կարծում եմ` աղջիկները գոնե մեկ տարի պետք է պարտադիր ծառայեն բանակում, իսկ առանց հիմնավոր պատճառների բանակից խուսափող վախկոտ տղաներին վտանգավոր եմ համարում»: Չնայած այժմ Անին ամբողջովին կլանված է նոր մասնագիտության նրբությունների ուսումնասիրմամբ, բայց նաեւ շարունակում է սրբապատկերներ նկարել եւ հույս ունի անհատական ցուցահանդես կազմակերպել ինստիտուտում:

«Երթուղայինում վարորդը հարցրեց` կանգառում կանգնե՞մ, պատասխանեցի` ոչ մի կերպ»

Բյուրական-Երեւան, Երեւան-Բյուրական. այս ճանապարհը Տաթեւիկի համար սովորական է դարձել: Նա ամեն օր Բյուրականից գալիս է Երեւան եւ առավոտյան ժամը 07:50-ին արդեն ինստիտուտում է, երբեք չի ուշանում: Ասում է`ռազմական ավիացիոն ինստիտուտ ընդունվելուց հետո ժամանակն սկսել է չհերիքել. «Ընտրեցի նոր մասնագիտություն եւ չեմ զղջում որոշմանս համար: Մինչ այստեղ գալս աշխատում էի որպես իրավաբանի օգնական (ավարտել եմ Երեւանի մենեջմենթի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը): Բայց այդ աշխատանքը ինձ համար չէր: Ես բնույթով ակտիվ մարդ եմ, ինչը դրսեւորվում էր ՆԶՊ դասընթացի ժամանակ. դասակի հրամանատար էի: Ռազմագիտության ուսուցիչս` Միշա Ալեքսանյանը, խորհուրդ էր տալիս ընդունվել ռազմաբժշկական ֆակուլտետ, բայց բժշկության հետ սեր չունեի: Երբ ռազմաուսումնական հաստատություն ընդունվելու գովազդ տեսա, դիմեցի, բայց ոչ մեկին ոչ մի բառ չասացի: Ես էի գնում հայրիկիս թոշակը զինկոմիսարիատից ստանալու, որ հանկարծ չիմանա (hայրս ժամկետային զինծառայող էր)»:

Տաթեւիկը պատմում է, որ ամենահիշվողը երդման արարողությունն էր. «Կազմ ու պատրաստ կանգնել էինք շարահրապարակում, մեզ հետեւում էին ոչ միայն մեր հարազատները, այլեւ տղաները: Բոլորի ուշադրության կենտրոնում էինք: Աղջիկներիս՝ Հայրենիքին անմնացորդ նվիրվելու խոսքը տակնուվրա արեց հավաքվածների ներաշխարհը: Բոլորի աչքերին արցունքներ էին… Հետո սկսվեց զինվորական առօրյան: Տղաները մի քիչ թերագնահատում էին մեզ, բայց նաեւ նկատում՝ իրենցից հետ չմնալու մեր ձգտումը: Զինվորական կարգ ու կանոնը ներթափանցել է քաղաքացիական կյանք, փոխվել է անգամ բառապաշարս: Երթուղայինում վարորդը հարցրեց՝ կանգառում կանգնե՞մ, պատասխանեցի՝ ոչ մի կերպ, բանկից զանգեցին, անուն ազգանունս կարդացին, անկախ ինձանից արտաբերեցի՝ ճիշտ այդպես»:

«Երբ զինվորները խրոխտ քայլով անցան շարահրապարակով, ես մտածեցի՝ պիտի ծառայեմ»

Էմման սովորել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ավտոմատ կառավարման համակարգերի ֆակուլտետում, աշխատել է Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտում: Բայց որոշել է կտրուկ փոխել կյանքը. «Հորեղբայրս աշխատում է զինկոմիսարիատում: Նրանից իմացա ընդունելության մասին, բայց դժվարանում էի վերջնական որոշում կայացնել: Այդ ընթացքում եղբայրս՝ Հայկը, զորակոչվեց բանակ: Գնացինք նրա երդման արարողությանը, եւ երբ զինվորները խրոխտ քայլով անցան շարահրապարակով, ես մտածեցի՝ պիտի ծառայեմ: Հաջորդ օրը հանձնեցի թղթերս: Ընկերներս միանշանակ չընդունեցին որոշումս. աղջիկները ոգեւորում էին, տղաներն ասում՝ դժվար է լինելու, բայց ես հոգեպես պատրաստ էի: Ամենադժվարը, թերեւս, զինվորական կոշիկների ծանրությանը հարմարվելն էր, իսկ համազգեստը շատ եմ սիրում: Երբ համազգեստով եմ, անծանոթ մարդիկ հարցուփորձ են անում, աղջիկներն էլ հետաքրքրվում են ծառայության պայմաններով: Աղջիկներին ասում եմ՝ եթե պատասխանատու եք, ինքներդ ձեր նկատմամբ պահանջկոտ, ուրեմն՝ հաջորդ տարի դիմեք»:

Էմման նկատում է՝ ուսուցման ընթացքում դարձել է ավելի ճշտապահ, մանրուքների հանդեպ բծախնդիր, ֆիզիկապես ավելի ամուր. «Տղաները մեզ շատ են օգնում թե՛ դասերի, թե՛ ֆիզպատրաստության առումով, սովորեցնում են ճիշտ շնչել վազքի ժամանակ, բացատրում են շարային քայլի նրբությունները: Եթե սկզբնական շրջանում հրում հատակից վարժությունը կատարում էի 5 անգամ, հիմա՝ 15-ից ավելի, եթե երեք շրջան էի վազում, հիմա անգամ ութ շրջանից հետո չեմ հոգնում»:

Մեր զրույցին է միանում ինստիտուտի գերազանցիկ կուրսանտներից Վիգեն Այվազյանը եւ նշում, որ աղջիկների ներկայությունը ոգեւորում է տղաներին, ստիպում ավելի կազմակերպված լինել. «Բարձր ենք գնահատում աղջիկների ներգրավվածությունը ուսումնական գործընթացում: Ինձ համար նրանց որոշումը՝ ծառայել զինված ուժերում, նվիրման օրինակ է»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/09/2013