Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՊԱՐԱԿԸ` ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
ՀՐԱՊԱՐԱԿԸ` ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու՞ է այդպես…

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Սկզբում խաղաղ ու կայուն անդորր էր. կարմիրների երկրի հսկա ջրաղացքարը անշեղորեն պտտվում ու հավասարության և եղբայրության աղուհաց էր բաժանում աջ և ահյակ, կարմիրների ծիածանը ճտվտում ու բազմազգ ժողովրդի մեջ իր հրճվանքն էր հավասարապես բաշխում, գերտերության ղեկավարը փռշտում էր կարմիրների մայրաքաղաքում, ու տողանի կանգնած խայտաբղետ զանգվածը զինվորական խմբաձայնով երախտագիտորեն արձագանքում էր` առողջություն… Շինծու, թե իրական` ապահովությունն առկա էր. գաղափարախոսության լրջությունը առանձնապես լուրջ չընդունելով` ապրում էին կեցության նվազագույն խնդիրը լուծված տեսնելու գիտակցությամբ, իսկ գերտերության ղեկավար կազմի զառամախտով տառապող ծերակույտը, անհոգ խաղաղության մեջ մրափելով, իրենց խարխլված ուղեղների զառանցանքը կաղնեփայտե դագաղում հավերժության պատրանքով ամփոփելու հեքիաթն էր հյուսում: Այդ հետո էր, որ տիեզերական շերեփն անակնկալ կախվեց ու խառնեց ժամանակի չափումները: Նաև` տիեզերքի կերպը միաբանության խորհուրդը, ընկալման ու գնահատման սկզբունքները… Նաև` չափագծված սահմանները: Թափանցիկ սահմանները: Պարտադրված չափումները նեղ թվացին, ու հույզը փշրեց բանտված մտքի կապանքները: Եվ ժողովրդին տարավ դեպի հրապարակ: Ու հրապարակը ողողվեց հույզով, սիրով, անսահման սիրով… Հայի ականջին համարձակ ու անսովոր ձայներ հասան, ահագնանալով արձագանքվեցին, միախառնվեցին, հյուսվեցին իրար, ձայները դարձան պահանջ, ձայները դարձան բռունցք, բազմության հավաքական կամքը գմբեթվեց հրապարակի վրա, և սանձից փախած հույզը գմբեթը պատռեց և աղոթքի պես երկինք ելավ… Եվ ժողովրդի հավատի վրա սիրո և միաբանության լուսապսակ կախվեց. երևանցի էինք, արցախցի էինք, ջավախքցի էինք… դարձանք արյան նույն երակով սնվող մի միասնական, ոգեղեն համաձուլվածք ու բռունցքվեցինք հրապարակում: Օպերայի հրապարակում… Թատերական հրապարակում… Ազատության հրապարակում… Հրապարակ, որ մամռակալած հույզերի ոչ հեռավոր անցյալում երեխաների համար խաղահրապարակ էր, ծերերի համար` զրուցատեղի, իսկ ջահել անցորդներն էլ անհոգ թափառումով աջ ու ձախ էին նայում` իրենց ճաշակը չափի բերելու անհեռանկար գայթակղությամբ: Այդ հետո էր, որ ժամանակը փոխեց իր երանգը, լռությունը խզվեց միանգամից, և ծերերի ու երեխաների հրապարակը դարձավ մի ողջ ազգի հույզերի խառնարան: Սկսվեց մի շարժում, որի նախնական թափն արդեն հուշում էր, որ մեծ իրադարձությունները դեռ առջևում են: Իրադարձություններ` խատուտիկ ներկապնակով ու չափի չեկող վարքով, նաև անակնկալներով, մտքի և հույզի դարանակալ խութերով… Ու հրապարակը տեսավ այդ իրադարձությունների ծավալման ողջ ընթացքը` դեպք առ դեպք, փուլ առ փուլ, մանրամասն ու հստակ: Հրապարակ էր, դարձավ խոհրդանիշ: Խորհրդանիշ` միաբանության, կռվի ու հերոսացման, ազատության ու անկախության… Ակնթարթը սեղմված հավերժություն էր, հավերժությունը` հայի ոտքի տակ փռված գորգ… Տեղային հայրենասիրության մասին շինծու, սարքովի շերտավորումը դարձավ զավեշտ, զարթնեց հայի առնական գենը, հայի բնազդը վերջնականապես մաքրվեց ծագումնաբանական բարդույթից, և «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսը դարձավ արյան հիշողության վերարթնացում:

Սկզբի հույզը շատ էր թանձր, և հաշված օրերի ընթացքում ժողովրդի համար բացապարզվեց ազգերի եղբայրության մասին համայնավար երկրի հորինած և պարտադրած սուտն ու կեղծիքը, յոթանասուն տարվա մշուշը ցրվեց, և հայը սթափվեց ու հերթական անգամ տեր կանգնեց իր ճակատագրին: Ու հրապարակը դարձավ հին կանչերի արթնացման խաչմերուկ, դարձավ զարթոնքի ականատեսն ու վկան, տեսավ, թե ինչպես հարյուր հազար հայ մեկ մարդու նման կարող է լռել ու լսել մեկին: Արժանավոր, թե անարժան, որովհետև ժամանակը անարժանին անգամ արժանավորի զուգս էր հագցրել: Հայ մարդը տեսավ այդ ամենը, տեսավ ու ինքն իր վրա զարմացավ: Զարմացավ ու մտածեց. ուրեմն ձնհալ է… Շնչելու օդն անգամ մաշկազերծ նյարդի պես զգայուն էր դարձել. մարդիկ շնչում ու ինչ-որ վերերկրային կախարդանքով էին հափշտակվում: Մեկմեկու հանդեպ զարմանալի հանդուրժողականություն կար, հարազատի հանդուրժողականություն ու ներքին կազմակերպվածություն կար, նաև` մեծ ու փոքրի գիտակցում, կնամեծարության քնած ու արթնացած ավանդույթ, տղամարդկային հին ասպետություն, կորած ու գտնված նրբին զգացումներ… Տրամաբանությունը հրաշալիորեն ներդաշնակվում էր հույզի հետ, և հայ մարդը դարձյալ ու նորեն վերագտել էր իրեն` քրիստոնյայի հարազատ կերպի մեջ. ներքին տագնապ չկար, կասկած ու երկմտանք չկար, իսկ շարժման վարքը կարծես հսկվում էր երկու մեծությունների բացակա ներկայությամբ. մի կողմում հայ բանաստեղծական մտքի ասպետն էր` Հովհաննես Թումանյանը, հավերժ ժպտերես ու իմաստուն Թումանյանը, մեծերի հետ նստած-վերկացած Թումանյանը, որ իր նահապետական բարձունքից հին ու նոր հուշերի տրված, հերթական անգամ խորհում ու հպարտանում էր հայի հավաքական ԵՍ-ով, նաև տագնապում` այդ ԵՍ-ի դրսևորման զգայական թափից: Մյուս կողմում Ալեքսանդր Սպենդիարյանն էր` իր տիեզերական խաղաղության մեջ ձեռքը բարձրացրած չափ էր տալիս վարքի ծավալվող ռիթմին, որ հույզը հանկարծ դուրս չգար ափերից, և ցանկության ու հնարավորության տուտերն իրար գային մտքի սթափ հրահանգով: Իսկ ոգևորությունը ծավալվում էր վաղահաս մրգի թափով, և մեկ էլ… կայծակ ճայթեց չսպասված տեղում. եկավ Սումգայիթի բոթը: Ավերիչ ու տապալող բոթը: Բոթը եկավ ու համայնավար երկրում եղբայրության մասին օդավորվող երդումները մի րոպեում քամուն տվեց: Պղպջակը պայթեց, ու մնաց մորեմերկ գույժը` բորենու բնազդը նորեն եռանդի էր եկել, և մասնագետ արնախումը որսի էր ելել նորոգված ախորժակով: Ու թիրախը դարձյալ ծուղակում հայտնված անպաշտպան հայն էր: Դարանել ու խփել էին անակնկալ` ոհմակի հղկված բնազդով: Մտքի ու երևակայության մեջ չտեղավորվող բոթը կարՃ մի պահ խլրտաց-խաղաց ասես ուրիշ ժամանակներում, հետո արձագանքվեց, ետ եկավ ու խփեց միանգամից, և ցավուդողի առաջին ալիքը արյան հիշողությունը բերեց: Բերեց շատ հեռվից, ծալծլված ժամանակների խորքից պատկերներ արթնացան-եկան, և հայի աչքերի առջև հառնեց կարմրատակած բիբերի խորքից նայող նու՜յն վայրենին, տղամարդկային հպարտության հետ նաև միտքն ու հոգին թլպատած նու՜յն չալմավորը: Ու հայի ժամանակը դարձյալ թնջկվեց: Եվ հայրենասիրության նորոգված թափը լավագույն տղերքին տարավ հերոսացման… Ու դարձյալ չկար բաժանում` արցախցի, ապարանցի, գյումրեցի… Կար հայ մարդ և հայ մարդու վրեժ: Արյան ու հիշողության վրեժ: Ու լավագույն տղերքը, նախնիների սրբազան ուխտով, իրենց տվեցին կրակի բերան: Սկիզբ առավ մի տարեգրություն, որն այնուհետև կոչվելու էր` Արցախյան:

Եվ ահա անցել է քսաներկու տարի: Անկախության քսաներկու տարի: Կարծես երեկ էր ու միաժամանակ` մի դար առաջ, քսաներկու տարվա ժամանակը թափանցիկ է ու միաժամանակ` թանձր-անտեսանելի: Թվում է, թե բան չի փոխվել. դարձյալ մենք ենք` հաստատողի ու ժխտողի նույն կերպի մեջ, բայց… ժանգոտ կարուսելի պես դարձյալ շշուկներ են պտտվում. միտք ու հոգի է պղտորվում ծանոթ հանգով, թե` գիտեք, ապարանցի, քյավառցի, լոռեցի… Ու տեղական հայրենասիրության նամշահոտով ոճավորված հին զրույցների ձայնապնակը առիթով ու անառիթ թափ է առնում ու պտտվում, ու՞մ կամքով, ու՞մ ցանկությամբ, ինչու՞… Դարձյա՞լ տրոհման աննամուս ուրվական, դարձյա՞լ նվաճված արժեքների փոշիացում, հավերժ վերադարձ դեպի ելման կե՞տ… Սա ի՞նչ կախարդական տեղապտույտ է: Կռվում ախր մեր միասնականության ոգին հաղթեց, և հիմա… Կռիվն անցել է, ու խաղաղության ոլորտ ենք մտել սթափ խոհով. հայը հաղթանակին այսքան մոտ եղե՞լ է: Ասում են` հաղթանակ, որովհետև խրամատային մեր հաղթանակը դեռ թղթի վրա արժանապատիվ ու ամփոփիչ վավերացման է սպասում: Կա վերջնական հաղթանակ հասկացություն, և այդ հաղթանակի շունչն արդեն զգացվում է, մնում է ևս մի քայլ, կորովի մի նոր բռնկում-թեժացում, կամքի և մտքի ևս կենտ մեկ պրկում…

Քսաներկու տարվա տարեգրության մատյանը թերթելով` հավատդ դառնում է թափանցիկ, թե` այս անգամ նպատակի մեջ վրիպում չի լինելու, ու այս անգամ հայը իր կռիվը խաղաղության ծրարի մեջ արժանապատվորեն ու փառքով է ամփոփելու: Ժամանակի և մեր ինքնության հրամայականն է դա: Հրամայական, որ հավատի ու համոզմունքի ներդաշնակության խորհրդով է ամրագրված: Իսկ այդ հավատն ու համոզմունքը դարեր շարունակ մեզ հուշում և խրատում են. յուրաքանչյուր ազգի լինելության խորհուրդը ժամանակի մեջ փուլերի է տրոհված: Նախ ընտանիք` իր ավանդույթներով ու սրբություններով, ապա` առողջ ազգ, մարտունակ բանակ, պետություն ու հայրենիք: Հայրենիքը` նախ որպես գաղափար, ինքնագիտակցության կերպ, որպես հոգեբանություն և նոր միայն աշխարհագրական տարածք, հոգևոր ու ֆիզիկական իրողություն: Բայց սեփական կերպի մեջ պարփակված լինելու բնազդը մեզ հաճախ է խանգարել, մանրուքի ու խոշորի, էականի ու ոչ էականի շփոթմունքը մեզ հաճախ անցանկալի արարքների է մղել: Եվ արդյունքում` գաղափարախոսության տրոհում և ազգային արժեքների փոշիացում: Մեր իսկ ներսում օտար ու յուրային որոնելու անհեթեթ փնտրտուքն արդեն իսկ ջլատում է, արդեն իսկ սլաքի ելած նետ է` ուղղված մեր միասնականության թիրախին: Մի կողմից` ուժեղ, անկախ պետություն ունենալու ձգտում-երազանք, մյուս կողմից` ծագումնաբանական բարդույթի չհաղթահարված արգելք ու մանրախնդրություն: Մի կողմից` տղայական հույզ ու սնապարծություն, մյուս կողմից` այդ հույզի հետ չներդաշնակվող սթափ տրամաբանություն: Թվում է՝ հասել ենք մի հանգրվանի, երբ մեր միասնականության նյարդը առավելագույնս պիտի զգայուն լինի, բայց… Բայց ահա պարզապես հայ լինելու փոխարեն երբեմն ուզում ենք ընդգծված, սնապարծության ոգով ամրագրված հայ լինել և դեռ ուզում ենք ուժեղ պետություն ունենալ: Եվ այս ամենն արդեն թափ առած քսանմեկերորդ դարում, երբ կարծես թե և՛ թիկունքի մեր պատմությունը պետք է որ մեզ դաս լիներ, և՛ այսօրվա մեր աչքի տեսածը: Պատմությունը` խոհ և դաս, այսօրը` հայացք դեպի գալիքը: Ասված է. հիշողություն չունեցող ժողովուրդները դատապարտված են չգոյության: Միայն անցյալով ապրող ժողովուրդները ներկա չեն ունենում, իսկ միայն ներկայով ապրողները` ապագա չեն ունենում: Մենք կարծես անընդհատ հետ նայելով ենք առաջ գնում, բացվող օրվան թիկունքով ենք դիմավորում: Ապագային թիկունք արած ենք առաջ գնում: Ու հիմա եկել է հիշողությամբ զորեղանալու ու առաջ նայելու պահը: Եկել է նաև թղթի վրա հաղթելու պահը, «բարոյական հաղթանակ» հասկացությունը մեզ համար այլևս հոգնածի մխիթարանք է, մենք ճամփա ենք անցնելու` մեր պապերի երազած ճամփան, ընթացքի մեջ ենք, գնում ենք, նպատակը իրականացված տեսնելու պարտադրանքն է դա, նաև` մեր խաչը: Մեծ մարդակերները բզկտել են մեր երկրի սահմանները, մեր երկիրն ամբողջական տեսնելու մեր երազանքը մենք ենք իրականություն դարձնելու` ազգովի ու միասնաբար: Եվ այդ ցնծության օծում-վավերացումը դարձյալ այս հրապարակում ենք տոնելու: Օպերայի հրապարակում… Ազատության հրապարակում… Անկախության հրապարակում…

Աստված մեզ հետ:

ՎԱՀԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ