Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՍՊԱՐ ԱՐՄՍ՝ ՄԻԱԿՆ ՈՒ ԲԱՑԱՌԻԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
ԱՍՊԱՐ ԱՐՄՍ՝ ՄԻԱԿՆ ՈՒ ԲԱՑԱՌԻԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Քաղաքացիական և ծառայողական զենքերի ներկրմամբ, վաճառքով, ինչպես նաև հայրենական զենքի արտադրությամբ զբաղվող Ասպար Արմս ՍՊԸ -ն հիմնադրվելուց կարճ ժամանակ անց ձեռք բերեց զենքերի արտադրությամբ զբաղվող աշխարհահռչակ զինագործական ընկերությունների` Ֆաբարմ Իտալիա, Վերնեյ Կարոն Ֆրանսիա, Բերետա Գրուպպ, որի մեջ ընդգրկված են զենքերի արտադրությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ հանրահայտ ընկերություններ, միակ պաշտոնական ներկայացուցիչը լինելու վստահությունը ողջ տարածաշրջանում։ Ասպար Արմսը քաղաքացիական շուկայի համար ներկրում և իրականացնում է ինչպես զենքի, այնպես էլ փամփուշտի, հանդերձանքի և ոլորտի համար անհրաժեշտ բազմապիսի պարագաների վաճառք ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից, Չեխիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Անգլիայից, Ֆիլիպիններից, ՌԴ-ից։

-Բացի թուրքական արտադրության ապրանքներից, այս ոլորտում լուրջ դերակատարում ունեցող բոլոր երկրներից մենք ներկրում և իրականացնում ենք վաճառք ինչպես քաղաքացիական և ծառայողական զենքերի, այնպես էլ փամփուշտի, հանդերձանքի և այլ պարագաների,- մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Ասպար Արմսի տնօրեն Սամվել Մարգարյանը։

Ցուցանմուշների բազմազանությունը, վերջիններիս ճիշտ կազմակերպված ցուցադրությունը այնքան տպավորիչ են, որ թվում է, թե հայտնվել ես եվրոպական որևէ քաղաքի զենքի առք ու վաճառքով զբաղվող մասնագիտական խանութներից մեկում, որտեղ կբավարարվեն անգամ ամենախստապահանջ ու բծախնդիր հաճախորդի պահանջերը ցանկացած զենքի նկատմամբ։

♦♦♦

Ասպար Արմսը ունի միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող բարձրակարգ հրաձգարան, որտեղ սկսնակները արհեստավարժ հրահանգիչներից համապատասխան հրահանգավորում ստանալուց հետո սովորում են կրակել, իսկ առավել փորձառուներն էլ կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները։

Այստեղ առաջին հերթին մասնագետներն ստուգում են հաճախորդի զենք ունենալու թույլտվությունը. եթե նա իր անձնական զենքն ունի, ապա պետք է անպայման ստուգվի այդ զենքի պիտանիությունը, արդյոք անվտա՞նգ է այն կիրառելը, թե ոչ: Այցելուները ծանոթանում են ինչպես զենքի հետ վարման, այնպես էլ անվտանգության կանոններին, հրաձգարանի ներքին կարգ ու կանոնին, և հրահանգավորման մատյանում ստորագրելուց հետո նոր միայն թույլատրվում է նրանց կրակել։ Հրաձգարանում կրակում են հրահանգչի հրահանգով և նրա ներկայությամբ։ Զենքի լիցքավորումը, նշան բռնելը և կրակելը իրականացվում է միմիայն հրահանգչի թույլտվությամբ։

-Մեզ մոտ գալիս են կրակելու ինչպես իրենց անձնական, սեփական, այնպես էլ մեր կողմից տրվող զենքերով, ինչ վերաբերում է փամփուշտներին, ապա դրանք դրսից չեն բերվում, այլ հաճախորդը գնում է մեր վաճառքի սրահից։ Ինքնագործունեության ցանկացած դրսևորում արգելված է,- վստահեցրեց տնօրենը։

Ասպար Արմսի ծառայություններից օգտվում են ինչպես ուժային կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ օտարերկրացիներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։ Իմ հարցին՝ արդյոք թույլ սեռի ներկայացուցիչներ է՞լ են օգտվում իրենց ծառայություններից, Սամվել Մարգարյանը պատասխանեց՝ «մեր հայուհիները վերջին շրջանում սկսել են բավականին լուրջ հետաքրքրություն հանդես բերել զենքի նկատմամբ»։

-Երբ առաջին անգամ ձեռքը զենք վերցնող տղամարդը կրակում է ու վրիպում, նա հոգեբանական որոշակի բարդույթների առաջ է կանգնում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մկանային լարվածության, որը լրջորեն խանգարում է կրակելուն։ Մինչդեռ կանանց շրջանում հաճախ զարմանալիորեն հակառակ պատկերն է նկատվում։ Առաջին կրակոցը ձախողած կինը հոգեբանական լարվածություն չի ունենում։ Մեր բազմաթիվ դիտարկումները բերել են այն համոզման, որ առաջին անգամ ձեռքը զենք վերցրած ու թիրախին չդիպած կնոջ հաջորդ կրակոցները, որպես կանոն, հիմնականում դիպուկ են լինում, ինչը վկայում է կանաց բարձր և ուժեղ հոգեբանական հավասարակշռվածության մասին, ինչն էլ իր հերթին մեծ առավելություն է հրաձիգի համար։

Ասպար Արմսում գործում են զենքի վերանորոգման, արդիականացման, գեղարվեստական ձևավորման արտադրամասեր, որտեղ աշխատում են լավագույն զինագործ վարպետները։ Զենք գնած հաճախորդի ցանկության դեպքում մեր վարպետները կարող են զենքի վրա տեղադրել օպտիկական նշանոց, անհրաժեշտության դեպքում փոխել խզակոթը, լույս տեղադրել և այլ տարատեսակ ծառայություններ մատուցել։ Ասպար Արմսում կա սահմանված գնացուցակ, գործում են վճարովի ծառայություններ։ Այստեղ տրվում է խորհրդատվություն ինչպես զենք ձեռք բերելու, այնպես էլ դրանից օգտվելու վերաբերյալ,- զրույցի վերջում վստահեցրեց Ասպար Արմսի տնօրեն Սամվել Մարգարյանը։

Ուրախալի է, որ ողջ տարածաշրջանում Ասպար Արմսը համաշխարհային բրենդ համարվող զենքերի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող, համալիր ծառայություններ մատուցող միակ ընկերությունն է, որը տարեցտարի ավելի ու ավելի է հզորանում։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր