Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄՈՒ ԶԵՆՔԸ ԱՆԶՈՐ Է ՄԵՐ ՈԳՈՒ ԱՌԱՋ



«Էս գիպսը հանեն, գնամ զորամաս»,- ասում է թշնամու դիպուկահարի գնդակից վիրավորված ժամկետային զինծառայող Արթուր Ասոյանը

Օգոստոսի 23-ին, ժամը 11-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերել էին հրազենային մարմնական վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողներ Նորայր Պետրոսյանին եւ Արթուր Ասոյանին: Նրանց անհապաղ տեղափոխել էին բժշկական կենտրոն, սակայն Նորայր Պետրոսյանի կյանքը փրկել չէր հաջողվել: Արթուր Ասոյանին տրվել էր առաջին բուժօգնություն: Պաշտպանության նախարարությունից նաեւ հայտնել էին, որ զինվորներին հրազենային մարմնական վնասվածքներ էր պատճառվել ադրբեջանական դիպուկահարի կրակոցից, 700-800 մետր հեռավորությունից:

Այժմ Արթուր Ասոյանը բուժումը շարունակում է ՊՆ Կենտրոնական հոսպիտալում:

Եվ ահա ես այցելում եմ զինվորին, հետաքրքրվելու նրա որպիսությամբ, քաջալերանքի խոսքեր ասելու: Երախտագիտության եւ մեծարանքի բառերը անկախ իմ կամքից լցվում են գլուխս: Հուզված եւ ոգեւորված եմ. Զինվորը սակրավոր է, առաջին գծում, թշնամու նշանառության տակ շինարարական աշխատանքներ կատարելիս (փլված խրամատը նորոգելիս)՝ ադրբեջանցի դարանակալ դիպուկահարի գնդակը գտել է նրան: «Եթե սակրավոր ես, արդեն հերոս ես, թերեւս ամենահերոսական զինվորական մասնագիտությունն ունես: Քաջին վայել մասնագիտություն է: Սակրավորը, ինքդ էլ գիտես, մեկ անգամ է սխալվում: Թշնամու դիպուկահարի գնդակը կարողացել է փշրել ուսդ, բայց վստահ եմ, ոգիդ առաջվա պես ամուր է: Դեռ վայելելու ես կյանքը՝ ճակատդ բարձր, հպարտ…»:

-Բան ասի՞ր…- հայելու մեջ տաքսու վարորդի զարմացած-հարցական հայացքը ուղղված է ինձ: Փաստորեն, շատ էի ոգեւորվել ու արդեն բարձրաձայն էի մտորում:

-Չէ՛, ադրբեջանցի դիպուկահարը մեր զինվորներից մեկին վիրավորել է, հոսպիտալում է… մտքով նրա հետ էի:

-Մեր բալի ցավը տանեմ,-ասում է տաքսու վարորդը,-թող զինվորը ուժեղ լինի, կուշտ լինի, մենք՝ ոչինչ, յոլա կգնանք… մենակ թող մեր զինվորն էնքան ուժեղ լինի, որ պատերազմ չլինի…

…Ես մտնում եմ հոսպիտալ եւ առաջին հերթին այցելում եմ Արթուր Ասոյանին բուժող բժշկին՝ վնասվածքաբանության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Լեւոն Ժամագործյանին: Նա բժշկագիտության դոկտոր է, հոդերը մետաղական կոնստրուկցիաներով փոխարինելու՝ տարածաշրջանում եզակի վիրահատությունների մասնագետ:

-Զինվորի ձեռքը կդառնա՞ առաջվա նման,-հարցնում եմ Լեւոն Ժամագործյանին,-ասում են՝ Դուք հրաշքներ եք գործում: Մեծ բան չէ, ուսն է մի փոքր վնասվել…

Լեւոն Ժամագործյանը անհարմար-ներողամիտ ժպտում է, լռում է մի պահ, հետո կիսաձայն, ասես դժվարությամբ ասում է.

-Հնարավոր ամեն ինչ անում ենք, բայց… բազկոսկրի գլխիկի բազմաբեկորային կոտրվածք է՝ հրազենային կույր վիրավորումից առաջացած, գնդակը մնացել էր թեւատակի հատվածում եւ, փառք Աստծո, չէր վնասել ներքին օրգանները: Գնդակը հեռացրել ենք, հետվիրահատական շրջանը առանց բարդությունների է ընթանում, վերքը լավանում է առաջնային ձգումով (առանց թարախակալման): Դրվել է գիպսային կապ, զինվորի վիճակը բարվոք է:

Ես հասկանում եմ, որ բժիշկը ձգում է պատասխանը…

-Թեւը կաշխատի՞…,-իմ նախկին ոգեւորության հետքն անգամ չի մնացել: Հարցնում եմ գրեթե կիսաձայն:

-Մենք ամեն ինչ կանենք, որ խուսափենք բազկոսկրի գլխիկի էնդրոպրոտեզից…

… Ես մտել եմ հիվանդասենյակ ու մոռացել եմ քաջալերանքի բոլոր բառերը: Արթուրը ժպտադեմ պատմում է: Ես զգում եմ, որ նա մի կերպ է զսպում ցավը, տնքոցը: Որ այդ ժպիտը նրան հեշտ չի տրվում:

-Դե, ծառայություն է, այսպես էլ կլինի: Ես սակրավոր եմ, այսինքն՝ հոգեբանորեն պատրաստ եմ վտանգի դեմ գնալ: Զինված սահման ենք պահում, հո խաղ չէ՞: Փլված խրամատն էինք նորոգում, մեկ էլ պայթյուն լսվեց: Տեսա՝ արյան մեջ կորել եմ: Ուսս կարգի բերեն, գնամ զորամաս, հոգնեցի պառկելուց:

Ինչ-որ բան դեմ է առել կոկորդիս ու համառորեն ուզում է արցունք դառնալ: Մի ուժեղ զգացում՝ հպարտություն ասեմ, վեհություն, խանդավառություն, արցունքոտվելու չափ ուժեղ, լցվել է սիրտս: Ես մոռացել եմ բոլոր անհրաժեշտ բառերը եւ անգամ շնորհակալություն չեմ ասում այս ուժեղ, հայրենասեր, քաջ ու պայծառ հայորդուն:

-Մենակ երեխաս հաշմանդամ չդառնա,-մայրը, որը մինչ այդ ժպտում էր, հանկարծ փլվում է: Արթուրը սաստում է մորը.

-Ի՞նչ հաշմանդամ, էս գիպսը հանեն, գնամ զորամաս:

…Թուրքի զենքը անզոր է մեր ոգու առաջ՝ մտածում եմ ես, հետո բարձրաձայն եմ ասում այս բառերը: Արթուրը գլխով է անում: Արթուրի մայրը՝ տիկին Սուսաննան, վերագտել է նախկին հանդարտությունն ու պատմում է.

-Արթուրս Լեհաստանում է ծնվել: Այնտեղ էինք ապրում այն ժամանակ: Ավագ որդիս՝ Արսենը, Հայաստանի զինկոմիսարիատում հաշվառված չէր, բայց, երբ ժամանակը եկավ, կամավոր գնաց զինկոմիսարիատ, հաշվառման կանգնեց: Հանգիստ, փառքով-պատվով ծառայեց, հետ եկավ: Մի տրտունջ, մի բողոք չլսեցինք: Նույնն էլ Արթուրս: Ամբողջ կյանքում սպորտով է զբաղվել, յոթ տարի կարատե է պարապել, հետո՝ բոքս, ֆուտբոլ: Ես ու ամուսինս ամեն ինչ արել ենք, որ լավ որդիներ մեծացնենք, երկրին, ժողովրդին պիտանի:

Հիվանդասենյակից դուրս գալիս ես զինվորին եմ տալիս հեռախոսահամարս:

-Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, զանգի՛ր:

-Ոչ մի բանի կարիք չունեմ,-պատասխանում է:

… Ինձ անհրաժեշտ է ինչ-որ մեկի հետ կիսել ապրումներս: Տաքսու վարորդը քթի տակ հայհոյում է.

-Մի հատ էս «ջիպի» տիրոջը նայիր, ճանապարհն իմն է, հերիք չէ՝ դեմս կտրեց, մի բան էլ ինքն է գոռում: Լակոտ է, հազիվ քսան տարեկան կլինի. հոր թայ մարդ եմ, վրես մատ էր թափ տալիս: Էս ի՜նչ սերունդ է մեծանում: Սրա՞նք պիտի երկիր կառուցեն, հայրենիք պաշտպանեն…

-Սա չէ մեր սերունդը,-ես սիրտս դատարկելու առիթ գտա,-«ջիպերով» մայթերը բարձրացող, մայրաքաղաքի փողոցներով սուրացող, իրենց հոր տարիքի մարդկանց վրա մատ թափ տվող պատանիները չեն մեր բարձրացող սերունդը: Մեր ապագան սահմանին է, Հայաստանի վաղվա կառուցողը հիմա երկիր է պաշտպանում… կամ սպասում է՝ ուսը գիպսից հանեն, որ սահման գնա:

Տաքսու վարորդը ապշած-հարցական նայում է ինձ… Աչքերիս մեջ ինչ-որ բան է լճացել, որին դժվարանում եմ անուն տալ…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #37 (1004) 19.09.2013 – 25.09.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/09/2013