Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՄՈՆ ԳԵՐԻ ԲՌՆԵՑ



Ոչ ոք չի հավատում։ Բոլորը գալիս են տեսնելու։ Սամոն ու թուրքը, նստած գետնատնակի առջեւի քարերին, զրուցում են։ Զարմանում են, տեսածներին չեն հավատում, բայց թուրքը կենդանի ապացույց է. նստած զրուցում են։

Սամոն կամավորական ջոկատում նոր մարդ է։ Մի քիչ դանդաղ է մտածում։ Որոշում կայացնելուց առաջ երկար-բարակ մտածում է։ Խրամատներում երկար ապրելուց կոշտացած տղերքի կոշտ կատակներին չի պատասխանում։ Բոլորը սիրում են, բայց հետը խոսելիս նրանց աչքերի մեջ հեգնական կայծ է շողշողում։ Արդեն մեկ ամիս է, ինչ դիրքերում են, չի փոխվում։ Ասում են՝ Սամոն դանդալոշ է։ Ջոկատի լիարժեք անդամ չեն ընդունում։ «Սամո՛, թռի՛ ջրի… Սամո՛, հացի ժամն է, շո՛ւտ արա… Սամո՛, փամփուշտ հասցրու…»։ Բոլորին հասնում է։ Սուսուփուս կատարում է բոլորի հանձնարարությունները։ Ու հիմա Սամոն ու թուրքը, նստած գետնատնակի առջեւի քարերին, զրուցում են։

Ամեն նոր եկող, չհավատալով աչքերին, նորից հարցնում է.

-Սամո՛, էդ ո՞նց արիր…

Եվ ամեն անգամ, Սամոյին առաջկտրուկ անելով, Սամոյի փոխարեն ջոկատի խոհարար Վարազդատը պատասխանում է.

-Ուղարկեցի ջրի։ Գնաց ու գնաց։ Անհանգստացա՝ էս ախմախին մի բան չպատահի՞։ Մեկ էլ տեսնեմ` Սամոս գալիս ա։ Բայց էրկու հոգով են։ Մտածեցի՝ երեւի տղերքից մեկն ու մեկը գնացել ա սառը ջուր խմելու։ Երբ մոտեցան, տենամ մեկին առաջն արած, ջրի ամանները շալակը տված, բերում ա։ Ասում ա՝ թուրք ա, գերի եմ բռնել։ Չեմ հավատում։ Ասում եմ՝ այ դանդալոշ, հայ կլի, թուրքն ի՞նչ ա շինում էստեղ։ Ասում ա՝ ոտները հանել էր, դրել ջրի մեջ։ Առաջուց ես էլ կարծեցի, թե հայ ա… Էդ թուրքն էլ խելոք, գլուխը կախ կանգնել ա։ Չի խոսում, որ տենամ թուրք ա։

Տղերքի քեֆին քեֆ չի հասնի։ Լսում են, փորները բռնած ծիծաղում։ Ոչ միայն նոր եկողները, այլեւ արդեն տասը, քսան անգամ նույն պատմությունը լսողները։ Սամոն ու թուրքն էլ հետները հավասար ծիծաղում են։ Սկզբում թուրքը տխուր էր, չէր խոսում։ Գլուխը կախ, մտքերի մեջ էր։ Հիմա Սամոն անընդհատ ձեռքը գցում է նրա վզովը ու միասին ծիծաղում են։

Նոր եկողներից մեկն ուզում է խփել թուրքին։ Սամոն վճռականորեն բռնում է նրա ձեռքը, նայում աչքերի մեջ՝ ձեռք չտաս։ «Կարող ա՞ ախպերդ ա,-նեղանում է խփել ցանկացողը,-դու իրանց ձեռն ընկած ըլեիր, հմի կաշիդ քերթել էին»։ «Հա, ախպերս ա,-Սամոն նորից ձեռքը գցում է թուրքի վզովը,-կարող ա ես ըլեի իրա տեղը»։ Բարձրաձայն ծիծաղում են։ Թուրքը նույնպես ծիծաղում է։

-Էդ ո՞նց հաջողացրիր, Սամո,-հարցնում է նոր եկողներից մեկը։ Եվ Սամոն, արդեն տասներորդ անգամ, հաճույքով պատմում է։ Լեզուն բացվել է.

-Մոտեցա ախպրին, տենամ ոտները հանել ա, դրել ջրի մեջ։ Մտածեցի՝ կողքի ջոկատի տղերքից կլի։ Ասի՝ բարեւ, ախպեր ջան։ Սա շուռ եկավ, նայեց ու ձեն չի հանում։ Ասի՝ նստեմ, մինչեւ վերջացնի, հետո իմ կանիստրը կլցնեմ։ Էս ախպերը ձեն չի հանում, մտիկ ա տալի ոտներին։ Ասի՝ ախպեր, ո՞նց ես… ի՞նչ կա-չկա։ Ասում են` հարձակում ա սկսվելու։ Էլի չի պատասխանում։ Ես խոսում եմ, հարցեր տալիս, սա լուռ նստած ա։ Ջրի ամանը վաղուց լցվել ա, հեչ պետքը չի։ Ասի՝ կարո՞ղ ա թուրք ես, ախպեր… Կամաց ավտոմատս պատրաստեցի ու յանի թե անուշադիր եմ, խոսելով մտիկ եմ տալի անտառից էկող ճամփին։ Մեկ էլ ի՞նչ տենամ… Էս ախպերը ջրից դուս թռավ ու ձեռը գցում ա ավտոմատին։ Ավտոմատս պահեցի վրեն, գոռացի։ Սա չէ, ձեռը գցում ա ավտոմատին։ Կրակեցի… Վայ թե գլխի ընկավ, որ կատակ չեմ անում։ Կուչ էկավ։ Ավտոմատը ձեռիցն առա, իմ ու իրա կանիստրները տվի շալակը, էկանք։

-Այ ախմախ, բա ընչի՞ էս առանց կոշիկների բերել,-ծիծաղելով նկատում է մեկը,-մենք սրան որտեղի՞ց կոշիկ հագցնենք։

-Կուղարկեմ, կբերի,-ծիծաղում է Սամոն։

Բոլորը ծիծաղում են։ Սամոն օրվա հերոսն է։ Քեֆին քեֆ չի հասնի։

Պարզվում է՝ թուրքն «ուսումնական» մարդ է։ Համալսարանի վերջին կուրսից զորակոչել են, բերել ռազմաճակատ։ Կռվելու ո՛չ հավես ունի, ո՛չ նպատակ։ Ինքն էլ թուրքերի Սամոն է։ Ուղարկել են ջրի, շփոթվել է, հասել հայերի դիրքերի մոտ։

-Սկզբում կարծեցի մերոնցից է,-պատմում է թուրքը,-էնպես հանգիստ ու անհոգ էր գալիս։ Երբ հայերեն խոսեց, հասկացա, որ սխալ տեղ եմ եկել։ Բայց արդեն ուշ էր։ Սա էլ նստել է, հա մի գլուխ խոսում է, հարցեր տալիս։ Հասկանում եմ, որ ինքն էլ գլխի չի ընկել։ Հակառակի պես էլ ավտոմատս դրել եմ մի կողմ, որ չխանգարի ոտքերս լվանալուն. սապոգներիս մեջ տրորվել, վառվում են։ Իսկ սա խոսում, հա խոսում է։ Ասի հարկավոր է հարմար պահը որսալ։ Երբ զգացի, որ ուշադրությունը շեղվել է, դուրս թռա ջրից… բայց ինքն ինձնից ճարպիկ գտնվեց։

-Հուսով ենք, որ Սամոյից չես նեղացել,-կատակում է մեկը։

-Չէ՛,- ասում է թուրքը,-ինչու՞ նեղանամ,-կռիվ է։ Ով ճարպիկ գտնվեց, նա էլ կհաղթի։

Նորից միահամուռ ծիծաղ է բարձրանում։ Ամեն ինչ այնքան ճիշտ է ու արդար, որ թուրքի հանդեպ ոչ ոք թշնամանք չի զգում։ Թուրքն էլ կարծես գերության մեջ չլինի, բոլորի հետ ծիծաղում է։

Արդեն կապվել են շտաբի հետ, որ գան, գերուն տանեն։ Մինչեւ հրամանատարի գալը Սամոն գերու կողքից չի հեռանում։ Հսկում է։ Հրամանատարը գրկում է նրան, խառնում խռիվ մազ-մորուքը, խոհարար Վարազդատին կարգադրում տաք ջուր բերել։ Անձամբ լվանում է Սամոյի գլուխը, փրչոտ մորուքը սիրուն կտրում, բեղերը ոլորում ու կոշտացած ափով շրխկացնում վզին.

– Այսօրվանից քեզ ձեռնադրում եմ ֆիդայի։

Բոլորը շրջան կազմած հետեւում են Սամոյի ֆիդայի դառնալու արարողությանը, կատակում, տեղի- անտեղի քրքջում։ Ծիծաղում է նաեւ թուրքը։ Կարծես մոռացել է, որ գերի է։ Ֆիդայի կարգելու արարողությունը շարունակում են տղաները։ Բոլորը հերթով մոտենում են Սամոյին, շրխկացնում մաքուր լվացված վիզը, ոլորում թավ բեղերը։

Վերջացնելով ֆիդայի կարգելու արարողությունը՝ հրամանատարը գերուն կարգադրում է նստել մեքենա։ Թուրքը չուզենալով, դանդաղ նստում է մեքենան։ Սամոն մոտենում է նրան, հրաժեշտ տալիս։ Թուրքը գրկում է։

Մեքենան շարժվում է։ Թուրքը ետ է շրջվում, նայում դիրքերում հավաքված զինվորներին եւ թախծոտ ժպտում է…

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #37 (1004) 19.09.2013 – 25.09.2013, Հոգևոր-մշակութային


19/09/2013