Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԾ ԿՅԱՆՔԻ «ՊԶՏԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՄԵԾ ԿՅԱՆՔԻ «ՊԶՏԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Օգոստոսի 31-ին լրացավ ամերիկահայ մեծահռչակ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 105-ամյակը։ Ներկայացնում ենք գրողի կյանքի մի քանի բնութագրական դրվագներ, ինչպես ինքը կասեր` «պզտիկ պատմություններ»։

ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Բիթլիսեցի Արմենակ Սարոյանը Ֆրեզնո գնաց 1900-ական թվականների սկզբին։ Ընտանիքով էր, կինը` Թագուհի Սարոյանը (ազգանունն ամուսնունը չէր, ինքն էլ էր Սարոյան), առաջնեկ աղջիկը` Կոզեթը, ծնված 1899-ին, երկրորդ աղջիկը` Զաբելը, ծնված 1902-ին, երկուսն էլ` Բիթլիսում, տղան` Հենրին, ծնված 1905-ին, Էրզրումում։ Վիլյամը միակն էր ընտանիքում, որ ծնվեց ԱՄՆ-ում, Ֆրեզնոյում, 1908-ի օգոստոսի 31-ին։ Տատմերն իրենց հեռավոր ազգական Իսկուշն էր, ծննդատունը` Էյզ փողոցի իրենց հյուղը։

Ֆրեզնոն այդ ժամանակ լիքն էր գաղթական հայերով, կիսով չափ հայկական քաղաք էր։ Վիլյամ Սարոյանը հետո կգրի. «Քաղաքով մեկ` հայեր Բիթլիսից, Վանից, Մուշից, Խարբերդից, Էրզրումից, Տրապիզոնից ու Դիարբեքիրից։ Ֆրեզնո իսպաներեն նշանակում է հացենի, բայց ես դա տարիներ անց իմացա, իսկ ծառը մինչ օրս էլ չեմ տեսել»։

Ֆրեզնո, ուրեմն, նշանակում է հացենի։ Ֆրեզնոյի հայերը հենց հացի, այսինքն` ապրուստի, քիչ թե շատ բարվոք կյանքի հույսով էլ թողել էին իրենց գյուղերն ու քաղաքները եւ եկել օտար ափեր։ Իսկ հացն այդտեղ էլ դժվարությամբ էր տրվում։ Հայկական հին, նահապետական կենցաղով ապրած ու մեծացած մարդիկ դժվարությամբ էին ընտելանում ամերիկյան ապրելակերպին, հազարումի զրկանքներ էին կրում ու դեռ ջանք ու եռանդ թափում հայ մնալու համար։ Սարոյանը նրանց մասին հետո կգրի. «Ջարդերից փախած հայերը պզտիկ ուրախությունների վրա այնպես կխնդային, այնպես կպոռային, որ ամբողջ փողոցը, ամբողջ թաղը կբռներ։ Տեղացիները կզարմանային, կնեղվեին, է~, մե՞զ ինչ, մենք կխնդայինք, կպոռայինք։ Հայն իր բոլոր դժբախտությունների մեջ կատակ կսիրե, կոմիկը կսիրե, որովհետեւ լավատես է»։

Այդ մարդկանց հետ է շփվել, նրանց մեջ է մեծացել Վիլյամ Սարոյանը։ Հասունանալով` խորամուխ է եղել նրանց էության, կենսափիլիսոփայության մեջ, ժառանգել նրանց կեցության պարզ, բայց իմաստուն օրենքները, ընդունել դրանք որպես հոգեւոր մեծ եւ ստույգ արժեքներ։ Այդ մարդիկ հետո մտան իր գրականության մեջ, դարձան իր հերոսները։

Հայկականության մեջ են Սարոյանի ակունքները։ Դա կհայտնաբերեն, կհաստատեն նաեւ օտարները, որոնց մեջ` երեւելի հեղինակություններ, իսկ ինքը կասի. «Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, բայց ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է։ Ուրեմն` ես հայ գրող եմ եւ պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»։

ԾՆՈՂՆԵՐԸ

Սարոյանի մի ակունքն էլ իր ընտանիքն էր։ Ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր իմաստով։ Նահապետական մի ընտանիք, որ, նետվելով օտար միջավայր, մինչեւ վերջ անխաթար պահեց հայրենի երկրի վարքն ու բարքը, բնօրրանից եկող կենցաղը, բառն ու բանը, ավանդական զրույցները։ Ոգի էր դա, հայկական ոգի, որ մտավ Սարոյանի ներաշխարհ եւ ուղեկցեց նրան ողջ կյանքում։ Հատկապես մեծ է եղել տատի` Լուսնթագ Ղարօղլանյանի հետքը նրա հոգում։ Հետո կպատմի. «Իմ մեծ մայրը Ամերիկայի մեջ էլ Բիթլիս կապրեր։ Նա առանձին աստված ուներ, նրա աստված ուրիշ էր, նա ամենից շատ մարդու խելքին ու գութին կհավատար ու չէր վհատվի, չէր հուսահատվի»։

Ապրելու, դիմակայելու այս ոգին միշտ մնաց Սարոյանների ընտանիքում, անգամ երբ չորս երեխաներին թողած` այնքան վաղ մահացավ տան մեծը` Արմենակը։ Այդ ժամանակ Վիլյամը չորս տարեկան էր։ Ինչպես Բիթլիսում, Ֆրեզնոյում նույնպես հայրն զբաղվել է քահանայությամբ, եկեղեցական քարոզիչ է եղել, հետո խաղող է մշակել մորաքրոջ տղայի հետ, ուրիշ գործեր արել` ընտանիքը պահելու, բայց ոչինչ չի ստացվել, վերադարձել է Ֆրեզնո, նորից եկեղեցական քարոզներ կարդացել հայերեն ու անգլերեն եւ□ ոտանավորներ գրել։ «Իմ հայրը բանաստեղծ էր,- հետո կպատմի որդին,- ես նրան չեմ հիշում, չորս տարեկան մանչ էի, երբ մեռավ։ Երբ մեծացա ու պատկերին նայեցի` բանաստեղծ էր»։

Շատ սուղ են ապրել։ «Գորգավաճառն իր գորգի դիմաց դրամ էր ստանում, հայրս ոչինչ չէր ստանում իր բանաստեղծության դիմաց»,- կգրի Սարոյանը եւ հոր նախատիպը կդնի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի Բեն Ալեքսանդրի կերպարում։ Բայց ահա մի «պզտիկ պատմություն», որ պատմել է մայրը Սարոյանին. տանը ո՛չ ալյուր է եղել, ո՛չ բրինձ, ո՛չ յուղ, 65 սենթ է եղել, Թագուհին տվել է ամուսնուն` այդ բոլորը գնելու, իսկ նա դատարկ է տուն եկել։ Պարզվել է` ոչ թե հինգ, տասը, քսան, այլ հենց 65 սենթը տվել է ձեռքը պարզած մի մուրացկանի։ «Հոգ մի՛ արեք,- ասել է մայրը,- տանը մի քիչ ալյուր, մի քիչ բրինձ, մի քիչ յուղ կգտնեմ»։

Այսպիսի մարդիկ են եղել Սարոյանի ծնողները, եւ այդպիսին եղավ նրանց որդին ողջ կյանքում` հոգով եւ ձեռքով շռայլ ու կարեկից։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Միջնակարգը չավարտած` գնաց շրջիկ լրագրավաճառություն անելու, հետո իր հայրենակից ու բախտակից Էդի Յաբուլյանի հետ մտավ հեռագրատուն` ցրիչ էր, հեռագրեր էր բաժանում հեծանիվով։ Այս ձեւով օգնում էր ընտանիքին, եւ այդ ժամանակից մնաց սերը հեծանիվի նկատմամբ (երբ տարիներ անց եղավ Հայաստանում, Լենինականի գործարանում նրան հեծանիվ նվիրեցին, ու նա այն սիրով Ամերիկա տարավ)։ Բայց նույն այդ ժամանակ մեկ այլ սեր ծնվեց նրա հոգում` մեծ, անանց սեր գրքի, ընթերցանության հանդեպ։ «Գիրք կարդո՞ւմ եք» հարցին հետագայում կպատասխանի. «Աշխարհում կարդալը ուրիշ ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Ես սիրում եմ առանձնությունը, հանդարտությունը, սիրում եմ կապը այն բազում մարդկանց հետ, որոնք գրել են։ Ես սիրում եմ անգամ թույլ գրողներին եւ աղբանոցի գրքերն եմ սիրում։ Հետաքրքրվում եմ նրանց արածներով»։

Մեկ այլ անգամ կասի. «Գրողը պետք է մեկ-մեկ հիվանդանա, որ չգրի, այլ միայն պառկի ու գիրք կարդա»։ Համարենք սա սարոյանական կենսախինդ կատակներից մեկը, բայց եւ նկատենք այն լրջությունը, որ դրանում կա գրքի, ընթերցանության հանդեպ։ Գիրքը, ինչպես կյանքը, որ նույն բաց գիրքն էր Սարոյանի համար, դարձավ նրա համալսարանը։

Ինքնակրթությամբ Սարոյանը նվաճեց իմացության բարձունքներ, եղավ իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը։ Բանաստեղծ Վահագն Դավթյանը, որ նրա հետ բազմիցս շփվել է Ֆրեզնոյում, Փարիզում, Երեւանում, գրում է. «Սկզբում ես այն տպավորությունն էի ստացել, թե նա սոսկ բնատուր տաղանդ է, մեծ տաղանդ, Աստծո մատն ունի ճակատին եւ գրում է միայն ի վերուստ տրված շնորհով։ Բայց ահա, երբ նա եկավ Հայաստան, ու ես մոտիկից հաղորդվեցի նրան, խորապես զգացի ու հասկացա, որ նա, բնատուր մեծ տաղանդ լինելով հանդերձ, նաեւ մեր ժամանակի ամենազարգացած, ամենաբարձր մտավորականներից է, որ նա, ինչպես ասում են, մաղով է անցկացրել աշխարհի բոլոր հին ու նոր փիլիսոփայական սիստեմները, քաջատեղյակ է աշխարհի հին ու նոր գրական ուղղություններին, դպրոցներին ու տեսություններին, մասնագետի հմտությամբ կարող է խոսել կերպարվեստի, երաժշտության ու թատրոնի մասին»։

Այսպիսին եղավ հեռագրատան ցրիչ Վիլյամը, որ դպրոցից դուրս էր եկել` օգնելու գաղթական ընտանիքին։

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ

Մեծերի գրքերը Սարոյանին տարան մեծ գրականություն` դեպի իր առաջին գիրքը։ Գրել սկսեց 1930-ականների սկզբից, առաջին անգամ տպագրվեց 1933-ին, ամերիկահայ «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթում, Սիրակ Գորյան ստորագրությամբ։ 1934-ին «Սթորի» ամսագրի փետրվարի համարում լույս տեսավ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» պատմվածքը, նույն տարվա հոկտեմբերին «Ռանդոմ Հաուս» հրատարակչությունը լույս ընծայեց նրա առաջին գիրքը։ Այն հենց այդպես էլ կոչվում էր` «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա եւ այլ պատմվածքներ»։

Սարոյանի առաջին գիրքը պայթեց, ինչպես ամպրոպ անամպ երկնքում։ Անսպասելի էր, անսովոր, թարմ, ինքնատիպ եւ միանգամից ճանաչվեց որպես գրական երեւույթ։ Քննադատները փորձեցին հասկանալ սարոյանական գաղտնիքը, եղան տարբեր մեկնաբանություններ։ Բ. Լասկոն, որը ժամանակի ամենահեղինակավոր քննադատներից էր, Սարոյանի առաջնեկի մասին գրեց. «Ի՞նչն է հատկանշական Սարոյանի համար որպես գրողի։ Նա բուռն է, պոռթկուն եւ խելացի, նա թախծոտ է, քնքուշ եւ մարդկային։ Նա միամիտ է ձեւանում, սակայն բնավ միամիտ չէ… Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսեւորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը» (1934)։

Սարոյանն այդ ժամանակ ընդամենը 26 տարեկան էր։ Շուրջ 40 տարի անց, պատասխանելով սփյուռքահայ բանաստեղծ Կարիկ Պասմաճյանի հարցին, Սարոյանն ինքն է փորձում բացել իր առաջին գրքի գաղտնիքը. «Ամենից առաջ ես ուզում էի իմ գրածները հրատարակված տեսնել, որպեսզի կարողանայի սկիզբ ունենալ եւ ապրուստ շահել։ Ուրեմն` ես ակնկալում էի ընդունելության այն տեսակը, որ ինձ թույլ կտար շարունակել գրականությունս, միաժամանակ կարիքը չունենալ ուրիշի նյութական օժանդակության։ Պետք է խոստովանեմ, որ հենց սկզբից ես ունեցա, թերեւս, այն լավագույն ընդունելությունը, որ որեւէ գրող ունեցել է առաջին գրքի համար։ Իմ առաջին գիրքն ինձ դարձրեց հռչակավոր եւ հարուստ»։

Առաջին իսկ գրքով գրականություն էր մտնում մեծ գրողը, «մի յուրահատուկ կերպար գրական աշխարհում` բարձր ու բացահայտ խոսող, խանդավառ եւ եռանդուն, ինքնավստահ»։ Մի խենթություն կար նրա առաջին գրքում, որ այդպես էլ չկորցրեց ո՛չ կյանքում, ո՛չ գրականության մեջ։ Սարոյանական ուղղամտությամբ հետո կասի. «Ես չէի հավատում, թե որեւէ մեկն Ամերիկայում կարող էր ինձնից լավ գրել կամ ներուժով ինձնից լավ գրող էր։ Այդպես լինելու հիմնական պատճառը իմ գրականությունն էր. դա նոր գրականություն էր, դինամիկ գրականություն էր, կենսունակ գրականություն էր»։

Քննադատությունը (այն ժամանակվա եւ այսօրվա) ընդունեց, որ Սարոյանը ճիշտ է։ «Հնարավոր չէ ինձ կասեցնել, եւ հենց սկզբից դա երեւում էր,- կասի իրեն հատուկ շիտակությամբ,- ես պետք է միշտ գրող լինեմ։ Ես պետք է միշտ Սարոյան լինեմ եւ ուրիշ ոչինչ»։

Սարոյանը եղավ եւ միշտ մնաց Սարոյան։ Առաջին գրքի հոնորարով էր, որ 1935-ին եկավ իր նախնյաց երկիրը…

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ