Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՊԻ ՍՐԲԱԶԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ…



Օրերս Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքները միավորող «Կարոտի կանչ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր այցելություն-էքսկուրսիա դեպի ՀՀ Սյունիքի մարզ: Մասնակցում էին զոհված ազատամարտիկների ընտանիքների ներկայացուցիչներ` շուրջ տասնհինգ հոգի: Սյունիքի մարզ այցելությունը մեկնարկեց մոտոհրաձգային զորամասից, որտեղ այցելուներին դիմավորեց փոխգնդապետ Ի. Աբրահամյանը: Առաջինը, որ աչքի էր զարնում զորամասում, Գարեգին Նժդեհի կիսանդրին էր և նրա նշանավոր խոսքը. «Եթե նվիրվում ես ազգին, պետք է լինես անկաշառ հայրենասեր»: Այս խոսքերը յուրահատուկ հիշեցում-ուղեկիցն են զորամաս մտնող յուրաքանչյուր նորակոչիկի համար:

Փոխգնդապետի ուղեկցությամբ միջոցառման մասնակիցները շրջում են զորամասում. Փառքի սրահում հավերժացած են Արցախյան գոյամարտում զոհված մարտիկները` իրենց կենսագրությամբ և լուսանկարներով: Նույն սրահում Հայաստանի Հանրապետության քարտեզն է, կողքին` զորամասի անցած մարտական ուղու պատմությունը: Յուրահատուկ ոգեղենություն էր տիրում Փառքի սրահում. հավերժացած հերոսները կարծես հսկում են մեր հանրապետության անդորրը:

Շրջայցի ընթացքում միջոցառման մասնակիցներին հատկապես հիացրին զորամասի բարեկարգ ակումբը և գրադարանը: Հաճելի էր այդ պահին տեսնել երաժշտությամբ և ընթերցանությամբ զբաղված զինվորներին: Մեզ համար նրանք անակնկալ էին պատրաստել` մի փոքրիկ երեկույթ ազգագրական երգերի կատարումներով: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները զրուցեցին զինվորների հետ: «Բանակում ծառայելը ոչ միայն օգնում է որպես անհատ կայանալուն, այլև տղամարդու մեջ ձևավորում է հայրենիքի և նրա սրբությունների պաշտպանի գիտակցությունը»,- զրույցի ընթացքում նշեց շարքային Գրիգոր Դանիելյանը: Կազմակերպության անդամները գիշերեցին զորամասում` այդկերպ մեկ օրով հաղորդակից դառնալով զինվորների առօրյային:

Էքսկուրսիայի մասնակիցները հաջորդ օրը մեկնեցին Խնձորեսկ. հիմնական նպատակը հայոց ազգային-ազատագրական պայքարի նշանավոր պատմական դեմքերից մեկի` Մխիթար Սպարապետի գերեզման այցելությունն էր ու խոնարհումը: Խորունկ ձորում գտվող հինավուրց, մամռապատ մատուռը, Սպարապետի գերեզմանը, հին Խնձորեսկի ժայռափոր տները աննկարագրելի խորհրդավորություն էին հաղորդում տեղանքին` ներկաներին մտովի փոխադրելով հեռու անցյալի հերոսական ժամանակները:

♦♦♦

Հալիձորի կիրճի եզերքով ընթացող նեղ, ոլորապտույտ ճանապարհը բարձրանում է վեր… Սյունիքի վեհատեսիլ և սարսռազդու ժայռերն ասես երկինք են մխրճվել, իսկ անդնդախոր կիրճի վրա սավառնում է արծիվը. հպարտ սիրով են լցված որդեկորույս մայրերի սրտերը… Իրենց զավակները զոհվեցին, որպեսզի թշնամին չպղծի այս սրբազան բարձունքները: Անմատչելի բարձունքին Տաթևն է… վանքի պատերից ներս ասես ժամանակը կանգ է առել, թվում է` ուր որ է կտեսնես եռամեծար Գրիգոր Տաթևացուն` մագաղաթի վրա գլուխը խոնարհած:

«Կարոտի կանչ» ԲՀԿ շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի շնորհիվ կայացավ արշավ-էքսկուրսիան: Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը` աջակցության համար:

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #37 (1004) 19.09.2013 – 25.09.2013, Բանակ և հասարակություն


19/09/2013